Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք

Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք

Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք

ԵՐԲ դեռ երեխա էիր, ծնողներդ հավանաբար շատ հրահանգներ էին տալիս քեզ։ Որքան մեծացար, այնքան հասկացար, որ նրանք սրտանց մտահոգվում էին քեզանով։ Լինելով հասուն մարդ՝ թերևս շարունակում ես ապրել այն մի շարք սկզբունքներով, որ նրանք են ներարկել քեզ, չնայած որ այլևս չես ապրում նրանց հսկողության տակ։

Մեր երկնային Հայր Եհովան իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մեզ տալիս է մի շարք հստակ պատվերներ։ Օրինակ՝ նա արգելում է կռապաշտությունը, պոռնկությունը, շնությունը և գողությունը (Ելից 20։1–17; Գործք 15։28, 29)։ Հոգևորապես ‘աճելով ամեն բանով’՝ մենք սկսում ենք հասկանալ, որ Եհովան սրտանց հետաքրքրվում է մեր բարօրությամբ, և որ նրա պատվերները չափազանց սահմանափակող չեն (Եփեսացիս 4։15; Եսայիա 48։17, 18; 54։13

Այնուհանդերձ, լինում են իրավիճակներ, և դրանք քիչ չեն, երբ չկան հստակ օրենքներ։ Ուստի ոմանք կարծում են, որ եթե որևէ հարցի մասին չկա կոնկրետ սահմանված օրենք, ապա իրենք ազատ են անելու այն, ինչ իրենց է դուր գալիս։ Նրանք այդ կարծիքը հիմնավորում են այն բանով, որ եթե Աստված անհրաժեշտ համարեր, իր կամքը հայտնած կլիներ հստակ օրենքի միջոցով։

Նրանք, ովքեր այսպես են մտածում, հաճախ ոչ խելամիտ որոշումներ են կայացնում, որոնց համար հետագայում խորապես զղջում են։ Նրանք չեն կարողանում հասկանալ, որ Աստվածաշնչում ոչ միայն օրենքներ են գրված, այլ նաև տեղեկություններ այն մասին, թե Աստված ինչպես է մտածում։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը և սկսելով հասկանալ այս կամ այն հարցի շուրջ Եհովայի տեսակետը՝ մենք մեր խիղճը կրթում ենք ըստ Աստվածաշնչի, և դա օգնում է մեզ հետևելու այնպիսի ընթացքի, որն արտացոլում է նրա տեսակետը։ Այսպես վարվելով՝ մենք ուրախացնում ենք Եհովայի սիրտը և իմաստուն որոշումներ կայացնելու արդյունքում օգուտներ ենք քաղում (Եփեսացիս 5։1

Աստվածաշնչի ուշագրավ օրինակներ

Անդրադառնալով Աստծո՝ հին ժամանակներում ապրած ծառաների մասին պատմող արձանագրություններին, որոնք ամփոփված են Աստվածաշնչում, հանդիպում ենք իրավիճակների, որտեղ այդ ծառաները հաշվի էին առնում, թե ինչ է մտածում Եհովան, անգամ երբ իրենք չէին գտնվում կոնկրետ օրենքի տակ։ Քննենք Հովսեփի օրինակը։ Այն ժամանակ, երբ Պետափրեսի կինն անբարոյական առաջարկություններ էր անում նրան, դեռ չկար Աստծուց ներշնչված գրավոր օրենք շնության դեմ։ Սակայն անգամ չունենալով կոնկրետ օրենք՝ Հովսեփը հասկանում էր, որ շնություն գործելը մեղք էր ոչ միայն իր խղճի, այլ նաև ‘Աստծո դեմ’ (Ծննդոց 39։9)։ Ամենայն հավանականությամբ, Հովսեփը գիտակցում էր, որ շնություն գործել կնշանակեր ոտնահարել Աստծո տեսակետն ու նրա կամքը, որ նա հայտնել էր Եդեմում (Ծննդոց 2։24

Քննենք մեկ ուրիշ օրինակ։ Գործք 16։3 համարից իմանում ենք այն մասին, որ նախքան Տիմոթեոսի հետ ճանապարհորդություններ կատարելը Պողոսը թլփատեց նրան։ Սակայն 4–րդ համարում կարդում ենք, որ այնուհետև Պողոսն ու Տիմոթեոսը ճանապարհորդում էին քաղաքից քաղաք ու քրիստոնյաներին պատվիրում էին «պահել այն հրամանները, որ Երուսաղէմումը լինող առաքեալներիցը եւ երէցներիցը պատուիրուած էին»։ Այդ հրամանների մեջ էր մտնում նաև որոշումն այն մասին, որ քրիստոնյաները այլևս օրենքի տակ չէին, որ թլփատվեին (Գործք 15։5, 6, 28, 29)։ Այդ դեպքում Պողոսն ինչո՞ւ անհրաժեշտ համարեց թլփատել Տիմոթեոսին։ «Այն տեղերումը լինող Հրէաների պատճառով, որովհետեւ ամենքը գիտէին որ նորա [Տիմոթեոսի] հայրը Յոյն էր»։ Պողոսը չէր ուզում ավելորդ գայթակղության առիթ տալ։ Նա մտահոգված էր այն բանով, որ քրիստոնյաները ‘իրենց անձերն ընդունելի անեն ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստծո առաջին’ (Բ Կորնթացիս 4։2; Ա Կորնթացիս 9։19–23

