Անցնել բովանդակությանը

«Եկեք այս համարը համեմատենք սուրբգրային այլ համարների հետ»

«Եկեք այս համարը համեմատենք սուրբգրային այլ համարների հետ»

ՄԻ ՄԱՐԴ Նյու Յորք մեկնող գնացքի վագոնում գրքույկ գտավ։ «Մարդու հոգին մահանում է»,— գրված էր այդ գրքույկի վրա։ Նրա հետաքրքրությունը շարժվեց, և նա սկսեց կարդալ գրքույկը։ Այդ մարդն ապշել էր, քանի որ նախկինում երբեք մտքով անգամ չէր անցել կասկածի տակ դնել հոգու անմահության ուսմունքը։ Այդ ժամանակ նա չգիտեր, թե ով էր գրքույկի հեղինակը, բայցևայնպես ներկայացված փաստարկները համարեց ճշմարտանման, Սուրբ Գրություններով հիմնավորված և արժանի հետագա ուսումնասիրության։

Այդ ծառայողը Ջորջ Սթորզն էր։ Դեպքը տեղի ունեցավ 1837 թ.–ին, այն տարի, երբ Չարլզ Դարվինը առաջին անգամ թղթին հանձնեց իր այն մտքերը, որոնք հետագայում զարգանալու և դառնալու էին էվոլյուցիոն տեսություն։ Աշխարհն այն ժամանակ դեռևս կրոնասեր էր, և մարդկանց մեծամասնությունը հավատում էր Աստծուն։ Շատերը կարդում էին Սուրբ Գրությունները և այն հեղինակավոր գիրք համարում։

Տարիներ անց Սթորզն իմացավ, որ այդ գրքույկը գրել է Հենրի Գրուն (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա նահանգ)։ Գրուն միանգամայն համոզված էր այն սկզբունքի ճշմարտացիության մեջ, որ «Գրությունները լավագույնս կարելի է բացատրել հենց Գրություններով»։ Նա և նրա ընկերակիցները Աստվածաշունչը ուսումնասիրում էին՝ նպատակ ունենալով իրենց կյանքն ու գործերը համապատասխանեցնել սուրբգրային չափանիշներին։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին աստվածաշնչային մի քանի չքնաղ ճշմարտություններ։

Ոգևորվելով Գրուի ներկայացրած մտքերով՝ Սթորզը մանրակրկիտ քննության ենթարկեց Աստվածաշունչը՝ հայտնաբերելու համար, թե ինչ է այնտեղ ասվում հոգու վերաբերյալ, և այդ մասին խոսեց իր ծառայակիցներից ոմանց հետ։ Հինգ տարի խոր հետազոտություն կատարելուց հետո Սթորզը վերջիվերջո որոշեց հանրությանը ներկայացնել իր նորահայտ սուրբգրային ճշմարտությունը։ Նախ նա որոշեց հանդես գալ մեկ քարոզով, որը տեղի ունեցավ մի կիրակի 1842 թ.–ին։ Սակայն Սթորզը զգում էր, որ այդ հարցը ըստ արժանվույն լուսաբանելու համար հարկավոր է հանդես գալ ևս մի քանի քարոզներով։ Ընդհանուր հաշվով՝ նա վեց քարոզ ունեցավ այն մասին, որ հոգին մահանում է, և դրանք հրատարակեց «Վեց քարոզ» վերնագրով աշխատության մեջ («Six Sermons»)։ Սթորզը սուրբգրային մի համարը համեմատում էր մեկ այլ համարի հետ, որպեսզի բացահայտեր Աստվածաշնչի այն գեղեցիկ ճշմարտությունները, որ թաղված էին քրիստոնեական աշխարհի աստվածանարգ ուսմունքներում։

Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, որ հոգին անմահ է

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի օծյալ հետևորդներն իրենց հավատարմության համար որպես պարգև անմահություն են ‘հագնում’ (Ա Կորնթացիս 15։50–56)։ Եթե անմահությունը պարգև է հավատարիմների համար, տրամաբանում էր Սթորզը, ապա ամբարիշտների հոգին չի կարող անմահ լինել։ Ենթադրություններ անելու փոխարեն՝ նա հետազոտեց Գրությունները։ Նա քննեց Մատթէոս 10։28 համարը, որտեղ գրված է. «Վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել [«կորստեան մատնել», ԷԹ] գեհենի  մէջ»։ Ուրեմն, հոգին կարող է կորստյան մատնվել։ Սթորզը վկայակոչեց նաև Եզեկիէլ 18։4 համարը, որտեղ, ըստ «Ջեյմս թագավորի թարգմանության», գրված է. «Մեղանչող հոգին կմեռնի»։ Երբ ամբողջ Աստվածաշունչն է քննության ենթարկվում, ճշմարտության գեղեցկությունը սկսվում է հստակորեն երևալ։ «Եթե այս հարցի վերաբերյալ իմ տեսակետը ճիշտ է,— գրում է Սթորզը,— ապա Աստվածաշնչի շատ մասեր, որոնք մշուշվել են [հոգու անմահության մասին] ուսմունքի պատճառով, դառնում են մաքուր, հաճելի, իմաստալից և զորեղ»։

Բայց ինչպե՞ս հասկանալ Յուդա 7 համարը։ Այնտեղ գրված է. «Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիշ մարմնի ետևից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով»։ Այս համարը կարդալով՝ ոմանք գուցե եզրակացնեն, որ Սոդոմում և Գոմորում սպանվածների հոգիները հավիտյան չարչարվում են կրակի մեջ։ «Եկեք այս համարը համեմատենք սուրբգրային այլ համարների հետ»,— գրեց Սթորզը։ Այնուհետև նա մեջբերեց Բ Պետրոս 2։5, 6 համարները, որտեղ գրված է. «Առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին.... երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով»։ Այո, Սոդոմ և Գոմոր քաղաքները մոխիր դարձան՝ հավիտյան ոչնչանալով իրենց բնակիչների հետ մեկտեղ։

««Պետրոսը» լույս է սփռում «Հուդայի» վրա,— բացատրում է Սթորզը։— Այս երկու գրքերը միանգամայն հստակ ցույց են տալիս, թե ինչպես է Աստված արտահայտել իր տհաճությունը մեղավորների նկատմամբ.... Հին աշխարհի և Սոդոմ–Գոմորի հանդեպ իրագործված այդ դատաստանները մինչև աշխարհի վերջը կմնան որպես մշտական, անվերջ և հավիտենական հորդորանք, նախազգուշացում և օրինակ բոլոր մարդկանց համար»։ Այսպիսով՝ Հուդայի խոսքերը ցույց են տալիս, որ կրակի ազդեցությունը, որը կործանեց Սոդոմն ու Գոմորը, վերջ չունի։ Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ հոգին անմահ է։

Սթորզը ընտրողաբար չէր մոտենում սուրբգրային համարներին՝ օգտվելով միայն նրանցից, որոնք թիկունք էին կանգնում իր տեսակետին, և անտեսելով մյուսները։ Նա հաշվի էր առնում յուրաքանչյուր համարի համատեքստը, ինչպես նաև ամբողջ Աստվածաշունչը։ Եթե Սթորզին այնպես էր երևում, որ համարը հակասում է մյուս համարներին, նա սկսում էր փնտրտուքներ կատարել Աստվածաշնչի մյուս հատվածներում՝ տրամաբանական բացատրություն գտնելու նպատակով։

Ռասելը քննում է Գրությունները

Ջորջ Սթորզի հետ շփվող մարդկանց թվում էր նաև մի երիտասարդ, որը մտադիր էր Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ կազմակերպել Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ)։ Նրա անունը Չարլզ Թեյզ Ռասել էր։ Աստվածաշնչային թեմայով նրա առաջին հոդվածներից մեկը տպագրվեց 1876 թ.–ին «Աստվածաշնչի հետազոտող» հանդեսում, որի խմբագիրը Սթորզն էր («Bible Examiner»)։ Ռասելը խոստովանեց, որ Աստվածաշնչի վաղ ուսումնասիրողները մեծ ազդեցություն են գործել իր վրա։ Հետագայում, երբ սկսեց հրատարակել «Սիոնի Դիտարանը», բարձր գնահատեց Սթորզի՝ թե՛ խոսքով և թե՛ գրչով ցույց տված աջակցությունը։

