Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը»

«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը»

Կենսագրություն

«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը»

Պատմում է Մարիա Կերասինիսը

18 տարեկանում ես ծնողներիս մեծ հիասթափություն պատճառեցի, ընտանիքիս կողմից մերժվեցի ու դարձա մեր գյուղի ծաղրուծանակի առարկան։ Խնդրանքները, որ ասվեցին, ուժը և սպառնալիքները, որ գործադրվեցին, որպեսզի Աստծո առջև անարատ կեցվածք ունենալուց զրկեին ինձ, անհաջողության մատնվեցին։ Ես վստահ էի, որ աստվածաշնչյան ճշմարտությանը հավատարմորեն կառչելը կբերի Աստծո օրհնությունները։ Ետադարձ հայացք նետելով Եհովային նվիրված ավելի քան 50 տարվա իմ ծառայությանը, կարող եմ միայն կրկնել սաղմոսերգուի խոսքերը. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղմոս 116։12

ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ 1930 թ.–ին Ագելոկաստրոյում՝ գյուղ, որը մոտ 20 կիլոմետր հեռու է Կենքրայի նավահանգստից և գտնվում է Կորնթոսի պարանոցի արևելյան ափին, որտեղ առաջին դարում ճշմարիտ քրիստոնյաների ժողով էր հաստատվել (Գործք 18։18; Հռովմայեցիս 16։1

Մեր ընտանիքը հանդարտ կյանք էր վարում։ Հայրս գյուղի նախագահն էր և շատ հարգված անձնավորություն էր։ Ես մեր ընտանիքի հինգ երեխաներից երրորդն էի։ Ծնողներս մեզ դաստիարակել էին որպես հունական ուղղափառ եկեղեցու նվիրված անդամներ։ Ամեն կիրակի պատարագի էի գնում։ Ես ապաշխարում էի սրբապատկերների առջև, գյուղի մատուռներում մոմեր վառում և բոլոր ծոմերը պահում։ Հաճախ մտածում էի միանձնուհի դառնալու մասին։ Սակայն եկավ մի ժամանակ, երբ ընտանիքում առաջինը ես հիասթափություն պատճառեցի ծնողներիս։

Տպավորված՝ աստվածաշնչյան ճշմարտությամբ

Երբ մոտ 18 տարեկան էի, իմացա որ Կատինան՝ քույրերիցս մեկի ամուսնու քույրը, որն ապրում էր հարևան գյուղում, կարդում է Եհովայի վկաների հրատարակությունները և այլևս եկեղեցի չի գնում։ Սա ինձ շատ անհանգստացրեց, ու ես որոշեցի օգնել նրան վերադառնալ, ինչպես կարծում էի, ճշմարիտ ուղուն։ Այսպիսով, երբ նա եկավ մեր տուն, առաջարկեցի գնալ զբոսնելու՝ մտադրություն ունենալով մտնել քահանայի տուն։ Քահանան խոսակցությունը սկսեց Եհովայի վկաների հասցեին նախատինքներ տեղալով՝ անվանելով նրանց հերետիկոսներ, որոնք մոլորեցրել են Կատինային։ Այս քննարկումը շարունակվեց հաջորդ երեք երեկոներին։ Կատինան լավ պատրաստված էր և աստվածաշնչյան փաստարկների միջոցով հերքեց նրա բոլոր պնդումները։ Վերջիվերջո, քահանան նրան ասաց, որ քանի որ Կատինան այդքան գեղեցիկ, խելացի աղջիկ է, նա պետք է վայելի իր երիտասարդությունը, քանի դեռ ժամանակ ունի, իսկ Աստծով հետաքրքրվի տարեց հասակում։

Ես ոչինչ չասացի ծնողներիս այդ խոսակցության մասին, բայց հաջորդ կիրակի չգնացի եկեղեցի։ Կեսօրին քահանան եկավ ուղիղ մեր խանութ։ Ես բացատրություն հորինեցի, թե ստիպված էի մնալ խանութում՝ հորս օգնելու։