Նմանատիպ մտածելակերպը բնորոշ էր Պողոսին ու Տիմոթեոսին։ Կարդացեք Հռովմայեցիս 14։15, Ա Կորնթացիս 8։9–13, 10։23–33 համարները ու կտեսնեք, թե Պողոսը որքա՜ն էր մտահոգված մյուսների հոգևոր բարօրությամբ, հատկապես նրանց, ովքեր միգուցե գայթակղվեին ինչ–​որ բանից, որը իրականում սխալ չէր։ Պողոսը գրեց Տիմոթեոսի մասին. «Վասնզի մէկը չ’ունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։ Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։ Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին» (Փիլիպպեցիս 2։20–22)։ Ի՜նչ հրաշալի օրինակ թողեցին այս երկու քրիստոնյաները մեզ համար այսօր։ Թեև չկար Աստծո կողմից տրված կոնկրետ պատվեր, նրանք առաջնահերթությունը չտվեցին սեփական նախապատվությանը, այլ ընդօրինակեցին Եհովայի ու նրա Որդու սերը՝ հաշվի առնելով, թե իրենց որոշումներն ինչ ազդեցություն կթողնեն մյուսների հոգևորի վրա։

Քննարկենք գլխավոր օրինակը, որ թողել է Հիսուս Քրիստոսը։ Լեռան քարոզում նա հստակորեն բացատրեց, որ Աստծո օրենքների ոգին հասկացող մարդը կհնազանդվի այդ օրենքներին նույնիսկ այն դեպքում, երբ չկան կոնկրետ պատվերներ կամ արգելքներ (Մատթէոս 5։21, 22, 27, 28)։ Ոչ Հիսուսը, ոչ Պողոսը, ոչ Տիմոթեոսը և ոչ էլ Հովսեփը չէին որդեգրել այն միտքը, թե Աստծո կողմից տրված կոնկրետ օրենքի բացակայության դեպքում անհատը կարող է անել այն, ինչ իրեն է հաճելի։ Որպեսզի իրենց մտածելակերպը ներդաշնակեցնեին Աստծո մտածելակերպին, այս մարդիկ ապրեցին Հիսուսի մատնանշած երկու ամենամեծ պատվիրանների համաձայն, դրանք են՝ սեր Աստծո հանդեպ և սեր մերձավորի նկատմամբ (Մատթէոս 22։36–40

Ի՞նչ կարելի է ասել այսօր քրիստոնյաների մասին

Պարզ է, Աստվածաշունչը հարկավոր չէ ընդունել որպես իրավաբանական փաստաթուղթ՝ ակնկալելով, որ այնտեղ պետք է հստակորեն նշվի մեր բոլոր պարտականությունների մասին։ Մենք մեծապես ուրախացնում ենք Եհովայի սիրտը, երբ որոշում ենք անել այն, ինչը արտացոլում է նրա տեսակետը, անգամ երբ չկա կոնկրետ օրենք այդ մասին, որ թելադրի մեր ընթացքը։ Այլ կերպ ասած, փոխանակ սպասելու, որ ամեն պարագայում մեզ պետք է ասվի, թե Աստված ինչ է ակնկալում մեզնից, մենք կարող ենք ‘իմանալ, թե ինչ է Տիրոջ կամքը’ (Եփեսացիս 5։17; Հռովմայեցիս 12։2)։ Ինչո՞ւ է սա ուրախացնում Եհովային։ Որովհետև դրանով ցույց ենք տալիս, որ ոչ թե չափազանց մտահոգված ենք մեր նախասիրություններով ու իրավունքներով, այլ ցանկանում ենք նրան հաճեցնել։ Դրանով նաև ցույց ենք տալիս, որ այնքան ենք գնահատում նրա ցուցաբերած սերը, որ ցանկանում ենք ընդօրինակել այն՝ դարձնելով այդ սերը մեր մղիչ ուժը (Առակաց 23։15; 27։11)։ Բացի դրանից, Սուրբ Գրությունների վրա հիմնված գործերը նպաստում են հոգևոր ու հաճախ նաև ֆիզիկական առողջությանը։

