Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը օգնո՞ւմ է դաստիարակել երեխաներին

Աստվածաշունչը օգնո՞ւմ է դաստիարակել երեխաներին

Աստվածաշունչը օգնո՞ւմ է դաստիարակել երեխաներին

ԽՈԼՈՐՁԸ շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց այն դժվար է աճեցնել։ Այս հարցում հաջողության հասնելու համար հարկավոր է հետևել, որ սենյակում բավականաչափ լույս և ջերմություն լինի։ Նաև մեծ նշանակություն ունի, թե ինչ չափի է ծաղկամանը։ Խոլորձը չի աճում ամեն տեսակի հողում և ոչ բոլոր պարարտանյութերին է դիմանում։ Ծաղիկը կարող է հեշտությամբ հիվանդանալ կամ վնասվել միջատների կողմից։ Ուստի սովորաբար առաջին անգամից մարդիկ չեն կարողանում աճեցնել այն։

Երեխա մեծացնելը շատ ավելի դժվար ու բարդ խնդիր է, որի իրականացման համար նույնպես մեծ ուշադրություն և խնամք է հարկավոր։ Այդ պատճառով երբ հարցը վերաբերում է երեխա դաստիարակելուն, ծնողները սովորաբար իրենց անվստահ են զգում։ Շատերը տեսնում են, որ օգնության կարիք ունեն, ինչպես որ խոլորձ աճեցնողն է մասնագետի խորհրդի կարիք ունենում։ Վստահաբար, յուրաքանչյուր ծնող կցանկանա այս հարցում ստանալ լավագույն խորհուրդները։ Իսկ որտե՞ղ կարելի է գտնել դրանք։

Թեպետ Աստվածաշունչը երեխաների դաստիարակությանը նվիրված գիրք չէ, այն գրի առնողները Արարչի ներշնչմամբ բազմաթիվ գործնական խորհուրդներ են արձանագրել տվյալ հարցի վերաբերյալ։ Գրություններում շեշտվում է երեխայի մեջ ցանկալի հատկություններ մշակելու կարևորությունը. մի բան, որ շատերի կարծիքով՝ հաճախ անուշադրության է մատնվում (Եփեսացիս 4։22–24)։ Այս առումով Աստվածաշնչի խորհուրդները առանձնահատուկ կերպով են օգնում ծնողներին հավասարակշռվածություն ցուցաբերելով դաստիարակել երեխաներին։ Այդ խորհուրդներն արդեն օգուտ են բերել հազարավոր անհատների՝ անկախ այն բանից, թե որ դարաշրջանում են նրանք ապրել և ինչ ծագում են ունեցել։ Ուստի կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները՝ դուք կկարողանաք հաջողության հասնել ձեր երեխաների դաստիարակության մեջ։

Օրինակը լավագույն դաստիարակությունն է

«Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։ Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում» (Հռովմայեցիս 2։21, 22

Սեուլի կրթության վարչության նախագահներից մեկն ասում է. «Խոսքով և գործով ցույց տված օրինակը երեխայի դաստիարակության լավագույն մեթոդն է»։ Եթե ծնողն իր վարքով և խոսելաձևով լավ օրինակ չի ծառայում, բայց, միևնույն ժամանակ, այդ առնչությամբ կոնկրետ խորհուրդներ է տալիս, երեխան միանգամից եզրակացնում է, որ նա կեղծավոր է։ Ծնողի խոսքը կորցնում է իր ուժը։ Ուստի եթե ծնողը ցանկանում է ազնվություն սովորեցնել երեխային, ապա առաջին հերթին ինքը պետք է ազնիվ լինի։ Շատ հաճախ է պատահում, որ չցանկանալով պատասխանել հեռախոսային զանգին՝ ծնողը երեխային պատվիրում է. «Ասա՝ հայրիկը (մայրիկը) տանը չէ»։ Նման ձևով դաստիարակվող երեխան կընկնի շփոթության մեջ։ Եթե հետագայում նա հայտնվի դժվար իրավիճակում, ապա ամենայն հավանականությամբ կսկսի ստել՝ առանց խղճի խայթ զգալու։ Հետևաբար եթե ծնողներն իսկապես ուզում են, որ իրենց երեխան ազնիվ անձնավորություն լինի, նախ պետք է իրենք խոսեն ու գործեն ազնվաբար։

