Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գոհացուցիչ կյանք՝ չնայած ծանր ապրումներին

Գոհացուցիչ կյանք՝ չնայած ծանր ապրումներին

Կենսագրություն

Գոհացուցիչ կյանք՝ չնայած ծանր ապրումներին

Պատմում է Օդրի Հայդը

Ետադարձ հայացք նետելով 63 տարվա լիաժամ ծառայությանս վրա, որոնցից 59–ը անցկացրել եմ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ կյանք եմ ունեցել։ Սակայն ինձ համար հոգեպես ծանր է եղել տեսնել, թե ինչպես է առաջին ամուսինս քաղցկեղից դանդաղորեն մահանում, իսկ երկրորդը Ալցհեյմերի հիվանդության սարսափելի հետևանքներից տանջվում։ Բայց թույլ տվեք պատմել, թե ինչպես եմ պահպանել ուրախությունս՝ չնայած այս դժբախտություններին։

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ անցկացրել եմ Հաքստուն փոքրիկ քաղաքի մոտ գտնվող ագարակում՝ Նեբրասկային սահմանամերձ Կոլորադոյի հյուսիսարևելյան տափաստաններում։ Ես Օրիլ և Նինա Մոքերի վեց երեխաներից հինգերորդն էի։ Ռասելը, Վեյնը, Կլարան և Արդիսը ծնվել են 1913–1920 թվականներին, իսկ ես՝ հաջորդ տարի։ Կուրտիսը ծնվել է 1925 թ.–ին։

1913 թ.–ին մայրս դարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Ժամանակի ընթացքում մեր ընտանիքի մնացած անդամներն էլ միացան նրան։

Օգտակար կյանք տափաստաններում

Հայրս շատ առաջադեմ էր։ Մեր ագարակի բոլոր շինություններում էլեկտրականություն կար. մի բան, որ հազվադեպ էր այն օրերում։ Նաև մենք վայելում էինք ագարակի մթերքները. ձուն ստանում էինք մեր հավերից, կաթը, սերուցքը և կարագը մեր կովերից։ Հողը մշակում էինք ձիերի օգնությամբ, աճեցնում էինք ելակ ու կարտոֆիլ, նաև ցորեն ու եգիպտացորեն։

Հայրս համոզված էր, որ մենք՝ երեխաներս, պետք է սովորենք աշխատել։ Նույնիսկ նախքան դպրոց գնալը ինձ սովորեցրին աշխատել դաշտերում։ Հիշում եմ, թե ինչպես էի ամռանը՝ կիզիչ արևի տակ քաղհանում մեր այգու երկար մարգերը։ Ես մտածում էի. «Երբևէ կհասնե՞մ մարգի վերջը»։ Քրտինքը հոսում էր մարմնիս վրայով, մեղուները խայթում էին ինձ։ Երբեմն խղճահարությամբ էի լցվում ինքս իմ հանդեպ, քանի որ ուրիշ երեխաներ չէին աշխատում այնքան, որքան մենք։ Բայց այժմ, երբ ետ եմ նայում մանկությանս տարիներին, երախտագիտությամբ եմ լցվում այն բանի համար, որ ծնողներս մեզ սովորեցրել են աշխատել։

Մեզ բոլորիս հանձնարարություններ էին տրված։ Օրինակ՝ Արդիսը կարողանում էր ավելի լավ կթել կովերին, քան ես։ Իսկ ինձ հանձնարարված էր մաքրել անասունների կանգնելու տեղերը և թափել գոմաղբը։ Սակայն աշխատանքից բացի, մենք նաև զվարճանում էինք և խաղեր խաղում։ Ես ու Արդիսը տեղի սոֆթբոլի թիմի անդամ էինք ու տարբեր դիրքերում էինք խաղում։

Տափաստանի վրա կախվող գիշերային պարզկա երկինքը շատ գեղեցիկ էր։ Հազարավոր աստղերն ինձ հիշեցնում էին մեր Արարչի՝ Եհովա Աստծո մասին։ Երեխա լինելով հանդերձ՝ ես մտածում էի Սաղմոս 147։4–ում գրված խոսքերի մասին. «Նա [Եհովան] համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը»։ Շատ անգամ այդ պարզկա գիշերներին մեր շունը՝ Ջաջը, գլուխը դնում էր ծնկիս և մնում ինձ հետ։ Կեսօրին ես հաճախ նստում էի մեր ծածկապատշգամբում և հիանում էի քամուց ծփացող ցորենի կանաչ արտերով. արևի ճառագայթների ներքո ցորենն արծաթ էր թվում։

