Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կյանքը փախստականների ճամբարում

Կյանքը փախստականների ճամբարում

Կյանքը փախստականների ճամբարում

Փախստականների ճամբար ասելով ի՞նչ ես պատկերացնում։ Երբևէ այցելե՞լ ես դրանցից մեկը։ Ինչի՞ է նման այն։

Այս հոդվածը գրի առնելու ժամանակ Տանզանիայի արևմտյան մասում փախստականների 13 տարբեր ճամբարներ կային։ Տանզանիայի կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ (ՄԱՓԳ), օգնություն է ցուցաբերում Աֆրիկյան երկրներից քաղաքացիական պատերազմների հետևանքով տեղափոխված մոտ 500 000 մարդկանց։ Ինչպիսի՞ն է կյանքը ճամբարում։

Ժամանելով ճամբար

Կանդիդա անունով մի երիտասարդ աղջիկ պատմում է, թե ինչ տեղի ունեցավ, երբ նրանք ընտանիքով եկան այստեղ մի քանի տարի առաջ. «Մեզ տվեցին մթերաբաժնի քարտ՝ համապատասխան համարով, և մեր ընտանիքը կցվեց Նիարուգուսու ճամբարին։ Այնտեղ ստացանք նաև մեր բաժին հողամասի ու բնակելի տարածքի համարները։ Մեզ ցույց տվեցին, թե որտեղից կարող ենք ծառեր կտրել և խոտ հավաքել մեր սեփական փոքրիկ տունը կառուցելու համար։ Մենք ցեխից աղյուսներ սարքեցինք։ ՄԱՓԳ–ը պլաստմասսայե թիթեղ տրամադրեց, որը դրեցինք տանիքին։ Աշխատանքը ծանր էր, սակայն ուրախ էինք, որ մեր համեստ տունը պատրաստ էր»։

Մթերաբաժնի քարտը օգտագործվում է ամեն երկրորդ չորեքշաբթի օրը։ «Մենք հերթ ենք կանգնում ճաշարանում՝ ՄԱՓԳ–ի կողմից բաշխվող հիմնական սննդամթերքը ստանալու համար»,— շարունակում է Կանդիդան։

Օրական որքա՞ն սնունդ է նախատեսված մեկ անձի համար։

«Մեզանից յուրաքանչյուրը ստանում է մոտ 3 բաժակ եգիպտացորենի ալյուր, մեկ բաժակ սիսեռ, 20 գրամ սոյա, 2 ճաշի գդալ յուղ և 10 գրամ աղ։ Երբեմն նաև ստանում ենք մի կտոր օճառ, որը պետք է օգտագործենք մի ամբողջ ամիս»։

Իսկ խմելու ջո՞ւրը. մատչելի՞ է։ Ռիզիկի անունով մի երիտասարդ կին ասում է. «Ջուրը խողովակաշարերի միջոցով մոտակա գետերից հանվում է դեպի հսկայական ջրամբարները։ Նախքան յուրաքանչյուր ճամբարի ջրամատակարարման կայան հասնելը, այն մշակվում է քլորով։ Որպեսզի չհիվանդանանք, աշխատում ենք խմելուց առաջ եռացնել ջուրը։ Հաճախ մենք առավոտից երեկո զբաղված ենք լինում ջուր հավաքելով և այդ կայաններում շոր լվանալով։ Օրական մեզ մեկ ու կես դույլ ջուր է հասնում»։

Եթե անցնեք այդ ճամբարներից մեկով, կնկատեք նախապատրաստական, տարրական և միջնակարգ դպրոցներ։ Այնտեղ կարող են կրթություն ստանալ նաև հասուն մարդիկ։ Ճամբարի հենց կողքին գտնվող ոստիկանական բաժանմունքը և կառավարության գրասենյակը ապահովում են նրա անվտանգությունը։ Դուք կարող եք տեսնել մի մեծ շուկա՝ բազմաթիվ փոքր կրպակներով, որտեղ փախստականները կարող են գնել բանջարեղեն, միրգ, ձուկ, հավի միս և այլ սննդամթերք։ Տեղաբնակներից ոմանք գալիս են այստեղ առևտուր անելու։ Բայց որտեղի՞ց են փախստականները փող ձեռք բերում գնումներ կատարելու համար։ Ոմանք փոքրիկ բանջարանոց են մշակում և ստացված բերքը վաճառում շուկայում։ Մյուսները վաճառում են իրենց ստացած ալյուրը կամ սիսեռը՝ միս կամ միրգ գնելու համար։ Այսպիսով ճամբարը ավելի շատ նմանվում է մեծ գյուղի։ Սովորական բան է շուկայում տեսնել ոմանց ծիծաղելիս և զվարճանալիս, ինչպես որ կանեին իրենց հայրենի երկրում։

