Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երեխայի սիրտն անուշադրության մի՛ մատնեք

Երեխայի սիրտն անուշադրության մի՛ մատնեք

Երեխայի սիրտն անուշադրության մի՛ մատնեք

ՀՄՈՒՏ բրուտի ձեռքում հասարակ կավի գունդը փոխակերպվում է գրավիչ անոթի։ Քիչ են այն արհեստավորները, ովքեր մի կտոր կավագնդից կարող են կերտել գեղեցիկ և հրապուրիչ առարկաներ։ Հազարամյակներ շարունակ մարդկային հասարակությունը կախում է ունեցել կավագործներից՝ բաժակների, ափսեների, կաթսաների, կարասների և դեկորատիվ սկահակների պահանջից ելնելով։

Նույն ձևով էլ ծնողները անգնահատելի ավանդ են ներդնում հասարակության մեջ՝ ձևավորելով իրենց երեխաների բնավորությունն ու անհատականությունը։ Աստվածաշունչը մեզանից յուրաքանչյուրին համեմատում է կավի հետ։ Երեխաների «կավամշակման» կենսական կարևորություն ունեցող առաջադրանքը Աստված հանձնարարել է ծնողներին (Հոբ 33։6; Ծննդոց 18։19)։ Ինչպես կավից գեղեցիկ առարկա պատրաստելը, այնպես էլ երեխայից հավասարակշռված և պատասխանատու անձնավորություն կերտելը ամենևին էլ հեշտ գործ չէ։ Նման փոխակերպումը տեղի չի ունենում ինքնաբերաբար։

Մեր երեխաների ներքին անձնավորության ձևավորման վրա բազմաթիվ գործոններ են ազդում։ Դժբախտաբար դրանց մի մասը կարող են կործանարար լինել։ Ուստի երեխայի ներքին անձնավորությունը անտեսելու փոխարեն՝ իմաստուն ծնողը կկրթի նրան «իր ճանապարհին համեմատ»՝ համոզվածությամբ, որ «ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։6

Երեխա մեծացնելու՝ իրադարձություններով հարուստ ժամանակի ընթացքում քրիստոնյա ծնողները ճիշտ կվարվեն, եթե ժամանակ հատկացնեն իրենց երեխաների սրտին սպառնացող բացասական ազդեցությունները ետ մղելու համար։ Նրանց սերը շատ փորձությունների կենթարկվի, մինչ համբերատարորեն կրթում են երեխաներին՝ ‘մեծացնելով նրանց քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ’ (Եփեսացիս 6։4, ԱՆԹ)։ Ծնողների գործը, ինչ խոսք, ավելի կհեշտանա, եթե նրանք որքան հնարավոր է շուտ սկսեն դա անել։

Վաղ սկիզբ

Բրուտները սիրում են աշխատել փափուկ կավի հետ, քանի որ այն հեշտությամբ ընդունում է իրեն տրվող ձևը և միաժամանակ բավական ամուր է այդ ձևը պահպանելու համար։ Կավը զտելուց հետո նրանք նախընտրում են այն օգտագործել վեց ամսվա ընթացքում։ Նմանապես, ծնողները կարող են իրենց երեխաների սիրտը կերտել այն ժամանակ, երբ այն հատկապես ընկալունակ է և հեշտ ձևավորվող։

Մանկավարժներն ասում են, որ ութ ամսական երեխան արդեն ճանաչում է իր մայրենի լեզվի հնչյունները, կապվածություն է զգում իր ծնողների հանդեպ, ունի ընկալելու ունակություն և սկսում է բացահայտել իրեն շրջապատող աշխարհը։ Ամենաարդյունավետը երեխային փոքր հասակից կրթելն է։ Ի՜նչ հիանալի կլինի, եթե քո երեխան էլ Տիմոթեոսի նման փոքր հասակից իմանա Սուրբ Գրությունները (Բ Տիմոթէոս 3։15 *

