Ինչու են նրանք գնում եկեղեցի
Ինչու են նրանք գնում եկեղեցի
«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ներկայումս գրեթե չորս անգամ ավելի շատ են պրեսբիտերականները, քան ԱՄՆ–ում»։ «Նյուսուիք» պարբերագրում գրված այս հայտարարությունը պետք է որ անակնկալի բերած լիներ իր ընթերցողներից շատերին, քանի որ մարդկանց մեծամասնությանը Կորեան հայտնի է որպես կոնֆուցիականության ու բուդդայականության երկիր։ Այսօրվա այցելուները այնտեղ կգտնեն մեծ թվով «քրիստոնեական» եկեղեցիներ, որոնք սովորաբար առանձնանում են իրենց կարմիր նեոնային խաչերով։ Կիրակի օրերին կարելի է տեսնել երկու–երեք հոգանոց խմբերով մարդկանց, ովքեր Աստվածաշունչը ձեռքին եկեղեցի են գնում։ Համաձայն 1998 թ.–ին կատարված հետազոտությունների՝ կորեացիների գրեթե 30 տոկոսը հաճախում է կամ կաթոլիկական եկեղեցի, կամ բողոքական, ընդ որում ավելի հաճախ, քան իրենց բուդդայական համարող անձնավորությունները։
Կանոնավորապես եկեղեցի հաճախող մարդկանց այդպիսի բարձր տոկոսայնությունը մեր օրերում այնքան էլ սովորական երևույթ չէ։ Այնուամենայնիվ, նման բան տեղի է ունենում ոչ միայն Կորեայում, այլև որոշ ասիական երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում։ Ի՞նչն է պատճառը, որ այսքան շատ մարդիկ դեռևս դրսևորում են իրենց հավատն Աստծո նկատմամբ, երբ թվում է, թե ապատիան ու կրոնի հանդեպ անտարբերությունը ողողել են աշխարհը։ Ինչո՞ւ են նրանք գնում եկեղեցի։
Հասարակական հարցումները ցույց են տվել, որ եկեղեցի հաճախող կորեացիների կեսից ավելին փնտրում է մտքի խաղաղություն, մեկ–երրորդը հավատում է, որ մահից հետո հավիտենական կյանքով է ապրելու, իսկ մեկ–տասներորդական մասը այնտեղ գնում է առողջության, հարստության ու հաջողության ակնկալիքով։
Չինաստանում եկեղեցի հաճախողներից շատերը հույս ունեն այնտեղ գտնել ինչ–որ բան, որը կցրի այն ներքին դատարկության զգացումը, որ առաջացել է մարդկանց մեջ այն բանի հետևանքով, որ կապիտալիստական ձգտումները աստիճանաբար դուրս են մղում կոմունիստական բարոյախոսությանը։ Ամեն տարի Աստվածաշնչի միլիոնավոր օրինակներ են հրատարակվում ու տարածվում Չինաստանում ու, ինչպես երևում է, մարդիկ այն կարդում են նույն եռանդով, ինչպես Մաո Ցզե Դունի կարմիր գրքույկը։
Բրազիլիայում բնակվող որոշ կաթոլիկների, մանավանդ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, չի գոհացնում ապագա կյանքում երջանկություն վայելելու վերաբերյալ խոստումները. նրանք ցանկանում են այդ
խոստումները իրականացած տեսնել այսօր։ Հասարակական–քաղաքական մի պարբերագիր նշում է. «Եթե 70–ական թվականներին մարդկանց սրտում ու մտքում ազատագրության թեոլոգիան էր, ապա մեր օրերում՝ բարեկեցության թեոլոգիան» («Tudo»)։ Մեծ Բրիտանիայում եկեղեցի հաճախողների շրջանում անցկացվեց հասարակական հարցում՝ խնդրելով նշել եկեղեցուն առնչվող որևէ բան, որ ամենից շատ է իրենց դուր գալիս։ Մեծամասնությունը նշել էր ընկերակցությունը։Այս ամենը ցույց է տալիս, որ թեև նշանակալի թվով մարդիկ դեռևս հավատում են Աստծուն, սակայն նրանց մեծամասնությանը Աստված շատ քիչ է հետաքրքրում. նրանց ավելի շատ հետաքրքրում է՝ ինչ կարելի է ստանալ նրանից, ընդ որում՝ ներկայումս։ Իսկ ձեր կարծիքով՝ ի՞նչը կարելի է համարել ճիշտ շարժառիթ Աստծուն հավատալու համար։ Այդ մասին ի՞նչ է հայտնում Աստվածաշունչը։ Պատասխանը կգտնեք հաջորդ հոդվածում։