Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մենք շարունակեցինք այն ծառայությունը, որին նշանակվել էինք

Մենք շարունակեցինք այն ծառայությունը, որին նշանակվել էինք

Կենսագրություն

Մենք շարունակեցինք այն ծառայությունը, որին նշանակվել էինք

Պատմում է Հերման Բրուդերը

Ընտրությունս այնքան էլ մեծ չէր. հինգ տարի ծառայել ֆրանսիական բանակում, կամ՝ բանտարկության մեջ Մարոկկոյում։ Կցանկանայի պատմել, թե ինչպես հայտնվեցի այդ դժվար կացության մեջ...

ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1911 թ.–ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից ընդամենը երեք տարի առաջ։ Մենք ապրում էինք Օպենաուում (Գերմանիա)։ Ծնողներս՝ Յոզեֆ և Ֆրիդա Բրուդերները, ունեին 17 երեխա. ես 13–րդն էի։

Հիշում եմ, որ մեր քաղաքի գլխավոր փողոցով անցավ մի զինվորական ջոկատ։ Երաժիշտները ինչ–​որ քայլերգ էին նվագում։ Երաժշտությամբ հրապուրված՝ նրանց ետևից վազեցի դեպի կայարան և հասա այնտեղ ճիշտ ժամանակին. զինվորական շորերը հագին՝ հայրս և ուրիշ մարդիկ նստում էին գնացք։ Երբ գնացքը շարժվեց, կառամատույցին կանգնած կանանցից ոմանք սկսեցին լացել... Կարճ ժամանակ անց եկեղեցում քահանան մի երկար քարոզ կարդաց և հիշատակեց չորս մարդկանց անուններ, որ զոհվել էին հայրենիքի համար։ «Այժմ նրանք երկնքում են»,— ասաց նա։ Իմ կողքին կանգնած մի կին ուշաթափվեց։

Ռուսական ճակատում կռվելիս հայրս վարակվեց որովայնային տիֆով։ Չափազանց հյուծված՝ նրան տուն ուղարկեցին և գրեթե անմիջապես պառկեցրին հիվանդանոց։ «Գնա գերեզմանոցի ետևի մատուռը, հիսուն անգամ ասա «Հայր մերը», հիսուն անգամ էլ «Ավե Մարիան», և քո հայրը կառողջանա»,— խորհուրդ տվեց քահանան։ Ես այդպես էլ արեցի... Բայց հաջորդ օրը հայրս մահացավ։ Պատերազմը շատ ցավալի մի բան է անգամ փոքրիկ տղայի համար։

Ինչպես գտա ճշմարտությունը

1919–1939 թթ.–ին Գերմանիայում դժվար էր աշխատանք գտնել։ Դպրոցից հետո՝ 1928 թ.–ին, Բազելում (Շվեյցարիա) այգեպանի աշխատանք գտա։

Հորս նման ես նախանձախնդիր կաթոլիկ էի։ Իմ նպատակն էր ծառայել որպես կապուցին (կաթոլիկ վանական՝ ֆրանցիսկյան օրդենից) Հնդկաստանում։ Լսելով իմ այդ ծրագրերի մասին՝ եղբայրներիցս մեկը՝ Ռիկարդը, որն այդ ժամանակ Եհովայի վկա էր, հատուկ եկավ Շվեյցարիա՝ ինձ տարհամոզելու նպատակով։ Նա խոսեց մարդկանց և հատկապես քահանաներին վստահելու վտանգների մասին և խորհուրդ տվեց, որ կարդամ Աստվածաշունչն ու միայն նրան վստահեմ։ Չնայած վատ բան էի կանխազգում, այնուամենայնիվ Նոր Կտակարան ձեռք բերեցի և սկսեցի այն կարդալ։ Աստիճանաբար ինձ պարզ դարձավ, որ այն, ինչին հավատում էի, մեծամասամբ հակասում էր Աստվածաշնչի ուսուցումներին։

