Երախտագետ եղեք
Երախտագետ եղեք
«Աստուծոյ [«Քրիստոսի», ԷԹ] խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը....եւ գոհացող [«երախտագետ», ՆԱ] եղէք» (ԿՈՂՈՍԱՑԻՍ 3։15)։
1. Ի՞նչ հակադրություն ենք տեսնում քրիստոնեական ժողովի ու Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհի միջև։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 94 600 ժողովներում, որ սփռված են աշխարհով մեկ, տիրում է երախտագիտության ոգի։ Ժողովի յուրաքանչյուր հանդիպում սկսվում և ավարտվում է աղոթքով, որում հնչում են Եհովային ուղղված շնորհակալական արտահայտություններ։ Հաճախ կարելի է լսել «շնորհակալություն», «խնդրեմ» խոսքերը։ Նման արտահայտություններ լսվում են ինչպես մանկան ու ծերի, այնպես էլ նորեկ և երկար տարիների ծառայած Վկաների շուրթերից, երբ նրանք միասին երկրպագում են Աստծուն կամ էլ հաճելի ժամանակ են անցկացնում (Սաղմոս 133։1, ԱԱ)։ Ինչպիսի՜ հակադրություն գոյություն ունի այս պատկերի և այն եսասիրության միջև, որ ունեն շատերը, ովքեր «Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում.... աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։8)։ Մենք ապրում ենք ապերախտ աշխարհում։ Եվ սա զարմանալի չէ, եթե ի նկատի ունենանք, թե ով է այս աշխարհի աստվածը. դա Բանսարկու Սատանան է՝ մեծագույն եսասերը, որի հպարտ ու ապստամբ ոգին տոգորել է ողջ մարդկային հասարակությունը (Յովհաննէս 8։44; Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 5։19)։
2. Ո՞ր նախազգուշացմանը կարիք ունենք ականջ դնելու և ի՞նչ հարցեր կքննարկենք։
2 Շրջապատված լինելով Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհով՝ մենք պետք է զգույշ լինենք, որ չաղտոտվենք այդ աշխարհի հայացքներով։ Առաջին դարում Պողոս առաքյալը եփեսացի քրիստոնյաներին հիշեցրեց. «Մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ. որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ» (Եփեսացիս 2։2, 3)։ Նույն խոսքերը կարելի է ասել այսօր շատերի վերաբերյալ։ Հետևաբար ինչպե՞ս կարող ենք պահպանել երախտագիտության ոգի։ Ի՞նչ օգնություն է Եհովան մեզ տալիս այս հարցում։ Ինչպե՞ս կարող ենք գործնականում ցույց տալ, որ իսկապես երախտագետ անձնավորություն ենք։
Ինչո՞ւ պետք է երախտագետ լինենք
3. Ինչի՞ համար ենք երախտապարտ Եհովային։
3 Եհովա Աստծո՛ւն՝ մեր Արարչին ու Կենսատուին է, որ պետք է հայտնենք մեր շնորհակալությունը, հատկապես երբ խորհում ենք նրա՝ առատաձեռնորեն տված պարգևներից մի քանիսի մասին (Յակոբոս 1։17)։ Ամեն օր մենք Եհովային շնորհակալություն ենք հայտնում, որ կենդանի ենք (Սաղմոս 36։9)։ Մեր շուրջը ամենուրեք տեսնում ենք Եհովայի ձեռքի գործերի բազմաթիվ վկայություններ, ինչպես՝ արեգակը, լուսինը, աստղերը։ Մեր մոլորակի՝ կենսապահովման համար կարևոր օգտակար հանածոներով հարուստ ընդերքը, խիստ անհրաժեշտ գազերով հագեցած մթնոլորտի համամասնական բաղադրությունը և բարդ բնական շրջապտույտները հիշեցնում են մեզ, որ մենք պարտական ենք մեր սիրառատ երկնային Հորը։ Դավիթ թագավորը երգեց. «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ. կ’պատմէի եւ կը խօսէի նորանց, բայց համարից շատ են» (Սաղմոս 40։5)։
