Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ցնծացիր Տէրով»

«Ցնծացիր Տէրով»

«Ցնծացիր Տէրով»

«Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (ՍԱՂՄՈՍ 37։4

1, 2. Ո՞վ է իսկական երջանկության Աղբյուրը, և ինչպե՞ս է Դավիթ թագավորը ուշադրություն հրավիրում այդ փաստի վրա։

«ԵՐԱՆԻ հոգով աղքատներին.... Երանի ողորմածներին.... Երանի խաղաղութիւն անողներին»։ Այս խոսքերը, մյուս վեց նկարագրությունների հետ մեկտեղ, որոնք ցույց են տալիս, թե ովքեր են երջանիկ, Հիսուսի հանրահայտ Լեռան քարոզի տպավորիչ առաջաբանից են վերցված։ Այս քարոզը գրի է առնվել Մատթեոս ավետարանագրի կողմից (Մատթէոս 5։3–11)։ Հիսուսի խոսքերը ներշնչում են վստահություն, որ հնարավո՛ր է հասնել երջանկության։

2 Մի սուրբ երգ, որը գրել է հին Իսրայելի Դավիթ թագավորը, ուշադրություն է հրավիրում իսկական երջանկության Աղբյուրի՝ Եհովայի վրա։ «Ցնծացիր Տէրով,— ասաց Դավիթը,— եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37։4)։ Ինչպե՞ս է Եհովայի ու նրա բազմաթիվ հատկությունների մասին իմանալը նպաստում, որ դու ‘ցնծաս’։ Խորհրդածումներն այն գործերի մասին, որ նա արել է և դեռ պետք է անի ի կատարումն իր նպատակի, ինչպե՞ս կարող է քեզ հույս տալ, որ կստանաս «քո սրտի ուզածները»։ Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել՝ մանրամասնորեն քննելով 37–րդ սաղմոսի 1–11 համարները։

«Մի նախանձիր»

3, 4. Համաձայն Սաղմոս 37։1–ի՝ ի՞նչ խորհուրդ է Դավիթը տալիս, և ինչո՞ւ ճիշտ կլինի այսօր հետևել այդ խորհրդին։

3 Մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’. ամբարշտությունը ամենուրեք ծաղկում է։ Մենք տեսնում ենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերի իրականացումը. «Չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով» (Բ Տիմոթէոս 3։1, 13)։ Որքա՜ն հեշտությամբ մեզ վրա կարող են ներգործել ամբարիշտ մարդկանց առևերույթ հաջողություններն ու բարեկեցությունը։ Դրանք կարող են շեղել մեզ, ու մեր հոգևոր տեսողությունը գուցե աղոտանա։ Ուշադրություն դարձրու, թե 37–րդ սաղմոսի առաջին խոսքերն ինչպես են մեզ նախազգուշացնում այդ վտանգի մասին. «Մի բարկանար չարերի վերայ. մի նախանձիր անօրէնութիւն գործողներին»։

4 Զանգվածային լրատվության միջոցները ամեն օր հեղեղում են մեզ բազմաթիվ անարդար գործերի մասին տեղեկություններով։ Անազնիվ գործարարները ջրից չոր են դուրս գալիս։ Հանցագործները հարստանում են անպաշտպան մարդկանց հաշվին։ Մարդասպանները անհետ կորչում են կամ անպատիժ են մնում։ Արդարության դեմ այս բոլոր մեղանչումները կարող են բարկություն առաջացնել մարդու սրտում և խաթարել նրա հոգու անդորրը։ Չարերի թվացյալ հաջողությունը նույնիսկ կարող է նախանձ գրգռել։ Բայց եթե վշտանանք այս ամենի համար, կբարելավվի՞ դրանով իրավիճակը։ Եթե նախանձենք ամբարիշտների առերևույթ բարեկեցությանը, դրանով կփոխվի՞ այն, ինչ իրենց սպասում է։ Միանգամայն պարզ է, որ ոչ։ Իրականում հարկ չկա, որ ‘բարկանանք’։ Իսկ ինչո՞ւ։

