Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դաստիարակության խնդիրներն այսօր

Դաստիարակության խնդիրներն այսօր

Դաստիարակության խնդիրներն այսօր

ՈՒՇ ԵՐԵԿՈ է։ Ռեստորանի տերը պատրաստվում է փակել սրահը և գնալ տուն։ Հանկարծ ներս են մտնում երկու կին ու մի երեխա և ուտելիք են պատվիրում։ Տերը շատ հոգնած է։ «Ռեստորանն արդեն փակ է»,— ուզում է բացականչել նա, սակայն որոշում է սպասարկել այցելուներին։ Մինչ երկու կանայք ուտում են և զրուցում, երեխան այս ու այն կողմ է վազվզում՝ գետնին թափելով ուտելիքը և տրորելով այն։ Նրան սաստելու փոխարեն՝ մայրը ժպտում է։ Երբ հաճախորդներն ի վերջո հեռանում են, ուժասպառ եղած տերը ստիպված է լինում մաքրել հատակի վրա տրորված ուտելիքը։

Կյանքից վերցված այս դեպքը ցույց է տալիս, որ շատ ընտանիքներում երեխաների դաստիարակությունը բարձր մակարդակի վրա չէ, և դուք հավանաբար տեղյակ եք այդ փաստին։ Պատճառները տարբեր են։ Որոշ ծնողներ թույլ են տալիս երեխաներին անել նրանց խելքին փչած ցանկացած բան՝ մտածելով, թե երեխան պետք է ազատ մեծանա։ Կամ էլ նրանք այնքան զբաղված են լինում, որ չեն կարողանում ժամանակ հատկացնել երեխաներին և դաստիարակել նրանց, ինչպես հարկն է։ Իսկ որոշ ծնողներ մտածում են, թե ամենակարևորը կրթությունն է։ Ուստի նրանք գրեթե ոչ մի հարցում չեն սահմանափակում երեխային, եթե վերջինս դպրոցում լավ գնահատականներ է ստանում կամ ընդունվում է որևէ բարձրակարգ ուսումնական հաստատություն։

Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ասում են, որ ինչպես ծնողները, այնպես էլ հասարակությունը պետք է փոխեն իրենց սկզբունքները։ Պատճառը, նրանց խոսքերով, այն է, որ երեխաները գնալով ավելի են ներգրավվում ամեն տեսակի հանցագործությունների մեջ, և օրըստօրե մեծանում է դպրոցում կատարվող բռնությունների թիվը։ Սեուլի (Կորեայի հանրապետություն) միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը շեշտում է այն միտքը, որ առաջին հերթին հարկավոր է մշակել երեխայի բնավորությունը։ Նա ասում է. «Նախ կերտիր լավ բնավորություն և հետո գլուխը լցրու գիտելիքներով»։

Սակայն շատ ծնողներ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխան լավ կրթություն ստանա և կյանքում հաջողության հասնի, անտեսում են այս խորհուրդները։ Եթե դուք ծնող եք, ապա ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել ձեր երեխային, երբ նա մեծանա։ Որպես պատասխանատվության զգացում ունեցող բարոյական անձնավորությա՞ն։ Որպես ուրիշների հանդեպ ուշադիր, հարմարվող և դրականորեն տրամադրված անհատի՞։ Եթե այո, ապա հաջորդ հոդվածը կարող է օգնել ձեզ այս հարցում։