Եթե մտնեք հիվանդանոց, բժիշկներից մեկը ձեզ կպատմի, որ ճամբարում կան մի քանի բուժկետեր, որտեղ բուժօգնություն է ցույց տրվում։ Ծանր և լուրջ դեպքերում բուժումը իրականացվում է հիվանդանոցում։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 48 000 փախստականներից բաղկացած ճամբարում ամսեկան լինում է մոտ 250 ծնունդ, պարզ է դառնում, թե որքան կարևոր դեր է խաղում հիվանդանոցի մայրության բաժանմունքը և ծննդարանը։

Հոգևոր սննդով ապահովված

Աշխարհի տարբեր մասերում ապրող Եհովայի վկաները կարող են տեղեկանալ Տանզանիայի ճամբարներում ապրող իրենց հոգևոր եղբայրների մասին։ Բոլորը միասին կազմում են 1 200 հոգի, որոնք ընդգրկված են 14 ժողովներում և 3 խմբերում։ Ինչպե՞ս են նրանք գործում։

Ժամանելով ճամբարներ՝ առաջին հերթին այս նվիրված քրիստոնյաները հողակտոր խնդրեցին Թագավորության սրահ կառուցելու համար։ Դա, իհարկե, հնարավորություն տվեց ճամբարի բնակչությանը իմանալու, թե որտեղ կարելի է գտնել Վկաներին և հաճախել նրանց շաբաթական հանդիպումներին։ Լուգուֆուի ճամբարում 659 ակտիվ քարոզիչներից բաղկացած 7 ժողով է գործում։ Կիրակնօրյա հանդիպումներին հաճախողների թիվը՝ այս 7 ժողովներում միասին վերցրած, սովորաբար հասնում է մոտ 1 700–ի։

Ճամբարներում գտնվող Վկաները նաև օգուտ են քաղում ավելի մեծ քրիստոնեական հավաքույթներից և համաժողովներից։ Լուգուֆուի ճամբարում տեղի ունեցած առաջին մարզային համաժողովին ներկա եղան 2 363 հոգի։ Համաժողովի անցկացման վայրի հենց կողքին մկրտության համար Վկաները լողավազան էին կառուցել, որն իրենից ներկայացնում էր հողում գտնվող մի փոս՝ պատված պլաստմասսայե թիթեղով՝ ջուրը պահելու համար։ Եղբայրները ջուրը տեղափոխել էին հեծանիվով՝ մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գետից։ Քանի որ ամեն անգամ նրանք կարող էին տեղափոխել ընդամենը 20 լիտր, կարող ենք պատկերացնել, թե որքան ջանք են թափել։ Մկրտության թեկնածուները՝ համեստ հագնված, սպասում էին իրենց հերթին։ Բոլոր 56–ն էլ մկրտվեցին՝ ամբողջովին ընկղմվելով ջրում։ Համաժողովին ներկա մի լիաժամ ծառայող հարցազրույցի ժամանակ պատմեց, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում 40 անհատների հետ, որոնցից չորսը այդ համաժողովի ժամանակ մկրտվեցին։

Տեղի Եհովայի վկաների մասնաճյուղը հոգ տարավ, որ շրջագայող վերակացուները կանոնավորապես այցելեն ճամբարներ։ Նրանցից մեկը նշում է. «Մեր եղբայրները շատ եռանդուն են ծառայության մեջ։ Նրանք քարոզչական մեծ աշխատանք ունեն անելու։ Մի ժողովում յուրաքանչյուր վկա ամեն ամիս մոտ 34 ժամ է տրամադրում քարոզչությանը։ Շատերը Աստվածաշնչյան հինգ և ավելի ուսումնասիրություններ են անցկացնում հետաքրքրվող անձանց հետ։ Մի ռահվիրա (լիաժամ ծառայող) ասաց, որ նա չի պատկերացնում ավելի արդյունավետ քարոզչական տարածք։ Ճամբարներում ապրող մարդիկ շատ են գնահատում մեր հրատարակությունները»։

Ինչպե՞ս է Աստվածաշնչային գրականությունը հասնում ճամբարներ։ Մասնաճյուղը գնացքով ուղարկում է այն Կիգոմա՝ Տանգանիկա լճի արևելյան ափում գտնվող մի քաղաք, որտեղ եղբայրները ստանում են և կազմակերպում դրա առաքումը դեպի ժողովներ։ Երբեմն նրանք վարձում են բեռնատար ավտոմեքենա և հենց իրենք էլ հասցնում գրականությունը այնտեղ։ Երեք–​չորս օրում նրանք կտրում–​անցնում են այդ անհարթ ճանապարհները։