5. Ինչո՞ւ են չարագործները նմանեցվում խոտի։

5 Սաղմոսերգուն պատասխանում է. «Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին» (Սաղմոս 37։2)։ Նոր դուրս եկած կանաչ խոտը գուցե գեղեցիկ տեսք ունենա, բայց շուտով նա կսկսի թոշնել ու մեռնել։ Նման բան տեղի է ունենում չարագործների հետ։ Նրանց առերևույթ բարգավաճումը ժամանակավոր է։ Երբ նրանք մեռնում են, նրանց ապօրինի ձեռքբերումներն այլևս չեն օգնում իրենց։ Արդարությունը, վերջապես, հաշիվ է տեսնում բոլորի հետ։ «Մէղքի վարձքը մահն է»,— գրեց Պողոսը (Հռովմայեցիս 6։23)։ Չարագործները և բոլոր անարդարները ի վերջո կստանան իրենց «վարձքը» և ոչինչ ավելի։ Ի՜նչ անիմաստ կյանք (Սաղմոս 37։35, 36; 49։16, 17

6. Ի՞նչ կարող ենք սովորել Սաղմոս 37։1, 2–ից։

6 Ուրեմն, հարկ կա՞ թույլ տալու, որ չարագործների անցողիկ բարգավաճումը մեզ անհանգստացնի։ 37–րդ սաղմոսի առաջին երկու համարներից հետևյալն ենք սովորում. թույլ չտանք նրանց հաջողությանը պատճառ լինելու, որ մենք շեղվենք Եհովային ծառայելու մեր ընտրած ուղուց։ Դրա փոխարեն՝ եկեք շարունակենք մեր աչքը հառած պահել հոգևոր օրհնությունների ու նպատակների վրա (Առակաց 23։17

«Տիրոջը յուսայ եւ բարի արա»

7. Ինչո՞ւ պետք է Եհովային վստահենք։

7 «Տիրոջը յուսայ եւ բարի արա»,— հորդորում է մեզ սաղմոսերգուն (Սաղմոս 37։3ա)։ Երբ համակվում ենք անհանգստությամբ կամ նույնիսկ կասկածներով, մենք պետք է լիովին Եհովային ‘հուսանք’՝ վստահենք նրան։ Նա է, որ ամբողջությամբ ապահովում է մեր հոգևոր անվտանգությունը։ Մովսեսը գրեց. «Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում» (Սաղմոս 91։1)։ Երբ սկսում ենք անհանգստանալ՝ տեսնելով անօրենության աճը իրերի այս համակարգում, մենք առավել ևս կարիք ունենք ապավինելու Եհովային։ Օրինակ՝ երբ մեր ոտքը ոլորվում է, շատ ենք ուզում, որ մեր ընկերը մեզ օգնի։ Նմանապես, երբ ձգտում ենք քայլել հավատարմության մեջ, մենք կարիք ունենք Եհովայի աջակցությանը (Եսայիա 50։10

8. Քրիստոնեական ծառայությանը մասնակցելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ չափազանց չանհանգստանանք ամբարիշտների բարգավաճումով։

8 Որպեսզի դադարենք չափից դուրս անհանգստանալուց ամբարիշտների բարգավաճումով, մենք, օրինակ, կարող ենք միշտ զբաղված լինել հեզ ու խոնարհ անհատներ փնտրելով և նրանց օգնելով, որ Եհովայի նպատակի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ստանան։ Քանի որ ամբարշտությունը օրեցօր շատանում է, մենք պետք է ամբողջովին զբաղված լինենք ուրիշներին օգնելով։ Պողոս առաքյալն ասաց. «Բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած»։ Մեծագույն «բարերարութիւնը», որ կարող ենք անել, Աստծո Թագավորության չքնաղ բարի լուրը ուրիշներին հայտնելն է։ Մեր հանրային ծառայությունն իսկապես «գովաբանության զոհ» է (Եբրայեցիս 13։15 ՆԱ, 16; Գաղատացիս 6։10

