Ընթերցողների հարցերը
Ընթերցողների հարցերը
Ես ամուսնալուծվել եմ նախքան Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը. պատճառը անբարոյականությունը չէր, ուղղակի մենք չկարողացանք հարմարվել իրար։ Այժմ դարձել եմ քրիստոնյա։ Արդյոք, ըստ Աստվածաշնչի, կարո՞ղ եմ նորից ամուսնանալ։
Նման իրավիճակում հայտնված անհատը նորից ամուսնանալու համար աստվածաշնչյան հիմք ունի, թե՝ ոչ, կախված է այն բանից, թե Աստված արդյոք չեղյալ համարում է նրա ամուսնությունը։
Օրենքի տեսանկյունից՝ դուք հավանաբար ամուսնալուծվել եք բնավորությունների անհամատեղելիության պատճառով։ Պետության համար դա հիմք է՝ ամուսնությունը չեղյալ համարելու։ Սակայն քեզ մտահոգություն է պատճառում հետևյալ հարցը. արդյոք Տիեզերքի Օրենսդիրը շարունակո՞ւմ է քեզ ու նախկին կնոջդ դիտել որպես «մէկ մարմին» (Ծննդոց 2։22–24)։
Նման իրավիճակում մեզ համար օգնություն կարող են հանդիսանալ Հիսուսի խոսքերը։ Ընդունելուց հետո, որ ամուսնալուծությունները կատարվում են տարբեր հիմքերով, նա ասաց. «Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան [հուն.՝ «պոռնեա»] պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում» (Մատթէոս 19։9; 5։32)։ Այսպիսով՝ Աստվածաշնչի տեսանկյունից՝ ամուսնալուծվելու և նորից ամուսնանալու միակ հիմքը պոռնկությունն է՝ «պոռնեան», որն իր մեջ ներառում է շնությունը և սեռական անբարոյության այլ անպարկեշտ ձևեր։
Եթե քո կինը անբարոյություն գործած լիներ, դու ամուսնալուծվելու համար աստվածաշնչյան հիմք կունենայիր։ Անբարոյականության կամ իրավական այլ արդարացի հիմքով տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո դուք այլևս «մէկ մարմին» չէիք համարվի։ Եվ ընդհակառակը՝ եթե շնություն գործողը դու լինեիր, և կինդ չկարողանալով քեզ ներել՝ ամուսնալուծվեր, ապա Աստվածաշնչի տեսանկյունից՝ այդ դեպքում էլ երկուսդ կլինեիք ազատ։
Սակայն, ինչպես դու ես ասում, ամուսնալուծության պատճառը անհավատարմությունը չէր։ Եթե հաշվի առնենք Հիսուսի խոսքերը, ի՞նչ հիմք ունենք հավատալու, որ ամուսնալուծությունից հետո տվյալ ամուսնությունը մեխանիկորեն չեղյալ է համարվել Աստծո աչքում։ Թեև քրիստոնյա դառնալով անհատը Աստծուց ներողություն է խնդրում նախկինում գործած մեղքերի համար, նա չի ազատվում անցյալում ունեցած իր պարտավորություններից (Ա Յովհաննէս 1։7; Ա Կորնթացիս 6։9–11)։ Ասենք՝ պարտքով ընկերոջիցդ փող ես վերցրել այն պայմանով, որ մաս–մաս կվերադարձնես գումարը։ Դրանից հետո դարձել ես քրիստոնյա։ Արդյո՞ք դա կազատի քեզ պարտքից։ Հազիվ թե։ Ընդհակառակը՝ սովորելով այն մասին, թե ինչ տեսակետ ունի Աստված տվյալ հարցում՝ գուցե ավելի մեծ պատասխանատվություն զգաս քո պարտքը վճարելու (Սաղմոս 37։21; 15։4; 112։5)։ Նույնն է պարագան նաև ամուսնության դեպքում։ Ամուսնանալուց հետո Աստծո տեսանկյունից դարձաք «մէկ մարմին»։ Հաշվի առնելով դա՝ հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք Աստված որևէ բանի հիման վրա մեզ այլևս չի համարում մեկ մարմին»։
