Հեռուստատեսային հաղորդումը նպաստեց, որ նա փառք բերի Աստծուն
Պատմում են թագավորության քարոզիչները
Հեռուստատեսային հաղորդումը նպաստեց, որ նա փառք բերի Աստծուն
ՊՈՂՈՍ առաքյալն ասաց, որ «ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին» (Փիլիպպեցիս 1։15)։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ նրանք, ովքեր ջանում են Եհովայի ժողովրդի հեղինակությունը գցել, իրենց կամքից անկախ պատճառ են դառնում, որ ուղիղ սրտով անհատները գան դեպի ճշմարտությունը։
1998 թ. նոյեմբերին Ֆրանսիայի ազգային հեռուստատեսությամբ վավերագրական կադրեր ցուցադրվեցին Բեթելի՝ Եհովայի վկաների մասնաճյուղի մասին, որ գտնվում է Լուվիեում։ Չնայած բազմաբնույթ արձագանքներին՝ եղան նաև անսպասելի դրական արդյունքներ։
Այդ հեռուստահաղորդումը դիտողների թվում էր նաև Աննա–Պոլան, որն ապրում էր Բեթելից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա։ Նա երկու երեխաների մայր էր, ամուսնուց բաժանված։ Աննա–Պոլան աշխատանք էր փնտրում։ Հաջորդ օրը առավոտյան նա զանգահարեց Բեթել՝ իմանալու համար, թե աշխատողի կարիք ունե՞ն։ «Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ դա ապահով վայր է, ու այդտեղ օգտակար աշխատանք է կատարվում»,— ասաց նա։ Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ իմացավ, որ Բեթելում ծառայողները բոլորն էլ կամավորներ են, և հոժարակամ նվիրաբերում են իրենց ժամանակը։ Եհովայի վկաների գործունեության վերաբերյալ հակիրճ քննարկումից հետո նա հայտնեց իր համաձայնությունը, որ Վկաներից որևէ մեկն այցելի իրեն։
Երբ Լենան՝ տեղի ժողովի լիաժամ ծառայողներից մեկը, այցելեց նրան, նրանց միջև երկար զրույց տեղի ունեցավ, որից հետո Աննա–Պոլան վերցրեց իրեն առաջարկված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը *։ Հաջորդ այցելության ժամանակ պարզվեց, որ Աննա–Պոլան կարդացել էր գիրքը սկզբից մինչև վերջ և բազում հարցեր ուներ։ Նա ուրախությամբ համաձայնեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ «Դա ինձ համար հնարավորություն էր բացահայտելու Աստծո Խոսքը։ Նախկինում երբեք ես ձեռքս չէի վերցրել Աստվածաշունչը»,— ասում է նա։
Հունվար ամսին Աննա–Պոլան այցելեց Բեթել, իսկ դրա հաջորդ շաբաթը առաջին անգամ ներկա եղավ ժողովի հանդիպմանը։ Դրանից կարճ ժամանակ անց նա սկսեց Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել իր երեխաների հետ ու վկայություն տալ իր ընկերներին։ «Ես չէի կարող նրանց չպատմել այն ամենի մասին, ինչ իմացել էի,— ասում է նա։— Ուզում էի մարդկանց բաժին հանել ճշմարտության մասին իմ գիտելիքներից, մխիթարել նրանց»։ Մի քանի անձնական խնդիրների դեմ հաղթանակ տանելուց հետո Աննա–Պոլան սկսեց կանոնավորապես հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա արագորեն առաջադիմեց և 2002 թ. մայիսի 5–ին մկրտվեց։
Ավելացնենք նաև, որ Աննա–Պոլայի լավ օրինակն ու քարոզելու եռանդը նպաստեցին, որ նրա մայրը սկսեր ուսումնասիրել Աստվածաշունչը և կարճ ժամանակ անց մկրտվեր։ «Բառերով անկարելի է արտահայտել այն ուրախությունը, որ զգում եմ,— ասում է Աննա–Պոլան։— Ես ամեն օր իմ շնորհակալությունն եմ հայտնում Եհովային, որ մուտք է գործել իմ կյանքը, ու բոլոր այն օրհնությունների համար, որ ինձ տվել է»։
[ծանոթագրություն]
^ պարբ. 6 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 8–րդ էջի վրա]
Վերևում՝ Աննա–Պոլան
Ներքևում՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մուտքը