Ազնվության օրինակ
Ազնվության օրինակ
ՆԵԼՄԱՆ վարսավիր է աշխատում Բրազիլիայի Կրուզեյրու դու Սուլ քաղաքում։ Վերջերս նրա քրիստոնեական անարատությունը փորձության ենթարկվեց։ Երբ նրա բնակավայրը տուժեց ջրհեղեղից, Նելմայի հաճախորդներից մեկը մի քանի նվիրաբերված հագուստ տվեց նրան։ Այդ հագուստները տեսակավորելիս որոշ անդրավարտիքների գրպաններում նա հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար գտավ։
Նելմայի գտած գումարը գրեթե հավասար էր նրա յոթ ամսվա աշխատավարձին։ Այդ դրամի կարիքը նա շատ ուներ։ Նելմայի տունը վնասվել էր ջրհեղեղից, իսկ հայրն ու ընտանիքի մյուս անդամները կորցրել էին իրենց ունեցվածքի մեծ մասը։ Այդ գումարով նա կարող էր ավարտել իր տան վերանորոգման աշխատանքները, և դեռ մի որոշ գումար էլ կմնար, որով կկարողանար օգնել իր ազգականներին։ Սակայն Նելմայի՝ Աստվածաշնչով դաստիարակված խիղճը թույլ չտվեց, որ նա իրեն վերցնի այդ դրամը (Եբրայեցիս 13:18)։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նա գործի գնաց սովորական աշխատանքային ժամից շուտ, որպեսզի հանդիպի այն գործարար կնոջը, որը նվիրաբերել էր այդ հագուստը։ Նելման շնորհակալություն հայտնեց նրան հագուստների համար, սակայն ավելացրեց, որ չի կարող իրեն վերցնել այն, ինչ նա գտել էր դրանց մեջ։ Կնոջ ուրախությանը չափ չկար, երբ նա ետ ստացավ իր դրամը։ Գումարը նա նախատեսել էր իր աշխատողների աշխատավարձը տալու համար։ «Ազնվությունը մեր օրերում շատ հազվադեպ բան է»,— ասաց այդ գործարար կինը։
Եվ իրոք, ոմանք գուցե մտածեն, թե ազնիվ լինելը այդքան էլ արժեքավոր բան չէ։ Մինչդեռ ազնվությունը մի հատկություն է, որը բարձր է գնահատվում այն անհատների կողմից, ովքեր ձգտում են հաճեցնել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Եփեսացիս 4:25, 28)։ «Ես չէի կարողանա գիշերը քնել, եթե այլ կերպ վարվեի»,— ասաց Նելման։