Գուցե նման հիմքեր լինեն։ Հնարավոր է, որ ամուսնալուծությունից հետո տեղի են ունեցել որոշակի դեպքեր, ինչի հետևանքով Աստծո աչքին ձեր ամուսնությունը դարձել է չեղյալ։ Այդ բանը հասկանալու համար քննենք Մատթէոս 19։9–ում գրված խոսքերը։ Եթե կինդ չի ամուսնալուծվել այն պատճառով, որ դու անբարոյականություն ես գործել, բայց ամուսնալուծությունից հետո դու այդպես վարվել ես, ապա ամուսնությունը կարելի է չեղյալ համարել։ Կինդ մերժել է քեզ, իսկ հետո աստվածաշնչյան հիմք է ստեղծվել, որ այլևս չդիտվեք որպես «մէկ մարմին»։ Մյուս կողմից՝ գուցե ամուսնալուծությունից հետո շնություն գործողը նա է եղել։ Հիսուսի խոսքերով՝ նման իրավիճակում ամուսնությունը Աստված չեղյալ է համարում, քանի որ նախ գոյություն ունի ամուսնալուծության փաստը, և հետո դու՝ այդ հարցում մեղք չունեցող կողակիցդ, հաստատ պարզել ես, որ նա անբարոյություն է գործել։
Այսպիսով՝ պարզելու համար, թե նման իրավիճակներում Աստված շարունակում է տվյալ անհատներին համարել «մէկ մարմին», թե՝ ոչ, վճռական դեր է խաղում ամուսնալուծությունից հետո կատարվածը։
Իսկ ի՞նչ կարող ես անել այն դեպքում, եթե պարզես, որ Աստծո տեսանկյունից հիմք չունես նորից ամուսնանալու։ Հնարավորություններից մեկն այն է, որ փորձես պատմել աստվածաշնչյան ճշմարտությունը քո՝ այժմ ամուսնալուծված կողակցին։ Գուցե կարողանաս օգնել նրան հասկանալու, որ Աստվածաշունչը կարող է փոխել մարդուն և երջանկացնել նրան, նույնիսկ եթե նախկինում նա շատ դժվարություններ է ունեցել։ Եթե երկուսդ որոշեք նորից միանալ, տեղին կլինի ամուսնությունը օրինականացնել, որպեսզի ձեր միությունը պատվական լինի բոլորի համար (Եբրայեցիս 13։4)։
Եթե կողակիցդ դեռ չի ցանկանում հաշտվել, շարունակիր ապրել բարոյապես մաքուր կյանքով, ինչպես որ անում ես (Յակոբոս 3։17; Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5)։ Պողոս առաքյալը գրել է, որ առանց կողակցի ապրող անհատները հնարավորություն ունեն իրենց ժամանակն ու ազատությունը լավ ձևով օգտագործելու՝ ի նպաստ ճշմարիտ երկրպագության * (Ա Կորնթացիս 7։29–35)։ Շարունակելով ընկերակցել քրիստոնեական ժողովի հետ և զբաղված մնալով քարոզելու և Աստծո Խոսքը ուսուցանելու գործով՝ բավականություն և բազում օրհնություններ կստանաս։
[ծանոթագրություն]
^ պարբ. 11 Տես «Արթնացե՛ք», դեկտեմբերի 8, 1972 թ., էջ 5–8 (անգլ.) և «Դիտարան», մայիսի 1, 1977 թ., էջ 264–268 (ռուս.), «Դիտարան», փետրվար 1, 1997 թ., էջ 17–21 կամ հոկտեմբեր 15, 1996 թ., էջ 10–14 (ռուս.)։