Աստծուն հավատալու ճիշտ շարժառիթը
Աստծուն հավատալու ճիշտ շարժառիթը
ԿՈՐԵԱԿԱՆ մի գիրք, որում քննարկվում է, թե ինչու են երիտասարդները լքում եկեղեցին, հայտնում է, որ շատերը դադարում են եկեղեցի գնալ այն պատճառով, որ չեն կարողանում այնտեղ գտնել գոհացուցիչ պատասխաններ իրենց հարցերին («31 Reasons Why Young People Leave the Church»)։ Օրինակ՝ նրանք ուզում են իմանալ, թե «ինչո՞ւ են տանջվում Աստծուն հավատացող մարդիկ» կամ թե «ինչո՞ւ պետք է եկեղեցու սովորեցրած ամեն բանին հավատալ, երբ դրանցից շատերը շփոթեցնող են ու հակասական»։
Եկեղեցական սպասավորների պատասխաններից հիասթափված՝ շատերը եզրակացնում են, որ Աստվածաշունչը չի պատասխանում նման հարցերի։ Երբ եկեղեցու սպասավորը տալիս է զուտ անձնական կարծիքի վրա հիմնված բացատրություններ, հաճախ դա հանգեցնում է թյուրիմացությունների, պատճառ դառնում մերժելու Աստծուն և Աստվածաշունչը։
Այդպես եղավ Աբել անունով մի անձնավորության կյանքում, որը ապրում էր Հարավային Աֆրիկայում՝ լյութերական հավատալիքներ դավանող ընտանիքում։ Նա պատմում է. «Եկեղեցին սովորեցնում է, որ երբ մարդ մահանում է, Աստված նրան «վերցնում է» իր մոտ։ Բայց ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչպես կարող է սիրո Աստվածը «վերցնել» ծնողներին՝ երեխաներից կտրելով նրանց։ Աֆրիկայի մեր գյուղական վայրերում հավին չէին մորթում, քանի դեռ նա չէր մեծացրել իր ճտերին։ Երբ պարզվում էր, որ կովը ծանրած է, ապա չէին մորթում նրան, այլ սպասում էին, մինչև հորթը ծնվի, կաթից կտրվի։ Ես չէի կարողանում հասկանալ, թե Աստված, որ սիրում է մարդկանց, ինչու նույն չափով հոգատարություն չի դրսևորում նրանց հանդեպ»։
Նույնպիսի կասկածներ ուներ Արամը՝ Կանադայից։ «Երբ 13 տարեկան էի, հայրս մահացավ,— պատմում է նա։— Հուղարկավորության արարողության ժամանակ մի ճանաչված հոգևորական բացատրեց, որ Աստված կամեցել է, որ իմ հայրը մահանա, որպեսզի նա երկինք գնա ու ավելի մոտ գտնվի Աստծուն։ Նրա խոսքերով՝ Աստված լավ մարդկանց
է տանում, քանի որ արդարներին սիրում է։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Աստված այդքան անձնասեր լինել»։Ժամանակի ընթացքում թե՛ Աբելը և թե՛ Արամը հանդիպեցին Եհովայի վկաներին, նրանց հետ ուսումնասիրեցին Աստվածաշունչը և վերջապես գտան իրենց հարցերի պատասխանները։ Աստիճանաբար նրանց մեջ ձևավորվեց սեր և ամուր հավատ Աստծո հանդեպ։ Ի վերջո, նրանք իրենց կյանքը նվիրեցին Եհովային ու դարձան Աստծուն հավատարիմ ծառաներ։
Ճշգրիտ գիտելիքներ՝ հավատալու հարցում կարևոր հանգամանք
Ի՞նչ կարող են մեզ սովորեցնել այս դեպքերը։ Նրանք ցույց են տալիս, որ Աստծո հանդեպ հավատի հարցում կարևոր նշանակություն ունեն աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքները։ Պողոս առաքյալը հին Փիլիպպե քաղաքի քրիստոնյաներին ասաց. «Սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւէլի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով» (Փիլիպպեցիս 1։9)։ Պողոսն իր այս խոսքերով ցույց է տալիս, որ Աստծո ու հավատակիցների հանդեպ սերը անմիջականորեն կապված է Աստծո մասին ճշմարիտ գիտելիքներ ունենալու և նրա կամքը հասկանալու հետ։