Բնական է՝ երեխաները ընդօրինակում են ծնողներին։ Բացի խոսելաոճն ու շարժուձևը ընդօրինակելուց, նրանք նաև սովորում են, թե ինչ է սերը, բարությունը և կարեկցանքը, երբ տեսնում են իրենց ծնողներին այդ հատկությունները դրսևորելիս։ Եթե մենք ուզում ենք կրթել մեր երեխաներին Եհովայի օրենքների համաձայն, պետք է այնպես անենք, որ առաջին հերթին դրանք մեր սրտում լինեն։ Գնահատանքը Աստծո օրենքների հանդեպ կմղի ծնողներին կանոնավորապես խոսել երեխաների հետ Եհովայի և նրա Խոսքի մասին։ Աստվածաշունչը հորդորում է. «Խօսիր նորանց վերայ [մասին] քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։ Ֆրանցիսկոն և Ռոզան պատմում են, թե ինչպես են նրանք կիրառում այս խորհուրդը իրենց երկու երեխաներին դաստիարակելիս։ *

«Բացի առօրյա խոսակցություններից, մենք նաև փորձում ենք զրուցել մեր երեխաների հետ անհատապես, ամենաքիչը օրական 15 րոպե։ Երբ որևէ խնդիր է առաջանում, մենք ավելի շատ ժամանակ ենք հատկացնում և այդպիսով լուծում դա։ Օրինակ՝ վերջերս մեր հնգամյա որդին, գալով դպրոցից, ասաց, որ նա չի հավատում Եհովային։ Ըստ երևույթին, նրա դասընկերներից մեկը ծաղրել էր երեխային ու ասել, որ «Աստված չկա»»։

Այս ծնողները հասկացան, որ երեխաները կարիք ունեն հավատ զարգացնելու իրենց Արարչի հանդեպ։ Նման հավատը կարող է կառուցվել Աստծո ստեղծագործության հանդեպ նրանց բնական կապվածության հիման վրա։ Երեխաները իսկապես շատ են սիրում կենդանիներ շոյել, վայրի ծաղիկներ քաղել կամ ծովափում խաղալ ավազների մեջ։ Ծնողները կարող են օգնել նրանց տեսնելու Ստեղծիչի և ստեղծագործության միջև եղած կապը (Սաղմոս 100։3; 104։24, 25)։ Հիացմունքն ու գնահատանքը Աստծո ստեղծագործության հանդեպ կարող են երեխային ուղեկցել ողջ կյանքում (Սաղմոս 111։2, 10)։ Նման գնահատանքը կարող է մղել նրան զարգացնելու Աստծուն հաճեցնելու ցանկություն և միաժամանակ՝ նրան տհաճություն պատճառելու վախ, որը կդրդի նրան ‘չարից հեռանալու’ (Առակաց 16։6

Թեպետ երեխաների մեծամասնությանը բնորոշ է արագ սովորելը, հնարավոր է, որ նրանք հեշտությամբ չհնազանդվեն (Սաղմոս 51։5)։ Նրանք երբեմն կարող են պնդել իրենց ասածը կամ ցանկանան ամեն գնով հասնել իրենց ուզածին։ Ծնողներին անհրաժեշտ է վճռականություն, համբերություն և հետևողականություն դրսևորել, որպեսզի այս բացասական որակները չամրանան երեխաների սրտում (Եփեսացիս 6։4)։ Սա լավ երևում է Ֆիլիսի և Փոլի օրինակից, որոնք հաջողությամբ հինգ երեխա են դաստիարակել։

Ֆիլիսը պատմում է. «Բոլոր երեխաներն էլ իրարից շատ տարբեր էին, և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր իր ասածն անել։ Շատ դժվարությունների բախվեցինք, մինչև նրանք սովորեցին «ոչ» բառի նշանակությունը։ Ամուսինը ավելացնում է. «Հաճախ մենք նրանց բացատրում էինք, թե ինչու ենք ընդունել այս կամ այն որոշումը, եթե գտնում էինք, որ նրանք բավականաչափ հասուն են դա հասկանալու համար։ Մենք միշտ աշխատում էինք բարի լինել նրանց հանդեպ, բայց նաև սովորեցնում էինք հարգել Աստծուց մեզ տրված իշխանությունը»։

