Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հեռու մնանք կեղծ կրոնից

Հեռու մնանք կեղծ կրոնից

Հեռու մնանք կեղծ կրոնից

«Նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 6։17

1. Հոգևոր ի՞նչ վիճակում են գտնվում անկեղծ սիրտ ունեցող բազմաթիվ անհատներ։

ԱՆԿԵՂԾ սիրտ ունեցող բազմաթիվ անհատներ չգիտեն, թե ով է ճշմարիտ Աստված, և ինչ ապագա է սպասում մարդկությանը։ Իրենց մտատանջող այս կարևոր հարցերի պատասխանները չգտնելով՝ նրանք ընկնում են շփոթության մեջ։ Միլիոնավոր մարդիկ դարձել են սնապաշտության, ավանդույթների և կրոնական տոների գերին. բաներ, որ անարգում են մեր Արարչին։ Ամենայն հավանականությամբ, ձեր հարազատներից ու ծանոթներից ոմանք նույնպես հավատում են այնպիսի կեղծ գաղափարների, ինչպիսիք են Երրորդությունը, հոգու անմահությունը և դժոխքի տանջանքների մասին ուսմունքը։

2. Ինչո՞ւմ են մեղավոր հոգևոր առաջնորդները, և ինչի՞ են հանգեցրել նրանց արարքները։

2 Ո՞րն է այս համատարած հոգևոր խավարի պատճառը։ Թեև կարող է զարմանալի թվալ, դրա պատճառը կրոնն է, իսկ ավելի ստույգ, այն կրոնական ուղղություններն ու հոգևոր առաջնորդները, որոնք ուսուցանում են Աստծու Խոսքին հակասող գաղափարներ (Մարկոս 7։7, 8)։ Նրանց խաբեության հետևանքով շատերը հավատում են, թե երկրպագում են ճշմարիտ Աստծուն, մինչդեռ իրականում անարգում են նրան։ Այո՛, այս ողբալի իրողության համար գլխավորապես պատասխանատու է կեղծ կրոնը։

3. Ո՞վ է գլխավորապես նպաստում կեղծ կրոնի տարածմանը, և ինչպե՞ս է նա ներկայացվում Աստվածաշնչում։

3 Կեղծ կրոնի ետևում կանգնած է մի անտեսանելի էակ, որի մասին Պողոս առաքյալն ասել է. «Այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթացիս 4։4)։ ‘Այս աշխարհի աստվածը’ ոչ այլ ոք է, եթե ոչ Բանսարկու Սատանան։ Նա է գլխավորապես նպաստում կեղծ կրոնի տարածմանը։ «Սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման» (Բ Կորնթացիս 11։14, 15)։ Սատանան վատ բաները ներկայացնում է դրական լույսի ներքո և դրդում է մարդկանց հավատալ ստի։

4. Աստծու Օրենքում ի՞նչ նախազգուշացում էր տրվել իսրայելացիներին կեղծ մարգարեների վերաբերյալ։

4 Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը խստիվ դատապարտում է կեղծ կրոնը։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում Աստծու ընտրյալ ժողովրդին հատուկ նախազգուշացում էր տրվում կեղծ մարգարեների վերաբերյալ։ Այն անհատը, որը կեղծ ուսմունքներ էր տարածում և դրդում էր պաշտել օտար աստվածների, պիտի մահապատժի ենթարկվեր, ‘որովհետև ապստամբություն էր խոսում Եհովա Աստծու դեմ’։ Իսրայելացիներին այսպիսի հրահանգ էր տրվել. «Չարութիւնը ձեր միջիցը վերաց[ր]էք» (Բ Օրինաց 13։1–5)։ Այո՛, Եհովան կեղծ կրոնը չարիք է համարում (Եզեկիէլ 13։3

