Կարո՞ղ են քո աղոթքները ինչ–որ բան փոխել
Կարո՞ղ են քո աղոթքները ինչ–որ բան փոխել
ՄԵԶԱՆԻՑ ո՞վ չի եղել մի այնպիսի լուրջ իրավիճակում, որը դուրս է եղել մեր վերահսկողությունից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Պողոս առաքյալը գիտեր, որ աղոթքը կարող է ազդեցություն ունենալ այդպիսի իրավիճակների ելքի վրա։
Երբ Պողոսը Հռոմում անարդարացիորեն բանտարկված էր, նա խնդրեց հավատակիցներին աղոթել իր համար ու ավելացրեց. «Առաւել եւս աղաչում եմ որ այս անէք, որ շուտով դառնամ ձեզ մօտ» (Եբրայեցիս 13։18, 19)։ Մեկ ուրիշ անգամ Պողոսը վստահություն արտահայտեց, որ Աստված կպատասխանի բանտից շուտ ազատվելու նպատակով իր համար ասված աղոթքներին (Փիլիմոն 22)։ Շուտով Պողոսն ազատ արձակվեց և կրկին անցավ իր միսիոներական ծառայությանը։
Բայց կարո՞ղ է աղոթքն իսկապես ազդել քո խնդիրների լուծման վրա։ Թերևս։ Սակայն հիշիր, որ աղոթքը զուտ ձևական կրոնական արարողություն չէ։ Այն իրական հաղորդակցություն է մեր սիրող և զորեղ երկնային Հոր հետ։ Մենք պետք է անկաշկանդ զգանք մեզ և շատ կոնկրետ լինենք աղոթքներում, այնուհետև պետք է համբերատարությամբ սպասենք՝ տեսնելու, թե Եհովան ինչ պատասխան կտա։
Աստված գուցե ուղղակիորեն չպատասխանի յուրաքանչյուր աղոթքի։ Նաև հնարավոր է, որ նա միշտ չպատասխանի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, կամ այն ժամանակ, երբ մենք ենք սպասում։ Օրինակ՝ Պողոսը մի քանի անգամ աղոթեց իր ‘մարմնի խայթի’ մասին։ Աստված չազատեց Պողոսին այդ խնդրից (ինչ էլ որ այն լիներ), սակայն մխիթարեց նրան հետևյալ ամրապնդիչ խոսքերով. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում» (Բ Կորնթացիս 12։7–9)։
Մենք նույնպես կարող ենք վստահ լինել, որ եթե Աստված նույնիսկ չհեռացնի կոնկրետ որևէ խնդիր, նա կարող է մեզ համար ‘ելք պատրաստել, որ կարողանանք համբերել’ (Ա Կորնթացիս 10։13)։ Շուտով Աստված վերջ կդնի ողջ մարդկության տառապանքին։ Իսկ այսօր ‘աղոթք լսողին’ դիմելը կարող է ազդեցություն ունենալ մեր խնդիրների լուծման վրա (Սաղմոս 65։2, ԱԱ)։