Թագավորության սրահի դռները բաց են բոլորի առջև
Պատմում են Թագավորության քարոզիչները
Թագավորության սրահի դռները բաց են բոլորի առջև
ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ քարոզչական գործունեության նախապատրաստելիս Հիսուս Քրիստոսն ասել էր. «Հրապարակեցէ՛ք տանիքների վրայից» (Մատթէոս 10։27, ԷԹ)։ Այո՛, նրանք իրենց քրիստոնեական ծառայությունը պետք է կատարեին հրապարակայնորեն։ Գործելով այս խորհրդին համապատասխան՝ Եհովայի վկաները նույնպես իրենց ծառայությունը կատարում են հրապարակայնորեն։ Դա օգնում է հաղթահարել հակառակությունն ու լավ տպավորություն է թողնում։
Թեև Եհովայի վկաների հանդիպումներին կարող են մասնակցել բոլորը, երբեմն նախապաշարմունքը խանգարում է մարդկանց մտնել Թագավորության սրահ. այդպես է, օրինակ, Ֆինլանդիայում։ Ոմանք էլ ուղղակի ամաչում են նոր տեղեր գնալ։ Երբ որևէ վայրում Թագավորության սրահ է կառուցվում, կամ արդեն գոյություն ունեցող սրահը վերանորոգվում է, սովորաբար բաց դռների օր է հայտարարվում, և բոլորը հրավիրվում են այնտեղ էքսկուրսիա անցնելու։ Հաճախ նաև հատուկ միջոցներ են ձեռնարկվում՝ հարևանությամբ ապրող անհատներին Թագավորության սրահ հրավիրելու ու Եհովայի վկաների գործունեության հետ ծանոթացնելու։
Մի վայրում, որտեղ նոր Թագավորության սրահ էր կառուցվել, բաց դռների օրը Եհովայի վկաները պարբերագրերի տարածման կամպանիա անցկացրին, որի ժամանակ տեղի ունեցավ հետևյալը. երկու Վկաներ հանդիպեցին մի տարեց անհատի։ Վերջինս ասաց, որ մեծ բավականություն է ստանում «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը կարդալուց։ Եղբայրները հրավիրեցին նրան Թագավորության սրահը դիտելու։ Տղամարդը սիրով համաձայնեց։ Լսելով այդ մասին՝ նրա կինը բացականչեց. «Առանց ինձ չգնա՛ք»։
Մտնելով Թագավորության սրահ՝ տղամարդն ասաց. «Այստեղ բոլորովին էլ մութ չէ։ Որքա՜ն լուսավոր ու գեղեցիկ է ձեր սրահը։ Իսկ ինձ պատմել էին, թե Թագավորության սրահում խավար է»։ Այնուհետև ամուսինները գրականություն խնդրեցին, որ դրված էր այնտեղ՝ ի ցույց բոլորի։
Քննենք մեկ ուրիշ դեպք. Թագավորության սրահի նվիրման ու բաց դռների օրվա կապակցությամբ մի ժողով որոշեց հայտարարություն տալ տեղական թերթում։ Այդ իրադարձության մասին տեղեկանալով՝ թերթի գլխավոր խմբագիրն առաջարկեց տվյալ թեմայով մի հոդված գրել։ Եղբայրները համաձայնեցին. կարճ ժամանակ անց թերթում կես էջանոց մի լավ հոդված հայտնվեց, որում պատմվում էր տեղի ունենալիք միջոցառման ու Եհովայի վկաների ժողովի գործունեության մասին։
Ահա թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թերթը լույս տեսավ. մի տարեց Եհովայի վկա հանդիպեց իր հարևանին։ Վերջինս ասաց. «Այսօր թերթում մի հրաշալի հոդված կարդացի Եհովայի վկաների մասին»։ Քույրը առիթը բաց չթողեց և վկայություն տվեց, իսկ հետո առաջարկեց «Եհովայի վկաները քսաներորդ դարում» գրքույկը։
Նման միջոցներ ձեռնարկելը, ինչպես նաև նոր Թագավորության սրահների նվիրման ծրագիր ու բաց դռների օր անցկացնելը օգնում են, որ մարդիկ ձերբազատվեն Եհովայի վկաների մասին իրենց սխալ պատկերացումներից։ Դրանք նաև մղում են քարոզիչներին ավելի շատ մարդկանց հրավիրել ժողովի հանդիպումներին։ Այո՛, շատ երկրներում, այդ թվում նաև Ֆինլանդիայում, մարդիկ գիտեն, որ Եհովայի վկաների Թագավորության սրահների դռները բաց են բոլորի համար։