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխան խոսի արժանավայել կերպով։ Ուրեմն օրինակ ծառայեք, և նա անմիջապես կընդօրինակի ձեզ։ Ահա թե ինչ է ասում Սանգ–​սիկը, որ չորս երեխաների հայր է. «Ես ու կինս որոշեցինք անվայել խոսքեր չօգտագործել։ Մենք հարգանք էինք ցուցաբերում իրար հանդեպ և չէինք բարձրացնում մեր ձայնը, նույնիսկ երբ նեղված էինք կամ զայրացած։ Լավ օրինակը անհամեմատ ավելի ազդեցիկ էր, քան սոսկ խոսքերը։ Մենք ուրախությամբ տեսնում ենք, որ երեխաները ուրիշների հետ զրուցում են հարգալից և քաղաքավարի կերպով»։ Գաղատացիս 6։8–ում Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ»։ Եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան հետևի բարձր բարոյական չափանիշների, ապա նախ պետք է սեփական օրինակով ցույց տա, որ ապրում է այդ չափանիշներով։

Պահպանեք բաց հաղորդակցություն

«Կրկնիր [Աստծո պատվիրանները] քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։7

Գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր արտաժամ են աշխատում։ Եթե աշխատում է թե՛ հայրը և թե՛ մայրը, դա մեծապես անդրադառնում է երեխաների վրա։ Ծնողները ավելի քիչ ժամանակ են անցկացնում նրանց հետ։ Աշխատանքից հետո ստիպված են լինում զբաղվել տնային գործերով, ուստի գրեթե միշտ հոգնած են լինում։ Նման դեպքում ինչպե՞ս է հնարավոր բաց հաղորդակցություն պահպանել երեխաների հետ։ Կարող եք տնային գործերը միասին կատարել և առիթն օգտագործել նրանց հետ զրուցելու համար։ Մի ընտանիքի հայր նույնիսկ ձերբազատվեց հեռուստացույցից, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա իր երեխաների հետ խոսելու։ Նա պատմում է. «Սկզբում երեխաները ձանձրանում էին, բայց քանի որ մենք միասին խաղում էինք միտք խթանող խաղեր և քննարկում էինք հետաքրքիր գրքեր, նրանք աստիճանաբար հարմարվեցին այդ փոփոխությանը»։

Շատ կարևոր է, որ երեխաները փոքրուց կարողանան հաղորդակցվել իրենց ծնողների հետ։ Եթե այդպես չլինի, ապա պատանեկան բարդ շրջանում նրանք չեն կարողանա ծնողներին իրենց ընկերը համարել և պատմել իրենց խնդիրների մասին։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացել իրենց սիրտը ձեր առաջ։ Առակաց 20։5–ում ասվում է. «Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ»։ Կարող եք հարցեր տալ՝ փորձելով պարզել նրանց տեսակետը։ Օրինակ՝ «ի՞նչ ես կարծում» հարցի օգնությամբ ծնողները կարող են մղել երեխաներին արտահայտել իրենց մտքերն ու խոսել իրենց զգացմունքների մասին։

Իսկ ինչպե՞ս կվարվեք, եթե ձեր երեխան լուրջ սխալ գործի։ Նման պարագաներում նա հոգատարության և ուշադրության կարիք ունի։ Երեխային լսելիս զսպեք ձեր զգացմունքները։ Ահա թե սեփական փորձից ինչ է պատմում մի հայր. «Երբ երեխան սխալ է գործում, ես ջանք եմ թափում հանգստություն պահպանել։ Նստում եմ ու սկսում եմ լսել նրա բացատրությունները։ Ձգտում եմ պատկերացնել իրավիճակը։ Երբ զգում եմ, որ այլևս չեմ կարողանում տիրապետել ինքս ինձ, մի փոքր դադար եմ տալիս, որպեսզի հանգստանամ»։ Եթե զսպեք ձեր զգացմունքներն ու պատրաստ լինեք լսելու, ապա ձեր տված պատիժը շատ ավելի հեշտությամբ կընդունվի։