Թեև երեխայի վաղ տարիները կարող են որոշ դժվարություններ հարուցել, ծնողների մեծամասնությունը համամիտ է, որ ամենամեծ խնդիրները առաջանում են պատանեկան հասակում, երբ դեռահասի սիրտը բախվում է իր համար նոր փորձությունների։

Հասիր դեռահասի սրտին

Բրուտը պետք է անի իր աշխատանքը՝ նախքան կավի չորանալը։ Որպեսզի կավը մնա փափուկ, նա կարող է խոնավացնել այն։ Նմանապես ծնողները պետք է ջանք թափեն, որպեսզի իրենց դեռահաս երեխայի սիրտը չկարծրանա։ Գլխավոր գործիքը, իհարկե, Աստվածաշունչն է, որով նրանք կարող են իրենց երեխաներին ‘հանդիմանել, խրատել և պատրաստել ամեն բարի գործերի համար’ (Բ Տիմոթէոս 3։15–17

Հնարավոր է՝ դեռահասը չընդունի ծնողների խորհուրդը նույնպիսի պատրաստակամությամբ, ինչպես փոքր ժամանակ։ Պատանիները սկսում են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց հասակակիցներին, ինչի հետևանքով տուժում է ծնողների հետ ունեցած անկեղծ ու անմիջական հաղորդակցությունը։ Սա իսկապես համբերություն և խորաթափանցություն դրսևորելու ժամանակ է, քանի որ ծնող–​երեխա փոխհարաբերությունները նոր փուլ են մտնում։ Դեռահասը կարիք ունի հարմարվելու իր հետ տեղի ունեցող ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխություններին։ Նա սկսում է ընդունել որոշումներ և դնել նպատակներ, որոնք կարող են վճռորոշ լինել նրա հետագա կյանքի համար (Բ Տիմոթէոս 2։22)։ Այս դժվար ժամանակահատվածում նա նաև պայքարում է մի ուժի դեմ, որը կարող է կործանարար ազդեցություն ունենալ իր սրտի վրա՝ դա հասակակիցների ճնշումն է։

Սովորաբար այդ ճնշումը չի դրսևորվում որևէ հատուկ իրադարձության ձևով, այլ աստիճանաբար՝ խոսքերի և իրադրությունների միջոցով։ Այդ ամենը ազդում է երիտասարդների ամենաթույլ կողմի վրա, որն է՝ հասակակիցների կողմից մերժվելու ներքին վախը։ Ներքին պայքար մղելով և ցանկանալով ընդունելի լինել իր հասակակիցներին՝ երիտասարդը միգուցե սկսի հավանություն տալ այն ամենին, «ինչ որ աշխարհքումն է» (Ա Հովհաննէս 2։15–17; Հռովմայեցիս 12։2

Գործն ավելի է բարդանում նրանով, որ անկատար սրտին բնորոշ ցանկությունները նպաստում են հասակակիցների ազդեցության ուժեղացմանը։ Այնպիսի հորդորները, ինչպիսիք են՝ «վայելիր կյանքը» և «արա ինչ ուզում ես», կարող են շատ հրապուրիչ լինել։ Մարիան, ելնելով իր փորձից, ասում է. «Ես համամիտ էի իմ հասակակիցների հետ, ովքեր կարծում էին, որ երիտասարդները կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ՝ չմտածելով հետևանքների մասին։ Ես ցանկանում էի նրանց պես վարվել ու քիչ էր մնում հայտնվեի այնպիսի իրավիճակում, որը կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ ինձ համար»։ Անշուշտ, որպես ծնող կուզեիր օգնել դեռահաս երեխայիդ հաղթահարել այդ ազդեցությունը. բայց ինչպե՞ս։