Մորս լավ օրինակը

Մայրս շատ նվիրված կին էր։ Մեր ընտանիքի գլուխը միշտ էլ եղել է հայրս, և մայրս սովորեցրել է մեզ հարգել նրան։ 1939 թ.–ին հայրս նույնպես դարձավ Եհովայի վկա։ Մենք գիտեինք, որ հայրիկը սիրում է մեզ, թեև ստիպում էր ջանասիրաբար աշխատել ու երես չէր տալիս։ Ձմռանը նա հաճախ սահնակին ձիեր էր լծում, և մեզ ման տալիս։ Փայլող ձյունը մեզ այնքա՜ն հաճույք էր պատճառում։

Սակայն մայրս էր,որ մեզ սովորեցրեց սիրել Աստծուն և հարգել Աստվածաշունչը։ Մենք իմացանք, որ Աստծո անունը Եհովա է, և նա է Կյանքի աղբյուրը(Սաղմոս 36։9, 83։18)։ Նաև սովորեցինք, որ նա մեզ առաջնորդություն է տալիս ոչ թե ուրախությունից զրկելու համար, այլ հօգուտ մեզ(Եսայիա 48։17)։Մայրս միշտ հիշեցնում էր, որ մենք առանձնահատուկ գործ ունենք անելու։ Մենք գիտեինք, որ Հիսուսը ասել էր իր հետևորդներին.«Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14

Երեխա Ժամանակ ամեն անգամ երբ դպրոցից տուն էի վերադառնում ու տեսնում, որ մայրս տանը չէ, գնում էի նրան փնտրելու։ Մի անգամ, երբ վեց թե յոթ տարեկան էի, նրան գտա գոմում։ Այդ ժամանակ հորդառատ անձրև սկսվեց։ Մենք խոտանոցում էինք, ու ես նրան հարցրի, թե արդյոք Աստված մեկ ուրիշ Ջրհեղե՞ղ է անում։ Մայրս ինձ հավաստիացրեց, որ Աստված խոստացել է այլևս երբեք չկործանել երկիրը ջրհեղեղով։ Նաև հիշում եմ, որ տորնադոներ էին լինում, ու դրանցից պաշտպանվելու համար մենք վազում էինք տան մոտ փորված ապաստարանը։

Մայրս մասնակցել է քարոզչական գործին նույնիսկ մինչև իմ ծնվելը։ Մեր տանը հանդիպում էր անցկացվում, և այդ հանդիպմանը հաճախողները բոլորն էլ Քրիստոսի հետ երկնքում ապրելու հույսն ունեին։ Թեև մայրս դժվարանում էր տնից տուն քարոզել, սակայն Եհովայի հանդեպ սերը օգնեց, որ նա հաղթահարի իր վախը։ Նա մահացավ 1969 թ. նոյեմբերի 24–ին՝ 84 տարեկան հասակում, և հավատարիմ մնաց մինչև մահ։ Այդ օրը ես շշնջացի նրա ականջին. «Մայրիկ, դու գնում ես երկինք և լինելու ես նրանց հետ, ում գիտես»։ Ես ուրախ էի, որ այդ պահին կարող էի լինել մորս կողքին և նրա ունեցած հույսի վերաբերյալ արտահայտել իմ վստահությունը։ Նա մեղմորեն պատասխանեց. «Որքա՜ն բարի ես իմ հանդեպ»։

Սկսում ենք քարոզել

1939 թ.–ին Ռասելը դարձավ ռահվիրա, ինչպես կոչվում են Եհովայի վկաների լիաժամ ավետարանիչները։ Նա ռահվիրա ծառայեց Օքլահոմայում և Նեբրասկայում մինչև 1944 թ., երբ նրան հրավիրեցին ծառայելու Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (կոչվում է Բեթել), որը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք)։ Ես ռահվիրայություն եմ սկսել 1941 թ. սեպտեմբերի 20–ին և ծառայել եմ Կոլորադոյի, Քանզասի և Նեբրասկայի տարբեր մասերում։ Ռահվիրա ծառայելու այդ տարիները ուրախ ժամանակներ էին ոչ միայն այն պատճառով, որ կարողանում էի օգնել մարդկանց սովորելու Եհովայի մասին, այլև ինքս սովորում էի ամբողջությամբ նրան ապավինել։