Եկեք տեսնենք, թե այս սկզբունքն ինչպես կարող է կիրառվել անձնական կյանքում։

Ժամանցի ընտրություն

Քննենք մի օրինակ, թե ինչպես մի երիտասարդ ցանկանում է գնել որևէ երաժշտական ալբոմ։ Այն, ինչ ինքը լսել էր այդ ալբոմից, շատ գրավիչ է, բայց նա մտահոգված է, որովհետև ալբոմի շապիկի ետևի մասում գրված են երգերի բառերը, որ սեռական առումով լկտի են ու անվայելուչ։ Նա նաև հասկանում է, որ այդ երգիչների ձայնագրությունների գերակշռող մասը լի է չարակամ ու ագրեսիվ ոգով։ Լինելով Եհովային սիրող անձնավորություն՝ այս երիտասարդին հետաքրքրում է, թե Եհովան ինչ է մտածում ու ինչ է զգում այս հարցի կապակցությամբ։ Ինչպե՞ս կարող է նա իմանալ, թե որն է Եհովայի կամքը այս առնչությամբ։

Գաղատացիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը թվարկում է մարմնի գործերը ու Աստծո ոգու պտուղը։ Դուք հավանաբար գիտեք, թե ինչեր են մտնում Աստծո ոգու պտղի մեջ՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մարմնի գործերը։ Պողոսը գրում է. «Յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանմունքներ, չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Գաղատացիս 5։19–23

Ուշադրություն դարձրեք այս շարքում նշված վերջին արտահայտության վրա՝ «ինչ որ սորանց նման են»։ Պողոսը չի տալիս սպառիչ ցուցակն այն ամենի մասին, որ կարող էին դիտվել որպես մարմնի գործեր։ Բայց սա չի նշանակում, որ անհատը կարող է պատճառաբանել, թե Սուրբ Գրություններն իրեն թույլ են տալիս զբաղվել ցանկացած գործով, որի մասին չի նշվում Պողոսի թվարկած մարմնի գործերի մեջ։ Դրա փոխարեն՝ հարկավոր է, որ ընթերցողները գործի դնեն իրենց հասկացողությունը, որպեսզի կարողանան բնորոշել, թե ինչ բաներ, թեև թվարկված չեն այդ շարքում, բայց «սորանց նման են»։ Նրանք, ովքեր առանց զղջալու դեռ զբաղվում են այնպիսի գործերով, որոնց մասին չի նշվում, սակայն «սորանց նման են», չեն ժառանգելու Աստծո Թագավորության օրհնությունները։

Հետևաբար հարկավոր է, որ իմանանք կամ ավելի խորապես ըմբռնենք, թե Եհովայի աչքում ինչն է տհաճ։ Մի՞թե սա դժվար է։ Ենթադրենք, թե ձեր բժիշկը խորհուրդ է տվել ուտել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն, քան կարկանդակներ, պաղպաղակ ու նմանատիպ բաներ։ Մի՞թե ձեզ համար դժվար կլինի որոշել, թե թխվածքը որ մի շարքին է պատկանում։ Հիմա փորձեք նորից անդրադառնալ Աստծո սուրբ ոգու պտղին ու մարմնի գործերին։ Ո՞ր խմբին է պատկանում վերոնշյալ երաժշտական ալբոմը։ Իսկապես, այն ոչ մի առնչություն չունի սիրո, բարության, ինքնատիրապետման կամ ուրիշ հատկությունների հետ, որոնց մասին նշված է Աստծո սուրբ ոգու պտղի մեջ։ Անհատին հարկավոր չէ կոնկրետ օրենք՝ հասկանալու համար, որ նմանատիպ երգերը ներդաշնակ չեն Աստծո տեսակետին։ Այս նույն սկզբունքն է հարկավոր հաշվի առնել, երբ հարցը վերաբերում է ընթերցանությանը, կինոֆիլմերին, հեռուստահաղորդումներին, համակարգչային խաղերին, Web էջերին և այլն։

Պատշաճ արտաքին

Աստվածաշնչում կան գրված նաև սկզբունքներ, որոնք վերաբերում են հագուկապին և հարդարանքին։ Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քրիստոնյային առաջնորդվելու այն հարցում, թե ինչպես պահպանի պատշաճ ու հաճելի արտաքին։ Եհովային սիրող անձնավորությունը այս դեպքում նույնպես տեսնում է հնարավորություն՝ անելու մեր երկնավոր Հորը ուրախություն պատճառող գործեր և ոչ թե իրեն դուր եկածը։ Ինչպես արդեն տեսանք, եթե Եհովան որևէ հարցի շուրջ չի տվել կոնկրետ հրահանգներ, դա դեռ չի նշանակում, որ նրա համար միևնույն է, թե իր ժողովուրդը ինչպես կվարվի։ Տարբեր երկրներում տարբեր ոճեր են ընդունված, և անգամ նույն երկրի մեջ դրանք պարբերաբար փոխվում են։ Սակայն Աստված մեզ ապահովում է հիմնական սկզբունքներով, որոնք պետք է առաջնորդեն իր ժողովրդին միշտ և ամենուր։