4. Ինչո՞ւ պետք է շնորհակալություն հայտնենք Եհովային այն ուրախ ընկերակցության համար, որ վայելում ենք մեր ժողովներում։
4 Թեև Եհովայի ծառաները չեն ապրում բառացի դրախտում, նրանք այսօր վայելում են հոգևոր դրախտը։ Մեր Թագավորության սրահներում և համաժողովներին տեսնում ենք, թե ինչպես է Աստծո սուրբ ոգու պտուղը դրսևորվում մեր հավատակիցների մեջ։ Իրոք, դա այդպես է։ Օրինակ՝ որոշ Վկաներ, քարոզելով այնպիսի մարդկանց, որոնք քիչ կամ ընդհանրապես կապ չունեն կրոնի հետ, հիշատակում են Պողոսի խոսքերը, որ նա ասաց գաղատացիներին։ Նրանք նախ մարդկանց ուշադրությունը հրավիրում են ‘մարմնի գործերի’ վրա և հետո հարցնում նրանց կարծիքը դրա մասին (Գաղատացիս 5։19–23)։ Մեծամասնությունը իսկույն համաձայնվում է, որ առաքյալի խոսքերը բնութագրում են ներկայիս հասարակությունը։ Իսկ երբ նրանց բացատրվում է, թե ինչ է ընդգրկում Աստծո սուրբ ոգու պտուղը, և հետո նրանք հրավիրվում են տեղի Թագավորության սրահ՝ անձամբ համոզվելու այդ պտղի դրսևորման մեջ, նրանցից շատերը արագորեն ընդունում են՝ ասելով. «Աստված իսկապես ձեր մեջ է» (Ա Կորնթացիս 14։25)։ Եվ սա չի սահմանափակվում միայն տեղի Թագավորության սրահով։ Ուր էլ որ գնաս, հանդիպելով ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներից որևէ մեկին՝ կտեսնես նույն ուրախությունը, երջանկությունը։ Իսկապես, առողջ ընկերակցություն վայելելը հիմնավոր պատճառ է շնորհակալություն հայտնելու Եհովային. նրան, ով, տալով իր ոգին, դա հնարավոր է դարձնում (Սոփոնիա 3։9; Եփեսացիս 3։20, 21)։
5, 6. Ինչպե՞ս կարող ենք Աստծուն հայտնել մեր երախտագիտությունը իր տված մեծագույն պարգևի՝ քավիչ զոհաբերության համար։
5 Մեծագույն նվերը, ամենակատարյալ պարգևը, որ Եհովան շնորհել է, իր Որդին է՝ Հիսուսը, որի միջոցով տրվեց քավիչ զոհաբերությունը։ «Եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք»,— գրեց Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։11)։ Այո՛, մենք քավիչ զոհաբերության համար մեր երախտագիտությունը ցուցաբերում ենք ոչ միայն նրանով, որ սիրում և շնորհակալություն ենք հայտնում Եհովային, այլ նաև, որ այնպիսի ապրելակերպ ունենք, որն արտահայտում է սեր մարդկանց հանդեպ (Մատթէոս 22։37–39)։
6 Մենք կարող ենք ավելի շատ բան իմանալ երախտագիտություն ցույց տալու վերաբերյալ, եթե քննենք, թե ինչպես է Եհովան վարվել հին իսրայելացիների հետ։ Մովսեսի միջոցով տալով Օրենքը՝ Եհովան նրանց շատ բաներ սովորեցրեց։ ‘Օրենքի մեջ եղած իսկական գիտության ու ճշմարտության’ միջոցով կարող ենք շատ բան սովորել, որը կօգնի մեզ հետևել Պողոսի խորհրդին. «Երախտագետ եղեք» (Հռովմայեցիս 2։20, ԱՆԹ; Կողոսացիս 3։15, ՆԱ)։
Երեք դաս՝ Մովսիսական օրենքից
