Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ովքե՞ր էին անաբապտիստները

Ովքե՞ր էին անաբապտիստները

Ովքե՞ր էին անաբապտիստները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ Վեստֆալիա մարզի Մյունստեր քաղաքի գրեթե բոլոր այցելուները, առաջին անգամ լինելով քաղաքի կենտրոնում, կանգ են առնում ու դիտում եկեղեցու աշտարակից կախված երեք երկաթե վանդակները։ Բացառությամբ որոշակի ժամանակահատվածների՝ այդ վանդակները այդպես կախված են եղել գրեթե 500 տարի։ Սկզբում դրանցում եղել են երեք անձանց դիակներ, որոնց հրապարակավ տանջել էին ու հետո մահապատժի ենթարկել։ Այդ մարդիկ անաբապտիստներ էին, իսկ վանդակները նրանց թագավորության մասունքներ են։

Ովքե՞ր էին անաբապտիստները։ Ինչպե՞ս սկիզբ առավ անաբապտիստական շարժումը։ Ի՞նչ էին քարոզում նրանք։ Ինչո՞ւ վերոհիշյալ մարդկանց մահապատժի ենթարկեցին, և ի՞նչ կապ ունեին այդ երեք վանդակները նրանց թագավորության հետ։

Եկեղեցին բարեփոխել. բայց ինչպե՞ս

15–րդ դարի վերջում ու 16–րդ դարի սկզբում մեծացավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ու նրա հոգևորականության դեմ ուղղված քննադատությունը։ Այլասերվածությունն ու անբարոյականությունը տարածվել էր եկեղեցու բոլոր անկյունները։ Այդ իսկ պատճառով շատերը մեծ փոփոխությունների անհրաժեշտություն էին տեսնում։ 1517 թ.–ին Մարտին Լյութերը հրապարակայնորեն կոչ արեց բարեփոխումներ անել, և մինչ ուրիշները միանում էին բանավեճերին, ծնունդ առավ բողոքական Ռեֆորմացիա շարժումը։

Սակայն բարեփոխիչները միասնական չէին այն հարցերում, թե ինչ պետք է արվեր, և թե փոփոխություններն ինչ մասշտաբի պետք է լինեին։ Շատերը գիտակցում էին, որ երկրպագության հարցում հարկավոր է հետևել Աստվածաշնչին։ Այնինչ բարեփոխիչները նույնիսկ չէին կարողանում համաձայնության գալ Աստվածաշնչի ուսուցումների մեկնաբանության հարցում։ Ըստ ոմանց՝ Ռեֆորմացիան չափազանց դանդաղ էր առաջ ընթանում։ Հենց այս բարեփոխիչների շարքերում էլ ծնունդ առավ անաբապտիստական շարժումը։

«Խստորեն ասած՝ ոչ թե մեկ, այլ մի քանի բապտիստական շարժումներ կային»,— գրում է Հանս Յուրգեն Գորթսը իր գրքում («Die Täufer​—Geschichte und Deutung»)։ Օրինակ՝ 1521 թ.–ին չորս մարդ՝ հայտնի որպես ցվիկաույան քարոզիչներ, մեծ հուզումներ առաջ բերեցին Վիտենբերգում՝ քարոզելով անաբապտիստական գաղափարներ։ Իսկ 1525 թ.–ին անաբապտիստական մի խումբ առաջացավ Ցյուրիխում (Շվեյցարիա)։ Անաբապտիստական համայնքներ գոյացան նաև Մորավիայում՝ ներկայիս Չեխիայում, ու Նիդեռլանդներում։