5. Ո՞ր նախազգուշացումներին պետք է ուշադրություն դարձնենք։

5 Կեղծ կրոնի հանդեպ նման բացասական վերաբերմունք ունեին նաև Հիսուս Քրիստոսն ու նրա առաքյալները։ Հիսուսն իր աշակերտներին ասել էր. «Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են» (Մատթէոս 7։15; Մարկոս 13։22, 23)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց, որ «Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է [այն] մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են» (Հռովմայեցիս 1։18)։ Որքա՜ն կարևոր է, որ ճշմարիտ քրիստոնյաները ուշադրություն դարձնեն այս նախազգուշացումներին և հեռու մնան բոլոր այն անհատներից, ովքեր «անիրաւութիւնով բռնում են» սուրբգրային ճշմարտությունը, այսինքն՝ խոչընդոտում են նրա տարածմանը կամ ուսուցանում կեղծ գաղափարներ (Ա Յովհաննէս 4։1

Փախչենք Մեծ Բաբելոնից

6. Ինչպե՞ս է Աստվածաշնչում նկարագրվում ‘Մեծ Բաբելոնը’։

6 Եկեք տեսնենք, թե ինչպես է կեղծ կրոնը նկարագրվում Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում։ Այն համեմատվում է անբարո կնոջ հետ, որը հարբած է։ Այդ այլաբանական կինը ազդեցություն ունի բազում թագավորությունների և ազգերի վրա։ Նա «պոռնկանում» է շատ թագավորների հետ և «հարբած» է Աստծու ճշմարիտ երկրպագուների արյամբ (Յայտնութիւն 17։1, 2, 6, 18)։ Կնոջ ճակատին գրված է մի անուն, որը լիովին համապատասխանում է նրա անառակ և գարշելի վարքին։ Նրա անունն է ‘Մեծ Բաբելոն՝ պոռնիկների և երկրի գարշելիների մայր’ (Յայտնութիւն 17։5

7, 8. Ի՞նչ առումով է կեղծ կրոնը պոռնկանում, և որո՞նք են դրա հետևանքները։

7 Մեծ Բաբելոնի այս սուրբգրային նկարագրությունը ամենայն ճշգրտությամբ պատկերում է կեղծ կրոնը։ Թեպետ աշխարհում գոյություն ունեցող հազարավոր կրոնները պաշտոնապես չեն գտնվում մեկ կազմակերպության մեջ, դրանք միավորված են այն առումով, որ ունեն նույն նպատակն ու գործելակերպը։ Ինչպես ներկայացվում էր «Յայտնութիւն» գրքում, անբարո կինը՝ կեղծ կրոնը, մեծ ազդեցություն ունի աշխարհի կառավարությունների վրա։ Իր ամուսնական ուխտին անհավատարիմ կնոջ նման՝ կեղծ կրոնը «պոռնկանում», այսինքն՝ դաշինք է կնքում մեկ այս, մեկ այն քաղաքական ուժի հետ։ «Շնացողներ, չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ,— գրեց Հակոբոս աշակերտը.— արդ ով որ կարողանայ [«կ’ուզէ», ԱԱ] աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ» (Յակոբոս 4։4

8 Կեղծ կրոնի համագործակցությունը կառավարությունների հետ անասելի տառապանք է բերել մարդկությանը։ Ինչպես նշել է աֆրիկացի քաղաքական վերլուծաբան Օնենա Մանգուն, «պատմությունը լեցուն է մասսայական ջարդերի այնպիսի օրինակներով, որոնց պատճառը կրոնի և քաղաքականության միաձուլումն է»։ Վերջերս մի պարբերաթերթում ասվում էր. «Այսօրվա ամենաարյունահեղ և ամենասարսափելի ընդհարումները.... տեղի են ունենում կրոնի պատճառով»։ Այո՛, միլիոնավոր մարդիկ են զոհվել կրոնական հողի վրա հրահրված հակամարտությունների ժամանակ։ Մեծ Բաբելոնը հալածել և սպանել է նույնիսկ Աստծու ճշմարիտ ծառաներին, այսպես ասած՝ հարբելով նրանց արյամբ (Յայտնութիւն 18։24

