Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քո հաճությունը Եհովայի օրենքի մե՞ջ է

Քո հաճությունը Եհովայի օրենքի մե՞ջ է

Քո հաճությունը Եհովայի օրենքի մե՞ջ է

«Երանելի է այն մարդը.... [որի] կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է» (ՍԱՂՄՈՍ 1։1, 2

1. Ինչո՞ւ ենք մենք, լինելով Եհովայի ծառաներ, երջանիկ։

ԵՀՈՎԱՆ նեցուկ է լինում և օրհնում է իր նվիրված ծառաներին։ Ճիշտ է, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց իսկապես երջանիկ ենք։ Դա զարմանալի չէ, քանի որ ծառայում ենք երջանիկ Աստծուն, և նրա սուրբ ոգին մեր սրտերում ուրախություն է ծնում (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ; Գաղատացիս 5։22)։ Ուրախությունը իսկական երջանկության հոգեվիճակ է, որն առաջանում է մի լավ բան ակնկալելուց կամ ձեռք բերելուց։ Մեր երկնային Հայրն իսկապես մեզ բարի պարգևներ է տալիս (Յակոբոս 1։17)։ Ուստի զարմանալի չէ, որ մենք երջանիկ ենք։

2. Ո՞ր սաղմոսներն ենք քննարկելու։

2 «Սաղմոսներ» գրքում երջանկության թեման բավականաչափ շոշափվում է։ Օրինակ՝ առաջին և երկրորդ սաղմոսներում։ Հիսուս Քրիստոսի վաղ աշակերտները 2–րդ սաղմոսը վերագրեցին Իսրայելի Դավիթ թագավորին (Գործք 4։25, 26)։ Իսկ 1–ին սաղմոսի հեղինակը հայտնի չէ։ Աստծո ներշնչումով նա իր երգը հետևյալ կերպ է սկսում. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում» (Սաղմոս 1։1)։ Այս և հաջորդ հոդվածներում 1–ին և 2–րդ սաղմոսները քննարկելով՝ մենք կտեսնենք, թե ինչ հիմքեր ունենք ուրախ լինելու։

Երջանկության գաղտնիքը

3. Ի՞նչ պատճառներ են նշվում Սաղմոս 1։1–ում, թե ինչու է աստվածասեր անհատը երջանիկ։

3 Առաջին սաղմոսը ցույց է տալիս, թե ինչու է աստվածասեր անհատը երջանիկ։ Սաղմոսերգուն նշում է, թե ինչ հիմքեր կան երջանիկ լինելու՝ ասելով. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում» (Սաղմոս 1։1

4. Ի՞նչ օրինակելի կյանքով են ապրել Զաքարիան ու Եղիսաբեթը։

4 Իսկապես երջանիկ լինելու համար մենք պետք է ենթարկվենք Եհովայի արդար պահանջներին։ Զաքարիան ու Եղիսաբեթը, որոնք ուրախ էին, որ պատիվ ունեն դառնալու Հովհաննես Մկրտչի ծնողները, «Աստուծոյ առաջին արդար էին», քանի որ «Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ» (Ղուկաս 1։5, 6)։ Մենք երջանիկ կլինենք, եթե նման ընթացք բռնենք ու վճռականորեն մերժենք ‘ամբարիշտների խորհրդի մեջ գնալը’՝ նրանց անաստված խորհուրդներով առաջնորդվելը։

5. Ի՞նչը կարող է օգնել մեզ խուսափելու ‘մեղավորների ճանապարհից’։

5 Եթե մերժում ենք ամբարիշտների մտածելակերպը, ապա ‘մեղավորների ճանապարհի մեջ չենք կանգնի’։ Այո, մենք չենք գնա այնտեղ, որտեղ նրանք հաճախ լինում են՝ անբարո զվարճության կամ վատ համբավ ունեցող վայրերը։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե գայթակղվում ենք միանալու մեղավորներին, որպեսզի նրանց հետ Աստվածաշնչին հակասող բաներ անենք։ Նման դեպքերում եկեք աղոթենք Աստծուն և օգնություն խնդրենք նրանից, որպեսզի կարողանանք վարվել Պողոս առաքյալի խոսքերին ներդաշնակ։ Նա ասաց. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ» (Բ Կորնթացիս 6։14)։ Եթե ապավինում ենք Աստծուն ու «սրտով մաքուր» ենք, ապա կմերժենք մեղավորների մտածելակերպն ու ապրելակերպը, կունենանք մաքուր մղումներ ու ցանկություններ, ինչպես նաև ‘անկեղծ հավատ’ (Մատթէոս 5։8; Ա Տիմոթէոս 1։5