9. Բացատրեք Դավիթի՝ «բնակուիր երկրումը» կոչի իմաստը։

9 Դավիթը շարունակում է. «Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը [«հավատարմության», ՆԱ]» (Սաղմոս 37։3բ)։ Դավիթի օրերում ‘երկիրը’ ընդգրկում էր այն տարածքը, որ Եհովան տվել էր Իսրայելին. դա Ավետյաց երկիրն էր։ Սողոմոնի թագավորության ժամանակ նրա սահմանները տարածվում էին հյուսիսում գտնվող Դանից մինչև հարավում գտնվող Բերսաբեե։ Սա էր Իսրայելի բնակության վայրը (Գ Թագաւորաց 4։25)։ Այսօր, որտեղ էլ որ ապրելիս լինենք, մենք անձկագին սպասում ենք այն ժամանակներին, երբ ամբողջ մոլորակը կվերածվի դրախտի արդար նոր աշխարհում։ Իսկ մինչ այդ մենք ‘բնակվում’ ենք հոգևոր ապահովության մեջ (Եսայիա 65։13, 14

10. Ի՞նչ արդյունքների ենք հասնում, երբ ‘հավատարմությամբ’ ենք ընթանում։

10 Ի՞նչ արդյունքների կհասնենք, եթե ‘հետևենք հավատարմության’։ Աստվածաշնչային առակը հիշեցնում է մեզ. «Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են» (Առակաց 28։20)։ Եհովան անշուշտ կօրհնի մեզ, եթե հավատարմորեն շարունակենք քարոզել բարի լուրը՝ անկախ այն բանից, թե որտեղ կապրենք և ում կքարոզենք։ Օրինակ՝ Ֆրանկն ու իր կինը՝ Ռոուզը, 40 տարի առաջ ռահվիրայական ծառայություն սկսեցին հյուսիսային Շոտլանդիայի քաղաքներից մեկում։ Այդ քաղաքի բնակիչներից մի քանիսը, որ մինչ այդ հետաքրքրություն էին հանդես բերել, թողել էին ճշմարտությունը։ Չնայելով նման հանգամանքներին՝ այս ռահվիրա ամուսինները ձեռնամուխ եղան քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ Ներկայումս այդ քաղաքում բարգավաճող ժողով կա։ Ամուսնական այս զույգի հավատարմությունը իսկապես օրհնվել է Եհովայի կողմից։ «Ամենամեծ օրհնությունը,— խոնարհաբար ասում է Ֆրանկը,— պարզապես այն է, որ մենք շարունակում ենք մնալ ճշմարտության մեջ և պիտանի ենք Եհովայի համար»։ Այո՛, երբ ‘հավատարմությամբ’ ենք ընթանում, մեծ օրհնություններ ենք ստանում։

«Ցնծացիր Տէրով»

11, 12. ա) Ինչպե՞ս կարող ենք ցնծալ Եհովայով։ բ) Ի՞նչ նպատակ կարող ես դնել անձնական ուսումնասիրության հետ կապված, և արդյունքը հավանաբար ի՞նչ կլինի։

11 Որպեսզի ամրապնդենք մեր հարաբերությունները Եհովայի հետ ու միշտ վստահենք նրան, մենք պետք է ‘ցնծանք Տերով’ (Սաղմոս 37։4)։ Ինչպե՞ս ենք մենք ‘ցնծում’։ Ինքներս մեզանով կլանված լինելու փոխարեն, որքան էլ մեր կացությունը դժվար լինի՝ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Եհովայի վրա։ Դա անելու ձևերից մեկը նրա Խոսքը կարդալուն ժամանակ հատկացնելն է (Սաղմոս 1։1, 2)։ Հաճույք ստանո՞ւմ ես՝ ընթերցելով Աստվածաշունչը։ Հաճույք կստանաս, եթե նպատակ դնես ավելի շատ իմանալ Եհովայի մասին։ Մի հատված կարդալուց հետո ինչո՞ւ կանգ չառնես ու չհարցնես ինքդ քեզ. «Ի՞նչ է այս հատվածը սովորեցնում ինձ Եհովայի մասին»։ Գուցե օգտակար համարես ձեռքի տակ ունենալ տետր կամ պարզապես թուղթ, երբ Աստվածաշունչ ես ընթերցում։ Ամեն անգամ, երբ դադար ես տալիս կարդացածի շուրջ խորհրդածելու նպատակով, համառոտ գրիր այն արտահայտությունը, որը հիշեցնում է քեզ Աստծո որևէ գեղեցիկ հատկություն։ Մեկ այլ սաղմոսում Դավիթը երգում է. «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ» (Սաղմոս 19։14)։ Եհովային, ինչպես նաև մեզ, հաճելի է, երբ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք նրա Խոսքի վրա։