Մի կիրակի (դա 1933 թ.–ն էր, և ես Գերմանիայում էի՝ Ռիկարդի տանը) եղբայրս ծանոթացրեց ինձ ամուսնական մի զույգի հետ. նրանք Եհովայի վկաներ էին։ Իմանալով, որ ես կարդում եմ Աստվածաշունչը՝ նրանք տվեցին ինձ մի թերթիկ, որը կոչվում էր «Ճգնաժամ»։ * Արդեն գրեթե կեսգիշեր էր, երբ թերթիկը մի կողմ դրեցի։ Ես համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը։

Բազելում ապրող Եհովայի վկաները տվեցին ինձ «Գրությունների ուսումնասիրությունների»* երկու հատորները, ինչպես նաև պարբերագրեր և այլ հրատարակություններ։ Կարդացածիցս տպավորված՝ գնացի տեղի քահանայի մոտ և խնդրեցի, որ իմ անունը հանեն եկեղեցի հաճախողների ցուցակից։ Քահանան շատ զայրացավ և զգուշացրեց, որ կանգնած եմ հավատս կորցնելու վտանգի առջև։ Բայց դա հեռու էր ճշմարտությունից, քանի որ հենց նոր էի իսկական հավատ ձեռք բերում։

Բազելի եղբայրները պատրաստվում էին հանգստյան օրերին գնալ սահմանից այն կողմ՝ Ֆրանսիայի տարածքում քարոզելու։ Եղբայրներից մեկը բարյացակամորեն բացատրեց ինձ, որ ես նրանց հետ չեմ կարող գնալ, քանի որ նոր եմ սկսել հաճախել ժողովների։ Դա ինձ չկանգնեցրեց. ես ասացի, որ մեծ ցանկություն ունեմ քարոզչական ծառայությանը մասնակցելու։ Մեկ ուրիշ երեցի հետ խորհրդակցելուց հետո նա ինձ մի տարածք տվեց Շվեյցարիայում։ Կիրակի օրը՝ վաղ առավոտյան, հեծանիվով գնացի Բազելի մոտակայքում գտնվող մի փոքր գյուղ։ Պայուսակումս ունեի 4 գիրք, 28 պարբերագիր և 20 գրքույկ։ Երբ տեղ հասա, գյուղացիներից շատերը եկեղեցում էին. չնայած դրան՝ ժամը 11–ին պայուսակս արդեն դատարկ էր։

Երբ եղբայրներին ասացի, որ ցանկանում եմ մկրտվել, նրանք լրջորեն զրուցեցին ինձ հետ և խոր հարցեր տվեցին՝ ճշմարտության հետ առնչվող։ Ես տպավորված էի նրանց ջերմեռանդությամբ և Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ նրանց նվիրվածությամբ։ Քանի որ ձմեռ էր, ինձ մկրտեցին երեցներից մեկի տան լոգարանում։ Հիշում եմ, որ աննկարագրելի ուրախություն ապրեցի և ներքին մի ուժ ստացա։ Դա տեղի ունեցավ 1934 թ.–ին։

Աշխատում եմ Ընկերության ֆերմայում

1936 թ.–ին իմացա, որ Եհովայի վկաները Շվեյցարիայում սեփականություն են ձեռք բերել։ Ես առաջարկեցի իմ օգնությունը՝ որպես այգեգործ, և մեծ ուրախությամբ ընդունեցի Ընկերության ֆերմայում աշխատելու հրավերը։ Ֆերման գտնվում էր Բեռնից 30 կմ հեռավորության վրա՝ Շտեֆիսբուրգում։ Հնարավորության դեպքում օգնում էի նաև այնտեղ աշխատող մյուս եղբայրներին։ Բեթելում հասկացա համագործակցության ոգու կարևորությունը։

Բեթելում անցկացրած տարիների ամենահիշարժան դեպքը 1936 թ.–ին եղբայր Ռադերֆորդի այցելությունն էր։ Երբ նա տեսավ, թե ինչ արդյունքների էինք հասել (բերքատվությունը, լոլիկների չափերը), ժպտաց և իր գոհունակությունն արտահայտեց։ Որքա՜ն լավ եղբայր էր նա։

