Աստված իսկապես հոգ է տանում ձեր մասին
Աստված իսկապես հոգ է տանում ձեր մասին
ՄԻԱՆԳԱՄԱՅՆ բնական է օգնություն աղերսել Աստծուց ծանր կացության մեջ գտնվելիս։ Ի վերջո, նա «մեծ է.... եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ» (Սաղմոս 147։5)։ Աստծուց լավ ոչ ոք չի կարող օգնել մեզ ելք գտնել դժվարին իրավիճակից։ Բացի այդ, Աստվածաշունչը հրավիրում է բացել մեր սիրտը նրա առջև (Սաղմոս 62։8)։ Այդ դեպքում ինչո՞ւ է շատերին թվում, թե Աստված չի պատասխանում նրանց աղոթքներին։ Միգուցե նա հոգատա՞ր չէ։
Մի շտապեք մեղադրել Աստծուն թվացյալ անտարբերության մեջ։ Փոխարենը՝ փորձեք հիշել ձեր մանկությունը։ Եթե ձեր ծնողները չէին կատարում ձեր բոլոր ցանկությունները, մեղադրո՞ւմ էիք նրանց՝ ասելով, թե ձեզ չեն սիրում։ Այդպես շատ երեխաներ են վարվում։ Մեծանալով, սակայն, հասկացաք, որ սերը տարբեր ձևերով է դրսևորվում, և որ երեխայի ամեն մի քմահաճույքին «այո» ասելը իրականում սիրո դրսևորում չէ։
Նույնը և այս դեպքում. եթե Եհովան ոչ միշտ է պատասխանում մեր աղոթքներին այնպես, ինչպես կցանկանայինք, դրանով նա մեզ չի անտեսում։ Իրողությունն այն է, որ Աստված հոգատարություն է ցուցաբերում բոլորիս հանդեպ և անում է դա բազում ձևերով։
«Մենք նորանով ենք ապրում»
Նախևառաջ՝ Աստծո շնորհիվ է, որ մենք «ապրում [ենք] եւ շարժվում [ենք] եւ կանք» (Գործք 17։28)։ Կյանքի պարգևը, անշուշտ, վկայությունն է այն բանի, որ նա, սիրուց մղված, հոգատարություն է ցուցաբերում մեր հանդեպ։
Բացի դրանից, Եհովան տալիս է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր կյանքը պահպանելու համար. «[Նա] խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը» (Սաղմոս 104։14)։ Մեր Արարիչը ապահովում է մեզ ոչ միայն անհրաժեշտ բաներով, այլև առատաձեռնորեն տալիս է «անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով [մ]եր սրտերը լցնելով» (Գործք 14։16)։
Սակայն ոմանք գուցե հարցնեն. «Եթե Աստված այդքան սիրում է մեզ, ինչո՞ւ է թույլ տալիս, որ տառապենք»։ Իսկ դուք գիտե՞ք այդ հարցի պատասխանը։
Աստվա՞ծ է մեղավոր
Մարդկության խնդիրների մեծ մասը ծագել է հենց մարդկանց մեղքով։ Օրինակ՝ շատերը անբարո կյանքով են ապրում, չարաշահում են ալկոհոլային խմիչքները, օգտագործում են թմրադեղեր, ծխախոտ, զբաղվում են վտանգավոր սպորտաձևերով, մեքենան չափից արագ են վարում և այլն՝ իմանալով հանդերձ, որ այդպիսի վարքով վնաս են հասցնում իրենց։ Եթե նման ընթացքը ի վերջո տառապանք բերի մարդուն, ո՞վ մեղավոր կլինի. Աստվա՞ծ, թե՞ անխոհեմաբար գործող անհատը։ Աստծո ներշնչյալ Խոսքում ասվում է. «Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» (Գաղատացիս 6։7, 8 ա)։
Բացի այդ, հաճախ մարդիկ վնաս են հասցնում իրար։ Եթե մի ժողովուրդ պատերազմ է հայտարարում մյուսին, ինչ խոսք, Աստծուն չէ, որ պետք է մեղադրել դրա հետևանքով տեղի ունեցող տառապանքի համար։ Իսկ մի՞թե Աստված է պատասխանատու, որ ոճրագործը հարձակվում է իր համաքաղաքացու վրա և մարմնական վնասվածք հասցնում կամ էլ սպանում նրան։ Իհարկե ո՛չ։ Կամ Աստծո՞ւն պետք է մեղադրենք, որ բռնապետը կեղեքում, տանջում, սպանում է իր ենթականերին։ Տրամաբանական չէր լինի այդպես մտածել (Ժողովող 8։9)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել սովամահ եղող կամ ծայրաստիճան աղքատության մեջ ապրող միլիոնավոր մարդկանց մասին։ Աստվա՞ծ է պատասխանատու դրա համար։ Ոչ։ Մեր տունը՝ Երկիր մոլորակը, այնքան սնունդ է արտադրում, որ ավելի քան բավարար է իր բնակիչներից յուրաքանչյուրին կերակրելու (Սաղմոս 10։2, 3; 145։16)։ Աստծո կողմից տրված առատ սննդի անհավասար բաշխումն է հանգեցնում սովին ու չքավորությանը, որ այնքան տարածված են։ Իսկ մարդու եսապաշտությունը թույլ չի տալիս, որ այդ խնդիրը լուծում ստանա։
Հիմնական պատճառը
