Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ ենք մոտենալ անտեսանելի Աստծուն

Կարո՞ղ ենք մոտենալ անտեսանելի Աստծուն

Կարո՞ղ ենք մոտենալ անտեսանելի Աստծուն

«Ինչպե՞ս կարող եմ մտերմանալ մեկի հետ, որին չեմ տեսնում»։ Առաջին հայացքից այս հարցադրումը միանգամայն տեղին է։ Սակայն եկեք մտածենք մի պահ։

ԱՐԴՅՈ՞Ք մեկի հետ ջերմ ու սրտագին փոխհարաբերություններ զարգացնելու համար այդքան էական դեր ունի նրան տեսնելը։ Մի՞թե անտեսանելի գործոնները հավասարապես կարևոր չեն, եթե ոչ՝ ավելին։ Իհարկե, կարևոր են։ Այդ է պատճառը, որ շատերին հաջողվել է մշտական նամակագրական կապի շնորհիվ մտերիմ փոխհարաբերություններ հաստատել։ Նրանք միմյանց անկեղծորեն գրել են այն մասին, թե ինչ են սիրում և ինչը՝ ոչ, ինչ նպատակներ ու սկզբունքներ ունեն, կատակել են, նաև գրել են իրենց հետաքրքրությունների ու բնավորության գծերի մասին։

Այն փաստը, որ կույրերին նույնպես հաջողվում է մտերիմ փոխհարաբերություններ հաստատել, վկայում է այն մասին, որ տվյալ մարդուն սեփական աչքերով տեսնելը բոլորովին էլ ամենակարևոր հանգամանքը չէ։ Ահա Էդվարդ ու Գվեն ամուսինների օրինակը, որոնք զուրկ են տեսողությունից։ * Էդվարդը Գվենին հանդիպել էր չափահաս տարիքում, երբ նրանք սովորում էին կույրերի դպրոցում։ Նրան հիացնում էր Գվենի բնավորությունը, հատկապես նրա ճշմարտախոսությունը, վարվելակերպը ու արտակարգ աշխատասիրությունը։ Էդվարդն էլ, իր հերթին, դուր էր գալիս Գվենին, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ նա ուներ բոլոր այն հատկությունները, որոնք իր համար կարևոր էին։ Այդ մտերմությունը գնալով ամրապնդվեց, և երեք տարի անց նրանք ամուսնացան։

«Երբ կա փոխըմբռնում,— ասում է Էդվարդը,— կուրությունը էական դեր չի խաղում փոխհարաբերություններ հաստատելու մեջ։ Ճիշտ է, չես կարող տեսնել դիմացինին, բայց հո զգացմունքներն էլ կո՞ւյր չեն»։ Ահա արդեն 57 տարի է, որ նրանք սիրում են իրար։ Իրենց գեղեցիկ փոխհարաբերությունների գաղտնիքը նրանք բացատրում են չորս հանգամանքով. 1) կարողանալ նկատել դիմացինի արժանիքները, 2) խորհել դրանց մասին և գնահատանք դրսևորել, 3) ազատ հաղորդակցվել և 4) որոշ գործեր անել միասին։

Ահա այս չորս կարևոր հանգամանքներով էլ պայմանավորված են լավ փոխհարաբերությունները, լինի դա ընկերների միջև, ամուսինների, կամ, որ շատ ավելի կարևոր է, մարդկանց և Աստծո միջև։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե դրանք ինչպես կարող են օգնել մեզ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Աստծո հետ՝ չնայած որ նրան չենք կարող տեսնել։ *

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Անունները փոխված են։

^ պարբ. 6 Ի տարբերություն մարդկային փոխհարաբերությունների՝ Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալու համար հարկավոր է հավատալ, որ նա գոյություն ունի (Եբրայեցիս 11։6)։ Թե ինչպես կարելի է ամուր հավատ կերտել, այդ մասին մանրամասն քննարկվում է «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքում՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։