9. «Յայտնութիւն» գրքի նկարագրությունից ինչպե՞ս է երևում Եհովայի ատելությունը կեղծ կրոնի հանդեպ։

9 Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենալու Մեծ Բաբելոնի հետ։ Եվ դրանից ակնհայտորեն երևում է, որ Եհովան ատում է կեղծ կրոնը։ Յայտնութիւն 17։16–ում ասվում է. «Տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան»։ Հսկայական ‘գազանը’ կբզկտի և կուտի անառակ կնոջ մարմինը, իսկ ինչ էլ որ թողնի, ամբողջությամբ կայրվի։ Համաձայն այս մարգարեության՝ մոտ ապագայում աշխարհի կառավարությունները հարված կհասցնեն կեղծ կրոնին։ Աստված ինքը կմղի նրանց դա անելու (Յայտնութիւն 17։17)։ Ուստի կարելի է ասել, որ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, մատնված է կործանման, որից հետո այլևս չի վերականգնվի (Յայտնութիւն 18։21

10. Ի՞նչ պետք է անենք մենք։

10 Ի՞նչ պետք է անեն ճշմարիտ քրիստոնյաները՝ հաշվի առնելով այս ամենը։ Աստված միանշանակ պատվիրում է. «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք» (Յայտնութիւն 18։4)։ Այն անհատները, ովքեր ցանկանում են այդ կործանումից խուսափել, պետք է դուրս գան կեղծ կրոնից, քանի դեռ ուշ չէ։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ վերջին օրերում շատերը կպնդեն, թե իր հետևորդներն են, բայց դա զուտ ձևական բնույթ կկրի (Մատթէոս 24։3–5)։ Այդ մարդկանց նա ասում է. «Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ» (Մատթէոս 7։23)։ Այո՛, Հիսուս Քրիստոսը, որ այժմ գահակալված Թագավոր է, մերժել է կեղծ կրոնը։

Հեռու մնանք կեղծ կրոնից. ինչպե՞ս

11. Ինչպե՞ս կարող ենք հեռու մնալ կեղծ կրոնից։

11 Ճշմարիտ քրիստոնյաները հեռու են մնում կեղծ կրոնից՝ մերժելով Սուրբ Գրություններին հակասող ուսմունքները։ Սա նշանակում է, որ մենք չենք ունկնդրում Աստծու և նրա Խոսքի մասին ստեր ուսուցանող ռադիոհաղորդումներ ու հեռուստածրագրեր, ինչպես նաև չենք ընթերցում նման բովանդակություն ունեցող կրոնական գրականություն (Սաղմոս 119։37)։ Բացի այդ, մենք, խոհեմություն դրսևորելով, չենք մասնակցում այն միջոցառումներին կամ ժամանցի ձևերին, որոնք անցկացվում են կեղծ կրոնի հետ առնչություն ունեցող որևէ կազմակերպության նախաձեռնությամբ։ Ավելին, մենք ոչ մի առումով չենք աջակցում կեղծ կրոնին (Ա Կորնթացիս 10։20բ, 21)։ Այդպես վարվելով՝ մի կողմ չենք տարվի «փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութեան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս» (Կողոսացիս 2։8

12. Անհատը ինչպե՞ս կարող է խզել իր բոլոր կապերը կեղծ կրոնի հետ։

12 Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եհովայի վկա դառնալու ցանկություն ունեցող անհատը, եթե պաշտոնապես որևէ կեղծ կրոնական կազմակերպության անդամ է։ Սովորաբար, հրաժարական նամակ գրելով՝ մարդը կարող է ցույց տալ, որ այլևս չի ցանկանում լինել այդ կազմակերպության մեջ։ Շատ կարևոր է, որ նա վճռական քայլեր ձեռնարկի ամբողջովին ձերբազատվելու հոգևոր անմաքրությունից։ Բոլորին՝ թե՛ այդ կազմակերպության անդամներին, թե՛ ուրիշ մարդկանց, պետք է ակնհայտ լինի, որ ապագա Վկան վերջնականապես խզել է իր կապերը այդ կրոնի հետ։

13. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը կեղծ կրոնից հեռու մնալու վերաբերյալ։

13 Պողոս առաքյալը գրեց. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ.... Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք» (Բ Կորնթացիս 6։14–17)։ Մենք ցույց կտանք, որ հետևում ենք այս խորհրդին, եթե հեռու մնանք կեղծ կրոնից։ Իսկ արդյո՞ք Պողոսի այս խոսքերը նշանակում են, որ մենք պետք է հեռու մնանք նաև կեղծ կրոնի անդամներից։

‘Իմաստությամբ վարվենք’

14. Արդյո՞ք մենք պետք է ընդհանրապես չշփվենք այն մարդկանց հետ, ովքեր այլ կրոն են դավանում։ Պարզաբանե՛ք։

14 Արդյո՞ք մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, պետք է ընդհանրապես չշփվենք այլակրոն մարդկանց հետ և խուսափենք այն անհատներից, ովքեր չեն ընդունում մեր հավատը։ Ո՛չ։ Չէ՞ որ երկրորդ մեծագույն պատվիրանն է՝ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 22։39)։ Մենք սեր ենք ցուցաբերում մերձավորի հանդեպ, երբ տարածում ենք Թագավորության բարի լուրը։ Մեր սերը մարդկանց նկատմամբ երևում է նաև այն բանից, որ օգնում ենք նրանց ուսումնասիրել Աստվածաշունչը և տեղեկացնում ենք կեղծ կրոնից հեռու մնալու անհրաժեշտության մասին։

15. Ի՞նչ է նշանակում չլինել այս աշխարհից։

15 Թեև մենք մարդկանց քարոզում ենք բարի լուրը, այնուամենայնիվ, որպես Քրիստոսի հետևորդներ՝ ‘այս աշխարհի’ մաս չենք կազմում (Յովհաննէս 15։19)։ Վերոհիշյալ համարում «աշխարհ» բառը մատնանշում է Աստծուց օտարացած մարդկությանը (Եփեսացիս 4։17–19; Ա Յովհաննէս 5։19)։ Մենք այս աշխարհից չենք այն իմաստով, որ մերժում ենք աստվածանարգ գաղափարները, խոսելաձևն ու գործելակերպը (Ա Յովհաննէս 2։15–17)։ Ավելին, քանի որ «չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը», մենք չեն մտերմանում այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն առաջնորդվում քրիստոնեական սկզբունքներով (Ա Կորնթացիս 15։33)։ Աշխարհից չլինել նշանակում է նաև մեր «անձն աշխարհքից անարատ պահել» (Յակոբոս 1։27)։ Փաստորեն, ասելով, որ մենք ‘այս աշխարհից’ չենք՝ Քրիստոսը նկատի չուներ, որ ընդհանրապես չպետք է շփվենք մյուս մարդկանց հետ (Յովհաննէս 17։15, 16; Ա Կորնթացիս 5։9, 10

16, 17. Քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն նրանց, ովքեր չգիտեն աստվածաշնչյան ճշմարտությունը։

16 Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդկանց, ովքեր չգիտեն աստվածաշնչյան ճշմարտությունը։ Կողոսացի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։ Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոսացիս 4։5, 6)։ Իսկ Պետրոս առաքյալը հորդորեց. «Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [հարգանքով] պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15, ԷԹ)։ Պողոսը նաև խորհուրդ տվեց քրիստոնյաներին, որ «ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան» (Տիտոս 3։2

17 Մենք՝ Եհովայի վկաներս, ուրիշների հետ չենք խոսում կոպիտ կամ նվաստացուցիչ տոնով։ Եվ, անշուշտ, վիրավորական խոսքեր չենք ասում այլ կրոնի պատկանող մարդկանց հասցեին։ Ընդհակառակը՝ մենք նրբանկատ ենք նույնիսկ այն դեպքում, երբ ծառայության ժամանակ, աշխատավայրում թե այլուր կոպիտ վերաբերմունքի ենք արժանանում (Կողոսացիս 4։6; Բ Տիմոթէոս 2։24

