Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարելի է մոտենալ Աստծուն

Ինչպե՞ս կարելի է մոտենալ Աստծուն

Ինչպե՞ս կարելի է մոտենալ Աստծուն

«Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ»,— ասվում է Յակոբոս 4։8–ում։ Եհովա Աստված մարդկանց հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու իր մեծ ցանկությունը ցույց տվեց նրանով, որ հանուն մարդկության զոհեց իր Որդուն։

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ այդ սիրառատ ձեռնարկմանը՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։19)։ Սակայն Աստծուն մոտենալու համար մեր կողմից որոշակի քայլեր են անհրաժեշտ։ Դրանք հիշեցնում են նախորդ հոդվածում նշված այն չորս հանգամանքները, որոնք էական դեր ունեն մարդկանց միջև մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու հարցում։ Այժմ քննարկենք այդ քայլերը։

Ուշադրություն դարձրեք Աստծո հրաշալի հատկություններին

Աստված բազում հրաշալի հատկություններ ունի, որոնցից ամենաուշագրավներն են՝ սերը, իմաստնությունը, արդարությունը և զորությունը։ Նրա իմաստուն և զորեղ լինելու վկայությունները կարող ենք տեսնել ամենուրեք՝ և՛ անծայրածիր տիեզերքում, և՛ շրջապատող աշխարհում, ահռելի գալակտիկաներից մինչև փոքրագույն ատոմները։ Սաղմոսերգուն գրեց. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1; Հռովմայեցիս 1։20

Աստծո ստեղծագործությունները արտացոլում են նաև նրա սերը։ Օրինակ՝ այն, թե ինչպես է Աստված ստեղծել մեզ, ցույց է տալիս նրա ցանկությունը՝ որ մենք վայելենք կյանքը։ Նա մեզ օժտել է գույներ տարբերելու, համ ու հոտ զգալու, երաժշտությունը գնահատելու, ծիծաղելու, գեղեցկությամբ հիանալու կարողությամբ, նաև ընդունակությունների ու բնավորության գծերի զանազանությամբ. մի բան, որ ապրելու համար բացարձակապես էական դեր չի խաղում։ Իրոք, Եհովան առատաձեռն է, բարի ու սիրառատ՝ հատկություններ, որոնք իրեն դարձնում են ուրախ Աստված (Ա Տիմոթէոս 1։11; Գործք 20։35

Եհովան բերկրանքի զգացումով է ընդունում այն փաստը, որ թե՛ իր գերիշխանության դրսևորումը և թե՛ վերջինիս ջատագովումը իր բանական ստեղծագործությունների կողմից առաջին հերթին հիմնված են սիրո վրա (Ա Յովհաննէս 4։8)։ Տիեզերքի Գերիշխանը լինելով հանդերձ՝ Եհովան մարդկանց հետ (հատկապես իր հավատարիմ ծառաների) վարվում է այնպես, ինչպես սիրառատ հայրը՝ իր երեխաների (Մատթէոս 5։45)։ Նա ոչինչ չի խնայում հանուն նրանց բարօրության (Հռովմայեցիս 8։38, 39)։ Ինչպես արդեն ասվեց, նա նույնիսկ իր միածին Որդուն զոհեց մեզ համար։ Այո՛, Աստծո սիրո շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք ու հավիտենական կյանքի հույս ունենք (Յովհաննէս 3։16

Քանի որ Հիսուսը կատարելապես ընդօրինակում էր իր Հորը, դրանով նա մեզ հնարավորություն տվեց խորությամբ ըմբռնել Եհովայի անհատականությունը (Յովհաննէս 14։9–11)։ Հիսուսը միանգամայն ոչ եսասեր, ուշադիր և խորաթափանց անձնավորություն էր։ Մի անգամ նրա մոտ բերեցին խուլ ու ծանրալեզու մի մարդու։ Կարելի է պատկերացնել, թե որքան մեծ պիտի լիներ այդ մարդու շփոթությունը՝ այնտեղ հավաքված բազմության առաջ հայտնվելիս։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Հիսուսը նրան տարավ մի առանձին տեղ ու այնտե՛ղ բուժեց (Մարկոս 7։32–35)։ Ձեզ դուր գալի՞ս են այն մարդիկ, ովքեր ուշադիր են ձեր զգացմունքների հանդեպ ու հարգում են ձեր արժանապատվությունը։ Եթե այո, ապա դուք, իհարկե, կմոտենաք Աստծուն և Հիսուսին՝ շարունակելով ավելին ու ավելին իմանալ նրանց մասին։