Մոտավորապես այն ժամանակ, երբ Ռասելը սկսեց ռահվիրա ծառայել, Վեյնը սովորում էր քոլեջում, որը գտնվում էր Միացյալ Նահանգների հյուսիս–​արևելքում։ Մինչ այդ նա կարճ ժամանակով աշխատել էր։ Հետագայում նրան հրավիրեցին Բեթել։ Որոշ ժամանակ նա ծառայեց Իթակայի մոտ գտնվող Թագավորության ֆերմաներում (Նյու Յորք)։ Այնտեղ գյուղատնտեսական բարիքներ էին աճեցվում ինչպես ֆերմայի փոքր ընտանիքի, այնպես էլ Բրուքլինի Բեթելի մոտավորապես 200 հոգուց բաղկացած աշխատակազմի համար։ Վեյնը օգտագործեց իր հմտություններն ու փորձառությունը Եհովայի ծառայության մեջ մինչև մահ՝ 1988 թ.։

Իմ քույր Արդիսը ամուսնացավ Ջեյմս Քերնի հետ, և նրանք հինգ երեխա ունեցան։ Արդիսը մահացավ 1997 թվականին։ Մյուս քույրս՝ Կլարան, մինչև օրս հավատարիմ է Եհովային, ապրում է Կոլորադոյում, և ես արձակուրդներին մինչև այժմ այցելում եմ նրան։ Մեր կրտսեր եղբայրը՝ Կուրտիսը, Բրուքլինի Բեթել եկավ 40–​ականների կեսերին։ Նա բեռնատար մեքենայով զանազան ապրանքներ ու մթերքներ էր տեղափոխում Թագավորության ֆերմաներից Բեթել և հակառակը՝ Բեթելից ֆերմաներ։ Նա չէր ամուսնացել։ Կուրտիսը մահացավ 1971 թ.–ին։

Երազում եմ ծառայել Բեթելում

Ավագ եղբայրներս ավելի վաղ էին գնացել Բեթել, և ես նույնպես երազում էի ծառայել այնտեղ։ Համոզված եմ, որ նրանց լավ օրինակի շնորհիվ էր, որ ինձ հրավիրեցին Բեթել։ Երբ լսում էի, թե ինչպես էր մայրս պատմում Աստծո կազմակերպության պատմությունը ու տեսնում էի, թե ինչպես էին կատարվում վերջին օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները, իմ մեջ ավելի էր մեծանում Բեթելում ծառայելու ցանկությունը։ Ես աղոթքով խոստացա Եհովային, որ եթե նա ինձ թույլ տա ծառայել Բեթելում, ես այնտեղից երբեք չեմ հեռանա, եթե իհարկե ապագայում քրիստոնեական ուրիշ պարտականություններ չունենամ։

Ես Բեթել եկա 1945 թ. հունիսի 20–ին ու նշանակվեցի աշխատելու մաքրության բաժնում։ Ես պետք է մաքրեի 13 սենյակ, ամեն օր 26 անկողին հարդարեի, նաև մաքրեի միջանցքները, աստիճաններն ու պատուհանները։ Աշխատանքը ծանր էր։ Ամեն օր աշխատելիս ես ինքս ինձ ասում էի. «Ճիշտ է, դու հոգնում ես, բայց Բեթելում ես՝ Աստծո տանը»։