Մի առավոտ՝ նախաճաշին (դա Բեթելում իմ ծառայության երրորդ տարին էր), Միացյալ Նահանգներում գտնվող՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից ուղարկված նամակ կարդացին մեզ։ Նամակում ընդգծվում էր քարոզչական ծառայության հրատապությունը և հրավեր էր տրվում բոլոր ցանկացողներին ծառայել որպես ռահվիրա ուրիշ երկրում։ Ես առանց տատանվելու համաձայնվեցի։ Նշանակումս ստացա 1939 թ. մայիսին. ինձ ուղարկում էին Բրազիլիա։

Այդ ընթացքում ես համագործակցում էի Ընկերության ֆերմային մոտ գտնվող «Թյուն» ժողովի հետ։ Կիրակի օրերին մենք խմբով գնում էինք Ալպերում քարոզելու։ Ճանապարհն անցնում էինք հեծանիվով և տեղ էինք հասնում երկու ժամից։ Խմբի անդամներից մեկն էր Մարգարիտա Սթայները։ Մի անգամ գլխումս միտք ծագեց. «Չէ՞ որ Հիսուսը իր աշակերտներին երկու–​երկու էր ուղարկում քարոզելու»։ Մարգարիտային ակնարկեցի, որ ինձ ուղարկում են Բրազիլիա։ Նա էլ ասաց, որ շատ կցանկանար ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա... Մենք ամուսնացանք 1939 թ. հուլիսի 31–ին։

Անսպասելի խոչընդոտ

1939 թ. օգոստոսին Հավրից (Ֆրանսիա) նստեցինք Սանտուս (Բրազիլիա) մեկնող նավը։ Բոլոր երկտեղանի նավասենյակները զբաղված էին, և մենք ստիպված եղանք ճանապարհորդել առանձին խցիկներում։ Ճանապարհին իմացանք, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Գերմանիային։ Թվով 30–ի հասնող, ազգությամբ գերմանացի ուղևորները սկսեցին երգել իրենց ազգային հիմնը։ Դա այնքան զայրացրեց նավապետին, որ վերջինս փոխեց բռնած կուրսը և նավը կանգնեցրեց Մարոկկոյում։ Գերմանական փաստաթղթեր ունեցող ուղևորներին հինգ րոպե տրվեց՝ նավից իջնելու։ Նրանց թվում էինք նաև մենք։

Այնտեղ մեկ օր մնացինք ոստիկանատանը, որից հետո մի խարխուլ ավտոբուսով մեզ տեղափոխեցին Մարակեշ, որ գտվում էր այդ տեղից 140 կմ հեռավորության վրա։ Սկսվեցին ծանր օրեր։ Մեր բանտախցերը լեփ–​լեցուն էին։ Այնտեղ մութ էր։ Զուգարանը, որ իրենից մի անցք էր ներկայացնում, ընդհանուր էր ու գրեթե միշտ խցանված։ Մեզնից յուրաքանչյուրը մի կեղտոտ պարկ էր ստացել՝ քնելու համար։ Գիշերը առնետները կրծում էին մեր սրնքամիսը։ Օրը երկու անգամ մեզ ժանգոտ ամանով կերակուր էին տալիս։

Մի սպա ասաց, որ ազատություն կստանամ այն դեպքում, եթե համաձայնեմ հինգ տարի ծառայել ֆրանսիական բանակում։ Ես հրաժարվեցի, ինչի հետևանքով հայտնվեցի մի սարսափելի իրավիճակում, որը տևեց 24 ժամ. ողջ ժամանակ աղոթում էի։