Օրինակ՝ Ա Տիմոթէոս 2։9, 10–ում ասվում է. «Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով»։ Հետևաբար քրիստոնյա կանայք ու տղամարդիկ պարտավոր են ուշադրությամբ հաշվի առնել, թե իրենց շրջապատում ինչպիսի արտաքինն է ընդունելի համարվում «աստուածպաշտութիւնը յանձն առած» մարդկանց համար։ Հատկապես կարևոր է, որ քրիստոնյան հաշվի առնի, թե իր արտաքինին նայելով՝ մարդիկ ինչ կմտածեն Աստվածաշնչի պատգամի մասին, որն ինքը հաղորդում է (Բ Կորնթացիս 6։3)։ Օրինակելի քրիստոնյային չափազանց կմտահոգեն ոչ թե իր անձնական նախապատվություններն ու կարծեցյալ իրավունքները, այլ այն հարցը, որ ինքը չշեղի մարդկանց ուշադրությունը կամ չդառնա գայթակղության պատճառ (Մատթէոս 18։6; Փիլիպպեցիս 1։10

Երբ քրիստոնյան կարծում է, որ իր արտաքին տեսքը ներկայացնող ոճը ուրիշ մարդկանց վրա տհաճ ազդեցություն է թողնում կամ գայթակղում է նրանց, կարող է ընդօրինակել Պողոս առաքյալին, որին մտահոգում էր նախևառաջ մյուսների հոգևոր բարօրությունը և հետո միայն իր անձնական նախասիրությունները։ Պողոսն ասաց. «Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի» (Ա Կորնթացիս 11։1)։ Իսկ Հիսուսի մասին Պողոսը գրեց. «Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ»։ Պողոսի կոչի գլխավոր միտքը հստակ է բոլոր քրիստոնյաների համար. «Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։ Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար» (Հռովմայեցիս 15։1–3

Սրենք մեր հասկացողությունը

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր հասկացողությունը, որպեսզի իմանանք, թե ինչպես հաճեցնենք Եհովային նույնիսկ այն դեպքերում, երբ նա չի տվել կոնկրետ հրահանգներ որևէ հարցի շուրջ։ Եթե ամեն օր կարդանք Աստծո Խոսքը, այն կանոնավորաբար ուսումնասիրենք ու խորհրդածենք դրա շուրջ, մենք կկատարելագործենք մեր հասկացողությունը։ Այս աճը տեղի չի ունենա արագորեն։ Ինչպես որ երեխայի ֆիզիկական աճի դեպքում է, այնպես էլ հոգևոր աճը աստիճանաբար է տեղի ունենում ու անմիջապես չի երևում։ Հետևաբար պետք է համբերատար լինենք ու չվրդովվենք, երբ անմիջապես չեն երևում արդյունքները։ Մյուս կողմից՝ երկար ժամանակ անցնելն ինքնին չի զարգացնի մեր հասկացողությունը։ Այդ ժամանակը պետք է լցնել նրանով, որ կանոնավորաբար խորհենք Աստծո Խոսքի շուրջ, ինչպես որ նշվեց վերևում և պետք է կիրառենք այն մեր կյանքում՝ մեր ընդունակությունները լավագույն ձևով հանդես բերելով (Եբրայեցիս 5։14

Կարելի է ասել, որ եթե Աստծո օրենքները կատարելով փորձվում է մեր հնազանդությունը, ապա նրա սկզբունքները կիրառելով փորձվում է, թե որքան խորն է մեր հոգևորը ու Աստծուն հաճեցնելու ցանկությունը։ Հոգևորապես աճելով՝ մենք առաջին տեղում կդնենք Եհովային ու իր Որդուն ընդօրինակելը։ Մենք կփափագենք մեր որոշումները հիմնել Աստծո՝ Գրություններում նշված տեսակետի վրա։ Եթե ուրախացնենք մեր երկնավոր Հորը մեր բոլոր գործերում, կնկատենք, որ մեր ուրախությունը նույնպես աճում է։

[նկարներ 23–րդ էջի վրա]

Հագուկապի ոճերը տարբեր տեղերում տարբեր են, բայց ընտրություն անելիս հարկավոր է առաջնորդվել Աստվածաշնչի սկզբունքներով