Բեթելում ծառայելու սկզբնական շրջանում մի բան պատահեց, որն ինձ շփոթության մեջ գցեց։ Մեծացած լինելով գյուղական միջավայրում՝ ես չգիտեի, որ «dumbwaiter»–ը ուտելիքը խոհանոցից ճաշասրահ բարձրացնող փոքր վերելակն է («dumb waiter» արտահայտությունը բառացի նշանակում է համր մատուցող, նաև այն կարող է նշանակել հիմար մատուցող)։ Մի օր աշխատանքի ժամանակ ինձ զանգահարեցին և ասացին. ««Հիմար մատուցողին» ուղարկիր ներքև»։ Զանգողը արագ ցած դրեց խոսափողը, ու ես չիմացա՝ ինչ անեմ։ Հետո հիշեցի, որ մաքրության իմ տարածքում ապրող եղբայրներից մեկը մատուցող էր։ Ուստի թակեցի նրա դուռն ու ասացի. «Խոհանոցից քեզ կանչում են»։

Ամուսնանում եմ Նաթան Նորի հետ

1920–ական թվականներից սկսած՝ այն բեթելցիներին, ովքեր ցանկանում էին ամուսնանալ, խնդրում էին հեռանալ Բեթելից և Թագավորության շահերին ծառայել մեկ ուրիշ վայրում։ Բայց 1950–​ականների սկզբներին մի քանի զույգի, որոնք արդեն որոշ ժամանակ էր, ինչ ծառայում էին Բեթելում, թույլ տրվեց ամուսնանալ և մնալ այնտեղ։ Ուստի երբ Նաթան Նորը, որն այդ ժամանակ վերահսկում էր Թագավորության համաշխարհային գործը, սկսեց հետաքրքրություն ցույց տալ իմ հանդեպ, ես մտածեցի. «Նա հաստատ կմնա Բեթելում»։

Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը վերահսկելու մեջ Նաթանը բազմաթիվ պատասխանատվություններ ուներ։ Նա շատ ազնվորեն վարվեց ինձ հետ՝ բերելով շատ պատճառներ, թե ինչու պետք է լրջորեն մտածեի նախքան նրա հետ ամուսնանալու առաջարկն ընդունելը։ Այն օրերում նա շատ էր ճամփորդում, որպեսզի այցելեր Եհովայի վկաների՝ աշխարհով մեկ սփռված մասնաճյուղերը և հաճախ շաբաթներով բացակայում էր Բեթելից։ Նաթանը բացատրեց, որ մենք հաճախ երկար ժամանակով իրարից հեռու էինք լինելու։

Երբ փոքրիկ աղջիկ էի, երազում էի ամուսնանալ գարնանը և մեղրամիսը անցկացնել Խաղաղ օվկիանոսի Հավայան կղզիներում։ Մենք ամուսնացանք ձմռանը՝ 1953 թ. հունվարի 31–ին, և մեր մեղրամիսը անցկացրեցինք Նյու Ջերսիում շաբաթ և կիրակի օրերին։ Երկուշաբթի մենք դուրս եկանք աշխատանքի։ Բայց յոթ օր անց մեկնեցինք՝ մեկ շաբաթով մեր մեղրամիսը վայելելու։

Աշխատասեր ուղեկից

Նաթանը Բեթել էր եկել 1923 թ.–ին 18 տարեկանում։ Նա լավ ուսուցում էր ստացել այնպիսի փորձառու եղբայրներից, ինչպիսիք էին՝ Ջոզեֆ Ռադերֆորդը, որն առաջնորդում էր Վկաների գործունեությունը, և տպարանի վերակացու Ռոբերտ Մարտինը։ Երբ 1932 թ.–ին եղբայր Մարտինը մահացավ, Նաթանը դարձավ տպարանի վերակացու։ Հաջորդ տարի եղբայր Ռադերֆորդը Եվրոպայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղերն այցելելիս Նաթանին տարավ իր հետ։ 1942 թ. հունվարին, երբ եղբայր Ռադերֆորդը մահացավ, Եհովայի վկաների համաշխարհային գործը վերահսկելու պատասխանատվությունը տրվեց Նաթանին։

Նաթանը շատ հեռատես էր, նա միշտ պլաններ էր կազմում՝ մտածելով ապագա աճի մասին։ Ոմանք կարծում էին, որ դա տեղին չէ, քանի որ ընդհանրապես համարվում էր, որ իրերի համակարգի ավարտը շատ մոտ է։ Նույնիսկ մի անգամ մեկը, տեսնելով Նաթանի նախագծերը, հարցրեց. «Սա ի՞նչ է եղբայր Նոր։ Հավատ չունե՞ս»։ Նաթանը պատասխանեց. «Հավատ ունեմ, բայց եթե վերջը չգա այնքան շուտ, որքան մենք ենք սպասում, մենք պատրաստ կլինենք»։