Մկրտությունը երեխաների՞, թե՞ չափահասների համար է

Անաբապտիստների համայնքները մեծամասամբ փոքրաթիվ էին, իսկ անդամները հիմնականում խաղաղասեր անձնավորություններ էին։ Նրանք չէին թաքցնում իրենց համոզմունքները. իրողությունն այն էր, որ նրանք քարոզում էին դրանք ուրիշներին։ Անաբապտիզմի հիմնական ուսմունքները սահմանված էին Շլյայտհայմյան հանգանակում, որն ընդունվեց 1527 թ.–ին։ Այլ բաների թվում նրանք մերժում էին զենք վերցնել, հեռու էին մնում աշխարհից, իսկ մեղք գործողներին վտարում էին իրենց շարքերից։ Բայց նրանց դավանանքում ամենից հատկանշականն այն էր, որ ըստ նրանց՝ մկրտությունը չափահասների համար է ու ոչ թե երեխաների, և այս հանգամանքը առանձնացնում էր անաբապտիստներին մյուս կրոններից։ *

Չափահասների մկրտությունը պարզապես կրոնական դավանանքի հարց չէր. դա իշխանության հարց էր։ Եթե անհատի մկրտությունը հետաձգվեր մինչև նրա չափահասությունը, ինչը հնարավորություն կտար նրան հավատի հիման վրա որոշում կայացնելու, ապա ոմանք գուցե ընդհանրապես հրաժարվեին մկրտվելուց։ Իսկ չմկրտված մարդիկ առնվազն որոշ չափով կմնային եկեղեցու վերահսկողությունից դուրս։ Որոշ եկեղեցիների համար չափահասների մկրտությունը նշանակում էր իշխանության կորուստ։

Հետևաբար կաթոլիկները, ինչպեսև լյութերականները, մտադիր էին վերջ դնելու չափահասների մկրտությանը։ 1529 թ.–ից հետո առնվազն մի քանի վայրերում սկսվեց կիրառվել մահապատիժ նրանց նկատմամբ, ովքեր չափահասների մկրտություն էին կատարում կամ հենց իրենք էին մկրտվում՝ լինելով չափահաս։ Լրագրող Թոմաս Սեյֆերտը բացատրում է, որ անաբապտիստները «դաժանորեն հալածվում էին ամբողջ Գերմանական ազգի Հռոմեական սրբազան կայսրությունով մեկ»։ Հալածանքը իր գագաթնակետին հասավ Մյունստերում։

Միջնադարյան Մյունստերը փոփոխություններ է ուզում

Միջնադարյան Մյունստեր քաղաքն ուներ մոտ 10 000 բնակիչ և գրեթե անառիկ էր. քաղաքը շրջափակված էր 90 մետր լայնությամբ և 5 կիլոմետր երկարությամբ պաշտպանական կառույցներով։ Մինչդեռ իրավիճակը քաղաքում շատ հեռու էր կայուն լինելուց։ Համաձայն «Անաբապտիստների թագավորությունը» գրքի, որը թողարկել է Մյունստերի քաղաքային թանգարանը՝ «քաղաքական տարաձայնություններ [կային] քաղաքային վարչության անդամների ու գիլդիաների միջև» («The Kingdom of the Anabaptists»)։ Բացի այդ, բնակիչներին գրգռում էր հոգևորականների վարքուբարքը։ Մյունստերն ընդունեց Ռեֆորմացիան ու 1533 թ.–ից կաթոլիկական քաղաքից դարձավ լյութերական քաղաք։

Մյունստերի ականավոր բարեփոխիչ–​քարոզիչներից էր Բերնհարդ Ռոթմանը՝ մի պոռթկուն անձնավորություն։ Պատմաբան Ֆրիդրիխ Յոնինգերը բացատրում է, որ Ռոթմանի «հայացքները ակնհայտորեն անաբապտիստական դարձան. նա ու նրա համախոհները մերժում էին մկրտել մանուկներին»։ Նա ձեռք բերեց ժողովրդի համակրանքը, չնայած որ կային մարդիկ, որ նրա արմատական հայացքները համարում էին խիստ ծայրահեղական։ «Գնալով շատանում էին քաղաքից հեռացող այն մարդիկ, ովքեր սիրում էին հին կարգերը ու լցված էին մի վատ բանի կանխազգացությամբ։ Անաբապտիստները բոլոր կողմերից հոսեցին Մյունստեր՝ հուսալով իրենց գաղափարների իրականացումն այստեղ տեսնել»։ Անաբապտիստների կենտրոնացումը Մյունստերում ահավոր դեպքերի առաջնորդեց։