18 տարեկանում Չարլզ Ռասելը Աստվածաշնչի ուսումնասիրության խմբակ կազմակերպեց և մշակեց Սուրբ Գրություններն ուսումնասիրելու մեթոդ։ Նրա համախոհ Ալեքսանդր Մակմիլանը պատմում է, թե ինչպես էր գործում այդ մեթոդը. «Ինչ–որ մեկը հարց էր բարձրացնում։ Այնուհետև քննարկում էր սկսվում. նախ՝ գտնում էին այդ հարցին առնչվող բոլոր սուրբգրային համարները, ապա, եթե ներկաները համոզվում էին, որ դրանք ներդաշնակ են միմյանց՝ իրենց վերջնական եզրակացությունը ձևակերպում էին և գրի առնում»։

Ռասելը համոզված էր, որ Աստվածաշունչը, երբ այն դիտվում է որպես մեկ ամբողջություն, պետք է արտահայտի մի պատգամ, որը ներդաշնակ և համահունչ է ինչպես հենց Աստվածաշնչին, այնպես էլ Աստծու՝ այդ գրքի Հեղինակի էությանը։ Իսկ Սուրբ Գրությունների այն հատվածների բացատրությունը և մեկնությունը, որոնք դժվարըմբռնելի էին թվում, ըստ Ռասելի՝ հարկավոր է փնտրել գրքի մյուս մասերում։

19–րդ դարի Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնք սուրբգրային համարը բացատրում էին այլ համարների միջոցով. Ջորջ Սթորզ, Հենրի Գրու, Չարլզ Թեյզ Ռասել, Ալեքսանդր Մակմիլան

Սովորություն, որ հիմնված է Աստվածաշնչի վրա

Սակայն ո՛չ Ռասելը, ո՛չ Սթորզը և ո՛չ էլ Գրուն առաջինները չէին, որ ասում էին, թե Գրությունները պետք է բացատրել Գրություններով։ Այս մեթոդը կիրառվել է դեռ վաղուց քրիստոնեության  Հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի կողմից։ Նա ինչ–որ սուրբգրային համարի իսկական իմաստը բացահայտում էր այլ համարների միջոցով։ Օրինակ՝ երբ փարիսեցիները նրա աշակերտներին մեղադրեցին Շաբաթ օրը հասկ պոկելու մեջ, Հիսուսը հղում արեց Ա Թագաւորաց 21։6–ին՝ ցույց տալու համար, թե որն է Շաբաթի մասին օրենքի իմաստը։ Կրոնական առաջնորդները ծանոթ էին աստվածաշնչյան այդ հատվածին, որում նկարագրվում է, թե ինչպես Դավիթն ու իր ընկերները կերան առաջավորության հացերը։ Ապա Հիսուսը հիշատակեց Օրենքի այն երեսակը, որում ասվում էր, որ առաջավորության հացը կարող էին ուտել միայն Ահարոնի տոհմի քահանաները (Ելից 29։32, 33; Ղեւտացոց 24։9)։ Բայցևայնպես Դավթին թույլատրվել էր ուտել այդ հացերը։ Հիսուսը, եզրափակելով իր համոզիչ փաստարկը, մեջբերում կատարեց «Ովսէէ» գրքից. «Եթէ գիտէիք [«հասկանայիք», ԱՆԹ]՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ» դուք չէիք դատապարտիլ անմեղներին» (Մատթէոս 12։1–8)։ Սա մի օրինակ է, որը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հասնել ճշգրիտ հասկացողության սուրբգրային մի համարը մյուսի հետ համեմատելու շնորհիվ։

Պողոս առաքյալն իր ասելիքը հիմնավորում էր սուրբգրային հղումներով

Հիսուսի հետևորդները նույնպես կիրառում էին սուրբգրային համարները մեկը մյուսով բացատրելու մեթոդը։ Պողոս առաքյալը, երբ ուսուցանում էր Թեսաղոնիկեի բնակիչներին, «նորանց հետ խօսեց գրքերիցը. բաց էր անում՝ եւ առաջներին դնում [«ապացուցում հղումներով», ՆԱ], թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր» (Գործք 17։2, 3)։ Պողոսի նամակներում, որոնք գրվել են Աստծու ներշնչմամբ, նույնպես ընդգծվում է այն սկզբունքը, որ Գրությունները իրենք իրենց բացատրում են։ Օրինակ՝ եբրայեցիներին ուղղված նամակում նա մեկը մյուսի հետևից մեջ է բերում սուրբգրային համարներ՝ ապացուցելու, որ Օրենքը «գալու բարիքների շուքն» էր (Եբրայեցիս 10։1–18