Նաթանը համոզված էր հատկապես այն բանում, որ հարկավոր է միսիոներական դպրոց հիմնել։ Այսպիսով՝ 1943 թ. փետրվարի 1–ին, Թագավորության ֆերմայում, որտեղ այդ ժամանակ ծառայում էր եղբայրս՝ Վեյնը, սկսեց գործել միսիոներական դպրոցը։ Դպրոցը տևում էր մոտ հինգ ամիս ու թեև այդ ընթացքում ուսանողները շատ զբաղված էին Աստվածաշունչ ուսումնասիրելով, բայց Նաթանը հոգ էր տանում, որ նրանք որոշ չափով հաճելի ժամանակ անցկացնեն։ Դպրոցի հաստատման առաջին տարիներին Նաթանը ուսանողների հետ միասին գնդակով տարբեր խաղեր էր խաղում, սակայն հետագայում դադարեց մասնակցել խաղերին՝ վախենալով, որ վնասվածքներ կստանա ու չի կարողանա այցելել ամռանը անցկացվող մարզային համաժողովները։ Նա որոշեց խաղերի ժամանակ լինել մրցավար։ Ուսանողներն ուրախանում էին, երբ նա բացահայտորեն փոխում էր կանոնները՝ հօգուտ խաղին մասնակցող օտարերկրյա ուսանողների։

Ճանապարհորդություններ Նաթանի հետ

Վերջիվերջո ես սկսեցի Նաթանի հետ միասին ճանապարհորդել։ Ես սիրում էի դեպքեր պատմել մասնաճյուղերում ծառայող կամավորներին և միսիոներներին։ Ես տեսնում էի նրանց սերն ու նվիրվածությունը և տեղեկանում, թե իրենց նշանակման երկրներում ինչպիսին էր նրանց առօրյան, նաև կենսապայմանները։ Տարիներ շարունակ ես նամակներ եմ ստացել, որտեղ նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել այդ այցելությունների համար։

Մեր ճանապարհորդությունների հետ կապված շատ դեպքեր եմ հիշում։ Օրինակ՝ երբ Լեհաստանում էինք, երկու քույր իմ ներկայությամբ շշնջում էին իրար ականջի։ Ես հարցրեցի. «Ինչո՞ւ եք շշնջում»։ Նրանք ներողություն խնդրեցին ու բացատրեցին, որ շշնջալը սովորություն է դարձել այն ժամանակից, երբ Լեհաստանում Եհովայի Վկաների գործունեությունը արգելված էր ու նրանց տներում խոսակցությունները ձայնագրող սարքեր էին տեղադրվում։

Քույր Ադաքը մեկն էր մեր այն բազմաթիվ հավատակիցներից, որոնք ծառայել էին Լեհաստանում արգելքի տարիներին։ Նա գանգրահեր էր և ճակատին խոպոպներ ուներ։ Մի անգամ նա բարձրացրեց ճակատի վրայի մազերը և ինձ ցույց տվեց մի խորը սպի, որը մնացել էր մի մարդու հարվածից։ Ես ցնցվեցի, երբ անձամբ տեսա դաժան վերաբերմունքի հետևանքները. վերաբերմունք, որին մեր եղբայրներն ու քույրերը պետք է դիմանային։

Բեթելից հետո Հավային իմ երկրորդ սիրելի վայրն է։ Հիշում եմ Հիլո քաղաքում 1957 թ.–ին անցկացված համաժողովը։ Դա հիշարժան իրադարձություն էր. համաժողովին ներկա գտնվողների թիվը տեղի Վկաների թվից ավելին էր։ Քաղաքագլուխը Նաթանին նույնիսկ տվեց քաղաքը մտնելու «բանալին»։ Շատերը եկան մեզ ողջունելու ու մեր պարանոցը ծաղկաշղթաներ գցեցին։