6. Ինչո՞ւ պետք է զգուշանանք ծաղր անողներից։

6 Եհովային հաճեցնելու համար մենք, անշուշտ, ‘չպետք է նստենք ծաղր անողների աթոռին’։ Ոմանք ծաղրի են ենթարկում աստվածապաշտությունն առհասարակ, բայց հավատուրաց դարձած նախկին քրիստոնյաները այս վերջին օրերում հաճախ մի առանձին արհամարհանքով են ծաղր անում։ Պետրոս առաքյալն իր հավատակիցներին նախազգուշացրեց. «Սիրելիներ.... առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ» (Բ Պետրոս 3։1–4)։ Եթե երբևէ ‘չնստենք ծաղր անողների աթոռին’, ապա կխուսափենք այն ‘թշվառությունից’՝ աղետից, որն անկասկած կպատահի նրանց (Առակաց 1։22–27

7. Ինչո՞ւ պետք է Սաղմոս 1։1–ի խոսքերը լինեն մեր սրտում։

7 Եթե Սաղմոս 1։1–ի խոսքերը մեր սրտում չլինեն, ապա գուցե կորցնենք մեր այն հոգևոր վիճակը, որ ձեռք ենք բերել Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ։ Փաստորեն, մեր վիճակը կարող է աստիճանաբար վատանալ։ Դեպի վար ընթացքը կարող է սկսվել ամբարիշտների խորհրդին հետևելուց։ Հետո գուցե նրանց հետ կանոնավորաբար շփվենք։ Իսկ ժամանակի ընթացքում նույնիսկ հնարավոր է, որ դառնանք անհավատ, ծաղր անող հավատուրացներ։ Ակնհայտ է, որ ամբարիշտների հետ ընկերակցելը կարող է մեր մեջ ոչ աստվածահաճո տրամադրվածություն առաջացնել ու խզել մեր հարաբերությունները Եհովա Աստծո հետ (Ա Կորնթացիս 15։33; Յակոբոս 4։4)։ Եկեք երբե՛ք թույլ չտանք, որ դա մեզ հետ պատահի։

8. Ի՞նչը կօգնի մեզ մեր միտքը հոգևոր բաների վրա կենտրոնացած պահել։

8 Աղոթքը կօգնի, որ մեր միտքը հոգևոր բաների վրա կենտրոնացած պահենք և խուսափենք ամբարիշտների հետ ընկերակցելուց։ «Ոչինչ հոգս մի անէք,— գրել է Պողոս առաքյալը.— այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։ Առաքյալը քաջալերեց խորհել այնպիսի բաների շուրջ, «ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ [«արժանի է լուրջ ուշադրության», ՆԱ], ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է» (Փիլիպպեցիս 4։6–8)։ Եկեք գործենք Պողոսի խորհրդին համաձայն ու երբեք չիջնենք ամբարիշտների մակարդակին։

9. Թեպետ մենք խուսափում ենք ամբարիշտ գործերից, ինչպե՞ս ենք փորձում օգնել ամեն տեսակ մարդկանց։

9 Թեպետ մերժում ենք ամբարիշտ գործերը, մենք նրբանկատորեն վկայություն ենք տալիս մարդկանց, ճիշտ ինչպես Պողոս առաքյալը խոսեց հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի հետ «արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի [մասին]» (Գործք 24։24, 25; Կողոսացիս 4։6)։ Մենք Թագավորության բարի լուրը քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց ու նրանց հետ սիրալիր ենք վարվում։ Մենք վստահ ենք, որ նրանք, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, կդառնան հավատացյալներ ու հաճույք կգտնեն Աստծո օրենքի մեջ (Գործք 13։48, ՆԱ

Նրա հաճությունը Եհովայի օրենքի մեջ է

10. Ի՞նչը կօգնի մեզ, որ նյութը դրոշմենք մեր մտքում և սրտում անձնական ուսումնասիրություն կատարելիս։

10 Սաղմոսերգուն երջանիկ մարդու մասին այնուհետև ասում է. «Նորա կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում [«նրա օրենքը կիսաձայն կարդում է», ՆԱ]» (Սաղմոս 1։2)։ Մեր՝ Աստծո ծառաներիս «հաճութիւնը» «Տիրոջ»՝ Եհովայի օրենքի մեջ է։ Երբ անձնական ուսումնասիրություն ենք կատարում ու խորհրդածում, կարող ենք հնարավորության դեպքում կարդալ կիսաձայն՝ բառերը լսելի արտաբերելով։ Գրություններից որևէ հատված կիսաձայն ընթերցելը կնպաստի, որ նյութը երկար ժամանակ դրոշմվի մեր մտքում և սրտում։

