Հիսուսի հրաշքները. ի՞նչ կարող եք սովորել
Հիսուսի հրաշքները. ի՞նչ կարող եք սովորել
ԵԹԵ ԻՄԱՆԱՔ, որ Հիսուսի երկրային կյանքի մասին պատմող բնագիր արձանագրություններում ոչ մի տեղ չի օգտագործվում «հրաշք» բառը, միգուցե զարմանաք։ Երբեմն «հրաշք» է թարգմանվում հունարեն դի՛նամիս բառը, որը բառացի նշանակում է «զորություն» (Ղուկաս 8։46)։ Այն կարող է թարգմանվել նաև «կարողություն» կամ «զորավոր գործեր» ձևերով (Մատթէոս 11։20, ԷԹ; 25։15)։ Մի գիտնականի խոսքերով՝ այս հունարեն բառը «ուշադրություն է հրավիրում կատարված զորավոր գործի և հատկապես այդ գործն իրականացրած զորության վրա։ Նկարագրված դեպքը ներկայացվում է որպես Աստծո զորության արտահայտում»։
«Հրաշք» ձևով երբեմն թարգմանվում է նաև հունարեն տե՛րաս բառը, որը կարող է նշանակել «զարմանալի գործեր» (Յովհաննէս 4։48, ԷԹ; Գործք 2։19, ԷԹ)։ Այս բառը ցույց է տալիս, թե կատարված գործը ինչ ազդեցություն է թողնում ականատեսների վրա։ Շատ հաճախ Հիսուսի զորավոր գործերը ապշեցնում էին ինչպես իր աշակերտներին, այնպես էլ մյուս մարդկանց (Մարկոս 2։12; 4։40; 6։51; Ղուկաս 9։44ա)։
Հիսուսի հրաշքների կապակցությամբ օգտագործվում է նաև հունարեն սիմի՛ոն բառը, որը կարելի է թարգմանել իբրև «նշան»։ Ինչպես ասում է գիտնական Ռոբերտ Դեֆինբաուն, «այն մատնանշում է հրաշքի խորիմաստությունը։ Նշանը այն հրաշքն է, որը բացահայտում է ճշմարտությունը մեր Տեր Հիսուսի մասին»։
Պատրա՞նք, թե՞ աստվածաշնորհ զորություն
Համաձայն Աստվածաշնչի՝ Հիսուսի հրաշքները ո՛չ խաբկանք էին և ո՛չ էլ մարդկանց զվարճացնելու նպատակով ցուցադրվող աճպարարություններ։ Դրանք «Աստծու մեծ զորության» (ԱՆԹ) արտահայտումներն էին։ Օրինակ՝ հենց այդ զորությամբ Հիսուսը մի տղայի միջից հեռացրեց չար ոգու (Ղուկաս 9։37–44)։ Մի՞թե ‘սաստիկ զորության’ տեր Ամենակարող Աստված ունակ չէ նման զորավոր գործեր կատարելու (Եսայիա 40։26)։ Իհարկե ունակ է։
Ավետարաններում խոսք է գնում Հիսուսի գործած շուրջ 35 հրաշքների մասին։ Սակայն նրա հրաշագործությունների ընդհանուր թիվը չի նշվում։ Օրինակ՝ Մատթէոս 14։14–ում ասվում է. «[Հիսուսը] շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին»։ Թե քանի հիվանդի նա բուժեց այդ ժամանակ, արձանագրության մեջ չի ասվում։
Այդ զորավոր գործերը հիմնավորում էին Հիսուսի խոսքերն այն մասին, որ նա Աստծո Որդին է և խոստացյալ Մեսիան։ Եվ իրոք, Գրությունները հաստատում են, որ աստվածաշնորհ զորությունն էր հրաշքներ գործելու հնարավորություն տալիս Հիսուսին։ Մի առիթով Պետրոս առաքյալը Հիսուսի մասին ասաց. «[Նա] Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. ինչպէս դուք էլ գիտէք» (Գործք 2։22)։ Իսկ մեկ այլ դեպքում Պետրոսը նշեց, որ Հիսուսին «Աստուած Սուրբ Հոգով եւ զօրութիւնով օծեց. որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. որովհետեւ Աստուած նորա հետ էր» (Գործք 10։37, 38)։
Մարկոս 1։21–27-ում պատմվում է, թե մի անգամ Հիսուսի խոսքերը ու նրա կատարած հրաշքը ինչ ազդեցություն գործեցին ներկաների վրա։ Մարկոս 1։22–ում ասվում է, որ մարդիկ «զարմանում էին նորա վարդապետութեան վերայ»։ Նույն գլխի 27–րդ համարում նշվում է, որ երբ նա մի մարդու միջից չար ոգու հեռացրեց, բոլորը «զարմացան»։ Թե՛ Հիսուսի զորավոր գործերը, թե՛ նրա հայտնած լուրը փաստում էին, որ նա է խոստացյալ Մեսիան։