Եվ դա տրամաբանական է, քանի որ մեկի հանդեպ վստահություն ու հավատ տածելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել նրան, ընդ որում հնարավորին չափ լիարժեք ու ճիշտ։ Այդպես էլ, Աստծո մասին ձեր ունեցած ճիշտ գիտելիքներն է, որ կմղեն ձեզ հավատալու նրան։ «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է»,— ասաց Պողոսը (Եբրայեցիս 11։1)։ Աստծո հանդեպ հավատը առանց Աստվածաշնչի ճշգրիտ գիտության նման է թղթից պատրաստված տնակի. բավական է փչես, իսկույն փուլ կգա։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ պատասխան գտնելու այնպիսի հարցերի, որ երկար ժամանակ տանջում էին Աբելին ու Արամին. օրինակ՝ ինչո՞ւ են մարդիկ մահանում։ Աստվածաշունչը բացատրում է, որ «ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Մարդկանց մահանալու պատճառը այն չէ, որ Աստված նրանց տանում է իր մոտ։ Մարդիկ ծերանում ու մահանում են, քանի որ Ադամը մեղք է գործել (Ծննդոց 2։16, 17; 3։6, 17–19)։ Այնուհետև Աստվածաշունչը հայտնում է հարության վերաբերյալ ճշմարիտ հույսը, որ Եհովա Աստված տալիս է մեղավոր մարդկությանը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։
Հարության վերաբերյալ ճշմարտությունը հասկանալի դարձնելու նպատակով Աստվածաշնչում ընդգրկված են մի քանի օրինակներ այնպիսի անձնավորությունների, ում Հիսուսը մահացած վիճակից նորից կյանքի է վերադարձրել (Ղուկաս 7։11–17; 8։40–56; Յովհաննէս 11։17–45)։ Այս դեպքերի մասին կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչ ուրախություն ու բերկրանք են ապրել հարություն առածների ընկերներն ու ընտանիքի անդամները։ Նկատեք նաև, որ դա նրանց մղել է փառաբանելու Աստծուն և հավատալու Հիսուս Քրիստոսին։
Աստծո և նրա նպատակների վերաբերյալ ճշգրիտ գիտելիքները կարող են նույնպիսի ազդեցություն գործել մարդկանց վրա այսօր։ Չգտնելով բավարարող պատասխաններ կարևոր հարցերի վերաբերյալ՝ շատերը մի ժամանակ ճնշված ու շփոթված են եղել, նույնիսկ գայթակղության մատնված։ Սակայն նրանք Աստվածաշունչն ուսումնասիրելով գտել են այդ հարցերի պատասխանները, և դա ամբողջությամբ փոխել է իրենց կյանքը։
Աստծո հանդեպ սեր. նրան ծառայելու գլխավոր նախապայմանը
Թեև ճշգրիտ գիտելիքները կարևոր դեր ունեն Աստծուն հավատալու հարցում, այնուամենայնիվ ավելին է հարկավոր, որպեսզի անհատի սրտում Աստծուն հնազանդվելու ու նրան ծառայելու մղում առաջանա։ Երբ Հիսուսին հարց տվեցին, թե որն է Աստծո պատվիրաններից ամենամեծը, նա ասաց. «Սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ» (Մարկոս 12։30)։ Հիսուսի ասած ձևով Աստծուն սիրելու դեպքում անհատը մեծ պատրաստակամությամբ կցանկանա հնազանդվել նրան ու ծառայել։ Կարելի՞ է դա ասել ձեր մասին։
Ռաքելը, որ տասնյակ տարիներ ծառայել է Կորեայում որպես միսիոներ, բացատրում է, թե ինչի վրա է հիմնված իր հավատը՝ ասելով. «Ես խորհում եմ առատաձեռնության մասին, որ Եհովան դրսևորում է իր ստեղծած արարածների հանդեպ, և ներողամտության մասին, որ նա ցուցաբերել է իր ժողովրդի նկատմամբ։ Նաև այն մասին, թե որքան շատ է նա ցանկանում մեր բարօրությունը՝ այդ նպատակով հայտնի դարձնելով, թե ինչ է ակնկալում մեզանից։ Այս բաները խորացնում են Եհովայի