11. Ինչո՞ւ պետք է Աստվածաշունչը կարդանք «ցերեկ ու գիշեր»։

11 «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» միշտ քաջալերում է մեզ ամեն օր Աստվածաշունչ կարդալ (Մատթէոս 24։45)։ Քանի որ փափագում ենք ավելի լավ իմանալ, թե ինչ լուր է Եհովան հաղորդում մարդկությանը, ապա լավ կլիներ, որ Աստվածաշունչը կարդայինք «ցերեկ ու գիշեր», այո, նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ–​որ պատճառով չենք կարողանում քնել։ Պետրոսը հորդորում է մեզ. «Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր [«Աստծու խոսքի», ԱՆԹ] անխարդախ կաթին որ նորանով աճէք դէպի փրկութիւնը» (Ա Պետրոս 2։1, 2)։ Հաճույք ստանո՞ւմ ես՝ ամեն օր կարդալով Աստվածաշունչը և գիշերը խորհրդածելով կարդացածի ու Աստծո նպատակների շուրջ։ Սաղմոսերգուն ստանում էր (Սաղմոս 63։6

12. Ի՞նչ կանենք, եթե հաճույք ենք ստանում Եհովայի օրենքից։

12 Մեր հավիտենական երջանկությունը կախված է այն բանից, թե հաճույք կստանանք Աստծո օրենքից, թե՝ ոչ։ Այդ Օրենքը անարատ է ու արդար, և ով որ հետևի դրան, մեծապես կպարգևատրվի (Սաղմոս 19։7–11)։ Հակոբոս աշակերտը գրեց. «Նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է» (Յակոբոս 1։25)։ Եթե իսկապես հաճույք ենք ստանում Եհովայի օրենքից, ապա մեկ օր էլ չենք անցկացնի առանց խորհրդածելու հոգևոր բաների շուրջ։ Այո, մենք մղում կունենանք ‘քննելու Աստծո խորունկ բաները’ (ԱԱ) և Թագավորության շահերը կյանքում միշտ առաջին տեղը դնելու (Ա Կորնթացիս 2։10–13; Մատթէոս 6։33

Նա ծառի պես է

13–15. Ի՞նչ իմաստով կարող ենք նման լինել ջրով առատ վայրերում տնկված ծառի։

13 Նկարագրելով ուղղամիտ անձնավորությանը՝ սաղմոսերգուն գրում է. «Նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։ Մյուս անկատար մարդկանց նման՝ մենք՝ Աստծուն ծառայողներս, կյանքում դժվարությունների ենք հանդիպում (Յոբ 14։1)։ Մեր հավատի պատճառով գուցե հալածանքների ենք ենթարկվում ու փորձություններ կրում (Մատթէոս 5։10–12)։ Սակայն Աստծո օգնությամբ մենք ի վիճակի ենք հաջողությամբ տոկալ դրանց, ճիշտ ինչպես առողջ ծառերն են դիմանում համեմատաբար ուժեղ քամիներին։

14 Ծառը, որը տնկվել է ջրի անսպառ աղբյուրի մոտ, չի չորանում շոգ եղանակին կամ երաշտի ժամանակ։ Եթե աստվածավախ ենք, ուրեմն մեր զորությունը բխում է անսպառ Աղբյուրից՝ Եհովա Աստծուց։ Պողոսը Աստծուց էր օգնություն ակնկալում, ուստի կարող էր ասել. «Ամէն բանի կարող եմ անով [Եհովայով]՝ որ զիս զօրացուց» (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Երբ Եհովայի սուրբ ոգին առաջնորդում ու հոգևորապես զորացնում է մեզ, մեր «տերեւը չէ թափվում»՝ մենք չենք թառամում՝ դառնալով անպտուղ կամ հոգևորապես մահացած։ Մենք Աստծո ծառայության մեջ շատ պտուղ ենք բերում, ինչպես նաև դրսևորում ենք սուրբ ոգու պտուղը (Երեմիա 17։7, 8; Գաղատացիս 5։22, 23