Ութ օր անց բանտի ղեկավարությունը թույլ տվեց ինձ տեսնել Մարգարիտային։ Նա շատ նիհարել էր և անընդհատ լաց էր լինում։ Ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ արեցի նրան քաջալերելու համար։ Մեզ հարցաքննեցին և ուղարկեցին Կասաբլանկա։ Այնտեղ Մարգարիտային ազատ արձակեցին, իսկ ինձ ուղարկեցին Պորտ Լիոտեում (այժմ Կենիթրա) գտնվող ճամբարը՝ մոտ 180 կմ հեռավորության վրա։ Շվեյցարիայի հյուպատոսը խորհուրդ տվեց Մարգարիտային վերադառնալ Շվեյցարիա, բայց նա, հավատարմություն ցուցաբերելով, հրաժարվեց գնալ առանց ինձ։ Այն երկու ամիսների ընթացքում, որ անցկացրի Պորտ Լիոտեում, նա ամեն օր Կասաբլանկայից գալիս էր ինձ մոտ և ուտելիք բերում։

Մի տարի անց Եհովայի վկաները լույս ընծայեցին «Խաչակրաց արշավանք՝ ընդդեմ քրիստոնեության» գիրքը («Kreuzzug gegen das Christentum»), որի նպատակն էր հանրության ուշադրությունը դարձնել այն բանի վրա, որ մեր կազմակերպությունը ոչ մի ձևով չի առնչվում նացիստների հետ։ Երբ ես ճամբարում էի, Եհովայի վկաների մասնաճյուղը, որ գտնվում էր Բեռնում, Ֆրանսիայի իշխանություններին ուղարկեց մի նամակ, ինչպես նաև այդ գիրքը՝ փորձելով ապացուցել, որ մենք նացիստներ չենք։ Մարգարիտան նույնպես աշխատանք տարավ այդ ուղղությամբ՝ այցելելով պետական պաշտոնյաներին և փորձելով հավաստիացնել նրանց, որ մենք ոչ մի մեղք չունենք։ 1939 թ. վերջին մենք թույլտվություն ստացանք՝ Մարոկկոյից հեռանալու։

Այն բանից հետո, երբ նորից նավ նստեցինք Բրազիլիա գնալու համար, իմացանք, որ գերմանական սուզանավերը հարվածի տակ են պահում Ատլանտյան օվկիանոսով անցնող նավերի ուղիները, և որ մենք նրանց գլխավոր թիրախն ենք։ Թեև «Ճամայկա» կոչվող մեր նավը առևտրական էր, սակայն իր առաջամասում ու հետևամասում հրանոթներ ուներ։ Օրվա ընթացքում նավապետը զիգզագաձև կուրս էր պահպանում և հրանոթները լցրած պահում։ Գիշերները լույս չէինք վառում, որպեսզի գերմանացիները չհայտնաբերեն մեզ։ Ինչպիսի՜ թեթևացում զգացինք, երբ ի վերջո՝ 1940 թ. փետրվարի 6–ին, հասանք Սանտուս. Եվրոպայից դուրս գալու օրվանից անցել էր ավելի քան հինգ ամիս։

Նորից բանտում

Մեր առաջին նշանակման վայրը Մոնտենեգրուն էր՝ Բրազիլիայի հարավում գտնվող Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Ամենայն հավանականությամբ, տեղի բարձրաստիճան հոգևորականներին տեղեկացրել էին մեր ժամանման մասին։ Քարոզչական ծառայությունը սկսելուց ընդամենը երկու ժամ անց ձերբակալվեցինք։ Մեզնից բռնագրավեցին աստվածաշնչյան թեմաներով բոլոր ձայնապնակները, ողջ գրականությունը և նույնիսկ ուղտի կաշվից կարված պայուսակները, որ գնել էինք Մարոկկոյում և օգտագործում էինք ծառայության մեջ։ Ոստիկանությունում մեզ սպասում էին քահանան և մի ծառայող, որ խոսում էր գերմաներեն։ Ոստիկանության պետը լարեց գրամոֆոնը, և նրանք սկսեցին լսել եղբայր Ռադերֆորդի ելույթներից մեկը (այդ գրամոֆոնը նույնպես մեզանից էին բռնագրավել)։ Թեև եղբայր Ռադերֆորդը կտրուկ չէր արտահայտվում, բայց երբ սկսեց խոսել Վատիկանից, քահանան զայրույթից կարմրեց և պոռթկաց։