Իսկ ո՞ւմ է պետք մեղադրել, երբ մարդը հիվանդանում է կամ էլ ծերանում ու մահանում։ Գուցե զարմանաք, բայց Աստված մեղավոր չէ նույնիսկ այդ հարցում։ Աստված չէր ստեղծել մարդուն ծերանալու և մահանալու հեռանկարով։
Առաջին մարդկային զույգին Եդեմի պարտեզում բնակեցնելով՝ Եհովան նրանց երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար էր տվել։ Ինչ խոսք, նա ցանկանում էր, որ երկիրը բնակեցված լիներ այնպիսի մարդկանցով, ովքեր գնահատանքով կվերաբերվեին իրենց ժառանգությանը։ Ուստի հավիտենական կյանքը մարդկանց շնորհվում էր մի պայմանով. Ադամն ու Եվան կապրեին Դրախտում, եթե շարունակեին հնազանդվել իրենց սիրառատ Ստեղծիչին (Ծննդոց 2։17; 3։2, 3, 17–23)։
Ցավոք, առաջին զույգն ըմբոստացավ։ Եվան որոշեց լսել Սատանային։ Վերջինս խաբեց նրան և ըստ էության ասաց, որ Աստված ինչ–որ լավ բան է թաքցնում նրանից։ Եվան անկախության ճանապարհ բռնեց՝ փորձելով «Աստուծոյ պէս [լինել]՝ բարին եւ չարը գիտացող»։ Ադամը միացավ նրան և ըմբոստացավ Արարչի դեմ (Ծննդոց 3։5,6)։
Երբ այդպես վարվելով Ադամն ու Եվան մեղք գործեցին, նրանք ցույց տվեցին, որ արժանի չեն հավիտենական կյանքին։ Նրանք քաղեցին մեղքի կործանարար հետևանքները։ Առաջին մարդկանց ուժն ու եռանդը նվազեց, և ի վերջո նրանք մահացան (Ծննդոց 5։5)։ Սակայն Ադամի ու Եվայի ըմբոստությունը շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցավ։ Մինչև օրս մենք տառապում ենք նրանց մեղքի պատճառով։ Ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը. «Մէկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Այո, Ադամի ու Եվայի ըմբոստության պատճառով մեղքն ու մահը, մահացու հիվանդության նման, «տարածվեցին»՝ փոխանցվելով բոլոր մարդկանց։
Աստծո հոգատարության մեծագույն ապացույցը
Արդյո՞ք դա նշանակում է, որ Աստծո ստեղծագործությանը՝ մարդուն, անուղղելի վնաս էր հասցված։ Ոչ, և հենց այստեղ է երևում մեծագույն ապացույցն այն բանի, որ Աստված հոգ է տանում մեր մասին։ Աստված իր համար թանկ գնով միջոց տրամադրեց՝ մարդկությանը մեղքից ու մահից ազատելու։ Փրկանքի գինը Հիսուսի կատարյալ կյանքն էր՝ Հռովմայեցիս 3։24)։ Հովհաննես առաքյալը գրում է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Սիրո մասին վկայող այս մեծագույն քայլի շնորհիվ մենք վերագտանք հավիտյան կյանքի հեռանկարը։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակում գրեց. «Մէկի արդարութիւնովն ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս» (Հռովմայեցիս 5։18)։
հոժարակամորեն տրված հօգուտ մեզ (Կարող ենք վստահ լինել, որ երբ գա Աստծո կողմից նշանակված ժամանակը, Երկիր մոլորակի վրա այլևս տառապանք կամ մահ չի լինի։ Ընդհակառակը՝ ամենուրեք կտիրեն այն պայմանները, որոնք նկարագրված են Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում. «Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։ Հավանաբար, ասեք. «Մինչև այդ ժամանակը գա, ես կենդանի չեմ լինի»։ Իրականում, սակայն, դուք հնարավոր է տեսնեք այդ ժամանակը, իսկ եթե մահանաք, Աստված կարող է հարություն տալ ձեզ (Յովհաննէս 5։28, 29)։ Հենց սա է Արարչի նպատակը մեր առնչությամբ, և հենց սա էլ տեղի կունենա։ Որքա՜ն հեռու են ճշմարտությունից այն խոսքերը, թե Աստված հոգ չի տանում մարդկության համար։
«Մօտեցէք Աստուծուն»
Մխիթարական է իմանալ, որ Աստված միջոցներ է ձեռնարկել մեկընդմիշտ, վերջնականապես լուծելու մարդկանց տառապանքի խնդիրը։ Սակայն ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր հարազատը մահանա, կամ երեխան հիվանդանա։ Ճիշտ է, դեռ չի հասել Աստծո կողմից սահմանված ժամանակը՝ հիվանդությունն ու մահը վերացնելու։ Գրությունները ցույց են տալիս, որ մենք պետք է սպասենք որոշ ժամանակ, մինչև որ այդ ամենը լուծում ստանա։ Սակայն Աստված մեզ անօգնական վիճակում չի թողել։ Հակոբոս աշակերտն ասում է. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։ Այո, մեր Արարիչը հրավիրում է մեզ մտերիմ անձնական փոխհարաբերություններ ունենալ իր հետ, և ովքեր այդպես վարվեն, երբեք չեն ունենա այնպիսի զգացում, թե նա իրենց չի օգնում, նույնիսկ եթե հայտնվեն դժվարին իրավիճակներում։