15 Օգտագործելով «պէս» թարգմանված եբրայերեն բառի մի ձև՝ սաղմոսերգուն համեմատություն է անում։ Նա համեմատում է երկու իրարից տարբեր բաներ, որոնք, սակայն, ընդհանրություն ունեն։ Մարդն ու ծառը տարբեր բաներ են, բայց ջրով առատ վայրերում տնկված ծառի տերևաշատ լինելը սաղմոսերգուին, ակներևաբար, հիշեցնում էր այն մարդկանց հոգևոր բարգավաճությունը, որոնց «հաճութիւնը Աստուծոյ օրէնքին մէջ է» (ԱԱ)։ Եթե հաճույք ենք ստանում Եհովայի օրենքից, ապա մեր օրերը կարող են ծառի օրերի պես շատ լինել։ Ըստ էության, մենք կարող ենք հավիտյան ապրել (Յովհաննէս 17։3

16. Ինչո՞ւ և ի՞նչ իմաստով է մեր արած ‘ամեն ինչը հաջողվում’։

16 Քանի որ մենք ուղիղ ճանապարհով ենք ընթանում, Եհովան մեզ օգնում է, որ դիմանանք փորձություններին ու դժվարություններին։ Մենք Աստծո ծառայության մեջ ուրախ ենք և պտղաբեր (Մատթէոս 13։23; Ղուկաս 8։15)։ «Ամեն ինչ որ անում [ենք] յաջողվում է», քանի որ մեր գլխավոր նպատակը Եհովայի կամքը կատարելն է։ Մենք հոգևորապես բարգավաճում ենք, որովհետև Աստծո նպատակները միշտ իրականանում են, և նրա պատվիրանները մեզ հաճույք են պատճառում (Ծննդոց 39։23; Յեսու 1։7, 8; Եսայիա 55։11)։ Սա ճշմարիտ է նույնիսկ այն դեպքում, երբ ինչ–​ինչ դժվարությունների ենք բախվում (Սաղմոս 112։1–3; Գ Յովհաննէս 2

Ամբարիշտների բարգավաճումը թվացյալ է

17, 18. ա) Սաղմոսերգուն ինչի՞ է նմանեցնում ամբարիշտներին։ բ) Եթե ամբարիշտները նույնիսկ նյութապես բարգավաճեն, ինչո՞ւ նրանց ապահովությունը տևական չի լինի։

17 Որքա՜ն տարբեր է ամբարիշտների կացությունը արդարների կացությունից։ Գուցե թվա, թե ամբարիշտները միառժամանակ նյութապես բարգավաճում են, բայց նրանք չեն բարգավաճում հոգևորապես։ Սա ակնհայտ է սաղմոսերգուի հետագա խոսքերից. «Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։ Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ» (Սաղմոս 1։4, 5)։ Ուշադրություն դարձրու, որ սաղմոսերգուն ասում է. «Այսպէս չեն ամբարիշտները»։ Նա նկատի ունի, որ նրանք աստվածասեր մարդկանց նման չեն, որոնք, ինչպես վերևում նշվեց, պտղաբեր, երկարակյաց ծառերի են նման։

18 Եթե նույնիսկ ամբարիշտները նյութապես բարգավաճեն, նրանց ապահովությունը տևական չէ (Սաղմոս 37։16; 73։3, 12)։ Նրանք նման են այն անխոհեմ հարուստ մարդուն, որին Հիսուսը հիշատակեց, երբ իրեն խնդրեցին լուծել ժառանգության հետ կապված մի հարց։ Հիսուսը ներկաներին ասաց. «Տեսէք եւ զգոյշ կացէք ագահութիւնիցը, որ մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը»։ Հիսուսն այս միտքը լուսաբանեց՝ ասելով, որ այդ հարուստ մարդու արտը այնքան լավ բերք էր տվել, որ նա ծրագրեց քանդել իր շտեմարանները ու կառուցել ավելի մեծերը, որպեսզի իր արտի բոլոր բարիքները կարողանար տեղավորել։ Հետո այդ մարդը մտածեց, որ կուտի, կխմի ու կվայելի։ Բայց Աստված ասաց. «Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի»։ Իր ասելիքը շեշտելով՝ Հիսուսն ավելացրեց. «Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ» (Ղուկաս 12։13–21

19, 20. ա) Նկարագրեք, թե հին ժամանակներում ինչպես էին ցորենը կալսում։ բ) Ինչո՞ւ են ամբարիշտները նմանեցվում մղեղի։