12 Ինչպե՞ս կարող ենք ուրախություն ստանալ Աստծո Խոսքի ուսումնասիրությունից և նրա շուրջ խորհրդածելուց։ Մենք կարող ենք նպատակ դնել հնարավորին չափ շատ բան իմանալ Եհովայի ու նրա ուղիների մասին։ Այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են «Երբևէ ապրած մեծագույն Մարդը» և «Մոտեցիր Եհովային» գրքերը *, ապահովում են մեզ առատ տեղեկություններով, որոնց շուրջ կարող ենք երախտագիտության զգացումով խորհրդածել։ Եթե այդպես վարվենք, ապա Եհովան, ինչպես Դավիթն է հավաստիացնում արդարներին, «կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37։4բ)։ Ամենայն հավանականությամբ, հենց այսպիսի վստահությունն էր, որ Հովհաննես առաքյալին մղեց գրելու. «Սա է այն համարձակութիւնը [«վստահութիւնը», ԷԹ] որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից» (Ա Յովհաննէս 5։14, 15

13. Վերջին տարիներին Թագավորության քարոզչության գործի ի՞նչ ընդլայնում է նկատվում շատ երկրներում։

13 Մեզ՝ որպես Աստծո հանդեպ անարատություն պահողների, մեծագույն ցնծություն է պատճառում Եհովայի գերիշխանությունը արդարացված տեսնելը (Առակաց 27։11)։ Մի՞թե մեր սիրտը չի ուռչում ուրախությունից, երբ իմանում ենք, թե տարիներ շարունակ ինչ վիթխարի քարոզչական գործ են կատարում մեր եղբայրները ամբողջատիրական կամ բռնապետական երկրներում։ Մենք անհամբեր սպասում ենք, որ այդ երկրներում, նախքան իրերի այս համակարգի վախճանը կգա, թերևս որոշակի ազատություն կլինի Թագավորության քարոզչության գործի հետ կապված։ Եհովայի ծառաներից շատերը, որոնք ապրում են արևմտյան երկրներում, մեծ եռանդով քարոզում են այն ուսանողներին, փախստականներին և ուրիշների, որոնք ժամանակավորապես բնակություն են հաստատել Արևմուտքում և դավանանքի ազատություն են վայելում։ Մեր մեծ ցանկությունն է, որ այդ անհատները, վերադառնալով տուն, շարունակեն ճառագել ճշմարտության լույսը անթափանց խավարում (Մատթէոս 5։14–16

«Տիրոջը հանձնիր քո ճանապարհը»

14. Ի՞նչ ապացույցներ կան, որ կարող ենք մեր հույսը Եհովայի վրա դնել։

14 Ի՜նչ թեթևացում ենք ապրում՝ իմանալով, որ մեր անհանգստություններն ու մեզ ճնշող ամեն բաները կարող են վերացվել։ Իսկ ինչպե՞ս։ Դավիթն ասում է. «Տիրոջը հանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսայ. եւ նա կ’կատարէ» (Սաղմոս 37։5)։ Մեր ժողովներում անհամար ապացույցներ ունենք, որ Եհովան մեր հուսալի պաշտպանն է (Սաղմոս 55։22)։ Բոլոր նրանք, ովքեր լիաժամ ծառայության մեջ են՝ ռահվիրաներ, շրջագայող վերակացուներ, միսիոներներ կամ Բեթելում ծառայող կամավորներ, կարող են վկայել, որ Եհովան իսկապես հոգ է տանում իր ծառաների մասին, և նա լիովին արժանի է մեր վստահությանը։ Ինչո՞ւ չխոսես նրանց հետ, ում ճանաչում ես, ու չհարցնես, թե ինչպես է Եհովան օգնել իրենց։ Անկասկած, դու կլսես բազմաթիվ դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ծանր ժամանակներում Եհովայի ձեռքը երբեք կարճ չի եղել։ Նա միշտ ապահովում է իր ծառաներին այն ամենով, ինչ որ անհրաժեշտ է ապրելու համար (Սաղմոս 37։25; Մատթէոս 6։25–34

