Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդունիր կենդանի Աստծո առաջնորդությունը

Ընդունիր կենդանի Աստծո առաջնորդությունը

Ընդունիր կենդանի Աստծո առաջնորդությունը

«Ետ դա[րձեք] դէպի կենդանի Աստուածը. որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է» (Գործք 14։14

1, 2. Ինչո՞ւ է տեղին ընդունել, որ Եհովան «կենդանի Աստուած» է։

ԱՅՆ բանից հետո, երբ Պողոսն ու Բառնաբասը Լյուստրայում բուժեցին մի մարդու, Պողոսը ականատեսներին վստահեցրեց. «Մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է» (Գործք 14։14

2 Որքա՜ն ճշմարիտ է, որ Եհովան ոչ թե անկենդան կուռք է, այլ «կենդանի Աստուած» (Երեմիա 10։10; Ա Թեսաղոնիկեցիս 1։9, 10)։ Բացի այն, որ Եհովան ինքը կյանք ունի, նա նաև մեր կյանքի Աղբյուրն է։ «Նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը» (Գործք 17։25)։ Նա հետաքրքրված է նրանով, որ մենք վայելենք կյանքը՝ ներկա և ապագա։ Պողոսն ավելացրեց. «[Աստված] իրան առանց վկայութեան չ’թողեց, բարերարութիւն անելով երկնքիցը տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով» (Գործք 14։16

3. Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստծո տված առաջնորդությանը։

3 Այն, որ Աստված հետաքրքրվում է մեր կյանքով, հիմնավոր պատճառ է վստահելու նրա առաջնորդությանը (Սաղմոս 147։8; Մատթէոս 5։45)։ Ոմանք գուցե այլ կերպ են արձագանքում, երբ Աստվածաշնչում կարդում են այնպիսի պատվիրան, որն անհասկանալի է կամ որը, ըստ իրենց, սահմանափակում է մարդու ազատությունը։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ իմաստուն է Եհովայի առաջնորդությանը վստահելը։ Լուսաբանենք։ Եթե իսրայելացին չհասկանար էլ դիակի ձեռք չտալու մասին օրենքը, նա, ենթարկվելով դրան, օգուտներ կստանար. նախ՝ ավելի կմոտենար կենդանի Աստծուն, երկրորդ՝ դա կօգներ նրան խուսափելու հիվանդություններից (Ղեւտացոց 5։2; 11։24

4, 5. ա) Նախաքրիստոնեական ժամանակներում ի՞նչ առաջնորդություն էր Եհովան տվել արյան առնչությամբ։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ այդ առաջնորդությունը վերաբերում է նաև քրիստոնյաներին։

4 Աստված նման առաջնորդություն է տալիս նաև արյան առնչությամբ։ Նա ասաց Նոյին, որ մարդիկ չպետք է արյուն գործածեն։ Հետագայում Աստված, տալով Օրենքը, բացահայտեց, որ արյուն գործածելու միակ ընդունելի ձևը զոհասեղանի վրա մեղքերի թողություն ստանալու նպատակով օգտագործելն է։ Այս հրահանգների միջոցով Աստված հող էր պատրաստում արյունը շատ ավելի վեհ ձևով օգտագործելու համար. Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով կյանքեր էին փրկվելու (Եբրայեցիս 9։14)։ Այո՛, առաջնորդություն տալով՝ Աստված մտածում էր մեր կյանքի ու բարօրության մասին։ Քննարկելով Ծննդոց 9։4–ը՝ 19–րդ դարի աստվածաշնչագետ Ադամ Քլարկը գրել է. «Արևելքի քրիստոնյաները ամենայն մանրամասնությամբ մինչև օրս պահում են [Նոյին տրված] այս պատվերը.... Ոչ մի արյուն չէր ուտվում օրենքի ներքո, քանի որ օրենքը մատնանշում էր այն արյունը, որ աշխարհի մեղքի համար պետք է թափվեր. Ավետարանի ներքո նույնպես արյուն չպետք է ուտվեր, քանի որ դա պետք է միշտ համարվեր իբրև մի բան, որը ներկայացնում է այն արյունը, որ թափվել էր մեղքերի թողության համար»։