Սիրով տրված խրատը շատ կարևոր է

«Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4

Լավ արդյունքների հասնելու համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեք այն բանին, թե ինչպես եք տալիս սիրուց բխող խրատը։ Ո՞ր դեպքում ծնողները ‘կբարկացնեն իրենց որդիներին’։ Երեխան կսկսի հակառակվել, եթե պատիժն այնքան խիստ լինի, որ չհամապատասխանի կատարված սխալի լրջությանը, կամ եթե տրվի խիստ քննադատական կերպով։ Խրատը պետք է բոլոր դեպքերում սիրով տրվի (Առակաց 13։24)։ Եթե դիմեք երեխայի տրամաբանությանը, նա կհասկանա, որ ձեր խրատը բխում է սիրուց (Առակաց 22։15; 29։19

Սակայն լավ կլինի, որ երեխան կրի իր սխալ վարքի անցանկալի հետևանքները։ Օրինակ՝ եթե նա որևէ վատ բան է արել ուրիշին, կարող եք պահանջել, որ ներողություն խնդրի։ Կամ եթե նա չի ենթարկվում ընտանիքում ընդունված կանոններին, կարող եք զրկել նրան որոշ հաճելի զբաղմունքներից՝ ցույց տալու համար, որ կարգուկանոն պահպանելը կարևոր է։

Ճիշտ կլինի, որ խրատը տրվի ժամանակին։ Ժողովող 8։11–ում նշվում է. «Չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու»։ Նույնը կարելի է ասել երեխաների մասին. նրանցից շատերը ստուգում են, թե արդյոք կկարողանան խուսափել պատժից, եթե որևէ չարություն անեն։ Ուստի եթե նախապես զգուշացրել եք, որ տվյալ բանն անելու համար կպատժեք նրանց, անպատճառ այդպես էլ վարվեք։

Առողջ հանգիստը արժեքավոր է

«Կայ.... ծիծաղելու ժամանակ.... եւ պարելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4

Ազատ ժամանակը, ինչպես նաև առողջ ու հավասարակշռված հանգիստը չափազանց կարևոր են երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար։ Երբ ծնողները իրենց հանգստի ժամն անցկացնում են երեխաների հետ, ընտանեկան կապերն ամրանում են, և երեխաները ապահովության զգացում են ձեռք բերում։ Ինչո՞վ կարող են զբաղվել ընտանիքի անդամներն իրենց հանգիստը միասին անցկացնելիս։ Եթե ժամանակ հատկացնեք այդ մասին մտածելուն, բազմաթիվ հաճելի զբաղմունքներ կգտնեք։ Կարելի է զբաղվել սպորտով, օրինակ՝ հեծանիվ քշել, թենիս, բադմինթոն կամ վոլեյբոլ խաղալ։ Իսկ ինչպիսի՜ ուրախություն կապրեք, եթե երաժշտական գործիքներով միասին որևէ բան նվագեք։ Հաճելի հիշողություններ կունենանք նաև, եթե ժամանակ անցկացնեք բնության գրկում։

Նման պարագաներում ծնողները կարող են երեխաներին օգնել հավասարակշռված տեսակետ զարգացնել հանգստի նկատմամբ։ Ահա թե ինչ է ասում մի քրիստոնյա տղամարդ, որը երեք որդի ունի. «Հնարավորության սահմաններում աշխատում եմ երեխաներիս հետ լինել, երբ նրանք հանգստանում են։ Օրինակ՝ եթե նրանք համակարգչային խաղեր են խաղում, հարցեր եմ տալիս այդ խաղերի վերաբերյալ։ Երբ երեխաները ոգևորությամբ սկսում են բացատրություններ տալ, առիթն օգտագործելով՝ խոսում եմ ժամանցի սխալ ձևերի վտանգավորության մասին։ Ես նկատել եմ, որ նրանք մերժում են ժամանցի անպատեհ ձևերը»։ Այո, այն երեխաները, ովքեր ստանում են ընտանեկան հանգստից եկող ուրախությունը, քիչ են հակված բռնություն, անբարոյականություն և թմրամոլություն ներկայացնող հեռուստատեսային ծրագրեր, տեսաֆիլմեր ու կինոնկարներ դիտելու, ինչպես նաև Ինտերնետով նման խաղեր խաղալու։