— Իսկապե՞ս դա է պատճառը, թե՞ այդ աղջիկն է ազդեցություն թողել քեզ վրա,— հարցրեց քահանան։

— Այդ մարդիկ ավելի լավ հավատալիքներ ունեն, քան մենք,— անկեղծորեն պատասխանեցի ես։

Շրջվելով դեպի հայրս՝ քահանան ասաց. «Պրն Էկոնոմոս, անմիջապես վռնդե՛ք ձեր ազգականուհուն, նա մեծ վտանգ է ներկայացնում ձեր ընտանիքի համար»։

Ընտանիքս իմ դեմ է դուրս գալիս

Այս ամենը տեղի էր ունենում 1940–ականների վերջին, երբ Հունաստանում կատաղի քաղաքացիական կռիվներ էին մղվում։ Վախենալով, որ պարտիզանները կարող են ճանկել ինձ, հայրս նախապատրաստություններ տեսավ, որ լքեմ գյուղն ու գնամ քրոջս տուն, այն գյուղը, որտեղ Կատինան էր ապրում։ Այնտեղ մնալու երկու ամսվա ընթացքում ինձ օգնեցին հասկանալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում մի շարք հարցերի վերաբերյալ։ Հիասթափվեցի, երբ իմացա, որ ուղղափառ եկեղեցու դավանած շատ ուսմունքներ սուրբգրային չեն։ Ես հասկացա, որ Աստված երկրպագություն չի ընդունում սրբապատկերների միջոցով, որ տարբեր կրոնական ավանդույթները, օրինակ՝ խաչի առջև խոնարհվելը, քրիստոնեական ծագում չունեն, և որ մարդը պետք է երկրպագի Աստծուն «հոգով եւ ճշմարտութիւնով», որպեսզի հաճեցնի նրան (Յովհաննէս 4։23; Ելից 20։4, 5)։ Ես նաև մի շատ կարևոր բան սովորեցի. այն, որ Աստվածաշունչը երկրի վրա հավիտյան ապրելու հիանալի հույս է տալիս։ Աստվածաշնչյան այս թանկագին ճշմարտությունները առաջին օրհնություններն էին, որ ստացա Եհովայից։

Միևնույն ժամանակ, քույրս և նրա ամուսինը նկատեցին, որ ես չէի խաչակնքում ճաշի ժամերին, ոչ էլ աղոթում էի սրբապատկերների առջև։ Մի երեկո նրանք երկուսով ծեծեցին ինձ։ Հաջորդ օրը որոշեցի հեռանալ նրանց տնից և գնացի մորաքրոջս տուն։ Քրոջս ամուսինը տեղյակ պահեց հորս։ Կարճ ժամանակ անց հայրս՝ արցունքներն աչքերին, եկավ ու փորձեց մտքափոխ անել ինձ։ Քրոջս ամուսինը ծնկի եկավ իմ առաջ՝ աղաչելով, որ ներեմ իրեն, ու ես այդպես էլ վարվեցի։ Որպեսզի այդ խնդիրը լուծվեր, նրանք խնդրեցին ինձ վերադառնալ եկեղեցի, սակայն ես մնացի անսասան։

Երբ վերադարձա հայրական գյուղ, ճնշումները շարունակվեցին։ Կատինայի հետ կապ հաստատելու ոչ մի հնարավորություն չունեի, չունեի նաև կարդալու գրականություն, նույնիսկ Աստվածաշունչ։ Ես շատ երջանիկ էի, երբ զարմուհիներիցս մեկը փորձեց օգնել ինձ։ Երբ նա գնաց Կորնթոս, մի Վկայի հանդիպեց և ետ վերադառնալով՝ իր հետ բերեց «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը և Քրիստոնեական Հունարեն Գրությունների մի օրինակ, որը ես սկսեցի գաղտնաբար կարդալ։