5 Այս մասնագետը գուցե ի նկատի ուներ ավետարանի, կամ՝ բարի լուրի հիմնական ասելիքը, որը կենտրոնանում է Հիսուսի վրա։ Դրա մեջ մտնում է այն, որ Աստված ուղարկեց իր Որդուն՝ մահանալու մեզ համար, թափելու իր արյունը, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 5։8, 9)։ Քլարկի տված մեկնաբանությունը առնչվում է նաև հետագայում Քրիստոսի հետևորդներին տրված պատվերին, այն է՝ հեռու մնալ արյունից։

6. Արյան վերաբերյալ ի՞նչ հրահանգներ տրվեցին քրիստոնյաներին և ինչո՞ւ։

6 Ինչպես գիտես, Աստված իսրայելացիներին հարյուրավոր հրահանգներ տվեց։ Հիսուսի մահից հետո նրա աշակերտներն այլևս պարտավոր չէին պահել այդ բոլոր օրենքները (Հռովմայեցիս 7։4, 6; Կողոսացիս 2։13, 14, 17; Եբրայեցիս 8։6, 13)։ Սակայն ժամանակի ընթացքում հարց առաջացավ մի կարևոր պարտավորության հետ կապված. դա տղամարդկանց թլփատությունն էր։ Պե՞տք էր, որ այն ոչ հրեաները, ովքեր ցանկանում էին օգուտներ քաղել Հիսուսի թափած արյունից, թլփատվեին, ինչով և ցույց կտային, որ դեռևս Օրենքի տակ են։ Մ.թ. 49–ին քրիստոնյաների կառավարիչ մարմինը հանձն առավ այդ խնդրի լուծումը (Գործք, 15–րդ գլուխ)։ Աստծո ոգու առաջնորդությամբ առաքյալները և երեցները եկան եզրակացության, որ պարտադիր թլփատման անհրաժեշտությունը վերացել է Օրենքի հետ մեկտեղ։ Բայցևայնպես, Աստծո որոշ պահանջներ շարունակում էին ուժի մեջ մնալ քրիստոնյաների համար։ Ժողովներին ուղղված նամակում կառավարիչ մարմինը գրեց. «Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։ Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք» (Գործք 15։28, 29

7. Որքանո՞վ է կարևոր քրիստոնյաների համար ‘հեռու կենալը արյունից’։

7 Միանգամայն հստակ է, որ կառավարիչ մարմինը բարոյական տեսանկյունից ‘արյունից հեռու կենալը’ համարում էր նույնքան կարևոր, ինչքան որ սեռական անբարոյությունից կամ կռապաշտությունից հեռու մնալը։ Սա վկայում է, որ արյան վերաբերյալ եղած արգելքը լուրջ է։ Այն քրիստոնյաները, ովքեր կռապաշտություն կամ սեռական անբարոյություն են անում ու չեն զղջում, չեն կարող «Աստուծոյ արքայութիւնը.... ժառանգիլ». նրանց «բաժինը.... կ’լինի.... երկրորդ մահը» (Ա Կորնթացիս 6։9, 10; Յայտնութիւն 21։8; 22։15)։ Ուշադրություն դարձրու հետևյալ հակադրությանը. արյան սրբության վերաբերյալ Աստծո առաջնորդությունը հաշվի չառնելը կարող է հանգեցնել հավիտենական մահվան, այնինչ Հիսուսի զոհագործությանը հարգանքով վերաբերվելը կարող է առաջնորդել հավիտենական կյանքի։

8. Ի՞նչն է վկայում, որ վաղ քրիստոնյաները արյան վերաբերյալ Աստծո առաջնորդությանը լուրջ էին մոտենում։