Հիսուսի հրաշքները անբաժանելիորեն կապված էին նրա հայտնած լուրի հետ։Միայն Հիսուսի խոսքերը չէ, որ ապացուցում էին նրա Մեսիա լինելը։ Նրա խոսքերից ու գործերից բացի, հրաշքների միջոցով արտահայտվող աստվածաշնորհ զորությունն էր վկայում, որ նա է Մեսիան։ Երբ Հիսուսի առաքելության և կատարած դերի մասին հարցեր ծագեցին, նա արիաբար պատասխանեց. «Ես աւելի մեծ վկայութիւն ունիմ քան թէ Յովհաննէսը [Մկրտիչ], այսինքն այն գործերն, որ Հայրն ինձ տուաւ, որ կատարեմ նորանց. նոյն այն գործերն՝ որ գործում եմ, ինձ համար վկայում են, թէ Հայրն ուղարկեց ինձ» (Յովհաննէս 5։36)։
Հրաշքների իսկությունը փաստող նշանները
Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի գործած հրաշքները իրական էին։ Քննարկենք դրանց իսկությունը փաստող մի քանի ապացույցներ։
Զորավոր գործեր կատարելիս Հիսուսը մարդկանց ուշադրությունը երբեք իր վրա չէր հրավիրում։ Նա պարզ ցույց էր տալիս, որ Աստծուն պետք է տրվի փառքն ու պատիվը իր յուրաքանչյուր հրաշքի համար։ Օրինակ՝ մի կույր մարդու բուժելուց առաջ Հիսուսը նշեց, որ բուժումը տեղի կունենա, որպեսզի «Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում» (Յովհաննէս 9։1–3; 11։1–4)։
Ի տարբերություն աճպարարների, մոգերի և հավատով բուժումներ կատարող մարդկանց՝ Հիսուսը երբեք չէր դիմում հիպնոսի, խաբկանքի, ցուցադրությունների, կախարդանքների կամ հույզեր գրգռող արարողությունների։ Նա չէր խրախուսում սնոտիապաշտություն և նշխարների գործածություն։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ համեստություն ցուցաբերեց նա, երբ բուժեց երկու կույրերի։ Աստվածաշունչը պատմում է, որ այդ մարդկանց ‘գթալով’՝ Հիսուսը «նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից» (Մատթէոս 20։29–34)։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի ծիսական արարողություն կամ ցուցադրություն տեղի չունեցավ։ Այս ամենից բացի, Հիսուսն իր հրաշքները գործում էր հրապարակայնորեն՝ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Նա հատուկ լուսավորության, ներկայացումների և օժանդակ իրերի կարիք չուներ։ Հակառակ դրան՝ կասկածելի բնույթ կրող ժամանակակից հրաշքները հաճախ ոչ մի փաստացի ապացույցներ չեն ունենում (Մարկոս 5։24–29; Ղուկաս 7։11–15)։
Երբեմն Հիսուսը խոսում էր իր հրաշքներից օգուտ ստացած մարդկանց հավատի մասին։ Սակայն անհատի թույլ հավատը չէր խանգարում Հիսուսին հրաշք գործել։ Օրինակ՝ Գալիլեայի Կափառնայում քաղաքում, «շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց» (Մատթէոս 8։16)։
Հիսուսը հրաշքներ էր գործում օգնության կարիք ունեցող անհատներին աջակցելու նպատակով և ոչ թե ոմանց հետաքրքրասիրությունը բավարարելու (Մարկոս 10։46–52; Ղուկաս 23։8)։ Եվ նա երբեք գործի չէր դնում հրաշքներ կատարելու իր զորությունը անձնական շահի համար (Մատթէոս 4։2–4; 10։8)։
Ավետարանները արժանահավա՞տ են
Հիսուսի հրաշքների մասին պատմող փաստերը պահպանվել են չորս Ավետարանների էջերում։ Իսկ հիմքեր ունե՞նք արդյոք վստահելու այդ արձանագրություններին, երբ փորձում ենք ստուգել նրա հրաշքների իսկությունը։ Այո, ունենք։