Կյանքում անսպասելի շրջադարձ է տեղի ունենում

Ուժեղ հակառակությունը շարունակվեց երեք տարի։ Ես ոչ մի կապ չունեի Վկաների հետ, ոչ էլ կարողացա որևէ գրականություն ստանալ։ Սակայն ես չգիտեի, որ շուտով կյանքումս մեծ փոփոխություններ էին տեղի ունենալու։

Հայրս ինձ ասաց, որ պետք է գնամ մորեղբորս մոտ՝ Թեսաղոնիկե։ Նախքան Թեսաղոնիկե գնալը գնացի Կորնթոսում գտնվող մի դերձակուհու խանութ, որպեսզի վերարկու պատվիրեի։ Ինձ համար մեծ անակնկալ էր տեսնել Կատինային այնտեղ աշխատելիս։ Մենք այնքա՜ն երջանիկ էինք տեսնել իրար այդքան երկար ժամանակ անց։ Երբ երկուսով դուրս էինք գալիս խանութից, հանդիպեցինք մի շատ հաճելի երիտասարդի, որը, հեծանիվով աշխատանքից տուն էր վերադառնում։ Նրա անունը Խարալամբոս էր։ Միմյանց ճանաչելուց հետո մենք որոշեցինք ամուսնանալ։ Նաև այդ ժամանակ՝ 1952 թ. հունվարի 9–ին, ես խորհրդանշեցի իմ նվիրումը Եհովային՝ մկրտությամբ։

Խարալամբոսն ավելի վաղ էր մկրտվել։ Նա նույնպես հակառակության էր հանդիպել իր ընտանիքում։ Խարալամբոսը շատ նախանձախնդիր էր։ Նա ծառայում էր որպես ժողովի ծառայողի օգնական և Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ ուներ։ Կարճ ժամանակ անց նրա եղբայրները ընդունեցին ճշմարտությունը, և այժմ նրանց ընտանիքների անդամների մեծամասնությունը նույնպես ծառայում է Եհովային։

Հայրս իսկապես հավանեց Խարալամբոսին, ուստի տվեց իր համաձայնությունը, որ ամուսնանանք, բայց մայրս հեշտությամբ չհամոզվեց։ Չնայած այս ամենին՝ ես ու Խարալամբոսը 1952 թ. մարտի 29–ին ամուսնացանք։ Միայն մեծ եղբայրս և զարմիկներիցս մեկը եկան մեր հարսանիքին։ Այդ ժամանակ ես չէի էլ պատկերացնում, թե ինչպիսի՜ անզուգական օրհնություն էր լինելու Խարալամբոսն ինձ համար. նա Եհովայի կողմից մի իսկական պարգև էր։ Լինելով նրա ընկերակիցը՝ ես կարողացա կյանքս կառուցել Եհովայի ծառայության շուրջ։

Զորացնում ենք մեր եղբայրներին

1953 թ.–ին Խարալամբոսն ու ես որոշեցինք տեղափոխվել Աթենք։ Ցանկանալով ավելի շատ զբաղվել քարոզչական գործով՝ Խարալամբոսը թողեց ընտանեկան բիզնեսը և ոչ լրիվ աշխատանքային օրով գործ գտավ։ Կեսօրից հետո ժամանակն իրար հետ էինք անցկացնում՝ միասին ծառայելով և շատ աստվածաշնչյան ուսուցումներ անցկացնելով։