8 Ինչպե՞ս էին վաղ քրիստոնյաները հասկանում արյան վերաբերյալ Աստծո տված առաջնորդությունը և վարվում դրա համաձայն։ Հիշենք Քլարկի մեկնաբանությունը. «Ավետարանի ներքո նույնպես արյուն չպետք է ուտվեր, քանի որ դա պետք է միշտ համարվեր իբրև մի բան, որը ներկայացնում է այն արյունը, որ թափվել էր մեղքերի թողության համար»։ Պատմությունը հաստատում է, որ վաղ քրիստոնյաները այս հարցին լրջորեն էին մոտենում։ Տերտուլիանոսը գրել է. «Տես դրանց, ովքեր անհագ ագահությամբ արենաներում տեղի ունեցող մարտերի ժամանակ վերցնում են չար ոճրագործների թարմ արյունը.... և տանում, որպեսզի բուժեն իրենց ընկնավորությունը»։ Տերտուլիանոսը, քրիստոնյաներին հակադրելով հեթանոսներին, որոնք արյուն էին գործածում, ասում է. «[Քրիստոնյաները] սննդի մեջ չեն օգտագործում նույնիսկ կենդանիների արյունը.... Քրիստոնյաներին փորձության ենթարկելիս դուք նրանց առաջարկում եք արյուն պարունակող երշիկներ։ Դուք, իհարկե, լավ գիտեք, որ դա նրանց համար անօրենություն է»։ Այո, չնայած մահվան սպառնալիքին՝ քրիստոնյաները չէին ուտում կամ խմում արյուն։ Աստծո առաջնորդությունը շատ կարևոր էր նրանց համար։

9. Բացի բառացիորեն արյուն չուտելուց, ուրիշ ի՞նչ էր մտնում արյունից հեռու մնալու մեջ։

9 Ոմանք գուցե կարծում են, թե կառավարիչ մարմինը պարզապես նկատի ուներ, որ քրիստոնյաները չպետք է բառացի արյուն ուտեին կամ խմեին կամ ուտեին արյունը չթափված միս կամ արյուն պարունակող կերակուր։ Ճիշտ է, որ Աստծո կողմից Նոյին տրված պատվերի առաջին իմաստը դա էր, և որ առաքյալները պատվիրեցին քրիստոնյաներին ‘զգուշանալ խեղդվածից’՝ այն մսից, որից արյունը չէր հեռացվել (Ծննդոց 9։3, 4; Գործք 21։25)։ Բայց վաղ քրիստոնյաները գիտեին, որ արյունից հեռու մնալը ավելին էր նշանակում։ Երբեմն արյունը գործածում էին բժշկական նկատառումներով։ Ինչպես նշել է Տերտուլիանոսը, որոշ հեթանոսներ ընկնավորությունը բուժելու նպատակով թարմ արյուն էին օգտագործում։ Բացի այդ, թերևս կային արյան գործածության այլ ձևեր, որոնք կիրառվում էին հիվանդություն բուժելու կամ, ինչպես ենթադրվում է, առողջությունը բարելավելու նպատակով։ Հետևաբար այն, որ քրիստոնյաները խուսափում էին արյունից, նշանակում էր, որ նրանք «բժշկական» նկատառումներով արյուն չէին գործածում։ Նրանք այդ տեսակետին էին մնում նույնիսկ այն դեպքում, եթե դրա պատճառով իրենց կյանքին վտանգ էր սպառնում։

Արյունը որպես դեղամիջոց

10. Բժշկության մեջ ի՞նչ ձևերով է արյունը գործածվում, և դրանք ի՞նչ հարց են առաջ քաշում։