Նյութական աջակցություն

Փախստականներին հատկապես օգնեցին Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի Եհովայի վկաները։ Ոմանք ՄԱՓԳ–ի և Ներքին գործերի նախարարության թույլտվությամբ այցելեցին Տանզանիայում գտնվող ճամբարները։ Եվրոպայի Եհովայի վկաները հսկայական քանակությամբ կաթի փոշի, հագուստ, կոշիկ, դպրոցական դասագրքեր և օճառ հավաքեցին։ Այս ամենը նվիրաբերվեց բոլոր փախստականներին՝ համաձայն Աստվածաշնչյան հետևյալ սկզբունքի. «Քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։10

Այս մարդասիրական արարքը շատ փախստականների համար մեծ օգնություն հանդիսացան։ Ճամբարներից մեկի «Փախստականների համայնքի կոմիտեն» իր երախտագիտությունը արտահայտեց հետևյալ խոսքերով. «Ամբողջ համայնքի անունից պատիվ ունենք շնորհակալություն հայտնելու ձեզ, ձեր կազմակերպության կողմից արդեն երրորդ անգամ ցուցաբերված մարդասիրական օգնության համար.... Հագուստը ծառայել է 12 654 հոգու՝ տղամարդկանց, կանանց և երեխաների, ինչպես նաև նորածինների կարիքները բավարարելու համար.... Ներկայումս Մույովոզիի ճամբարում ապրում է 37 000 մարդ, որոնցից 12 654–ին օգնություն է ցուցաբերվել. դա կազմում է ճամբարի ամբողջ բնակչության 34,2 տոկոսը»։

Մեկ այլ ճամբարում 12 382 փախստականներից յուրաքանչյուրին տրվել էր երեք կտոր հագուստ, իսկ մի ուրիշ ճամբար ստացավ հազարավոր դասագրքեր, որոնք կօգտագործվեն տարրական և միջնակարգ դպրոցներում ու մսուր–​մանկապարտեզներում։ Շրջաններից մեկում մատակարարման հարցերով զբաղվող ՄԱՓԳ–ի ներկայացուցիչը նշեց. «Մենք շատ երախտապարտ ենք նվիրատվությունների համար, որոնք ծառայեցին փախստական բնակչության կարիքները բավարարելուն։ Վերջերս մենք ստացանք 5 կոնտեյներ դասագիրք, որը մեր համայնքը բաշխեց բնակչության միջև.... Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը»։

Տեղի մամուլը ևս արձագանքեց։ «Սանդի Նյուս» թերթի 2001 թ. մայիսի 20–ի համարի մի հոդված այսպես էր վերնագրված՝ «Տանզանիայի փախստականների համար հագուստ է գալիս»։ Նույն թերթի 2002 թ. փետրվարի 10–ի համարում ասվում էր. «Փախստականների համայնքը բարձր է գնահատում նվիրատվությունները, քանի որ այն երեխաները, ովքեր դադարել էին դպրոց հաճախել հագուստ չունենալու պատճառով, այժմ կանոնավորաբար հաճախում են դասերի»։

Դժվարին, սակայն ոչ անելանելի վիճակում

Շատ փախստականներից մի ամբողջ տարի է պահանջվում ճամբարի ապրելակերպին հարմարվելու համար։ Նրանք պարզ կյանքով են ապրում։ Այս ճամբարներում Եհովայի վկաները իրենց ժամանակը մեծ մասամբ օգտագործում են Աստվածաշնչի մխիթարող լուրը փախստական–​հարևաններին հայտնելու համար։ Նրանք պատմում են Նոր աշխարհի մասին, որտեղ բոլորը «պետք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել»։ Միանգամայն հասկանալի է, որ Աստծո օրհնությամբ այդ Նոր աշխարհում այլևս չեն լինի փախստականների ճամբարներ (Միքիա 4։3, 4; Սաղմոս 46։9

[նկար 8–րդ էջի վրա]

Նդուտա ճամբարում

[նկարներ 10–րդ էջի վրա]

Լուկոլի Թագավորության սրահը (աջ կողմում)։ Մկրտությունը Լուգուֆույում (ճախ կողմում)

[նկար 10–րդ էջի վրա]

Մարզային համաժողովը Լուգուֆուի ճամբարում