Նոր Երուսաղեմը շրջապատման մեջ

Մյունստերում բնակություն հաստատած երկու հոլանդացի գաղթականներ՝ Յան Մատիսը, որ մի հացթուխ էր Հառլեմ քաղաքից, և Յան Բոքելսոնը, որը հայտնի է Հովհան Լեյդենցի անունով, վճռական դեր խաղացին իրադարձությունների զարգացման մեջ։ Մատիսը իրեն մարգարե էր հռչակել ու հայտարարել, թե 1534 թ. ապրիլ ամսին կլինի Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ազդարարվեց, թե քաղաքը կդառնա Աստվածաշնչում հիշատակված Նոր Երուսաղեմը. քաղաքում աշխարհի վերջի կանխազգացում էր տիրում։ Ռոթմանը որոշեց, որ ամբողջ սեփականությունը պետք է հանրայնացվի։ Չափահաս բնակիչները ստիպված էին որոշում կայացնել՝ կա՛մ մկրտվել, կա՛մ հեռանալ քաղաքից։ Տեղի ունեցան զանգվածային մկրտություններ։ Ոմանք մկրտվում էին զուտ այն պատճառով, որ չզրկվեին տնից և ունեցվածքից։

Հասարակության մյուս խավերը սարսափով էին նայում, թե ինչպես է Մյունստերը դառնում առաջին քաղաքը, որտեղ անաբապտիստները ամենաազդեցիկ կրոնական ու քաղաքական ուժն էին ներկայացնում։ Դա հանգեցրեց այն բանին, որ համաձայն «Die Täufer zu Münster» գրքի՝ «ողջ Գերմանական ազգի Հռոմեական սրբազան կայսրությունը թշնամացավ Մյունստերի հետ»։ Տեղացի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ քաղաքի սենյոր իշխան–​եպիսկոպոս Ֆրանց ֆոն Վալդեկը, զորք հավաքեց, որպեսզի պաշարի Մյունստերը։ Զորքը կազմված էր լյութերականներից ու կաթոլիկներից։ Այս երկու ուղղությունները, որ մինչ այդ Ռեֆորմացիայի հակառակ կողմերում էին դիրք բռնել և շուտով միմյանց բզկտելու էին Երեսնամյա պատերազմում, այժմ իրենց ուժերը միացրել էին ընդդեմ անաբապտիստների։

Անաբապտիստական թագավորության կործանումը

Շրջապատող զորքի ուժը չտպավորեց քաղաքի պաշտպաններին։ 1534 թ. ապրիլին, երբ, ինչպես կարծվում էր, Քրիստոսի երկրորդ գալուստն էր լինելու, Մատիսը, սպիտակ ձի նստած, դուրս գնաց քաղաքից՝ Աստծուց պաշտպանություն ակնկալելով։ Ինչպիսի՜ սարսափ ապրեցին Մատիսի աջակիցները, երբ նրանք քաղաքի պարիսպներից այն կողմ տեսան, թե ինչպես Մատիսին կտոր–​կտոր արեցին ու նրա գլուխը ցից հանեցին։