10 Ներկայումս բժշկական նպատակներով արյուն գործածելը սովորական երևույթ է դարձել։ Նախկինում ամբողջական արյուն էին ներարկում մարդուն. արյունը դոնորից վերցնում էին, պահում, հետո ներարկում հիվանդին, որը կարող էր լինել, օրինակ, մարտադաշտում վիրավորված զինվոր։ Ժամանակի ընթացքում հետազոտողները սովորեցին արյունը բաժանել հիմնական բաղադրիչների։ Ունենալով արյան առանձին բաղադրիչներ՝ բժիշկներն արդեն հնարավորություն ունեին ավելի շատ հիվանդների ներարկում անել, ասենք՝ արյան պլազման կարող էին մեկին ներարկել, իսկ կարմիր գնդիկները (էրիթրոցիտները) մյուսին։ Հետագա հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ, օրինակ, արյան պլազման կարելի է իր հերթին բաժանել բազմաթիվ մասնիկների, որոնք կարելի է է՛լ ավելի շատ հիվանդների տալ։ Այս ուղղությամբ շարունակվում են քայլեր արվել, և տեղեկություններ կան այդ մասնիկների նոր գործածությունների մասին։ Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի դրանց գործածությանը։ Ենթադրենք՝ նա հաստատապես վճռել է երբեք արյան փոխներարկում չկատարել, սակայն բժիշկը հորդորում է նրան ընդունել միայն մեկ հիմնական բաղադրիչ՝ գուցե էրիթրոցիտար զանգված։ Կամ բուժումը կարող է իրենից ներկայացնել մեկ փոքր մասնիկի ներարկում, որը կորզվել է բաղադրիչից։ Ինչպե՞ս կարող է Աստծո ծառան վարվել նման դեպքերում՝ հիշելով, որ արյունը սուրբ է, և որ Քրիստոսի արյունը կյանք փրկելու զորություն ունի բառիս իսկական իմաստով։

11. Ո՞րն է Եհովայի վկաների դիրքորոշումը արյան առնչությամբ, որը նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ ունեն, և բժշկական տեսակետից ճշգրիտ է։

11 Եհովայի վկաները տասնամյակներ առաջ իրենց դիրքորոշումը հստակեցրել են։ Օրինակ՝ նրանց կողմից մի հոդված է տպագրվել «Ամերիկյան բժշկական ընկերություն հանդեսում» («The Journal of the American Medical Association», նոյեմբերի 27, 1981 թ., վերատպվել է «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկում, էջ 27–29, ռուս.) *։ Այդ հոդվածում մեջբերումներ են արված Աստվածաշնչի «Ծննդոց», «Ղեւտացոց» և «Գործք առաքելոց» գրքերից։ Այնտեղ գրված է. «Թեև աստվածաշնչյան այս խոսքերը գրված չեն բժշկական լեզվով, Եհովայի վկաները համարում են, որ դրանք արգելում են ամբողջական արյան, էրիթրոցիտար զանգվածի ու պլազմայի, ինչպես նաև արյան սպիտակ գնդիկների ու թրոմբոցիտների ներարկումը»։ 2001 թ.–ին լույս տեսած մի ձեռնարկի՝ «Արյան բաղադրությունը» բաժնում գրված է. «Արյունը բաղկացած է մի քանի մասերից՝ պլազմա, արյան կարմիր ու սպիտակ գնդիկներ և թրոմբոցիտներ» («Emergency Care»)։ Ուստի, ելնելով բժշկական փաստերից, Վկաները մերժում են ամբողջական արյան կամ նրա չորս հիմնական բաղադրիչներից որևէ մեկի ներարկումը։

12. ա) Արյան հիմնական բաղադրիչներից ստացված ֆրակցիաների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշման մասին է խոսվել։ բ) Որտե՞ղ կարելի է լրացուցիչ տեղեկություն գտնել այս հարցի մասին։

12 Այդ բժշկական հոդվածում նաև գրված է. «Վկաների կրոնական համոզմունքները ամբողջովին չեն բացառում այնպիսի [ֆրակցիաների] գործածումը, ինչպիսիք են՝ ալբումինը, իմունոգլոբուլինը և հեմոֆիլիայով տառապողների համար նախատեսված պատրաստուկները. յուրաքանչյուր Եհովայի վկա անձամբ պետք է որոշի՝ կարող է ընդունել դրանք, թե՝ ոչ»։ 1981 թ.–ից հետո բժշկական նպատակներով բազմաթիվ ֆրակցիաներ (արյան հիմնական բաղադրիչներից մեկից ստացված ավելի փոքր մասերը) են օգտագործվում։ Ուստի «Դիտարանի» 2000 թ. հունիսի 15–ի համարում օգտակար տեղեկություն տպագրվեց այս թեմայով «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ։ Որպեսզի այս պարբերագրի ներկայիս միլիոնավոր ընթերցողներ օգուտներ քաղեն, այդ հոդվածը վերատպվում է սույն պարբերագրի 29–31-րդ էջերում։ Այնտեղ ներկայացվում են մանրամասնություններ ու տրամաբանական փաստարկներ, սակայն կարելի է նկատել, որ հոդվածի նյութը համաձայնության մեջ է 1981 թ.–ին ներկայացված գլխավոր մտքերի հետ։