Այո՛, 19–րդ և 20–րդ դարերում Աստվածաշունչ ուսումնասիրող անկեղծ անհատները նոր բան չհայտնագործեցին, այլ պարզապես վերստին կիրառության մեջ դրեցին այս քրիստոնեական սովորությունը։ Սուրբգրային համարները միմյանց հետ համեմատելու մեթոդը շարունակվում է կիրառվել «Դիտարան» պարբերագրում (Բ Թեսաղոնիկեցիս 2։14)։ Եհովայի վկաները հենց այդ սկզբունքին են հետևում, երբ վերլուծում են որևէ սուրբգրային համար։

Համատեքստի նշանակությունը

Աստվածաշունչն ընթերցելիս ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի և նրա հավատարիմ հետևորդների օրինակին այս հարցում։ Նախ կարող ենք դիտարկել քննարկվող համարի անմիջական համատեքստը։ Ինչպե՞ս կարող է համատեքստն օգնել՝ իմաստը հասկանալու։ Որպես օրինակ՝ վերցնենք Մատթէոս 16։28 համարը, որտեղ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակ[ի], մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս»։ Ոմանք կարծում են, թե այս խոսքերը չեն իրականացել, քանի որ Հիսուսի բոլոր այն աշակերտները, ովքեր այդ պահին ներկա էին, մահացել են, նախքան Աստծու Թագավորությունը կհաստատվեր երկնքում։ Աստվածաշնչի մի մեկնաբանական աշխատության մեջ այս համարի վերաբերյալ նույնիսկ ասվում է. «Այդ կանխագուշակությունը չիրականացավ, և ավելի ուշ քրիստոնյաները հարկ համարեցին բացատրել, որ այն փոխաբերական իմաստ է կրում» («The Interpreter’s Bible»)։

Սակայն այս համարի համատեքստն ու զուգահեռ հատվածները, որ կան Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, օգնում են մեզ հասկանալ այդ սուրբգրային համարի իսկական իմաստը։ Ի՞նչ է գրել Մատթեոսը Հիսուսի վերոհիշյալ խոսքերը մեջբերելուց անմիջապես հետո։ Կարդում ենք. «Վեց օրից յետոյ Յիսուսը Պետրոսին եւ Յակոբին եւ նորա եղբայր Յովհաննէսին իր հետն առաւ, եւ նորանց առանձին մի բարձր սար հանեց։ Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ» (Մատթէոս 17։1, 2)։ Մարկոսն ու Ղուկասը Հիսուսի՝ Թագավորության մասին խոսքերը նույնպես կապում են կերպարանափոխության, կամ՝ այլակերպության հետ (Մարկոս 9։1–8; Ղուկաս 9։27–36)։ Քրիստոսի՝ թագավորական իշխանությամբ գալուստը արտահայտվեց նրա փառահեղ այլակերպության մեջ, որին ներկա էին երեք առաքյալներ։ Պետրոսը, վկայելով, որ ինքը ներկա է եղել Հիսուսի այլակերպությանը, հաստատեց այդ համարի այդպիսի ըմբռնումը՝ խոսելով ‘Տեր Հիսուս Քրիստոսի զորության և գալստյան’ մասին (Բ Պետրոս 1։16–18