7. Տասանորդ տալու պատվերը ինչպե՞ս էր իսրայելացիներին հնարավորություն տալիս իրենց երախտագիտությունը հայտնելու Եհովային։
7 Մովսիսական օրենքի միջոցով Եհովան իսրայելացիներին տվել էր երեք հնարավորություն իրենց անկեղծ գնահատանքն արտահայտելու իր բարության համար։ Առաջինը տասանորդն էր։ Հողի տված բերքի, ինչպես նաև «արջառների եւ ոչխարների» մեկ տասներորդ մասը պետք է ‘սուրբ լիներ Եհովային’ (Ղեւտացոց 27։30–32)։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին Եհովային, նա առատորեն օրհնում էր նրանց։ «Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղաքիա 3։10)։
8. Ի՞նչ տարբերություն կար կամավոր նվիրատվության ու տասանորդ տալու միջև։
8 Երկրորդ՝ բացի տասանորդ տալու պատվերից՝ Եհովան իսրայելացիներին հնարավորություն տվեց կամավոր նվիրատվություններ անելու։ Նա պատվիրեց Մովսեսին, որ իսրայելացիներին ասի հետևյալը. «Երբ որ այն երկիրը մտնէք, ուր որ ես ձեզ կտանեմ, եւ լինի որ երբ այն երկրի հացիցն ուտէք, բարձրացնելու ընծայ մատուցանէք Եհովային»։ Նրանք պետք է իրենց «առաջին խմորիցը մի շօթ բարձրացնելու պատարագ մատուցան[եին] Եհովային» սերնդեսերունդ։ Ուշադրություն դարձնենք, որ այստեղ չի հիշատակվում մի ինչ–որ կոնկրետ քանակ (Թուոց 15։18–21)։ Սակայն եթե իսրայելացիները իրենց նվիրատվություններն անեին երախտագիտության զգացումով, ապա վստահաբար նրանց սպասում էր Եհովայի օրհնությունը։ Նման պատվեր է տրվում Եզեկիելի տեսած՝ տաճարի մասին տեսիլքում։ Կարդում ենք. «Ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ» (Եզեկիէլ 44։30)։
9. Ի՞նչ էր Եհովան սովորեցնում իսրայելացիներին՝ պատվիրելով նրանց մնացորդներ թողնել բերքահավաքից հետո։
9 Երրորդ՝ Եհովան սահմանեց բերքահավաքից հետո մնացորդներ թողնելու օրենքը։ Աստված պատվիրել էր. «Ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չ’ժողովես։ Եւ քո այգին ճռաքաղ չ’անես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չ’քաղես. նորանք աղքատին եւ օտարականին թողես. ես եմ Եհովան ձեր Աստուածը» (Ղեւտացոց 19։9, 10)։ Եվ դարձյալ ոչ մի կոնկրետ քանակ չի նշվում։ Յուրաքանչյուր իսրայելացի ինքը պետք է որոշեր, թե ինչքան մնացորդ թողներ կարիքավորին։ Իմաստուն Սողոմոն թագավորը դիպուկ ձևով նշել է. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը» (Առակաց 19։17)։ Այս ձևով Եհովան իսրայելացիներին սովորեցնում էր կարեկցանք և հոգատարություն ցուցաբերել անապահով մարդկանց հանդեպ։
10. Ի՞նչ հետևանքներ եղան, երբ իսրայելացիները թերացան երախտագիտություն ցույց տալ։
10 Եհովան օրհնում էր իսրայելացիներին, երբ նրանք հնազանդորեն բերում էին տասանորդը, տալիս էին կամավոր նվիրատվություններ և չէին մոռանում աղքատներին։ Բայց երբ իսրայելացիները թերացան երախտագիտություն ցուցաբերել, կորցրեցին Եհովայի բարեհաճությունը։ Արդյունքում՝ նրանք աղետի ենթարկվեցին ու աքսորվեցին (Բ Մնացորդաց 36։17–21)։ Ի՞նչ դասեր ենք քաղում։