15. Ի՞նչ կերպով է Աստծո ժողովրդի արդարությունը շողում։

15 Եթե Եհովային դարձնենք մեր հույսը և լիովին վստահենք նրան, ապա կարող ենք զգալ սաղմոսերգուի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «[Նա] քո արդարութիւնը դուրս կ’հանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս» (Սաղմոս 37։6)։ Հաճախ մեր մասին՝ որպես Եհովայի վկաների, սխալ տեղեկություններ են տարածում։ Բայց Եհովան բացում է ազնվասիրտ մարդկանց աչքերը և օգնում նրանց տեսնել, որ մեր հանրային ծառայությունը մենք անում ենք իր ու մերձավորի հանդեպ սիրուց մղված։ Միևնույն ժամանակ, մեր անբասիր վարքը չի կարող աննկատ մնալ, ինչքան էլ որ շատերը մեզ սխալ ներկայացնեն։ Եհովան պաշտպանում է մեզ, ինչպիսի հալածանք ու հակառակություն էլ որ մեր դեմ լինեն։ Որպես արդյունք, Աստծո ժողովրդի արդարությունը շողում է, ինչպես կեսօրվա արև (Ա Պետրոս 2։12

«Համբերիր.... սպասիր»

16, 17. Համաձայն Սաղմոս 37։7–ի՝ ի՞նչ անելու ժամանակ է հիմա և ինչո՞ւ։

16 Սաղմոսերգուի հաջորդ խոսքերն են. «Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը հաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է» (Սաղմոս 37։7)։ Այստեղ Դավիթը շեշտում է, որ հարկավոր է համբերատարությամբ սպասել, մինչև որ Եհովան գործի անցնի։ Ճիշտ է, այս համակարգի վախճանը դեռ չի եկել, բայց դա առիթ չէ գանգատվելու։ Մի՞թե չենք զգացել, որ Եհովան ավելի մեծ գթություն ու համբերություն ունի, քան սկզբում կարծում էինք։ Կարո՞ղ ենք ցույց տալ, որ մենք նույնպես համբերատարությամբ սպասում ենք՝ զբաղված լինելով բարի լուրի քարոզչությամբ նախքան վախճանի գալը (Մարկոս 13։10)։ Այժմ ժամանակն է խուսափելու անխոհեմ քայլերից, որոնք կարող են զրկել մեզ ուրախությունից և հոգևոր ապահովությունից։ Այժմ, ինչպես երբեք, ժամանակն է ուժգնորեն դիմադրելու սատանայական աշխարհի քայքայիչ ազդեցություններին։ Այժմ ժամանակն է պահպանել բարոյական անարատություն ու երբեք վտանգի չենթարկել մեր արդար դիրքը Եհովայի առջև։ Եկեք շարունակենք վանել անբարո մտքերը, շարունակենք խուսափել անվայել գործողություններից հակառակ սեռի, և ինչու չէ, նաև միևնույն սեռի հանդեպ (Կողոսացիս 3։5

17 «Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը,— խորհուրդ է տալիս Դավիթը.— մի բարկանար՝ որ չար չ’գործես։ Որովհետեւ չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն» (Սաղմոս 37։8, 9)։ Այո՛, մենք կարող ենք վստահությամբ նայել այն ժամանակներին, որ այնքան մոտ են, երբ Եհովան արմատախիլ կանի երկրից ամեն այլասերվածություն և նրանց, ովքեր պատասխանատու են դրա համար։

«Դեռ մի քիչ ժամանակ էլ»

18, 19. Ի՞նչ քաջալերական մտքեր ես կարդում Սաղմոս 37։10–ում։

18 «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ» (Սաղմոս 37։10)։ Որքա՜ն են այս խոսքերը քաջալերում մեզ, մինչ մոտենում է այս համակարգի և մարդկանց աստվածանկախ կործանարար ընթացքի վախճանը։ Մարդու կողմից ստեղծված ցանկացած կառավարություն անփառունակ վախճան է ունեցել։ Այժմ մոտենում ենք այն ժամանակներին, երբ կտիրի Աստծո իշխանությունը՝ ճշմարիտ աստվածապետությունը, այն է՝ Եհովայի Թագավորությունը, որը գլխավորում է Հիսուս Քրիստոսը։ Այդ իշխանությունը լիովին իր հսկողության տակ կառնի աշխարհի գործերը և ասպարեզից կհեռացնի Աստծո Թագավորության բոլոր հակառակորդներին (Դանիէլ 2։44