19 Ամբարիշտները ‘հարուստ չեն Աստծով’։ Այդ իսկ պատճառով նրանք ավելի ապահով ու կայուն վիճակում չեն, քան մղեղը՝ հացահատիկի թեփուկը։ Հին ժամանակներում հացահատիկը հավաքելուց հետո այն տանում էին կալ՝ մի հարթ, սովորաբար բարձր տեղ։ Այնտեղ անասունների օգնությամբ հացահատիկի վրայով քարշ էին տալիս կամնասայլը, որը ներքևից ուներ սուր քարեր կամ երկաթե ատամներ, որպեսզի ցողունները մանրվեին ու հատիկներն առանձնացվեին թեփուկից։ Հետո թիի միջոցով ամբողջ խառնուրդը օդ էին նետում՝ քամու ուղղությանը հակառակ (Եսայիա 30։24)։ Հատիկները ընկնում էին գետնին, հարդը մի կողմ էր տարվում, իսկ մղեղը ավելի հեռու էր քշվում (Հռութ 3։2)։ Այնուհետև հացահատիկը անց էին կացնում ցանցի միջով՝ հեռացնելու համար մանր քարերն ու այլ բաներ, որից հետո այն պատրաստ էր լինում մթերելու կամ աղալու (Ղուկաս 22։31)։ Այնինչ մղեղն արդեն քշվել–​տարվել էր։

20 Ճիշտ ինչպես հատիկները ընկան գետնին ու պահպանվեցին, մինչդեռ մղեղը քշվեց–​տարվեց, այնպես էլ արդարները կմնան, իսկ ամբարիշտները կհեռացվեն։ Մենք, անշուշտ, ուրախ ենք, որ չարագործները հավիտյան կանհետանան, իսկ նրանք, ովքեր հաճույք են ստանում Եհովայի օրենքից, մեծապես կօրհնվեն։ Իսկապես, հնազանդ մարդիկ ի վերջո կստանան Աստծո պարգևը՝ հավիտենական կյանքը (Մատթէոս 25։34–46; Հռովմայեցիս 6։23

«Արդարների ճանապարհը» օրհնված է

21. Ինչպե՞ս է Եհովան ‘ճանաչում արդարների ճանապարհը’։

21 Առաջին սաղմոսը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կ’կորչի» (Սաղմոս 1։6)։ Ինչպե՞ս է Աստված ‘ճանաչում արդարների ճանապարհը’։ Եթե հետամուտ ենք լինում ուղիղ ճանապարհների, կարող ենք վստահ լինել, որ մեր երկնային Հայրը տեսնում է մեր աստվածանվեր կյանքը ու մեզ համարում է իր հավանությանն արժանացած ծառաներ։ Իսկ մենք կարող ենք և պետք է մեր բոլոր «հոգսը» գցենք նրա վրա՝ համոզված լինելով, որ նա իսկապես հոգ է տանում մեր մասին (Եզեկիէլ 34։11; Ա Պետրոս 5։6, 7

22, 23. Ի՞նչ է սպասում ամբարիշտներին, և ի՞նչ ապագա են ունենալու արդարները։

22 «Արդարների ճանապարհը» հավիտյան կմնա, բայց անուղղելի ամբարիշտներին Եհովան կկործանի։ Նրանց «ճանապարհը»՝ ապրելակերպը, վերջ կգտնի իրենց հետ միասին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Դավիթի հետևյալ խոսքերը կիրականանան. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ։ Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։10, 11, 29

23 Որքա՜ն երջանիկ կլինենք, եթե առանձնաշնորհում ստանանք ապրելու դրախտային երկրում, որտեղ չեն լինի ամբարիշտներ։ Այն ժամանակ խոնարհներն ու արդարները կվայելեն իսկական խաղաղություն, քանի որ նրանց «հաճութիւնը» միշտ Եհովայի օրենքի մեջ կլինի։ Իսկ մինչ այդ Եհովայի «հրամանը» պետք է իրագործվի (Սաղմոս 2։7ա)։ Հաջորդ հոդվածը կօգնի մեզ տեսնել, թե ինչ է այդ հրամանը, և դա ինչ կնշանակի մեզ ու ամբողջ մարդկային ընտանիքի համար։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչո՞ւ է աստվածասեր անհատը երջանիկ։

• Ինչո՞վ ենք ցույց տալիս, որ հաճույք ենք ստանում Եհովայի օրենքից։

• Ինչպե՞ս կարող է անհատը նման լինել լավ ջրվող ծառի։

• Ինչպե՞ս է արդարների ճանապարհը տարբերվում ամբարիշտների ճանապարհից։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 11–րդ էջի վրա]

Աղոթքը կօգնի մեզ հեռու մնալ ամբարիշտների ընկերակցությունից

[նկար 12–րդ էջի վրա]

Ինչո՞ւ է արդարը նմանեցվում ծառի