Ինչ ձևերով ենք երախտագիտություն հայտնում
11. Գլխավորապես ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։
11 Եհովային փառաբանելու և նրան մեր երախտագիտությունը հայտնելու գլխավոր ձևը նույնպես «ընծա» մատուցելն է։ Ճիշտ է, որպես քրիստոնյաներ՝ մենք Մովսիսական օրենքի տակ չենք ու պարտավորություն չունենք զոհեր բերել կենդանիներից կամ բերքից (Կողոսացիս 2։14)։ Այնուհանդերձ, հիշենք, թե ինչ հորդոր տվեց Պողոս առաքյալը եբրայեցի քրիստոնյաներին. «Նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ [«գովաբանության զոհ», ՆԱ] մատուցանենք. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Եհովային «գովաբանության զոհ» մատուցելու նպատակով մեր կարողություններն ու միջոցները օգտագործելով՝ լինի դա հանրային ծառայության մեջ թե հավատակիցների բազմամարդ ժողովում՝ մենք արտահայտում ենք մեր սրտանց երախտագիտությունը մեր սիրառատ երկնային Հորը՝ Եհովա Աստծուն (Սաղմոս 26։12)։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե իսրայելացիներն ինչպես պետք է արտահայտեին իրենց երախտագիտությունը Եհովայի հանդեպ։
12. Ի՞նչ կարող ենք սովորել տասանորդ տալու կարգադրությունից մեր քրիստոնեական պատասխանատվության հետ կապված։
12 Նախևառաջ՝ ինչպես տեսանք, տասանորդ տալու պատվերը կատարելը ընտրության հարց չէր. ամեն մի իսրայելացի պարտավոր էր դա անել։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պատասխանատվություն ունենք մասնակցելու ծառայությանը ու հաճախելու քրիստոնեական հանդիպումներին։ Այս բաներն անելը ընտրության հարց չէ։ Հիսուսը վախճանի վերաբերյալ իր տված մեծ մարգարեության մեջ հստակորեն նշեց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Իսկ ինչ վերաբերում է քրիստոնեական հանդիպումներին, Պողոս առաքյալը Աստծո ներշնչմամբ գրեց. «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։24, 25)։ Երբ ուրախությամբ ընդունում ենք քարոզելու և ուսուցանելու, ինչպես նաև ժողովի հանդիպումների ժամանակ եղբայրների հետ կանոնավորաբար շփվելու պատասխանատվությունը՝ դա համարելով առանձնաշնորհում և պատիվ, մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։
13. Ի՞նչ դասեր ենք քաղում Եհովայի՝ կամավոր նվիրատվություններ տալու և բերքից մնացորդներ թողնելու կարգադրությունից։
13 Գաղատացիս 6։4, ԷԹ)։
Քննարկելով այն երկու միջոցները, որոնք իսրայելացիներին հնարավորություն էին տալիս իրենց գնահատանքն արտահայտել Եհովայի հանդեպ, դրանք էին՝ կամավոր նվիրատվությունները և բերքից մնացորդներ թողնելը՝ մենք կարող ենք օգուտներ քաղել։ Ի տարբերություն տասանորդի, որը պետք է տրվեր պարտադիր կերպով՝ կամավոր նվիրատվություններ անելու և բերքից մնացորդներ թողնելու համար որոշակի քանակ չէր սահմանված։ Եհովայի ծառային այս գործերն անելու պետք է մղեր նրա սրտում եղած երախտագիտության խորությունը։ Նման ձևով, չնայած մենք հասկանում ենք, որ ծառայությանը մասնակցելը