Ինչ դեր է խաղում քո խիղճը

13, 14. ա) Ի՞նչ է խիղճը, և ինչպե՞ս է կարևորվում նրա դերը արյան առնչությամբ։ բ) Արյուն ուտելու հետ կապված ի՞նչ առաջնորդություն տվեց Աստված իսրայելացիներին, սակայն ի՞նչ հարցեր գուցե ծագեին։

13 Նման տեղեկությունը անհատից պահանջում է գործի դնել սեփական խիղճը։ Ինչո՞ւ։ Քրիստոնյաները ընդունում են Աստծո առաջնորդությանը հետևելու անհրաժեշտությունը, սակայն կան հարցեր, որոնք նրանցից պահանջում են կայացնել անձնական որոշում, և այստեղ արդեն խղճի դերը կարևոր է դառնում։ Խիղճը անհատի ներքին ունակությունն է՝ կշռադատելու հանգամանքները ու կայացնելու որոշում, հաճախ՝ բարոյական հարցերի հետ կապված (Հռովմայեցիս 2։14, 15)։ Սակայն ինչպես գիտես, ամեն մարդ իր խիղճն ունի։ * Աստվածաշունչն ասում է, որ որոշ մարդիկ ‘տկար խղճմտանք’ (ԱԱ) ունեն, ինչից կարելի է ենթադրել, որ կան մարդիկ, որոնց խիղճը ուժեղ է (Ա Կորնթացիս 8։12)։ Տարբեր քրիստոնյաներ տարբեր չափով են առաջադիմել Աստծո կամքի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, նրա մտածելակերպն ընդունելու և իրենց որոշումները կայացնելիս նրա տեսակետը հաշվի առնելու հարցում։ Սա կարելի է լուսաբանել միս ուտելու հետ կապված հրեաների վերաբերմունքով։

14 Աստվածաշունչը միանշանակ ասում է, որ Աստծուն հնազանդ անհատը չի ուտի այն միսը, որից արյունը չի թափվել։ Սա այնքան կարևոր էր, որ նույնիսկ մի արտակարգ իրավիճակում, երբ իսրայելացի զինվորները միսը արյունով կերան, դա ծանր մեղք համարվեց (Բ Օրինաց 12։15, 16; Ա Թագաւորաց 14։31–35)։ Բայց գուցե հարցեր ծագեին։ Եթե իսրայելացին ոչխար է մորթել, ապա որքա՞ն արագ նա պետք է արյունը թափեր։ Պե՞տք է արդյոք նա կենդանու կոկորդը կտրեր, որպեսզի արյունը թափվեր։ Անհրաժե՞շտ էր ոչխարը ետևի ոտքերից կախել։ Եթե այո, ապա որքա՞ն երկար։ Իսկ ի՞նչ կաներ նա, եթե կով մորթելու լիներ։ Նույնիսկ արյունը բաց թողնելուց հետո որոշ քանակությամբ արյուն գուցե մնար մսի մեջ։ Կարո՞ղ էր նա ուտել այդ միսը։ Ո՞վ պետք է որոշում կայացներ։

15. Ինչպիսի՞ն էր որոշ հրեաների մոտեցումը միս ուտելու առնչությամբ, սակայն ի՞նչ առաջնորդություն էր տվել Աստված։