19 Նոր աշխարհում Աստծո Թագավորության ներքո, որքան էլ փնտրես, միևնույն է, չես գտնի ‘ամբարշտին’։ Եվ իրոք, ցանկացած անհատ, եթե այն ժամանակներում Եհովայի դեմ դուրս գա, արագորեն կհեռացվի։ Այնտեղ չի լինի այնպիսի մարդ, որը ոտնձգություն անի Աստծո գերիշխանության դեմ կամ էլ չկամենա ենթարկվել նրա իշխանությանը։ Քո բոլոր մերձավորները միավորված կլինեն նույն ցանկությամբ՝ հաճելի լինել Եհովային։ Ի՜նչ ապահովություն կլինի՝ չկան կողպեքներ, չկան սողնակներ. ոչինչ չի խաթարի մարդկանց լիակատար վստահությունն ու երջանկությունը (Եսայիա 65։20; Միքիա 4։4; Բ Պետրոս 3։13

20, 21. ա) Ովքե՞ր են «հեզերը», ինչպես գրված է Սաղմոս 37։11–ում (ԱԱ), և որտե՞ղ են նրանք ‘խաղաղության առատություն’ գտնում։ բ) Ի՞նչ օրհնություններ կստանանք, եթե ընդօրինակենք Մեծ Դավիթին։

20 Այն ժամանակ «հեզերը պիտի ժառանգեն երկիրը» (Սաղմոս 37։11ա, ԱԱ)։ Իսկ ովքե՞ր են «հեզերը»։ «Հեզ» թարգմանված բառն ունի այնպիսի արմատ, որը նշանակում է՝ վշտացնել, խոնարհեցնել, նվաստացնել։ Այո՛, «հեզերը» նրանք են, ովքեր խոնարհաբար սպասում են Եհովային, որ նա շտկի այն բոլոր անարդարությունները, որ արվել են իրենց հանդեպ։ Նրանք «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11բ)։ Նույնիսկ այժմ մենք կարող ենք խաղաղության առատություն վայելել այն հոգևոր դրախտում, որ գոյություն ունի ճշմարիտ քրիստոնեական ժողովում։

21 Մենք դեռևս ազատված չենք վշտերից, բայցևայնպես աջակցում ենք միմյանց և մխիթարում ենք ճնշվածներին։ Դրա շնորհիվ Եհովայի ժողովրդի անդամները ներքին բավարարվածություն են զգում։ Որպես հովիվ նշանակված եղբայրները սիրով հոգ են տանում, որ մեր հոգևոր, իսկ երբեմն նաև ֆիզիկական կարիքները բավարարվեն։ Դրանով նրանք զորացնում են մեզ, որպեսզի կարողանանք տոկալ հանուն արդարության մեր կրած զրկանքները (Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 11, 12ա; Ա Պետրոս 5։2, 3)։ Որքա՜ն թանկ է այդ խաղաղությունը։ Մենք նաև ունենք հավիտենական կյանքի հույսը՝ ապրելու խաղաղ Դրախտում, որ շուտով կհաստատվի։ Թող որ ընդօրինակենք Մեծ Դավիթին՝ Հիսուս Քրիստոսին, որն այնպիսի եռանդ ուներ, որ մղեց նրան մինչև վերջ հավատարմորեն ծառայել Եհովային (Ա Պետրոս 2։21)։ Վարվելով այսպես՝ մենք միշտ երջանիկ լինել ու կշարունակենք փառաբանել նրան, որով ցնծում ենք՝ մեր Աստծուն՝ Եհովային։

[ծանոթագրություն]

^ պարբ. 12 Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

Կարո՞ղ ես պատասխանել

• Ինչե՞ր սովորեցիր Սաղմոս 37։1, 2–ից։

• Ինչպե՞ս կարող ես ‘ցնծալ Տերով’։

• Մեր հույսը Եհովայի վրա դնելու ի՞նչ հիմքեր ունենք։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 9–րդ էջի վրա]

Քրիստոնյաները ‘չեն նախանձում անօրենություն գործողներին’

[նկար 10–րդ էջի վրա]

«Տիրոջը յուսայ եւ բարի արա»

[նկար 11–րդ էջի վրա]

Ցնծա Եհովայով՝ հնարավորին չափ շատ բաներ սովորելով նրա մասին

[նկար 12–րդ էջի վրա]

«Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»