և քրիստոնեական հանդիպումներին հաճախելը Եհովայի յուրաքանչյուր ծառայի գլխավոր պատասխանատվություններից մեկն է, սակայն ամբո՞ղջ սրտով ու պատրաստակամորե՞ն ենք ներգրավվում այդ գործունեությունների մեջ։ Համարո՞ւմ ենք դրանք հնարավորություն՝ արտահայտելու մեր սրտանց երախտագիտությունը բոլոր այն բաների համար, որ Եհովան արել է մեզ համար։ Մասնակցո՞ւմ ենք դրանց առանց ջանք խնայելու, իհարկե, որքանով որ թույլ են տալիս մեր հանգամանքները։ Թե՞ դիտում ենք դրանք միայն որպես պարտականություն, որը հարկավոր է կատարել։ Անշուշտ, սրանք հարցեր են, որոնց անձամբ պետք է պատասխանենք։ Պողոս առաքյալը հետևյալ կերպ արտահայտվեց. «Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով» (14. Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից, ինչ վերաբերում է իրեն մատուցվող մեր ծառայությանը։
14 Եհովա Աստված շատ լավ գիտի մեր հանգամանքները։ Նա տեղյակ է մեր սահմանափակ հնարավորություններից։ Նա բարձր է գնահատում այն զոհողությունները՝ մեծ թե փոքր, որ իր ծառաները պատրաստակամորեն անում են։ Աստված չի ակնկալում, թե մենք բոլորս կնվիրաբերենք հավասար քանակով, և բացի այդ, մենք դա չենք էլ կարող անել։ Նյութական նվիրատվություններ կատարելու հարցը քննելիս Պողոս առաքյալը կորնթացի քրիստոնյաներին ասաց. «Եթէ յոժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8։12)։ Նույն սկզբունքը հավասարապես կիրառելի է Աստծուն մատուցվող մեր ծառայության նկատմամբ։ Մեր ծառայությունը Եհովային ընդունելի է դարձնում ոչ թե դրա քանակը, այլ այն, թե ինչ տրամադրվածությամբ ենք դա անում՝ ուրախ և սրտանց (Սաղմոս 100։1–5; Կողոսացիս 3։23)։
Զարգացնենք ռահվիրայական ոգի և միշտ դրսևորենք այն
15, 16. ա) Ի՞նչ կապ գոյություն ունի ռահվիրայական ծառայության ու երախտագիտության միջև։ բ) Նրանք, ովքեր ի վիճակի չեն ռահվիրայություն անել, ինչպե՞ս կարող են դրսևորել ռահվիրայական ոգի։
15 Եհովային երախտագիտություն ցույց տալու մի ձև, որը մեծ բավականություն է պատճառում, լիաժամ ծառայություն սկսելն է։ Մղված լինելով Եհովայի սիրուց և նրա շնորհի համար երախտապարտ՝ Աստծո բազմաթիվ նվիրված ծառաներ մեծ փոփոխություններ են կատարել իրենց կյանքում, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն նրան ծառայելուն։ Ոմանք ի վիճակի են ծառայել որպես ընդհանուր ռահվիրա՝ ամսական միջին հաշվով 70 ժամ հատկացնելով բարի լուրի քարոզչության և ճշմարտությունը ուսուցանելու գործին։ Մյուսները, ավելի քիչ հնարավորություններ ունենալով, ժամանակ առ ժամանակ կարողանում են ամսական 50 ժամ ծառայել որպես ենթառահվիրա։
16 Սակայն ի՞նչ կարելի է ասել Եհովայի այն բազմաթիվ ծառաների մասին, ովքեր չեն կարող լինել ո՛չ ընդհանուր ռահվիրա, ո՛չ էլ ենթառահվիրա։ Նրանք կարող են իրենց երախտագիտությունը ցույց տալ՝ զարգացնելով ռահվիրայական ոգի և միշտ դրսևորելով այն։ Ինչպե՞ս։ Քաջալերելով նրանց, ովքեր կարող են ռահվիրայություն անել, նաև իրենց երեխաների սրտում դնելով լիաժամ ծառայող դառնալու ցանկությունը և ըստ իրենց հանգամանքների՝ անմնացորդ մասնակցելով քարոզչությանը։ Այն, թե ինչ կանենք մեր ծառայության մեջ, կախված է մեր սրտի երախտագիտության մեծությունից այն ամեն բաների համար, որ Եհովան մեզ համար արել է, անում է և դեռ կանի։