Քանի որ մեր ծառայությունը պաշտոնապես սահմանափակումների տակ էր, մենք պետք է հնարամիտ լինեինք։ Օրինակ՝ մենք որոշեցինք «Դիտարանի» մի համար դնել Աթենքի կենտրոնում գտնվող մի կրպակի պատուհանին, որտեղ ամուսինս էր աշխատում։ Ոստիկանության մի բարձրաստիճան պաշտոնյա մեզ ասաց, որ պարբերագիրն արգելված է։ Սակայն նա հարցրեց, թե կարո՞ղ է մի օրինակ վերցնել և անվտանգության գրասենյակում հարցում անել դրա մասին։ Երբ նրան հավաստիացրեցին, որ պարբերագիրն օրինական է, նա վերադարձավ այդ մասին մեզ ասելու։ Հենց որ կրպակներ ունեցող այլ եղբայրներ լսեցին այդ մասին, նույնպես սկսեցին «Դիտարանի» համարներ դնել իրենց կրպակներում։ Մի մարդ, որը «Դիտարան» էր ձեռք բերել մեր կրպակից, դարձավ Վկա և այժմ ծառայում է որպես երեց։

Մենք նաև ուրախություն ունեցանք տեսնելու, որ ամենակրտսեր եղբայրս ընդունեց ճշմարտությունը։ Նա եկել էր Աթենք՝ սովորելու քոլեջում, որտեղ առևտրական նավատորմի նավաստիներ են պատրաստում։ Մենք նրան տարանք համաժողովի։ Մեր համաժողովները գաղտնի անցկացվում էին անտառներում։ Նրան դուր եկավ այն, ինչ լսեց, բայց շուտով իր մասնագիտության բերումով սկսեց ճանապարհորդել։ Իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա ժամանեց Արգենտինայի մի նավահանգիստ։ Այնտեղ մի միսիոներ նավ էր բարձրացել՝ քարոզելու, և եղբայրս խնդրել էր, որ նա իրեն պարբերագրեր տա։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ստացանք նրա նամակը, որտեղ ասվում էր. «Ես գտել եմ ճշմարտությունը։ Ինձ դարձրեք բաժանորդ»։ Այժմ նա և իր ընտանիքը հավատարմորեն ծառայում են Եհովային։

1958 թ.–ին ամուսինս հրավիրվեց ծառայելու որպես շրջագայող վերակացու։ Քանի որ մեր գործունեությունն արգելքի տակ էր, և պայմանները շատ ծանր էին, շրջագայող վերակացուները սովորաբար ծառայում էին առանց իրենց կանանց։ 1959 թ. հոկտեմբերին մենք հարցրեցինք մասնաճյուղի պատասխանատու եղբայրներին, թե կարո՞ղ եմ ուղեկցել ամուսնուս։ Նրանք համաձայնվեցին։ Մենք պետք է այցելեինք և զորացնեինք Հունաստանի կենտրոնական և հյուսիսային մասում գտնվող ժողովները։

Այդպիսի ճանապարհորդությունները հեշտ չէին։ Սալարկված ճանապարհներ քիչ կային։ Քանի որ մենք ավտոմեքենա չունեինք, սովորաբար օգտվում էինք հասարակական տրանսպորտից կամ բեռնատար մեքենաներով էինք ճանապարհորդում՝ հավերի և այլ ապրանքների հետ միասին։ Մենք ռեզինե երկարաճիտ կոշիկներ էինք հագնում, որպեսզի անցնեինք ցեխոտ ճանապարհներով։ Քանի որ յուրաքանչյուր գյուղում միլիցիայի բաժին կար, հարցաքննության չենթարկվելու համար պետք է գյուղ մտնեինք գիշերով։

Եղբայրները խորապես գնահատում էին այս այցելությունները։ Թեև նրանց մեծ մասը ծանր աշխատում էր դաշտերում, նրանք ամեն ջանք գործադրում էին, որպեսզի այցելեին ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում էին ուշ գիշերով տարբեր տներում։ Եղբայրները նաև շատ հյուրասեր էին և մեզ առաջարկում էին իրենց ունեցած լավագույնը, թեպետ նրանք շատ քիչ բան ունեին։ Երբեմն մենք քնում էինք մի սենյակի մեջ մի ամբողջ ընտանիքի հետ միասին։ Եղբայրների հավատը, տոկունությունը և նախանձախնդրությունը տեսնելը մեկ այլ օրհնություն էր մեզ համար։