Սանտա Մարիայի եպիսկոպոսի խնդրանքով՝ ոստիկանները տեղափոխեցին մեզ Պորտու Ալեգրի՝ նահանգի մայրաքաղաքը։ Մարգարիտային ազատ արձակեցին, և նա դիմեց Շվեյցարական հյուպատոսության օգնությանը։ Հյուպատոսը առաջարկեց նրան վերադառնալ Շվեյցարիա։ Մարգարիտան նորից հրաժարվեց։ Նա միշտ էլ հավատարիմ ուղեկից է եղել։ Երեսուն օր անց ինձ հարցաքննեցին և ազատ արձակեցին։ Ոստիկանները կանգնեցրին մեզ ընտրության առջև. կա՛մ տասը օրվա ընթացքում հեռանալ նահանգից, կա՛մ «քաղել մնալու դառը հետևանքները»։ Գլխավոր վարչության խորհրդով՝ մեկնեցինք Ռիո դե Ժանեյրո։

«Կարդացեք, խնդրեմ, այս քարտը»

Չնայած որ Բրազիլիայում մեր ծառայության սկիզբը այնքան էլ բարեհաջող չէր, միևնույն է, շատ ուրախ էինք։ Ի վերջո, մենք կենդանի էինք, մեր պայուսակները նորից լի էին գրականությամբ, իսկ քարոզելու համար «ունեինք» ողջ Ռիո դե Ժանեյրոն։ Բայց ինչպե՞ս էինք քարոզելու պորտուգալերենի մեր սահմանափակ գիտելիքներով. վկայության քարտի միջոցով։ «Por favor, leia este cartão» («Կարդացեք, խնդրեմ, այս քարտը»). սա էր մեր պորտուգալերենով սովորած առաջին արտահայտությունը, որ օգտագործելու էինք ծառայության մեջ։ Ինչպիսի՜ հաջողություն բերեց այդ քարտը։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում մենք բաժանեցինք ավելի քան 1 000 գիրք։ Գրականություն վերցրածներից շատերը հետագայում ընդունեցին ճշմարտությունը։ Անկեղծ ասած՝ մեր գրականությունները ավելի արդյունավետ վկայություն տվեցին, քան մենք ընդհանրապես կկարողանայինք։ Դրա շնորհիվ համոզվեցի, թե որքան կարևոր է հետաքրքրվող մարդկանց տալ մեր գրականությունը։

Մեր լուրը հատկապես լավ ընդունելության արժանացավ կառավարական հաստատություններում (այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոն էր Բրազիլիայի մայրաքաղաքը, և դրանք գտնվում էին այնտեղ)։ Ես պատիվ եմ ունեցել անձամբ վկայություն տալու ֆինանսների և պաշտպանության նախարարներին։ Եհովայի ոգու ներգործությունը ակնհայտ էր։

Մի անգամ Ռիոյի կենտրոնական հրապարակներից մեկում քարոզելիս մտա Արդարադատության պալատ։ Չգիտեմ ինչպես, հայտնվեցի սև զգեստներով մարդկանց շրջապատում. կարծես՝ թաղման արարողություն էր։ Ես մոտեցա այն անհատին, որ բոլորից շատ էր աչքի ընկնում, և տվեցի նրան իմ վկայության քարտը։ Դա թաղման արարողություն չէր. ես ընդհատել էի մի դատավարություն։ Աչքի ընկնող անհատն էլ դատավորն էր։ Ծիծաղելով՝ նա պահակախմբին նշան արեց, որ ինձ ձեռք չտան։ Մեծահոգաբար վերցրեց «Երեխաներ» * գիրքը և նվիրատվություն կատարեց։ Երբ արդեն դուրս էի գնում, պահակախմբի անդամներից մեկը ցույց տվեց մի բավական աչքի ընկնող ցուցանակ, որ կախված էր դռան վրա. այնտեղ գրված էր. «Proibida a entrada de pessoas estranhas» («Կողմնակի անձանց մուտքն արգելված է»)։