հանդեպ իմ սերը։ Այդ սերը իմ մեջ ցանկություն է առաջացնում նրան ծառայելու»։Մարթան՝ Գերմանիայում բնակվող մի այրի, 48 տարի է, ինչ ծառայում է Եհովային։ Նա ասում է. «Ինչո՞ւ եմ ծառայում Եհովային... Որովհետև սիրում եմ նրան։ Ամեն երեկո ես զրուցում եմ Եհովայի հետ աղոթքի միջոցով ու պատմում նրան, թե ինչ խոր երախտագիտություն եմ զգում նրա տված օրհնությունների համար, հատկապես քավիչ զոհաբերության»։
Այո, Աստծո հանդեպ սիրուց մղված՝ մենք սրտանց ցանկանում ենք ծառայել նրան։ Սակայն ինչպե՞ս է մարդու մեջ ձևավորվում այդպիսի սեր։ Աստծո հանդեպ սեր զարգացնելու ամենամեծ խթանը խոր երախտագիտության զգացումն է այն սիրո համար, որ նա դրսևորել է մեր հանդեպ։ Ահա Աստվածաշնչից վերցված սրտահույզ մի հիշեցում. «Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։ Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար» (Ա Յովհաննէս 4։8–10)։
Փորձե՞լ եք պատկերացնել նրա սիրո մեծությունը։ Պատկերացրեք, որ ընկել եք արագահոս ջրերի հորձանուտը և խեղդվում եք, ու մի մարդ փրկում է ձեզ՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը։ Մի՞թե կմոռանաք նրան, կամ մի՞թե խորապես երախտապարտ չեք լինի։ Չե՞ք ցանկանա նրա համար ձեր ուժերի սահմաններում ամեն բան անել։ Անհամեմատ ավելի մեծ է այն սերը, որ Եհովան դրսևորեց՝ տալով իր Որդի Հիսուս Քրիստոսին որպես փրկանք (Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 8։38, 39)։ Երբ Աստծո սերը տեղ գտնի ձեր սրտում, դուք ներքին մղում կզգաք՝ ամբողջ սրտով սիրելու նրան ու ծառայելու։
Օրհնություններ՝ ներկայումս և ապագայում
Թեև Աստծո կամքը կատարելու հիմնական շարժառիթը պետք է լինի նրա հանդեպ սերը, սակայն մեր սիրտը ջերմությամբ է լցվում այն բանի գիտակցումից, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր ծառայում են իրեն։ Պողոս առաքյալը հայտնում է. «Առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։
Առակաց 23։20, 21; Բ Կորնթացիս 7։1)։ Ովքեր կիրառում են Աստվածաշնչի սկզբունքները ազնվության ու ջանասիրության վերաբերյալ, սովորաբար վստահության են արժանանում իրենց գործատերերի կողմից ու այդպիսով գտնվում համեմատաբար ավելի կայուն տնտեսական պայմաններում (Կողոսացիս 3։23)։ Իրենց հույսը դնելով Եհովայի վրա՝ Աստծո ծառաները վայելում են մտքի խաղաղություն նույնիսկ փորձության ծանր պահերին (Առակաց 28։25; Փիլիպպեցիս 4։6, 7)։ Այդ ամենից բացի, նրանք վստահությամբ սպասում են այն ժամանակներին, երբ երկրային Դրախտում հավիտենական կյանքի օրհնությունները կվայելեն (Սաղմոս 37։11, 29)։
Նրանք, ովքեր սիրում են Աստծուն ու հնազանդվում են նրան, իրոք օրհնվում են նրա կողմից։ Շատերը նկատել են, որ աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելու հետևանքով բարելավվել է իրենց ֆիզիկական առողջությունը (Ի՞նչ են զգում Եհովայի հանդեպ նրանք, ովքեր վայելում են նման օրհնություններ։ Ժակլինը՝ Կանադայում ապրող մի քրիստոնյա, Աստծո հանդեպ իր գնահատանքն է արտահայտում. «Նա մեզ մշտապես տալիս է բազում հիանալի ընծաներ, ինչպես նաև հավիտենական կյանքի հաստատուն հույս»։ Աբելը, որի խոսքերը մեջբերված էին հոդվածի սկզբում, իր զգացմունքները նկարագրում է հետևյալ ձևով. «Երկրային դրախտում հավիտենապես ապրելու հեռանկարը բոլորովին նոր բան է եղել ինձ համար, և ես սպասում եմ, թե երբ այն պիտի իրականանա։ Այնուամենայնիվ, եթե Դրախտի խոստումը չլիներ էլ, դարձյալ բավականություն էի ստանալու Աստծուն ծառայելուց ու դրանով նրա հանդեպ իմ սերը ցույց տալուց»։