Մեկ այլ ոգևորիչ համաժողով տեղի ունեցավ 1955 թ.–ին Նյուրնբերգում (Գերմանիա), այնտեղ, որտեղ Հիտլերը սովորաբար շքերթներ էր անցկացնում։ Հայտնի է, որ Հիտլերը երդվել էր Գերմանիայից արմատախիլ անել Եհովայի ժողովրդին, բայց այժմ այդ մարզադաշտը լի էր Եհովայի վկաներով։ Ես չէի կարողանում զսպել արցունքներս։ Բեմահարթակը շատ մեծ էր, իսկ ետևի բեմավարագույրի վրա պատկերված էին 144 մեծ սյուներ։ Դա շատ տպավորիչ էր։ Ես բեմի վրա էի և կարող էի տեսնել ավելի քան 107 000 ունկնդիրների։ Տարածությունը այնքան մեծ էր, որ ես հազիվ էի տեսնում վերջին շարքը։

Մենք իմացանք, թե ինչպես են գերմանացի եղբայրները անարատություն պահպանել և Եհովայից ուժ ստացել նացիստական կառավարման ներքո հալածվելիս։ Դրանից մենք ավելի վճռական դարձանք Եհովայի հանդեպ հավատարմություն և անարատություն պահպանելու հարցում։ Նաթանը ներկայացրեց եզրափակիչ ելույթը ու վերջում ձեռքը թափահարեց՝ ի նշան հրաժեշտի։ Որպես պատասխան՝ ունկնդիրներն անմիջապես իրենց թաշկինակները թափահարեցին։ Դա նման էր ծաղիկների գեղեցիկ դաշտի։

Նաև անմոռանալի էր 1974 թ. դեկտեմբերին մեր այցելությունը Պորտուգալիա։ Լիսաբոնում մենք ներկա եղանք կազմակերպության գործունեությունը օրինականացվելուց հետո տեղի ունեցած Վկաների առաջին հանդիպմանը։ Այնտեղ մեր գործունեությունը արգելքի տակ էր եղել 50 տարի շարունակ։ Թեև երկրում այդ ժամանակ ընդամենը Թագավորության 14 000 քարոզիչ կար, սակայն երկու հանդիպումներին ներկա եղավ ավելի քան 46 000 մարդ։ Աչքերիս արցունքներ հայտնվեցին, երբ եղբայրներն ասացին. «Մենք այլևս թաքնվելու կարիք չունենք։ Մենք ազատ ենք»։

Սկսած Նաթանի հետ ճամփորդելու օրերից մինչ այժմ՝ ես սիրում եմ ոչ պաշտոնական վկայություն տալ օդանավերում, ռեստորաններում և փողոցում։ Միշտ ինձ հետ գրականություն եմ վերցնում, որ պատրաստ լինեմ քարոզել։ Մի անգամ, երբ օդանավի էինք սպասում ու թռիչքը հետաձգվել էր, մի կին հարցրեց, թե որտեղ եմ աշխատում։ Այդպես ես սկսեցի խոսել նրա և մեր շուրջը գտնվող այլ մարդկանց հետ, ովքեր ցանկանում էին լսել։ Բեթելի ծառայությունն ու քարոզչական գործը օգնել են ինձ, որ լինեմ զբաղված ու երջանիկ։

Հիվանդություն և հրաժեշտի քաջալերական խոսքեր

1976 թ.–ին Նաթանը քաղցկեղով հիվանդացավ և ես, ինչպես նաև Բեթելի ընտանիքը, օգնում էինք նրան տոկալ։ Չնայած Նաթանը վատառողջ էր, բայց մենք մեր սենյակ էինք հրավիրում տարբեր մասնաճյուղերում ծառայող եղբայրների ու քույրերի, ովքեր ուսուցում ստանալու նպատակով գտնվում էին Բրուքլինում։ Հիշում եմ Դոն և Էրլին Սթիլի, Լլոյդ և Մելբա Բերիի, Դուգլաս և Մարի Գեսթի, Մարտին և Գերտրուդ Փետցինգերի, Փրայս Հյուզի և շատ ուրիշների այցելությունները։ Հաճախ նրանք իրենց երկրներում պատահած դեպքեր էին պատմում մեզ։ Ինձ հատկապես տպավորում էին արգելքի ժամանակ եղբայրների դրսևորած հաստատակամության օրինակները։