Խորհեցեք Աստծո հատկությունների շուրջ

Մարդու բնավորության հրաշալի գծերը կարող են շատ ակնհայտ լինել, սակայն նրա հետ մտերմություն հաստատելու համար անհրաժեշտ է խորհրդածել նրա մասին։ Նույնը վերաբերում է նաև Եհովայի հետ մտերմանալուն։ Նրա հատկությունների մասին խորհելը իրեն մոտենալու երկրորդ կարևոր քայլն է։ Դավիթ թագավորը, որն իսկապես սիրում էր Եհովային և «[Եհովայի] սրտով մի մարդ» էր, ասաց. «Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Գործք 13։22; Սաղմոս 143։5

Երբ դիտում եք հրաշք–​ստեղծագործությունները կամ կարդում եք Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, խորհո՞ւմ եք արդյոք Դավիթի նման այդ ամենի մասին։ Մի պահ պատկերացրեք, որ որդին հենց նոր իր շատ սիրելի հայրիկից նամակ է ստացել։ Ի՞նչ կանի նա այդ նամակը։ Անշուշտ, դժվար է պատկերացնել, որ նա դրա բովանդակությունը թեթևակի աչքի անցկացնի, ապա նետի գզրոցը. ընդհակառակը՝ ուշադիր կկարդա և խորամուխ կլինի մանրամասնությունների մեջ։ Նմանապես, Աստվածաշունչը պետք է մեզ համար թանկագին լինի, ինչպես որ էր սաղմոսերգուի համար։ Նա երգում էր. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97

Ազատ հաղորդակցություն

Մարդկային փոխհարաբերություններում ազատ հաղորդակցությունը կենսական կարևորություն ունի։ Հաղորդակցվելն իր մեջ ներառում է խոսելու և լսելու պրոցեսը, որն ընթանում է ոչ միայն մտքի մասնակցությամբ, այլ նաև՝ սրտի։ Մենք հնարավորություն ունենք խոսել Ստեղծիչի հետ աղոթքի միջոցով, այսինքն՝ ակնածաբար դիմել Աստծուն։ Եհովան հաճույքով ունկնդրում է բոլոր նրանց աղոթքները, ովքեր սիրում ու ծառայում են իրեն ու ընդունում են, որ Հիսուս Քրիստոսը իր գլխավոր ներկայացուցիչն է (Սաղմոս 65։2; Յովհաննէս 14։6, 14

Անցյալում Աստված մարդկանց հետ խոսում էր տարբեր միջոցներով, ինչպես օրինակ՝ տեսիլքներով, երազներով ու հրեշտակների միջոցով, իսկ մեր օրերում՝ իր գրավոր Խոսքով՝ Աստվածաշնչով (Բ Տիմոթէոս 3։16)։ Գրավոր Խոսքը շատ առավելություններ ունի։ Նրան կարելի է անդրադառնալ ցանկացած ժամանակ։ Նամակի պես՝ Աստծո Խոսքից կարելի է կրկին ու կրկին բավականություն ստանալ։ Այն հնարավոր չէ աղավաղել, ինչպես հաճախ տեղի է ունենում բանավոր վերապատմումների ժամանակ։ Ուստի Աստվածաշունչը նկատի ունեցեք՝ որպես ձեր երկնային սիրառատ Հոր կողմից ուղարկված նամակների հավաքածու, և հնարավորություն ստեղծեք, որ դրա միջոցով նա ձեզ հետ խոսի ամեն օր (Մատթէոս 4։4

Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, թե ինչ է Եհովան մտածում բարու և չարի մասին։ Գիրքը բացահայտում է մարդկության և երկրի վերաբերյալ նրա նպատակները, պատմում է այն մասին, թե ինչպես է նա վարվել տարբեր մարդկանց ու ազգերի հետ՝ սկսած իր հավատարիմ երկրպագուներից և վերջացրած ոխերիմ թշնամիներով։ Աստվածաշունչ գրքում կան բացառիկ մանրամասնություններ մարդկանց հետ Եհովայի փոխհարաբերությունների վերաբերյալ։ Այս գրքում երևան է հանված նրա սերը, ուրախությունը, տխրությունը, հիասթափությունը, բարկությունը, գութը, հոգատարությունը և այն, թե ինչ է ընկած դրանց ետևում. այո՛, մտքերի ու զգացումների մի ամբողջ շարան, ու այդ ամենը ներկայացված է այնպես, որ մարդ կարողանա առանց դժվարության հասկանալ (Սաղմոս 78։3–7