Թույլ տալի՞ս ես, որ Աստվածաշունչը ինքն իրեն բացատրի

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե այս կամ այն համարի իմաստը, այնուամենայնիվ, անհասկանալի է, անգամ համատեքստը քննելուց հետո։ Օգտակար  կլինի այդ համարը համեմատել սուրբգրային ուրիշ համարների հետ՝ իհարկե, չմոռանալով Աստվածաշնչի հիմնական թեման։ Դա անելու լավ հնարավորություն է ընձեռում «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որն այժմ ամբողջական կամ մասամբ առկա է 57 լեզուներով։ Այս թարգմանության շատ հրատարակություններում յուրաքանչյուր էջի մեջտեղում կա հատուկ լուսանցք, որտեղ տրված են զուգահեռ հղումներ։ «Սուրբ գրությունների նոր աշխարհ թարգմանություն՝ ծանոթագրություններով» հրատարակության մեջ, որը թարգմանված է մի քանի հիմնական լեզուներով, կարելի է գտնել 125 000 զուգահեռ հղումներ։ Այդ Աստվածաշնչի ներածության մեջ ասվում է. «Զուգահեռ հղումների և ծանոթագրությունների մանրակրկիտ համեմատությունն ու ուսումնասիրությունը օգնում են տեսնել Աստվածաշնչի 66 գրքերի ներքին ներդաշնակությունն ու փոխկապակցվածությունը և փաստում են, որ դրանք իրականում մեկ գիրք են՝ Աստծուց ներշնչված»։

Եկեք տեսնենք, թե ինչպես կարող են զուգահեռ հղումներն օգնել՝ հասկանալու ինչ–որ համար։ Աբրամին, կամ՝ Աբրահամին վերաբերող մի հարց քննենք. «Երբ Աբրահամն ու իր ընտանիքը դուրս եկան Ուր քաղաքից, ո՞վ առաջնորդություն վերցրեց»։ Ծննդոց 11։31–ում կարդում ենք. «Թարան առաւ իր որդի Աբրամին եւ.... Ղովտին եւ.... իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան»։ Միայն այս տողերն ընթերցելով՝ կարելի է եզրակացնել, թե Աբրահամի հայրը՝ Թարան էր առաջնորդություն վերցնողը։ Այս համարի վերաբերյալ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ 11 հղում ենք գտնում։ Վերջինը Գործք 7։2–ն է, որտեղ ընթերցում ենք Ստեփանոսի հորդորը՝ ուղղված առաջին դարի հրեաներին. «Փառքի Աստուածն երեւեցաւ մեր հայր Աբրահամին, որ Միջագետումն էր, դեռ Խառանի մէջ չ’բնակուած. եւ ասեց նորան. Դուրս եկ քո երկրիցը եւ ազգիցը, եւ եկ այն երկիրն՝ որ ես ցոյց կ’տամ քեզ» (Գործք 7։2, 3)։ Գուցե Ստեփանոսը սխալվո՞ւմ էր՝ հիշատակելով, որ Աբրահամը դեռ չէր բնակվել Խառանում՝ փոխանակ ասելու, որ Աբրամը հեռացավ Խառանից։ Անշուշտ ոչ, քանի որ այդ համարը Աստծու ներշնչմամբ գրված Խոսքի մի մասն է (Ծննդոց 12։1–3

Այդ դեպքում ինչո՞ւ է Ծննդոց 11։31–ում ասվում, որ «Թարան առաւ իր որդի Աբրամին» և ընտանիքի մյուս անդամներին ու հեռացավ Ուրից։ Թարան նահապետ էր։ Նա համաձայնվեց գնալ Աբրամի հետ, ուստիև տեղափոխությունը Խառան վերագրվում է իրեն։ Այս երկու համարները համադրելով՝ կարող ենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել. Աբրամը հարգալից կերպով համոզեց իր հորը, որ հեռանան Ուրից, ինչը համաձայն էր Աստծու կամքին։

Գրություններն ընթերցելիս հարկավոր է հաշվի առնել համատեքստը և Աստվածաշնչի ընդհանուր միտքը։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում. «Մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։ Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ [հոգևոր բաները հոգևոր խոսքերի] հետ համեմատելով» (Ա Կորնթացիս 2։11–13)։ Մենք պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ հասկանալ իր Խոսքը, ինչպես նաև օգնի, որ կարողանանք ‘հոգևոր բաները համեմատել հոգևոր խոսքերի հետ’՝ քննելով խնդրո առարկա սուրբգրային համարի համատեքստը ու փնտրելով և ուսումնասիրելով դրա հետ կապված համարները։ Թող որ շարունակենք գտնել ճշմարտության թանկագին գոհարներ՝ հետազոտելով Աստծու Խոսքը։