Երբ Նաթանը հասկացավ, որ իր մահը մոտ է, նա լավ խորհուրդներ տվեց, որպեսզի օգներ ինձ հեշտ տանել այրիությունը։ Նա ասաց. «Ամուսնության մեջ մենք երջանիկ ենք եղել։ Շատերը նման ամուսնություն չեն վայելել»։ Ամուսնական կյանքում երջանկությանը նպաստող հանգամանքներից մեկն այն էր, որ Նաթանը շատ ուշադիր էր։ Օրինակ, երբ ճանապարհորդելիս տարբեր անհատների էինք հանդիպում, նա ինձ ասում էր. «Օդրի, եթե ես երբեմն նրանց չեմ ծանոթացնում քեզ հետ, պատճառն այն է, որ ես մոռացել եմ նրանց անունը»։ Ես շնորհակալ էի, որ նա նախօրոք ինձ ասում էր այդ մասին։

Նաթանն ինձ հիշեցրեց. «Մեր հույսը հաստատ է, և մահից հետո մենք այլևս ցավից չենք տառապի»։ Հետո նա ինձ հորդորեց. «Առաջ նայիր, քանի որ ապագայում դու կստանաս քո վարձատրությունը։ Մի՛ ապրիր անցյալով, թեև հիշողությունները կշարունակեն քեզ ուղեկցել։ Ժամանակը կբուժի քո վերքերը։ Բարկությամբ ու խղճահարությամբ մի՛ լցվիր ինքդ քո հանդեպ։ Ուրախ եղիր, որ վայելել ես այսպիսի երջանկություն և օրհնություններ։ Որոշ ժամանակ անց կզգաս, որ հիշողությունները քեզ ուրախություն են պատճառում։ Հիշողությունները Աստծուց տրված պարգև են»։ Նաև ավելացրեց. «Եղիր զբաղված. աշխատիր քո կյանքն օգտագործել ուրիշների օգտին ինչ–​որ բան անելու համար։ Դա կօգնի, որ ապրելու մեջ ուրախություն գտնես»։ 1977 թ. հունիսի 8–ին Նաթանը լքեց երկրային բեմը։

Ամուսնանում եմ Գլեն Հայդի հետ

Նաթանն ինձ ասաց, որ ես կամ կարող եմ ապրել անցյալով՝ հիշողություններիս հետ, կամ նոր կյանք կառուցել։ Այսպիսով 1978 թ.–ին ««Դիտարանի» ֆերմաներ» (Ուոլքիլ, Նյու Յորք) տեղափոխվելուց հետո ամուսնացա Գլեն Հայդի՝ մի շատ գեղեցիկ, մեղմ ու հանգիստ բնավորությամբ անձնավորության հետ։ Երբ Ամերիկան պատերազմում էր Ճապոնիայի դեմ, Գլենը դեռ Վկա չէր ու ծառայում էր Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում։

Գլենը աշխատել էր պարեկային տորպեդային նավի վրա՝ շարժիչների սենյակում։ Աղմուկի պատճառով նա որոշ չափով կորցրել էր լսողությունը։ Պատերազմից հետո նա դարձել էր հրշեջ։ Տարիներ շարունակ գիշերները նա սարսափելի երազներ է տեսել պատերազմից իր հիշողության մեջ մնացած տեսարանների պատճառով։ Աստվածաշնչյան ճշմարտությունը նա լսել էր իր քարտուղարից, որը նրան ոչ պաշտոնական վկայություն էր տվել։

Ավելի ուշ՝ 1968 թ.–ին, Գլենը հրավիրվել էր ծառայելու Բրուքլինում՝ որպես հրշեջ։ Հետագայում՝ 1975 թ.–ին, երբ ««Դիտարանի» ֆերմաները» ձեռք բերեցին իրենց սեփական հրշեջ մեքենան, նրան նշանակեցին ծառայելու այնտեղ։ Հետագայում նա հիվանդացավ Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ամուսնությունից տասը տարի անց Գլենը մահացավ։