Երախտագիտություն հայտնենք մեր ‘ստացվածքով’
17, 18. ա) Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն դրսևորել մեր «ստացվածքով»։ բ) Ի՞նչ գնահատական Հիսուսը տվեց այրու նվիրատվությանը և ինչո՞ւ։
17 Առակաց 3։9–ում ասվում է. «Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը»։ Եհովայի ծառաներն այլևս կարիք չունեն տասանորդ տալու։ Պողոսը Կորնթոսի ժողովին գրեց. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ [թող այնպես վարվի], ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։ Թագավորության քարոզչության համաշխարհային գործի համար կամավոր նվիրատվություններ անելով նույնպես արտահայտում ենք մեր երախտագիտությունը։ Գնահատանքով լի մեր սիրտը մղում է մեզ դա անել կանոնավորաբար, հնարավոր է՝ շաբաթական ինչ–որ բան մի կողմ դնելով, ինչպես որ անում էին վաղ քրիստոնյաները (Ա Կորնթացիս 16։1, 2)։
18 Մեր նվիրաբերածի քանակը չէ, որ արտացոլում է մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ, այլ այն, թե ինչ ոգով ենք տալիս։ Ահա հենց դա նկատեց Հիսուսը, երբ դիտում էր, թե ինչպես էին մարդիկ իրենց ընծաները գցում տաճարի գանձանակները։ Երբ Հիսուսը տեսավ, որ մի կարիքավոր այրի «երկու լումայ» գցեց, ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։ Որովհետեւ նորան ամենքն իրանց աւելացածիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց» (Ղուկաս 21։1–4)։
19. Ինչո՞ւ օգտակար կլիներ վերաքննել, թե ի՞նչ ձևերով ենք արտահայտում մեր երախտագիտությունը։
19 Թող որ այս ուսումնասիրությունը մղի մեզ վերաքննել, թե ինչ ձևերով ենք ցույց տալիս մեր երախտագիտությունը։ Գուցե կարո՞ղ ենք ավելացնել մեր «գովաբանության զոհը» Եհովային, ինչպես նաև ավելի շատ նյութական առումով թիկունք կանգնել Թագավորության համաշխարհային գործին։ Որքան էլ որ անենք, կարող ենք վստահ լինել, որ մեր առատաձեռն ու սիրառատ Հայրը՝ Եհովան, մեծ հաճույք կստանա՝ տեսնելով մեր երախտագիտությունը։
Հիշո՞ւմ եք
• Ելնելով ո՞ր պատճառներից՝ պետք է երախտագետ լինենք Եհովային։
• Ի՞նչ ենք սովորում տասանորդ տալու, կամավոր նվիրատվություններ անելու և բերքից մնացորդներ թողնելու պատվերներից։
• Ինչպե՞ս ենք զարգացնում ռահվիրայական ոգի։
• Ինչպե՞ս կարող ենք մեր ‘ստացվածքով’ երախտագիտություն հայտնել Եհովային։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկարներ 15–րդ էջի վրա]
«Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է»
[նկարներ 16–րդ էջի վրա]
Օրենքից քաղված ո՞ր երեք դասերն են պատկերված այստեղ
[նկարներ 18–րդ էջի վրա]
Ի՞նչ զոհաբերություններ կարող ենք անել մենք