Ինչպես արդեն նշեցինք, Հիսուսն իր հրաշքները գործում էր հրապարակայնորեն՝ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Երբ գրվեցին առաջին Ավետարանները, այդ ականատեսներից շատերը դեռ կենդանի էին։ Բացի այդ, մի գրքում Ավետարանները գրի առնողների ազնվության մասին ասվում է. «Բացարձակ անարդարություն կլինի մեղադրել ավետարանիչներին այն բանում, թե նրանք բոլոր պատմական փաստերը անխտիր հեղեղել են հրաշքների մասին պատմություններով՝ ի նպաստ իրենց աստվածաբանական պրոպագանդայի։ .... Նրանց մտադրությունն էր՝ լինել ազնիվ գրողներ» («The Miracles and the Resurrection»)։
Քրիստոնեության դեմ պայքարող հրեաները երբեք կասկածի չէին ենթարկում Ավետարաններում նկարագրված զորավոր գործերը։ Նրանք հարցականի տակ էին դնում միայն այդ գործերն Մարկոս 3։22–26)։ Հետագա դարերում ապրած քննադատներին նույնպես չհաջողվեց ժխտել Հիսուսի հրաշքները։ Ընդհակառակը՝ կարելի է գտնել մեր թվարկության առաջին և երկրորդ դարերի ընթացքում գրված աղբյուրներ, որոնցում հիշատակվում են այդ հրաշքները։ Պարզ է, ուրեմն, որ բոլոր հիմքերն ունենք վստահելու Հիսուսի հրաշքների մասին պատմող ավետարանական արձանագրություններին։
իրականացնող զորությունը (Ինչպիսի՞ անձնավորություն էր հրաշքներ գործողը
Հիսուսի հրաշքների ուսումնասիրությունը կիսատ կլինի, եթե սահմանափակվենք միայն դրանց ճշմարտացիությունը փաստող ապացույցների քննարկումով։ Այդ զորավոր գործերը ներկայացնող Ավետարաններից պարզ է դառնում, որ Հիսուսը խորը զգացմունքների տեր անձնավորություն էր, անչափ գթասիրտ և մարդկանց բարօրությամբ անկեղծորեն հետաքրքրված անհատ։
Օրինակ՝ մի անգամ նրան մոտեցավ բորոտությամբ տառապող մի մարդ և հուսալքված աղերսեց. «Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել»։ Այդ մարդուն «գթալով»՝ Հիսուսն իր ձեռքը մեկնեց, դիպչեց նրան և ասաց. «Կամենում եմ՝ սրբուիր»։ Հիվանդը անմիջապես բուժվեց (Մարկոս 1։40–42)։ Դրանով Հիսուսը ցույց տվեց, որ կարեկցանքն է մղում իրեն Աստծո կողմից տրված զորությամբ հրաշքներ գործելու։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը հանդիպեց Նային քաղաքից դուրս եկող թաղման թափորի։ Մահացած երիտասարդը այրի կնոջ միակ զավակն էր։ ‘Գթալով’ կնոջը՝ Հիսուսը մոտեցավ նրան և ասաց՝ «մի լար», որից հետո հարություն տվեց նրա որդուն (Ղուկաս 7։11–15)։
Հիսուսի հրաշագործություններից կարելի է մխիթարական մի դաս սովորել. գութն էր մղում նրան օգնություն ցույց տալ մարդկանց։ Սակայն պետք չէ մտածել, թե դրանք լոկ անցած–գնացած դեպքեր են։ «Յիսուս Քրիստոսը նոյն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան»,— ասվում է Եբրայեցիս 13։8–ում։ Այսօր նա երկնային Թագավոր է, և ցանկություն ու կարողություն ունի հրաշքներ գործելու իր աստվածաշնորհ զորությունը օգտագործել շատ ավելի մեծ չափերով, քան դա արեց երկրի վրա եղած ժամանակ։ Շուտով Հիսուսը գործի կդնի այդ զորությունը՝ բոլոր հնազանդ մարդկանց բուժելու համար։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ ավելի շատ տեղեկություն ձեռք բերել ապագայում սպասվող այս լուսավոր հեռանկարի մասին։
[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Հիսուսի հրաշքները «Աստծու մեծ զորության» արտահայտումներն էին
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը խորը զգացմունքների տեր անձնավորություն էր