Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվա՞ծ է պատասխանատու մեր խնդիրների համար

Աստվա՞ծ է պատասխանատու մեր խնդիրների համար

Աստվա՞ծ է պատասխանատու մեր խնդիրների համար

ՄԵԶԱՆԻՑ շատերը կվարվեին այնպես, ինչպես Մերիոնը, եթե հայտնվեին նրա վիճակում։ * Երբ նրա չափահաս դուստրը գլխուղեղի ծանր վնասվածք ստացավ, նա սկսեց աղոթել Աստծուն։ «Չեմ հիշում, որ երբևէ ինձ այդքան անօգնական ու միայնակ զգացած լինեի»,— պատմում է այդ կինը։ Հետագայում Մերիոնի դստեր վիճակը ավելի վատացավ, և նրա սրտում կասկածներ ծնվեցին։ «Ինչո՞ւ տեղի ունեցավ այս բանը»,— հարցնում էր նա։ Մերիոնը չէր կարողանում հասկանալ, թե սիրառատ և հոգատար Աստված ինչպես կարող էր մերժել իրեն։

Մերիոնի հետ պատահածը ամենևին էլ եզակի դեպք չէ։ Այնքա՜ն մարդիկ են Աստծուց մերժված լինելու զգացում ապրել, երբ գտնվել են նեղության մեջ։ «Մինչև օրս ինձ հանգիստ չի տալիս այն հարցը, թե ուր էր Աստված,— ասում է Լիզան իր թոռան սպանությունից հետո։— Հավատս ամբողջովին չեմ կորցրել, բայց, ինչ խոսք, այլևս չեմ հավատում այնպես, ինչպես նախկինում»։ Իսկ մեկ ուրիշ կին մի դաժան ողբերգության ժամանակ իր նորածին որդուն կորցնելուց հետո այսպիսի խոսքեր ասաց. «Աստված ոչ մի ձևով չմխիթարեց ինձ։ Նա կարեկցանքի ու հոգատարության նշույլ անգամ ցույց չտվեց։ .... Ես Աստծուն երբեք չեմ ների»։

Ոմանք էլ վշտանում են ու զայրանում Աստծո վրա, երբ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում աշխարհում. աղքատությունից ու սովից տուժած երկրներ, պատերազմական գոտիներից հեռացած, հուսակորույս փախստականներ, ՁԻԱՀ–ի պատճառով որբացած անհամար երեխաներ ու հիվանդություններից տառապող միլիոնավոր մարդիկ։ Այս և նման ողբերգությունները դրդում են շատերին մեղադրել Աստծուն, թե նա անտարբեր է և ոչինչ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ։

Սակայն ճշմարտությունն այն է, որ Աստված պատասխանատու չէ մարդկությանը պատուհասած խնդիրների համար։ Ավելին, հիմնավոր պատճառներ կան հավատալու, որ Աստված շուտով կվերացնի մարդկային ցեղին հասցված վնասը։ Հրավիրում ենք ձեզ կարդալ հաջորդ հոդվածը՝ համոզվելու համար, որ Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին։

[ծանոթագրություն]

^ պարբ. 2 Անունները փոխված են։