Ինչո՞ւ է դժվար ներողություն խնդրել
Ինչո՞ւ է դժվար ներողություն խնդրել
ԿԱԼԻՖՈՌՆԻԱ նահանգի օրենսդիր մարմինների՝ 2000 թ. հուլիսի որոշման համաձայն՝ այն մարդիկ, ովքեր իրենց մեղքով տեղի ունեցած վթարից հետո կարեկցանք են ցուցաբերում վնաս կրած անհատի հանդեպ, ազատվում են պատասխանատվությունից։ Ո՞րն է եղել նման օրենք ընդունելու պատճառը։ Բանն այն է, որ երբ դժբախտ պատահարի հետևանքով ինչ–որ մեկին վնաս է հասցվում, մարդիկ սովորաբար վարանում են ներողություն խնդրել՝ վախենալով, որ դատի ժամանակ դա կօգտագործվի իրենց դեմ։ Մյուս կողմից՝ այն անհատները, որոնք կարծում են, թե իրենցից հարկավոր էր ներողություն խնդրել, գուցե բորբոքվեն, ինչի հետևանքով փոքր պատահարը մեծ վեճի առիթ կարող է դառնալ։
Ինչ խոսք, հարկ չկա ներողություն խնդրել այն դեպքում, եթե դուք մեղավոր չեք։ Երբեմն նույնիսկ խոհեմություն կլինի զգուշություն ցուցաբերել այն հարցում, թե ինչ ենք խոսում։ Մի հին առակի մեջ ասվում է. «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10։19; 27։12)։ Ամեն դեպքում հարկավոր է լինել քաղաքավարի և օգնություն ցույց տալու պատրաստ։
Բայց չէ՞ որ մարդիկ ներողություն չեն խնդրում անգամ այն դեպքերում, երբ խնդիրը դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտություն չի լինում։ Կինը, օրինակ, կարող է գանգատվել, որ իր ամուսինը ոչ մի բանի համար երբեք ներողություն չի խնդրում։ Աշխատավայրում ղեկավարը կարող է դժգոհություն հայտնել այն բանի կապակցությամբ, որ աշխատողները չեն ընդունում իրենց սխալները ու գրեթե երբեք ներողություն չեն խնդրում։ Դպրոցում ուսուցիչը կարող է բողոքել, որ երեխաները չգիտեն, թե ինչ ասել է՝ ներողություն։
Պատճառներից մեկն այն է, որ մարդ վախենում է, թե իրեն կմերժեն։ Սառը ընդունելության արժանանալու վախը գուցե խանգարի նրան արտահայտել այն, ինչ նա իրականում զգում է։ Բացի այդ, վիրավորված անհատը գուցե ձգտի խուսափել վիրավորանք հասցնողից, ինչը կդժվարացնի հաշտվելու գործը։
Ներողություն խնդրելու հարցում խոչընդոտ կարող է հանդիսանալ նաև անտարբերությունը ուրիշների զգացմունքների հանդեպ։ Մարդ գուցե մտածի, թե ներողություն խնդրելով միևնույն է չի շտկի այն, ինչ արդեն արվել է։ Ոմանք էլ վարանում են ներողություն խնդրել՝ վախենալով հնարավոր հետևանքներից։ Նրանք գուցե մտածում են, թե այդպես վարվելով՝ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա, և հետո իրենցից փոխհատուցում կպահանջվի։ Ամենամեծ խոչընդոտը, սակայն, հպարտությունն է։ Հպարտ մարդը կարող է եզրակացնել, որ եթե ընդունի սխալը, ապա կկորցնի իր հեղինակությունն ու դիրքը։
Ամեն դեպքում, շատերը դժվարանում են ներողություն խնդրել։ Սակայն արժե՞ արդյոք դա անել, և ինչո՞վ է դա օգտակար...
[նկար 3–րդ էջի վրա]
«Երեխաները չգիտեն, թե ինչ ասել է՝ ներողություն»։
[նկար 3–րդ էջի վրա]
«Իմ աշխատողները չեն ընդունում իրենց սխալները»։
[նկար 3–րդ էջի վրա]
«Իմ ամուսինը ոչ մի բանի համար երբեք ներողություն չի խնդրում»։