Աստվածաշնչի որևէ հատվածի ընթերցումից ինչպե՞ս կարելի է օգուտ քաղել և, մասնավորապես, ինչպե՞ս կարելի է մոտենալ Աստծուն։ Նախ՝ խորհրդածեք այն ամենի շուրջ, ինչ որ կարդացել և իմացել եք Աստծո մասին՝ որպես անձնավորության. այդպես կնպաստեք, որ կարդացածը հասնի ձեր սրտին։ Բացի այդ, աղոթքի միջոցով պատմեցեք Եհովային ընթերցածի վերաբերյալ ձեր խոհերն ու ապրումները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես եք մտադիր օգուտ քաղել կարդացածից։ Դա կլինի հաղորդակցություն։ Եվ իհարկե, կարող եք աղոթել նաև ձեզ անհանգստացնող այլ բաների մասին։

Աստծո հետ միասին գործեցեք

Աստվածաշնչում խոսվում է հնում ապրած հավատարիմ անհատների մասին, ովքեր ‘քայլել’ են ճշմարիտ Աստծո հետ (Ծննդոց 6։9; Գ Թագաւորաց 8։25, Արևմտ. Աստ.)։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք իրենց օրերն այնպես էին ապրում, որ կարծես Աստված բառի ուղղակի իմաստով իրենց կողքին լիներ։ Մեղավոր անհատներ լինելով հանդերձ նրանք սիրում էին աստվածային օրենքներն ու սկզբունքները և ապրում էին Աստծո նպատակներին ներդաշնակ։ Եհովան մոտենում է այդպիսի մարդկանց և հոգ է տանում նրանց, ինչպես ասվում է Սաղմոս 32։8–ում. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի»։

Դուք նույնպես կարող եք ունենալ մտերիմ բարեկամ հանձինս Եհովայի՝ մի անձնավորության, որը կքայլի ձեզ հետ, հոգ կտանի և հայրական խորհուրդներ կտա։ Եսայիա մարգարեն Եհովային ներկայացրեց որպես մեկի, որը ‘քեզ սովորեցնում է օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում է քո գնալու ճանապարհում’ (Եսայիա 48։17)։ Երբ մենք տեսնում ենք այդ ամենի օգուտները, ապա Դավիթի պես զգում ենք Եհովայի ներկայությունը մեր կողքին՝ «[մեր] աջ կողմում» (Սաղմոս 16։8

Աստծո անվան մեջ ընդգրկված են նրա հատկությունները

Բազմաթիվ կրոններ ու Աստվածաշնչի նորանոր թարգմանություններ խուսափում են գործածել ու դրանով հայտնի դարձնել Աստծո անձնական անունը (Սաղմոս 83։18)։ Սակայն եբրայերեն բնագիր տեքստում «Եհովա» անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ (Աստվածաշնչի թարգմանությամբ զբաղվողների մեծ մասը, Աստծո անունը հանելով տեքստից, անհետևողականորեն պահպանել են բնագրում նշված շատ կեղծ աստվածների անուններ, ինչպիսիք են՝ Բահաղ, Բել, Մարովդաք և նույնիսկ՝ Սատանա)։

Ոմանց թվում է, թե Աստծո անունը թարգմանելը էական չէ։ Սակայն ի՞նչ եք կարծում, հե՞շտ կլինի, թե՞ դժվար մտերիմ ու գիտակից փոխհարաբերություններ հաստատել մի անանուն անձնավորության հետ։ Այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են Աստված և Տեր (որոնք նաև կիրառվում են կեղծ աստվածների համար), կարող են մեր ուշադրությունը բևեռել Եհովայի զորության, իշխանության կամ դիրքի վրա, բայց միայն նրա անձնական անունն է, որ աներկբայորեն բնորոշում է անձամբ իրեն (Ելից 3։15; Ա Կորնթացիս 8։5, 6)։ Աստծո անունը խոսում է նրա հատկանշական գծերի մասին։ Աստվածաբան Ուոլտեր Լոուրին ճիշտ է նկատել. «Եթե մարդը Աստծուն անունով չի ճանաչում, ուրեմն նա չի ճանաչում նրան որպես անձնավորության»։

Անդրադառնանք Ավստրալիայում ապրող մի անկեղծ կաթոլիկուհու՝ Մարիայի օրինակին։ Երբ Եհովայի վկաներն առաջին անգամ հանդիպեցին Մարիային, նա թույլ տվեց, որ նրանք Աստվածաշնչում ցույց տան Աստծո անունը։ Ինչպե՞ս արձագանքեց Մարիան։ «Երբ առաջին անգամ տեսա Աստծո անունը Աստվածաշնչում՝ արտասվեցի։ Շատ էի ազդվել՝ իմանալով, որ Աստված անուն ունի, և որ ես կարող էի այն գործածել»։ Մարիան շարունակեց ուսումնասիրել Աստվածաշունչը և կյանքում առաջին անգամ ճանաչեց Եհովային՝ որպես անձնավորության, և հիմա արդեն կարող էր կայուն փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։