Մեզ լավ էին լսում նաև նավահանգստում։ Մի անգամ հանդիպեցի մի նավաստու, որն ինձանից գրականություն վերցրեց՝ նախքան նորից ծով դուրս գալը։ Հետագայում մենք հանդիպեցինք նրան համաժողովներից մեկի ժամանակ։ Նրա ողջ ընտանիքը ընդունել էր ճշմարտությունը, և նա ինքը լավ առաջադիմություններ էր կատարել։ Ինչպիսի՜ ուրախություն դա պատճառեց մեզ։

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Մեր վիզայի ժամկետը, որ տրված էր վեց ամսով, լրացավ, և մենք հայտնվեցինք այնտեղից արտաքսվելու վտանգի առջև։ Գլխավոր վարչությանը մեր վիճակի մասին գրելուց հետո եղբայր Ռադերֆորդից մի ջերմ նամակ ստացանք։ Նա քաջալերում էր հաստատակամություն ցուցաբերել և խորհուրդներ էր տալիս, թե ինչպես վարվենք։ Մեր ցանկությունն էր մնալ Բրազիլիայում։ Իրավաբանի օգնությամբ 1945 թ.–ին մենք, ի վերջո, մշտական վիզա ստացանք։

Երկարատև «նշանակում»

Մինչ այդ, սակայն, երեխաներ ունեցանք. մեր որդին՝ Յոնաթանը, ծնվեց 1941 թ.–ին, Ռութը ծնվեց 1943 թ.–ին, իսկ Էսթերը՝ 1945 թ.–ին։ Մեր աճող ընտանիքի կարիքները հոգալու համար ես պետք է աշխատեի։ Մարգարիտան շարունակեց լիաժամ ծառայությունը մինչև մեր երրորդ երեխայի ծնվելը։

Սկզբից ևեթ մենք ընտանիքով մասնակցում էինք քարոզչական ծառայությանը՝ քաղաքի հրապարակներում, գնացքների կայարաններում, փողոցներում և գործարար շրջաններում։ Հատկապես մեծ ուրախություն էինք ստանում, երբ շաբաթ օրերը՝ երեկոյան, միասին բաժանում էինք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։

Տանը երեխաներից յուրաքանչյուրն իր պարտականություններն ուներ։ Յոնաթանը պետք է մաքրեր սալօջախը և խոհանոցը։ Աղջիկները մաքրում էին սառնարանը, ավլում բակը և փայլեցնում մեր կոշիկները։ Դա օգնեց նրանց լինել կազմակերպված և գործունյա։ Այսօր մեր երեխաները շատ աշխատասեր անհատներ են ու կարողանում են հոգ տանել իրենց տան և ունեցվածքի մասին, ինչի համար ես և Մարգարիտան շատ ուրախ ենք։

Նաև սպասվում էր, որ երեխաներն իրենց լավ կպահեին ժողովների ժամանակ։ Նրանք ջուր էին խմում և զուգարան գնում նախքան ծրագրի սկսվելը։ Հանդիպման ընթացքում Յոնաթանը նստում էր իմ ձախ կողմում, իսկ Ռութը՝ աջ։ Այնուհետև նստում էր Մարգարիտան, և նրա աջ կողմում նստում էր Էսթերը։ Դա օգնում էր, որ նրանք կենտրոնանային և ընդունեին հոգևոր սնունդը փոքր տարիքից։

Եհովան օրհնեց մեր ջանքերը։ Մեր բոլոր երեխաները շարունակում են հավատարմորեն ծառայել Աստծուն և ուրախությամբ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Յոնաթանը ծառայում է որպես երեց «Նուվու Մեյեր» ժողովում (Ռիո դե Ժանեյրո նահանգ)։