‘Ամուր բռնիր ողջամիտ խոսքերի օրինակը’

18. Ի՞նչ խղճուկ հոգևոր վիճակում են հայտնվում նրանք, ովքեր վերադառնում են կեղծ կրոնին։

18 Որքա՜ն ցավալի կլինի, եթե աստվածաշնչյան ճշմարտությունը սերտելուց հետո մարդը վերադառնա կեղծ կրոնին։ Աստվածաշնչում նման ընթացքի տխուր հետևանքները նկարագրվում են այսպես. «Եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։ .... Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ» (Բ Պետրոս 2։20–22

19. Ինչո՞ւ է անհրաժեշտ զգուշանալ բոլոր այն բաներից, որ կարող են վտանգել մեր հոգևորը։

19 Մենք պետք է զգուշանանք բոլոր այն բաներից, որ կարող են վտանգել մեր հոգևոր վիճակը։ Նման վտանգները շա՛տ են։ Պողոս առաքյալը այսպիսի նախազգուշացում տվեց. «Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների [«մոլորեցուցիչ ներշնչված խոսքերի», ՆԱ] եւ դեւերի վարդապետութիւնների» (Ա Տիմոթէոս 4։1)։ Մենք ապրում ենք «յետին ժամանակներումը»։ Հետևաբար այն անհատները, ովքեր հեռու չեն մնում կեղծ կրոնից, կարող են «երեր[ալ] ու տատան[վել] վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցն[ում են] խաբեբայութեան խորամանկութիւնովը» (Եփեսացիս 4։13, 14

20. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել կեղծ կրոնի կործանարար ազդեցությունից։

20 Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել կեղծ կրոնի կործանարար ազդեցությունից։ Տեսնենք, թե ինչ միջոցներ է տրամադրել մեզ Եհովան։ Մենք ունենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Եհովան մեզ առատորեն հոգևոր սնունդ է տալիս նաև ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ միջոցով (Մատթէոս 24։45)։ Ուստի ճշմարտության մեջ առաջ ընթանալով՝ մենք պետք է ջանք թափենք սիրելու «հաստատ կերակուրը», որը «հասուն մարդկանց համար է» (ԷԹ)։ Բացի այդ, պետք է ամրապնդենք մեկտեղ հավաքվելու և հոգևոր ճշմարտությունները միասնաբար սովորելու մեր ցանկությունը (Եբրայեցիս 5։13, 14; Սաղմոս 26։8)։ Ուրեմն՝ եկեք լիովին օգտվենք Եհովայի տրամադրած այս միջոցներից, որպեսզի կարողանանք ‘ամուր բռնել այն ողջամիտ խոսքերի օրինակը’, որ ժամանակին լսեցինք (Բ Տիմոթէոս 1։13, ԱԱ)։ Եթե այդպես վարվենք, մեզ կհաջողվի հեռու մնալ կեղծ կրոնից։

Ի՞նչ սովորեցինք

• Ի՞նչ է ‘Մեծ Բաբելոնը’։

• Ինչպե՞ս կարող ենք հեռու մնալ կեղծ կրոնից։

• Մեր հոգևորին սպառնացող ի՞նչ վտանգներից պետք է խուսափենք։

[հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 28-րդ էջի վրա]

Գիտե՞ք, թե ինչու է ‘Մեծ Բաբելոնը’ համեմատվում անառակ կնոջ հետ

[նկար 29-րդ էջի վրա]

‘Մեծ Բաբելոնը’ մատնված է կործանման

[նկար 31-րդ էջի վրա]

Մենք հեզությամբ և հարգանքով ենք վերաբերվում նրանց, ովքեր չեն ընդունում մեր հավատը