Այո՛, մենք կարող ենք ‘մոտենալ Աստծուն’, թեև անհնար է նրան բառացիորեն տեսնելը։ Մտքով ու սրտով մենք կարող ենք «տեսնել» նրա բացառիկ գեղեցիկ անձնավորությունը, և այդպիսով կաճի Աստծո հանդեպ մեր սերը։ Սեր՝ որ «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիս 3։14, ՆԱ

[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]

Եհովան պատասխանում է քո սիրուն

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ երկկողմանի են լինում։ Եթե մոտենում ենք Աստծուն, նա էլ մեզ է մոտենում։ Նկատի առնենք, թե Աստված ինչ էր զգում տարիքն առած Սիմեոնի ու Աննայի հանդեպ, որոնց մասին արձանագրված է Աստվածաշնչում։ Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ Սիմեոնը «արդար ու աստուածավախ» մի մարդ էր, որը սպասում էր Մեսիային։ Եհովան տեսնում էր նրա գեղեցիկ հատկությունները ու իր սերը այդ հիանալի ծերունու հանդեպ ցույց տվեց՝ հայտնելով, որ ‘ինքը մահ չէր տեսնելու, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին’։ Իր խոստման համաձայն Եհովան Սիմեոնին առաջնորդեց դեպի փոքրիկ Հիսուսը, որին նրա ծնողները բերել էին Երուսաղեմի տաճար։ Խորապես հուզված՝ Սիմեոնը գրկեց մանուկին ու երախտագիտությամբ լցված՝ աղոթքի խոսքեր արտաբերեց. «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի, որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո» (Ղուկաս 2։25–35

Այդ «նոյն ժամին» Եհովան իր սերը ցույց տվեց նաև 84–ամյա Աննայի նկատմամբ՝ նրան նույնպես առաջնորդելով դեպի Հիսուսը։ Այս թանկագին այրի կնոջ մասին Աստվածաշնչում ասվում է, որ միշտ գտնվում էր տաճարում և ծառայում էր Եհովային։ Ամբողջովին երախտագիտությամբ համակված՝ նա Սիմեոնի պես շնորհակալ եղավ Եհովայից՝ իր հանդեպ անսովոր կերպով ցուցաբերված բարության համար և դրանից հետո պատմում էր մանկան մասին «բոլոր նրանց, ովքեր Երուսաղէմի փրկութեանն էին սպասում» (Ղուկաս 2։36–38

Այո՛, Եհովան տեսնում էր, թե ինչպիսի խոր սեր ու ակնածանք էին տածում իր հանդեպ Սիմեոնն ու Աննան, և թե որքան կարևոր էր նրանց համար Աստծո նպատակների իրագործումը։ Մի՞թե աստվածաշնչյան այս դրվագները ձեզ չեն մղում դեպի Եհովան։

Իր Հոր նման՝ Հիսուսը նույնպես տեսնում էր մարդու ներաշխարհը։ Տաճարում սովորեցնելիս նա նկատեց մի «աղքատ այրի կնոջ», որը նվիրաբերեց ընդամենը «երկու լումայ»։ Գուցե մեկ ուրիշը դա աննշան մի բան համարեր, բայց ոչ՝ Հիսուսը։ Նա գովեց այդ կնոջը, որովհետև վերջինս տվեց իր ողջ ունեցածը (Ղուկաս 21։1–4)։ Ուստի մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան ու Հիսուսը ըստ արժանվույն կգնահատեն մեզ, եթե մենք մեր լավագույնն ենք տալիս՝ լինի դա մեծ, թե՝ փոքր։

Աստված ուրախանում է նրանցով, ովքեր սիրում են իրեն, սակայն նա ցավ է զգում, երբ մարդիկ երես են թեքում իրենից ու բռնում մեղքի ճանապարհը։ Ծննդոց 6։6–ում ասվում է, որ Եհովան «իր սրտի մէջ տրտմեց» նախաջրհեղեղյան մարդկանց չարության պատճառով։ Իսկ ավելի ուշ, ինչպես Սաղմոս 78։41–ում է ասվում, անհնազանդ իսրայելացիները բազմիցս «փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին»։ Այո, Աստված զգացմունքից զուրկ մի սառը «սկզբնապատճառ» չէ։ Նա իսկապես անձնավորություն է, մեկը, որի զգացմունքները դուրս չեն գալիս հավասարակշռությունից և չեն աղավաղվում՝ ինչպես որ անկատարության պատճառով տեղի է ունենում մարդկա՛նց հետ։

[նկարներ 7–րդ էջի վրա]

Եհովայի ստեղծագործության մասին խորհրդածելը իրեն մոտենալու քայլերից մեկն է։