15 Պատկերացրու մի նախանձախնդիր հրեայի, որը նման հարցերի առջև է կանգնած։ Նա գուցե խորհեր, թե ամենաապահով ձևը շուկայում վաճառվող միս չգնելն է. նման ձևով, մեկ ուրիշ հրեա էլ կարող էր հրաժարվել մսից, եթե հավանականություն լիներ, որ այդ միսը կուռքի զոհաբերված միս էր։ Այլ հրեաներ էլ գուցե միսը ուտում էին միայն արյուն թափելու հետ կապված որոշակի ծիսակատարություններ կատարելուց հետո։ * (Մատթէոս 23։23, 24)։ Ի՞նչ ես մտածում այսպիսի՝ իրարից տարբեր մոտեցումների մասին։ Իսկ, քանի որ Աստված չէր պահանջում նման գործողություններ, տեղին կլինե՞ր, որ հրեան իր բազմաթիվ հարցերը ուղարկեր ռաբբիների խորհրդին ու նրանցից ակնկալեր պատասխան յուրաքանչյուր հարցին։ Հուդայականության մեջ նման սովորություն կար, բայց մենք կարող ենք ուրախ լինել, որ Եհովան ճշմարիտ երկրպագուներին չի խրախուսում արյան վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները նման ձևով ստանալ։ Աստված հիմնական առաջնորդություն էր տվել մաքուր կենդանիներ մորթելու ու նրանց արյունը թափելու վերաբերյալ, սակայն նա դրանից ավելին չէր արել (Յովհաննէս 8։32

16. Ինչո՞ւ է հնարավոր, որ քրիստոնյաները տարբեր տեսակետներ ունենան արյան բաղադրիչից ստացված որևէ ֆրակցիայի ներարկում ընդունելու վերաբերյալ։

16 Ինչպես նշվեց 11–րդ ու 12–րդ պարբերություններում, Եհովայի վկաները չեն անում ամբողջական արյան կամ նրա չորս գլխավոր բաղադրիչների՝ պլազմայի, կարմիր ու սպիտակ գնդիկների ու թրոմբոցիտների փոխներարկում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մանր ֆրակցիաների մասին, որոնք կորզվում են հիմնական բաղադրիչից, ինչպես օրինակ՝ շիճուկներ, որ պարունակում են հակամարմիններ, որոնք պայքարում են հիվանդության դեմ կամ չեզոքացնում են օձի թույնի ազդեցությունը (տե՛ս էջ 30, պարբերություն 4)։ Ոմանք եզրակացնում են, որ այդ մանր ֆրակցիաները, ըստ էության, այլևս արյուն չեն, ուստի «հեռու մնալ արյունից» հրահանգը չի տարածվում դրանց վրա (Գործք 15։29; 21։25; էջ 31, պարբերություն 1)։ Նրանք անձնական պատասխանատվություն են կրում իրենց կայացրած որոշման համար։ Մյուսների խիղճը մղում է իրենց մերժել ամեն բան, ինչ որ ստացվել է արյունից (կենդանու թե մարդու), նույնիսկ ընդամենը մեկ հիմնական բաղադրիչից ստացված մանր ֆրակցիան։ * Կան նաև քրիստոնյաներ, որոնք գուցե չմերժեն պլազմայի սպիտակուցի ներարկումը հիվանդության դեմ պայքարելու կամ օձի թույնի ազդեցությունը կանխելու նպատակով, սակայն մերժեն այլ մանր ֆրակցիաների ընդունումը։ Բացի այդ, չորս հիմնական բաղադրիչներից մեկից ստացված որոշ պատրաստուկներ իրենց գործողությամբ այնքան նման կարող են լինել ամբողջական բաղադրիչի կատարած ֆունկցիային ու կենսապահ դեր ունենալ, որ քրիստոնյաների մեծամասնությունը կնախընտրեր հրաժարվել դրանցից։

17. ա) Ինչպե՞ս կարող է մեր խիղճն օգնել մեզ, երբ հարցեր են բարձրանում արյան ֆրակցիաների հետ կապված։ բ) Ինչո՞ւ պետք է շատ լուրջ մոտեցում ունենալ դրանց վերաբերյալ որոշում կայացնելիս։