Օգնեք ճիշտ ընտրել ընկերներին

«Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20

Մի քրիստոնյա հայր, որը հաջողությամբ չորս երեխա է մեծացրել, ասում է. «Չպետք է թերագնահատել ընկերների ճիշտ ընտրության կարևորությունը։ Մի վատ ընկերը կարող է ջուրը գցել ձեր ողջ աշխատանքը»։ Որպեսզի իր երեխաները կարողանային ճիշտ ընտրել իրենց ընկերներին, նա խոհեմաբար տալիս էր այսպիսի հարցեր. «Ո՞վ է քո ամենամոտիկ ընկերը։ Ինչո՞ւ ես նրան սիրում։ Նրա բնավորության ո՞ր գծերը դու էլ կցանկանայիր ունենալ»։ Իսկ մեկ ուրիշ ծնող իրենց տուն էր հրավիրում երեխաների մտերիմ ընկերներին։ Նա հետևում էր այդ ընկերների վարքին ու իր երեխաներին համապատասխան խորհուրդներ էր տալիս։

Շատ կարևոր է նաև, որ սովորեցնեք երեխաներին ընկերություն անել ոչ միայն իրենց հասակակիցների հետ, այլև տարիքով իրենցից մեծ մարդկանց։ Օրինակ՝ Բամ–​շանը, որը երեք որդի ունի, ասում է. «Ես օգնում եմ երեխաներիս հասկանալ, որ պարտադիր չէ ընկերներ ընտրել հասակակիցների միջից, ինչպես դա երևում է Դավիթի և Հովնաթանի մասին պատմող աստվածաշնչյան օրինակից։ Մեր տուն եմ հրավիրում տարբեր տարիքի քրիստոնյաների, որպեսզի շփվեն երեխաներիս հետ։ Արդյունքում նրանք հաճախ են հաղորդակցվում այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց հասակակիցները չեն»։ Օրինակելի մեծահասակների հետ շփվելը երեխաներին շատ բան սովորելու հնարավորություն է տալիս։

Դուք կարող եք հաջողությամբ դաստիարակել ձեր երեխաներին

Միացյալ Նահանգներում անցկացված մի հետազոտության համաձայն՝ շատ ծնողներ համեմատաբար քիչ հաջողությունների են հասել իրենց երեխաների մեջ ինքնատիրապետում, ինքնակարգապահություն, ազնվություն և նման այլ հատկություններ զարգացնելու հարցում։ Ինչո՞ւ է դա այդքան դժվար։ Հետազոտությանը մասնակցած մի մայր ասաց. «Ցավոք, երեխաներին պաշտպանելու միակ ձևը սենյակի մեջ նրանց փակելն է, որպեսզի ընդհանրապես դուրս չգան աշխարհ»։ Նա ուզում էր ասել, որ այսօր երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում, որը երբեք այսքան վատը չի եղել։ Մի՞թե նման պարագայում իսկապես հնարավոր է հաջողությամբ դաստիարակել երեխաներին։

Եթե ցանկանաք խոլորձ աճեցնել, սակայն վախենաք, որ այն կչորանա, հնարավոր է՝ հրաժարվեք այդ մտքից։ Բայց եթե համապատասխան մասնագետը մի քանի լավ խորհուրդներ տա և վստահեցնի, որ դրանց հետևելով՝ հաջողության կհասնեք, որքա՜ն ավելի հանգիստ կզգաք ձեզ։ Եհովան, որ մարդու էությանը առնչվող հարցերի Մեծագույն Մասնագետն է, տալիս է երեխա դաստիարակելու լավագույն խորհուրդներից մեկը. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։6)։ Եթե կրթեք երեխաներին Աստվածաշնչի խորհուրդներին ներդաշնակ, ամենայն հավանականությամբ ուրախությամբ կտեսնեք, որ նրանք մեծանում են որպես ուրիշների հանդեպ ուշադիր, բարոյական և պատասխանատու անհատներ։ Այդ դեպքում նրանք կվայելեն ոչ միայն մարդկանց սերը, այլև, որ ամենակարևորն է, մեր երկնային Հայր Եհովայի։