Խոսքով ու գործով կրկին ու կրկին հավաստիացրու երեխայիդ, որ դու հոգ ես տանում իր մասին։ Ջանա իմանալ նրա տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ, փորձիր հասկանալ նրա խնդիրները, որոնք կարող են շատ ավելի բարդ լինել, քան նրանք, որոնց հետ ինքդ ես բախվել դպրոցում։ Հատկապես այս տարիքում է, որ երեխան կարիք ունի քեզ համարելու այն անձնավորությունը, որին կարող է վստահել (Առակաց 20։5)։ Նրա պահվածքից ու տրամադրությունից դու կարող ես նկատել՝ հուզված է, թե՞ մտահոգ։ Պատասխանիր նրա լուռ աղերսանքին և ‘մխիթարիր նրա սիրտը’ (Կողոսացիս 2։2

Ինչ խոսք, կարևոր է վճռականություն ցուցաբերել ճիշտ որոշում պահանջող հարցերում։ Շատ ծնողներ, երբ երեխաների և իրենց տեսակետների մեջ տարաձայնություն է առաջանում, հաստատակամ են մնում իրենց ընդունած որոշման մեջ, եթե այն խոր հիմքեր ունի։ Նախքան սիրուց դրդված պատժամիջոց կիրառելը՝ համոզվիր, որ ճիշտ ես հասկացել իրադրությունը, և ապա որոշիր թե ինչպես պատժես, եթե դա անհրաժեշտ է (Առակաց 18։13

Փորձությունը կարող է լինել հենց ժողովում

Կավե ամանը կարող է ավարտուն տեսք ունենալ, բայց մինչև թրծվելը այն կարող է վնասվել նույնիսկ այն հեղուկներից, որոնց համար որ նախատեսված է։ Աստվածաշունչը փորձություններն ու դժվարությունները համեմատում է թրծման պրոցեսի հետ, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչպիսին ենք իրականում։ Ճիշտ է, Աստվածաշունչը մասնավորապես խոսում է հավատի փորձությունների մասին, սակայն այն նաև կարող է մատնացույց անել այլ դժվարությունների (Յակոբոս 1։2–4)։ Զարմանալի է, բայց երիտասարդները որոշ դժվար հաղթահարելի փորձությունների կարող են բախվել հենց ժողովում։

Քո դեռահաս երեխան գուցե թվա հոգևորապես առողջ, սակայն ներքուստ նրա սիրտը երկատված լինի (Գ Թագաւորաց 18։21)։ Մագինը, օրինակ, բախվեց աշխարհիկ մտքերի հետ, որոնք տարածվում էին Թագավորության սրահ եկող մյուս երիտասարդների կողմից։

«Ինձ վրա ազդեցություն էին թողնում մի խումբ երիտասարդներ, որոնք քրիստոնեական ապրելակերպը ձանձրալի էին համարում և խոչընդոտ՝ զվարճությունների ճանապարհին։ Հաճախ կարելի էր նրանցից լսել նման արտահայտություններ՝ հենց որ դարձա 18 տարեկան, ես կթողնեմ ճշմարտությունը, կամ՝ երազում եմ ճշմարտությունը լքելու մասին։ Նրանք հեռու էին մնում այն քրիստոնյա երիտասարդներից, ովքեր իրենց հետ համամիտ չէին՝ անվանելով նրանց «սրբեր»։

Մեկի կամ երկուսի բացասական տրամադրվածությունը կարող է նպաստել, որ մյուսները հոգևորապես թուլանան։ Հասարակության մեջ անհատները անում են այն, ինչ մեծամասնությունը։ Հիմարությունն ու անպատկառությունը կարող են ոտնահարել իմաստությունն ու պարկեշտությունը։ Ցավալի է, որ շատ երկրներում քրիստոնյա երիտասարդները ընկել են անախորժությունների մեջ՝ հետևելով մեծամասնությանը։