17 Այն, ինչ Աստվածաշունչն ասում է խղճի մասին, օգտակար է հաշվի առնել նման որոշումներ կայացնելիս։ Առաջին քայլը, որ հարկավոր է անել, իմանալն է, թե ինչ է ասում Աստծո Խոսքը, ու այնուհետև ձգտել կրթել խիղճը համաձայն նրա։ Դա քեզ համապատասխան գիտելիքներով կզինի, ու դու կկարողանաս որոշում կայացնել Աստծո առաջնորդությանը ներդաշնակ և ոչ թե կխնդրես որևէ մեկին, որ քո փոխարեն վճիռ կայացնի (Սաղմոս 25։4, 5)։ Իսկ ինչ վերաբերում է արյան ֆրակցիաներ ընդունելուն, ոմանք այսպես են խորհում. «Սա խղճի հարց է։ Ուստի մեծ նշանակություն չունի»։ Դա սխալ մտածելակերպ է։ Այն, որ տվյալ բանը խղճի հարց է, չի նշանակում, թե դա անկարևոր հարց է։ Մեր որոշումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Հետևանքներից մեկն այն է, որ դա կարող է ազդել այն անհատների վրա, որոնց խիղճը տարբերվում է մեր խղճից։ Սա երևում է Պողոսի տված խորհրդից մսի առնչությամբ, որը գուցե մատուցվել էր կուռքին, իսկ ավելի ուշ վաճառվել շուկայում։ Քրիստոնյան պետք է զգույշ լինի, որ ‘չվիրավորի տկար խղճմտանքը’ (ԱԱ)։ Եթե նա գայթակղության քար է դառնում ուրիշի համար, ապա հնարավոր է, որ ‘կորցնի իր եղբորը, որի համար Քրիստոսը մեռավ’. այդպիսով նա մեղք կգործի Քրիստոսի դեմ։ Ուրեմն, թեև արյան մանր ֆրակցիաների հետ կապված հարցերը անձնական որոշման հարցեր են, այնուամենայնիվ հարկավոր է շատ լրջորեն մոտենալ այդ որոշումներին (Ա Կորնթացիս 8։8, 11–13; 10։25–31

18. Արյան վերաբերյալ որոշումներ կայացնելիս ի՞նչ կարող է քրիստոնյան անել, որպեսզի իր խիղճը չանզգայանա։

18 Մեկ այլ հանգամանք կա, որը շեշտում է արյան առնչությամբ որոշում կայացնելու լրջությունը։ Դա այն է, թե ինչպես այդ որոշումը կազդի անձամբ քեզ վրա։ Եթե արյան մանր ֆրակցիա ընդունելը պիտի անհանգստացնի խիղճդ, որ կրթված է Աստվածաշնչով, ապա չպետք է մատների արանքով նայես դրան։ Նաև չպետք է խեղդես խղճի ձայնը միայն այն պատճառով, որ ինչ–​որ մեկը ասում է քեզ. «Ոչ մի սխալ բան չկա, որ դա ընդունես։ Շատերն են ընդունել»։ Հիշիր, որ այսօր միլիոնավոր մարդիկ հաշվի չեն առնում, թե ինչ է թելադրում իրենց խիղճը, և այդ պատճառով նրանց խիղճն ի վերջո անզգայանում է՝ թույլ տալով նրանց ստել կամ առանց խղճի խայթ զգալու անել սխալ գործեր։ Քրիստոնյաները միանշանակ չեն ցանկանում նման ընթացք բռնել (Բ Թագաւորաց 24։10; Ա Տիմոթէոս 4։1, 2

19. Արյան հետ կապված բժշկական հարցեր քննելիս ի՞նչ պետք է ամենաառաջինը միշտ հիշենք։