Դուք ևս կարող եք ճշմարիտ հավատ ունենալ
«Զօրաց Տէր՝ արդար դատաւոր, երիկամունքներն ու սիրտը քննող»,— կարդում ենք Աստվածաշնչում (Երեմիա 11։20)։ Այո, Եհովան քննում է մեր էության խորքերում թաքնված բաները։ Յուրաքանչյուր անհատ պետք է փորձի գտնել, թե որն է Աստծուն հավատալու իր շարժառիթը։ Աստծո մասին սխալ հավատալիքներն ու պատկերացումները, հավանական է, առաջներում պատճառ են դարձել սխալ արարքների։ Սակայն աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքները կարող են առաջնորդել ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու մեր Արարչի՝ Եհովա Աստծո հետ (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով Եհովայի վկաները օգնում են մարդկանց ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստծո մասին (Մատթէոս 28։20)։ Ընդունելով նրանց առաջարկած օգնությունը՝ շատերը սկսել են սիրել Աստծուն և անկեղծորեն հավատալ։ Աստվածաշունչն ուսումնասիրելու միջոցով նրանք ձեռք են բերել «խոհեմութիւնն ու խորհուրդը», որ օգնում է նրանց ‘ապահով գնալ’ այս վտանգավոր ժամանակներում (Առակաց 3։21–23)։ Իսկ ամենակարևորն այն է, որ նրանք այժմ ունեն ապագայի նկատմամբ հավատ՝ «հաստատ եւ անշարժ» (Եբրայեցիս 6։19)։ Դուք ևս կարող եք ունենալ ճշմարիտ հավատ ու վայելել այս օրհնությունները։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
Շփոթեցուցիչ հարցեր, որ պատասխանի էին կարոտ
«Երբ որպես բժշկական ֆակուլտետի ուսանող դասընթացների էի մասնակցում հիվանդանոցում, տեսնում էի բարի մարդկանց, որ հառաչում էին հիվանդությունների ու դժբախտությունների պատճառած ցավից։ Եթե կա Աստված, ինչո՞ւ են այսպիսի բաներ տեղի ունենում։ Մի՞թե կրոնը լոկ մտքի խաղաղության հասնելու միջոց է» (նախկին պրեսբիտերական, Հարավային Կորեա)։
«Հաճախ հարց էր ծագում մեջս, թե ուր է գնացել իմ հայրը, որ հարբեցող էր. իջել է դժո՞խք, թե՞ բարձրացել է երկինք։ Ես սարսափում էի մահացած մարդուց և դժոխքի գաղափարից։ Չէի կարողանում հասկանալ՝ ինչպես է սիրող Աստվածը ուղարկում որևէ մեկին հավիտյան տանջվելու դժոխքում» (նախկինում կաթոլիկ մի կին, Բրազիլիա)։
«Ի՞նչ ապագա է սպասում երկրին ու մարդկությանը։ Ինչպե՞ս կարող են մարդիկ հասնել հավիտենական կյանքի։ Ինչպե՞ս է մարդկությունը ձեռք բերելու իսկական խաղաղություն» (նախկին կաթոլիկ, Գերմանիա)։
«Վերամարմնավորման գաղափարը ինձ թվում էր անհեթեթ։ Կենդանիները չեն երկրպագում Աստծուն։ Ուրեմն եթե ինչ–ինչ պատճառներով մարդ վերածվում է կենդանու, որպեսզի վճարի իր կատարած մեղքերի դիմաց, ինչպե՞ս պիտի կարողանա շտկել իրադրությունը ու առաջադիմելով դուրս գալ այդ վիճակից» (նախկին հնդուական՝ Հարավային Աֆրիկա)։
«Ես մեծացել եմ կոնֆուցիականների ընտանիքում և մասնակցել եմ մեր նախնիներին «խաղաղեցնելու» արարողություններին։ Զոհաբերության սեղան դնելու և ծունկի իջնելու ժամանակ իմ մեջ հարց էր առաջանում, թե արդյո՞ք իմ մահացած նախնիները կգան սնունդը ուտելու և կտեսնեն, որ իրենց առջև ծունկի ենք եկել» (նախկին կոնֆուցիոնիստ, Հարավային Կորեա)։
Այս անհատները գտել են իրենց հարցերի պատասխանները, երբ ուսումնասիրել են Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։