Ընդլայնում ենք մեր ծառայությունը

1961 թ. փետրվարին, երբ այցելեցինք մասնաճյուղ, որը գտնվում է Աթենքում, մեզ հարցրեցին, թե կցանկանայի՞նք ծառայել Բեթելում։ Մենք պատասխանեցինք Եսայիայի խոսքերով. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6։8)։ Երկու ամիս անց նամակ ստացանք, որում ասվում էր, որ գնանք Բեթել, որքան հնարավոր է շուտ։ Այդպիսով՝ 1961 թ. մայիսի 27–ին սկսեցինք ծառայել Բեթելում։

Մենք սիրեցինք մեր նոր նշանակումը և անմիջապես մեզ տանը զգացինք։ Ամուսինս աշխատեց Ծառայողական և Բաժանորդագրության բաժիններում, հետագայում մի որոշ ժամանակ ծառայեց մասնաճյուղի կոմիտեում։ Բեթելում ես զանազան նշանակումներ ունեի։ Այդ ժամանակ Բեթելի ընտանիքը բաղկացած էր 18 հոգուց, բայց գրեթե հինգ տարի շարունակ այստեղ մոտ 40 հոգի էր լինում, քանի որ երեցների դպրոցն այստեղ էր անցկացվում։ Առավոտյան լվանում էի ափսեները, օգնում խոհարարին, 12 անկողին հարդարում և ճաշի սեղանները պատրաստում։ Կեսօրին հագուստներ էի արդուկում և մաքրում զուգարաններն ու սենյակները։ Նաև շաբաթը մեկ անգամ լվացքատանն էի աշխատում։ Աշխատանքը շատ էր, սակայն ես ուրախ էի, որ կարող էի օգնել։

Մենք շատ զբաղված էինք թե՛ Բեթելի ծառայության մեջ և թե՛ քարոզչական գործում։ Շատ անգամ Աստվածաշնչի մեր ուսումնասիրությունների թիվը հասնում էր յոթի։ Հանգստյան օրերին ես ուղեկցում էի Խարալամբոսին, երբ նա տարբեր ժողովներում ելույթներ էր ունենում։ Մենք անբաժան էինք։

Մենք ուսումնասիրություն էինք անցկացնում մի ամուսնական զույգի հետ, որը սերտ կապեր ուներ հունական ուղղափառ եկեղեցու հետ, և մտերիմ ընկերներն էին մի հոգևորականի, որը գլխավորում էր եկեղեցու հակահերետիկոսական գործունեությունը։ Իրենց տանը նրանք սրբապատկերներով լի մի սենյակ ունեին, որտեղ շարունակ խունկ էր վառվում և ամբողջ օրը բյուզանդական հիմներ էին հնչում։ Մի ժամանակ մենք նրանց այցելում էինք հինգշաբթի օրը՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու, իսկ նրանց հոգևորական ընկերը այցելում էր նրանց ուրբաթ օրը։ Մի օր նրանք մեզ խնդրեցին անպայման գալ իրենց տուն, քանի որ անակնկալ էին պատրաստել մեզ համար։ Առաջին բանը, որ մեզ ցույց տվեցին, այն սենյակն էր։ Նրանք ազատվել էին իրենց բոլոր սրբապատկերներից և նորոգել էին սենյակը։ Այս ամուսինները հոգևորապես ավելի առաջադիմեցին և մկրտվեցին։ Ընդհանուր առմամբ մենք ուրախություն ենք ունեցել տեսնելու, որ մեր աստվածաշնչյան ուսումնասիրություններից մոտ 50–ը նվիրել են իրենց կյանքը Եհովային ու մկրտվել։