Հովհան Լեյդենցին դարձավ Մատիսի հաջորդը ու անվանվեց Մյունստերի անաբապտիստների Յան թագավոր։ Նա փորձեց վերացնել քաղաքի բնակչության սեռային անհամամասնությունը. կանանց թիվը անհամեմատ ավելի մեծ էր, քան տղամարդկանց։ Ուստի նա քաջալերեց տղամարդկանց, որ ինչքան ցանկանում են, իրենց համար կին առնեն։ Ինչ վերաբերում է անաբապտիստների թագավորությունում տիրող ծայրահեղություններին, շնությունն ու պոռնկությունը պատժվում էին մահով, մինչդեռ բազմակնությունը հանդուրժվում և նույնիսկ քաջալերվում էր։ Ինքը Յան թագավորը 16 կին ունեցավ։ Երբ նրանցից մեկը՝ Էլիզաբեթ Վանդշերերը, նրանից թույլտվություն խնդրեց քաղաքից հեռանալու, նրան հրապարակավ գլխատեցին։

Պաշարումը տևեց 14 ամիս՝ մինչև 1535 թ. հունիսը, երբ քաղաքը վերջնականապես ընկավ։ Մյունստերի կործանումն այնպիսին էր, որպիսին քաղաքը չտեսավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ռոթմանը փախավ, բայց Յան թագավորը և երկու այլ անաբապտիստական առաջնորդներ գերվեցին. նրանց տանջեցին ու սպանեցին։ Նրանց դիակները դրեցին վանդակների մեջ ու դրանք կախեցին Սուրբ Լամբերտի եկեղեցու զանգակատնից։ Դա «ահազդու նախազգուշացում էր ծառայելու բոլոր նրանց համար, ովքեր կհանդգնեին խաթարել հասարակության անդորրը»,— բացատրում է Սեյֆերտը։ Այո, քաղաքականությանը միջամուխ լինելը ահավոր հետևանքներ ունեցավ։

Իսկ ի՞նչ եղան անաբապտիստական մյուս համայնքները։ Հալածանքը շարունակվեց մի քանի տարի ևս ամբողջ Եվրոպայով մեկ։ Անաբապտիստների մեծամասնությունը հետևեց իրենց պացիֆիստական սկզբունքներին, թեև կար նաև ռազմատենչ փոքրամասնություն։ Ժամանակի ընթացքում նախկին քահանա Մենո Սիմոնսը անաբապտիստական շարժման առաջնորդությունը վերցրեց իր վրա, և այդ խումբը ի վերջո հայտնի դարձավ մենոնիտներ կամ այլ անուններով։

Երեք վանդակները

Անաբապտիստները հիմնականում կրոնասեր մարդիկ էին, որոնք փորձում էին կառչած մնալ աստվածաշնչային սկզբունքներին։ Սակայն մյունստերյան արմատականների պատճառով անաբապտիստները հեռացան այդ սկզբունքներից ու խորամուխ եղան քաղաքականության մեջ։ Այդ պատճառով էլ նրանց շարժումը հեղափոխական բնույթ ստացավ։ Դա նշանակում էր կործանում ինչպես անաբապտիստական շարժման, այնպես էլ միջնադարյան Մյունստեր քաղաքի համար։

Քաղաքի կենտրոն այցելողներին մինչև օրս հիշեցվում են գրեթե 500 տարի առաջ տեղի ունեցած այդ ահասարսուռ դեպքերը։ Ինչպե՞ս։ Երեք երկաթե վանդակների միջոցով, որոնք կախված են եկեղեցու աշտարակից։

[ծանոթագրություն]

^ պարբ. 9 Այս հոդվածի նպատակը չէ քննել երեխաների մկրտության վերաբերյալ եղած թեր և դեմ կարծիքները։ Այդ թեմայով տե՛ս 1986 թ. «Դիտարանի» օգոստոսի 15–ի համարում (ռուս.; 15.03.86, անգլ.) լույս տեսած «Հարկ կա՞ երեխաներին մկրտել» հոդվածը։

[նկարներ 13–րդ էջի վրա]

Յան թագավորին տանջեցին, մահապատժի ենթարկեցին ու կախեցին Սուրբ Լամբերտ եկեղեցու զանգակատնից