Ինչպե՞ս էի դիմանալու։ Ինձ համար կրկին մխիթարական էր հիշել Նաթանի այն իմաստուն խոսքերը, որ նա ասաց, երբ իմացավ, որ մահանալու է։ Ես կարդում էի այն խոսքերը, որ Նաթանը գրել էր այրիության հետ կապված դժվարությունները հաղթահարելու մասին։ Երբ ինչ–​որ մեկի կողակիցը մահանում է, ես սկսում եմ պատմել նրանց այդ մտքերը, և Նաթանի խորհուրդը նրանց էլ է մխիթարում։ Այո՛, լավ է առաջ նայել, ինչպես որ նա քաջալերեց ինձ։

Թանկագին եղբայրություն

Երջանիկ, բավականություն պատճառող կյանք վայելելուն նպաստել են Բեթելի ընտանիքի իմ սիրելի ընկերները։ Հատկապես Էսթեր Լոպեսը, որը 1944 թ.–ին ավարտել էր «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի երրորդ դասարանը։ Նա Բրուքլին էր վերադարձել 1950 թ. փետրվարին, որպեսզի մասնակցեր մեր աստվածաշնչյան գրականությունը իսպաներեն լեզվով թարգմանելու գործին։ Նաթանի հաճախակի ճանապարհորդությունների ժամանակ Էսթերն իմ մտերիմ ընկերուհին էր։ Նա նույնպես ««Դիտարանի» ֆերմաներում» է ապրում։ Այժմ նա մոտ 95 տարեկան է և վատառողջ է։ Ուստի մեր հիվանդանոցում նրան խնամք են տանում։

Իմ ընտանիքի անդամներից կենդանի են միայն Ռասելն ու Կլարան։ Ռասելն իննսունն անց է և հավատարմորեն ծառայում է Բրուքլինի Բեթելում։ Նա այն առաջին բեթելցիների թվում էր, որոնց թույլ տրվեց ամուսնանալուց հետո մնալ Բեթելում։ 1952 թ.–ին նա ամուսնացավ բեթելցի Ջին Լարսոնի հետ։ Ջինի եղբայր Մաքսը Բեթել է եկել 1939 թ.–ին և Նաթանից հետո 1942 թ.–ին նշանակվել որպես տպարանի վերակացու։ Մաքսը առ այսօր մեծ պատասխանատվություններ ունի Բեթելում։ Բացի այդ, նա օգնում է խնամել իր սիրելի կնոջը՝ Հելենին, որը հիվանդ է ցրված կարծրախտով։

Նայելով Եհովայի ծառայության մեջ անցկացրած 63 տարիներիս՝ կարող եմ ասել, որ իսկապես գոհացուցիչ կյանք եմ ունեցել։ Բեթելը դարձել է իմ տունը, և ես շարունակում եմ այստեղ ծառայել սրտի ուրախությամբ։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ մեր մեջ արմատավորել են ջանասիրաբար աշխատելու սովորություն ու Եհովային ծառայելու ցանկություն։ Սակայն կյանքն իսկապես գոհացուցիչ է դառնում մեր հրաշալի եղբայրության շնորհիվ, նաև այն բանի, որ հույս ունենք եղբայրների ու քույրերի հետ ապրել դրախտային երկրի վրա, ծառայել մեր մեծ Արարչին՝ միակ ճշմարիտ Աստված Եհովային, ողջ հավիտենականության ընթացքում։

[նկար 24–րդ էջի վրա]

Ծնողներս իրենց հարսանիքի օրը՝ 1912 թ. հունիսին

[նկար 24–րդ էջի վրա]

Ձախից աջ՝ Ռասելը, Վեյնը, Կլարան, Արդիսը, ես և Կուրտիսը, 1927 թ.

[նկար 25–րդ էջի վրա]

Ֆրենսիս և Բարբարա Մաքնոթի հետ (ես մեջտեղում եմ) 1944 թ.–ին ռահվիրա ծառայելու ժամանակ

[նկար 25–րդ էջի վրա]

1951 թ.–ին Բեթելում։ Ձախից աջ՝ ես, Էսթեր Լոպեսը և եղբորս կինը՝ Ջինը

[նկար 26–րդ էջի վրա]

Նաթանի և իր ծնողների հետ

[նկար 26–րդ էջի վրա]

Նաթանի հետ, 1955 թ.

[նկար 27–րդ էջի վրա]

Նաթանի հետ Հավայիում

[նկար 29–րդ էջի վրա]

Երկրորդ ամուսնուս՝ Գլենի հետ