Օծյալ եղբայրների հետ ընկերակցելը իմ վայելած առանձնահատուկ օրհնություններից է եղել։ Կառավարիչ մարմնի անդամների այցելությունները, օրինակ՝ եղբայրներ Նորի, Ֆրանցի և Հենշելի, անչափ քաջալերական էին։ 40 տարուց ավելի է, որ ծառայում եմ Բեթելում, ու մինչև այժմ էլ այն կարծիքին եմ, որ Բեթելում ծառայելը մեծ պատիվ ու առանձնաշնորհում է։

Պայքարում եմ հիվանդության և կորստի դեմ

1982 թ.–ին ամուսնուս մոտ սկսեցին ի հայտ գալ Ալցգեյմերի հիվանդության նշաններ։ 1990 թ.–ին նրա առողջությունը վատթարացավ, և ի վերջո մշտապես խնամքի կարիք ունեցավ։ Նրա կյանքի վերջին ութ տարիների ընթացքում մենք ոչ մի անգամ չենք կարողացել Բեթելից դուրս գալ։ Բեթելի ընտանիքի մեր սիրելի եղբայրներից շատերը, ինչպես նաև պատասխանատու վերակացուները միջոցներ են ձեռք առել որպեսզի օգնեն մեզ։ Չնայած նրանց օգնությանը, որ սիրալիր ձևով ցուցաբերել են՝ հարկ է եղել, որ ես երկար ժամեր, օր ու գիշեր խնամեմ նրան։ Երբեմն իրավիճակներն անչափ դժվար են եղել, և ես շատ գիշերներ անքուն եմ անցկացրել։

1998 թ. հուլիսին իմ սիրելի ամուսինը մահացավ։ Թեև նրան շատ եմ կարոտում, սակայն մխիթարվում եմ այն փաստից, որ նա հուսալի ձեռքերում է, և գիտեմ, որ Եհովան միլիոնավոր մարդկանց հետ միասին նրան էլ կհիշի հարության ժամանակ (Յովհաննէս 5։28, 29

Երախտապարտ՝ Եհովայի օրհնությունների համար

Թեպետ կորցրել եմ ամուսնուս, ես միայնակ չեմ։ Դեռևս առանձնաշնորհում ունեմ ծառայելու Բեթելում և վայելելու Բեթելի ամբողջ ընտանիքի սերն ու հոգատարությունը։ Իմ հոգևոր ընտանիքի մեջ մտնում են նաև եղբայրներ ու քույրեր Հունաստանի բոլոր մասերից։ Թեև ես այժմ 70–ն անց եմ, սակայն դեռ ի վիճակի եմ լրիվ աշխատանքային օրով աշխատել խոհանոցում և ճաշարանում։

1999 թ.–ին իրականացավ կյանքիս երազանքը, երբ այցելեցի Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, որը գտնվում է Նյու Յորքում։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի։ Դա քաջալերական էր ու անմոռանալի։

Երբ ետադարձ հայացք եմ նետում կյանքիս, անկեղծորեն մտածում եմ, որ չէի կարող կյանքս ավելի լավ ձևով օգտագործել։ Լավագույն կարիերան, որ մարդը կարող է ունենալ՝ Եհովային լիաժամ ծառայելն է։ Վստահությամբ կարող եմ ասել, որ երբեք կարիքի մեջ չեմ եղել։ Եհովան սիրով հոգ է տարել ամուսնուս և իմ մասին թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական առումով։ Անձնական փորձից հասկացա, թե ինչու էր սաղմոսերգուն հարցնում. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղմոս 116։12

[նկար 26–րդ էջի վրա]

Ես ու Խարալամբոսն անբաժան էինք

[նկար 27–րդ էջի վրա]

Ամուսինս՝ մասնաճյուղի իր գրասենյակում

[նկար 28–րդ էջի վրա]

Ես կարծում եմ, որ Բեթելում ծառայելը մեծ պատիվ է