19 Այս պարբերագրի 29–31-րդ էջերում տպագրված «Ընթերցողների հարցերի» եզրափակիչ մասում գրված է. «Արդյո՞ք այն փաստը, որ կան տարբեր կարծիքներ և որ խղճի թելադրանքից ելնելով կարելի է կայացնել տարբեր վճիռներ խոսում է այն մասին, որ հարցը բոլորովին էլ էական չէ։ Ո՛չ, այն բավականին լուրջ է»։ Դա մասնավորապես այդպես է, քանի որ խնդիրը վերաբերում է քո ու ‘կենդանի Աստծո’ փոխհարաբերություններին։ Միայն այդ փոխհարաբերություններն են, որ կարող են քեզ առաջնորդել հավիտենական կյանքի, որը հիմնված է Հիսուսի թափած արյան փրկարար զորության վրա։ Քո մեջ խոր հարգանք զարգացրու արյան հանդեպ, քանի որ Աստված արյան միջոցով կյանքեր է փրկում։ Պողոսը տեղին է գրել. «Հոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։ Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը» (Եփեսացիս 2։12, 13

[ծանոթագրություններ]

^ պարբ. 11 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 13 Մի անգամ Պողոսը և չորս ուրիշ քրիստոնյաներ գնացին տաճար՝ ծիսականորեն մաքրվելու։ Օրենքն արդեն չէր գործում, սակայն Պողոսն այդ քայլը կատարեց Երուսաղեմի երեցների խորհրդով (Գործք 21։23–25)։ Այդուհանդերձ, որոշ քրիստոնյաներ գուցե զգում էին, որ իրենք չպետք է գնան տաճար կամ նման պրոցեդուրայի ենթարկվեն։ Մարդկանց խղճմտանքը տարբեր էր այն ժամանակ, տարբեր է նաև մեր օրերում։

^ պարբ. 15 «Հրեական հանրագիտարանը» նկարագրում է միսը հրեական կրոնական օրենքներով պատրաստելու «բարդ ու մանրամասն» կանոնները։ Նշվում է, թե քանի րոպե պետք է միսը ջրում պահել, ինչպես տախտակի վրա արյունը մսից մզելով հանել, ինչ տեսակի աղ քսել ու հետո քանի անգամ լվանալ միսը սառը ջրում («The Encyclopaedia Judaica»)։

^ պարբ. 16 Գնալով շատանում են այն դեպքերը, երբ որոշ ներարկումներում գլխավոր կամ ակտիվ բաղադրամասը իրենից ներկայացնում է վերահամակցված (ռեկոմբինանտ) պատրաստուկ, այսինքն՝ արյունից չստացված։ Սակայն որոշ դեպքերում նման պատրաստուկներում արյան մի փոքր ֆրակցիա, օրինակ՝ ալբումին է ներառվում (տե՛ս 1994 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանի» «Ընթերցողների հարցերը», ռուս.)։

Հիշո՞ւմ եք

• Արյան առնչությամբ ի՞նչ առաջնորդություն Աստված տվեց Նոյին, իսրայելացիներին ու քրիստոնյաներին։

• Արյան հետ կապված ի՞նչն են Եհովայի վկաները լիովին մերժում։

• Արյան որևէ հիմնական բաղադրիչից ստացված մանր ֆրակցիաներ ընդունելու հարցը ի՞նչ իմաստով է խղճի հարց, սակայն դա ի՞նչ չի նշանակում։

• Որոշումներ կայացնելիս ինչո՞ւ նախևառաջ միշտ պետք է ի մտի ունենանք մեր փոխհարաբերությունները Աստծո հետ։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[գծապատկեր 22–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԱՐՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

Կարմիր գնդիկներ

Սպիտակ գնդիկներ

Թրոմբոցիտներ

Պլազմա

ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ

Ֆրակցիաներ կարմիր գնդիկներից

Ֆրակցիաներ սպիտակ գնդիկներից

Ֆրակցիաներ թրոմբոցիտներից

Ֆրակցիաներ պլազմայից

[նկար 20–րդ էջի վրա]

Կառավարիչ մարմինը եզրակացրեց, որ քրիստոնյաները պետք է ‘հեռու մնան արյունից’

[նկար 23–րդ էջի վրա]

Մի անտեսիր խիղճդ, երբ արյան որևէ ֆրակցիա ընդունելու հարցի առջև ես կանգնած