Անշուշտ, երիտասարդները հաճելի ընկերակցության կարիք ունեն։ Որպես ծնող՝ ինչպե՞ս կարող ես հոգ տանել դրա մասին։ Լրջորեն մտածիր նրանց ժամանցի մասին։ Պլանավորիր հետաքրքիր զբաղմունքներ ընտանիքի հետ, կամ որևէ հավաքույթ կազմակերպիր տարբեր տարիքի անձանց մասնակցությամբ։ Իմացիր, թե ովքեր են քո երեխայի ընկերները։ Հրավիրիր նրանց ճաշելու կամ միասին երեկո անցկացնելու (Հռովմայեցիս 12։13)։ Քաջալերիր երեխայիդ որևէ օգտակար գործունեությամբ զբաղվել, օրինակ՝ երաժշտությամբ, արհեստով, օտար լեզու սովորելով։ Մեծ մասամբ նա կարող է դա անել տան ապահով միջավայրում։

Ուսումը կարող է պաշտպանություն լինել

Ուսումը նպաստում է, որ դեռահասը զվարճությունները ճիշտ տեղում դնի։ Լոլին՝ 20 տարվա փորձ ունեցող դպրոցի մի տնօրեն, նշում է. «Աշխատանքային գործունեությանս ընթացքում շատ երիտասարդ Վկաներ եմ ճանապարհել։ Շատերն իսկապես գովելի վարք ունեին, բայց ոմանք չէին տարբերվում մյուս աշակերտներից։ Նրանք, ովքեր ծարավ էին սովորելու, իսկապես լավ օրինակներ էին։ Խորհուրդ կտայի, որ ծնողները ակտիվորեն հետաքրքրվեն իրենց երեխաների ուսումնական առաջընթացով, ճանաչեն նրանց ուսուցիչներին և օգնեն իրենց զավակներին գիտակցելու լավ սովորելու կարևորությունը։ Չնայած քչերը կարող են գերազանց սովորել, բայց բոլորն էլ կարող են գոհացուցիչ մակարդակի հասնել և արժանանալ ուսուցիչների հարգանքին»։

Այսպիսի ուսումը նաև կարող է օգնել պատանիներին հոգևորապես աճել, զարգացնել ուսումնասիրության լավ սովորություններ, մտային կարողություններ և պատասխանատվության զգացում։ Վարժ ընթերցելու և մտքեր ըմբռնելու ունակությունը նրանց անկասկած կքաջալերի Աստծո Խոսքի ավելի լավ ուսումնասիրողներ և ուսուցիչներ լինելու (Նէեմեայի 8։8)։ Դպրոցական հանձնարարություններն ու Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը նրանց կօգնեն զվարճությունները պատշաճ տեղում դնել։

Պատիվ՝ թե՛ քեզ, և թե՛ Եհովայի համար

Հին Հունաստանում շատ սկահակներ կրում էին թե՛ բրուտի, և թե՛ ձևավորողի ստորագրությունները։ Նմանապես, ընտանիքում սովորաբար երկուսն են դաստիարակում երեխաներին։ Երկուսն էլ՝ և՛ մայրը, և՛ հայրը, բաժին ունեն երեխայի սիրտը ձևավորելու մեջ, ուրեմն՝ երեխան կրում է նրանց «ստորագրությունները»։ Հմուտ բրուտի կամ ձևավորողի նման դու կարող ես հպարտանալ քո ձեռքի աշխատանքով՝ ձևավորելով գեղեցիկ և պատվարժան անձնավորություն (Առակաց 23։24, 25

Հաջողությունը այդ մեծ գործում կախված է այն բանից, թե որքան ջանք կներդնես։ Հուսով ենք կկարողանաս ասել. «Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. նորա քայլերը չեն տատանուիլ» (Սաղմոս 37։31)։ Երեխայի սիրտն անուշադրության մի՛ մատնեք, այն չափազանց կարևոր է։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 8 Որոշ ծնողներ իրենց նորածին երեխաների համար Աստվածաշունչ են կարդում. մեղմ ձայնն ու հաճելի ընթերցանությունը կարող են գնահատանք առաջացնել Աստծո Խոսքի հանդեպ և մղել, որ այդ սովորությունը երեխան պահպանի իր ողջ կյանքի ընթացքում։

^ պարբ. 9 Որոշ անուններ փոխված են։