Իսկ ինչպե՞ս կարող ենք մոտենալ Աստծուն։ Նման մի հարց տվեց Դավիթ թագավորը մոտավորապես երեք հազարամյակ առաջ։ Նա ասաց. «Տէր, ....ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը» (Սաղմոս 15։1)։ Պատասխանելով իր իսկ հարցին՝ Դավիթը շարունակեց. «Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։ Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում» (Սաղմոս 15։2, 3)։ Այլ կերպ ասած՝ Եհովան ընդունում է նրանց, ովքեր հետևում են այն ուղուն, որը մերժեցին Ադամն ու Եվան։ Նա մոտենում է իր կամքը կատարող մարդկանց (Բ Օրինաց 6։24, 25; Ա Յովհաննէս 5։3)։
Իսկ ինչպե՞ս կարող ենք կատարել Աստծո կամքը։ Անհրաժեշտ է սովորել, թե ինչն է «բարի եւ ընդունելի.... մեր Փրկիչ Աստուծոյ առաջին» և հետո վարվել համապատասխանաբար (Ա Տիմոթէոս 2։3)։ Ուստի հարկավոր է ստանալ Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը (Յովհաննէս 17։3; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Այդ նպատակին հասնելու համար բավական չէ սոսկ մակերեսորեն կարդալ Աստվածաշունչը։ Անհրաժեշտ է ընդօրինակել Բերիա քաղաքում ապրած առաջին դարի հրեաներին, որոնք լսում էին Պողոսի քարոզը։ Ահա թե ինչ ենք կարդում նրանց մասին. «[Նրանք] խօսքը բոլոր յոժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է» (Գործք 17։11)։
Նույնը և այսօր. Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրությունը զորացնում է մեր հավատը Աստծո հանդեպ և օգնում է ամրապնդել մեր փոխհարաբերությունները նրա հետ (Եբրայեցիս 11։6)։ Նաև շնորհիվ այդ ուսումնասիրության հասկանում ենք, որ մարդկանց համար Եհովայի ձեռնարկած քայլերը ոչ թե կարճատև օգուտներ են բերում սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող անհատներին, այլ նպաստում են նրանց հավիտենական բարօրությանը։
Ահա թե ինչ են ասում որոշ քրիստոնյաներ, ովքեր մտերիմ են Աստծո հետ։ «Ես այնքան եմ սիրում Եհովային, այնքան բան կա, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան,— ասում է 16–ամյա Դանիելան։— Նա ինձ տվել է սիրառատ ծնողներ, ովքեր անկեղծորեն սիրում
են Աստծուն և դաստիարակում են ինձ նրա Խոսքին համեմատ»։ Իսկ Ուրուգվայում ապրող մի քրիստոնյա գրում է. «Սիրտս լեցուն է երախտագիտության զգացումով, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Եհովային նրա անարժան բարության, ինչպես նաև իմ ընկերը լինելու համար»։ Աստված սիրով ընդունում է նույնիսկ փոքրիկներին։ Յոթնամյա Գաբրիելան ասում է. «Այս մեծ աշխարհում ես ամենաշատը սիրում եմ Աստծուն։ Ես ունեմ իմ Աստվածաշունչը և սիրում եմ սովորել Աստծո ու նրա Որդու մասին»։Մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր մարդիկ ամբողջ սրտով համաձայնվում են սաղմոսերգուի հետ, որն ասել է. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն» (Սաղմոս 73։28)։ Շնորհիվ դրա՝ նրանք կարողանում են հաղթահարել իրենց առջև այսօր ծառացող խնդիրները և ունենալ հաստատուն հույս երկրային դրախտում ապրելու (Ա Տիմոթէոս 4։8)։ Ինչո՞ւ նպատակ չդնեք ‘մոտենալ Աստծուն’։ Իրականում, մեզ այսպիսի հավաստիացում է տրվում. «Ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք 17։27)։ Այո՛, Աստված իսկապես հոգ է տանում անձամբ ձեր մասին։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Եհովայի հոգատարությունը մեր հանդեպ երևում է բազում ձևերով
[նկար 7–րդ էջի վրա]
Նույնիսկ փոքրիկները կարող են մոտենալ Աստծուն
[նկարներ 7–րդ էջի վրա]
Այսօր Եհովան օգնում է մեզ տոկալ, իսկ երբ գա նշանակված ժամանակը, նա կվերացնի հիվանդությունն ու մահը