1970 թ.–ին մեր բոլոր երեխաներն արդեն ամուսնացած էին և այլևս չէին ապրում մեզ հետ։ Ուստի ես ու Մարգարիտան որոշեցինք տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Առաջին վայրը Պոսուս դի Կալդասն էր (Մինաս Ժերաիս նահանգ), որտեղ այդ ժամանակ 19 քարոզիչներից բաղկացած մի փոքր խումբ կար։ Երբ առաջին անգամ տեսա նրանց հանդիպման վայրը, մտահոգվեցի. դա ներքնահարկում գտնվող մի սենյակ էր՝ առանց պատուհանների, և վերանորոգման մեծ կարիք ուներ։ Առանց ժամանակ կորցնելու սկսեցինք ավելի հարմար տեղ փնտրել Թագավորության սրահի համար։ Շատ չանցած մի գեղեցիկ շենք գտանք՝ հրաշալի մի տեղում։ Ինչպիսի՜ փոփոխություն տեղի ունեցավ դրանից հետո. չորս ու կես տարի անց քարոզիչների թիվը հասավ 155–​ի։ 1989 թ.–ին մենք տեղափոխվեցինք Արարուամա (Ռիո դե Ժանեյրո նահանգ), որտեղ ծառայեցինք ինը տարի։ Այդ ընթացքում դարձանք երկու նոր ժողովների կազմավորման ականատեսը։

Պարգևատրված՝ մեր ծառայությունը չթողնելու համար

1998 թ.–ին առողջական խնդիրներն ու երեխաներին մոտ լինելու ցանկությունը մղեցին մեզ տեղափոխվել Սան Գոնսալու (Ռիո դե Ժանեյրո նահանգ)։ Այժմ ես ծառայում եմ այնտեղ որպես երեց։ Մենք հնարավորին չափ ամեն ինչ անում ենք քարոզչական գործին կանոնավորապես մասնակցելու համար։ Մարգարիտան սիրում է քարոզել մոտակայքում գտնվող խանութում։ Բացի այդ, եղբայրները մեզ տարածք տրամադրեցին մեր տան մոտ, ինչը նրանց կողմից բարության դրսևորում էր։ Այդպես մեզ ավելի հեշտ է ծառայել։ Ես ու Մարգարիտան ջանում ենք ծառայել այնքան, որքան թույլ է տալիս մեր առողջությունը։

Ես և Մարգարիտան արդեն ավելի քան 60 տարի Եհովային նվիրված ծառաներ ենք։ Կարող ենք ասել, որ անձամբ տեսել ենք, որ «ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է» (Հռովմայեցիս 8։38, 39)։ Որքա՜ն ուրախալի է տեսնել, թե ինչպես են հավաքվում ‘ուրիշ ոչխարները’, որ հրաշալի հույս ունեն՝ երկրի վրա կատարյալ պայմաններում հավիտյան ապրելու (Յովհաննէս 10։16)։ Երբ 1940 թ.–ին եկանք Ռիո դե Ժանեյրո, այնտեղ ընդամենը մի ժողով կար՝ 28 քարոզիչներից բաղկացած։ Այսօր այնտեղ կա ավելի քան 250 ժողով, իսկ Թագավորության քարոզիչների թիվն անցնում է 20 000–​ից։

Երբեմն առիթներ էին ստեղծվում Եվրոպա վերադառնալու և մեր ընտանիքներին միանալու։ Բայց մեր նշանակումն այստեղ էր՝ Բրազիլիայում։ Որքա՜ն ուրախ ենք, որ շարունակեցինք այն ծառայությունը, որին նշանակվել էինք։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 11 Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից. այժմ չի տպագրվում։

^ պարբ. 33 Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից. այժմ չի տպագրվում։

[նկար 21–րդ էջի վրա]

Ընկերության ֆերմայում 1930 թ.–ի վերջին (Շտեֆիսբուրգ, Շվեյցարիա). ես ձախից առաջինն եմ

[նկար 23–րդ էջի վրա]

Մենք 1939 թ.–ին՝ նախքան ամուսնանալը

[նկար 23–րդ էջի վրա]

Կասաբլանկան 1940 թ.–ին

[նկար 23–րդ էջի վրա]

Ընտանիքով մասնակցում ենք քարոզչական ծառայությանը

[նկար 24–րդ էջի վրա]

Այսօր կանոնավորապես մասնակցում ենք ծառայությանը