Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոգևոր շինարարություն «քարե տան» երկրում

Հոգևոր շինարարություն «քարե տան» երկրում

Հոգևոր շինարարություն «քարե տան» երկրում

Աֆրիկյան այս երկրի անունը նշանակում է «քարե տուն», «քարե շինություններ»։ Այդ երկիրը հայտնի է իր հարուստ կենդանական աշխարհով։ Այստեղ է աղմկում հանրահայտ Վիկտորիա ջրվեժը։ Այստեղ են գտնվում Սահարա անապատից հարավ ընկած հնագույն ամենամեծ շինությունները։ Այս երկրի կենտրոնը զբաղեցնում է գրանիտային բարձրավանդակը։ Մեղմ կլիմայի շնորհիվ այստեղ բուսականությունն առատ է։ Այդ երկիրը Զիմբաբվեն է, որը տուն է հանդիսանում գրեթե 12 միլիոն մարդկանց համար։

ՈՐՏԵՂԻ՞Ց է առաջացել «Քարե տուն» արտահայտությունը։ 1867 թ.–ին որսորդ և բնախույզ Ադամ Ռենդերսը հանդիպեց մեծ քարե շինությունների, որոնք սփռված էին 720 հեկտար տարածության վրա։ Նա ճանապարհորդում էր աֆրիկյան վելդերով՝ հարթ խոտածածկ տարածքներով, որտեղ տները հիմնականում կառուցում էին ցեխից, սյունից և ծղոտից։ Այդ ժամանակ էր, որ Ռենդերսը հայտնաբերեց մի մեծ քաղաքի քարե ավերակներ, որոնք այսօր կոչվում են Մեծ Զիմբաբվե։

Մեծ Զիմբաբվեի ավերակները գտնվում են այժմյան Մասվինգո քաղաքից հարավ։ Պատերը, որ կառուցված են պարզապես իրար վրա դրված գրանիտային քարերից, որոշ տեղերում բարձրանում են մինչև 9 մետր և ավելի։ Ավերակների ներսում կա մի անսովոր կոնաձև աշտարակ, որը վեր է խոյանում մոտ 11 մետր, և որի տրամագիծը հիմքում 6 մետր է։ Ճշգրտորեն հայտնի չէ, թե ինչ նպատակով է կառուցվել այդ տպավորիչ կոնը։ Ավերակները թվագրվում են մ.թ. ութերորդ դարով, բայց կան ապացույցներ, որ այստեղ մարդիկ ապրել են դրանից հարյուրավոր տարիներ առաջ։

1980 թ.–ին «Ռոդեզիա» կոչվող երկիրն անկախացավ Մեծ Բրիտանիայից և վերանվանվեց Զիմբաբվե։ Երկրում բնակվում են հիմնականում երկու էթնիկական խմբեր՝ շոնա և նդեբելե. շոնան ավելի մեծաթիվ է։ Մարդիկ հյուրասեր են, ինչպես նկատել են Եհովայի վկաները իրենց ավետարանչական գործունեության ժամանակ։ Երբ տան դուռը թակում են, տեղացիները երբեմն նույնիսկ չեն էլ հարցնում, թե ով է, և իսկույն ներս են հրավիրում՝ ասելով՝ «մտե՛ք» կամ «խնդրեմ, նստե՛ք»։ Զիմբաբվեացիների մեծամասնությունը խոր հարգանք ունի Աստվածաշնչի հանդեպ, և նրանք հաճախ երեխաներին էլ են նստեցնում իրենց կողքին սուրբգրային քննարկումների ժամանակ։

Մխիթարական և քաջալերիչ պատգամ

Զանգվածային լրատվության միջոցներում Զիմբաբվեի մասին խոսելիս հաճախ են նշվում «ՁԻԱՀ» և «երաշտ» բառերը։ ՁԻԱՀ–ի տարածումը ծանր է անդրադարձել Սահարայից հարավ ընկած երկրների ազգաբնակչության և էկոնոմիկայի վրա։ Շատ հաճախ մարդիկ հիվանդանոց են պառկում ՁԻԱՀ–ի ախտորոշումով։ Այս հիվանդությունը կործանարար ազդեցություն է թողնում ընտանիքների վրա։

Զիմբաբվեում ապրող մարդկանց օգնելու համար Եհովայի վկաները նրանց հայտնում են, որ կյանքի լավագույն ձևը Աստծու չափանիշներով ապրելն է, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Օրինակ՝ Աստծու Խոսքը սովորեցնում է, որ սեռական հարաբերությունը, որ Աստծու տված պարգևն է, թույլատրվում է միայն ամուսնության մեջ, որ համասեռամոլությունն անընդունելի է։ Նաև, Եհովայի օրենքով՝ արգելվում է արյան փոխներարկումը և զվարճանալու նպատակով թմրանյութեր օգտագործելը (Գործք 15:28, 29; Հռովմայեցիս 1:24–27; Ա Կորնթացիս 7:2–5; Բ Կորնթացիս 7:1)։ Վկաները քարոզում են նաև մի հուսադրող և վստահելի պատգամ այն մասին, որ մոտ ապագայում Աստծու Խոսքը վերացնելու է ամեն տեսակ հիվանդություն (Եսայիա 33:24

Օգնություն՝ տուժածներին

Անցած տասը տարիներին Զիմբաբվեում երաշտ էր։ Գազանները տանջվում էին սովից և ջրի պակասից։ Հարյուր հազարներով խոշոր եղջերավոր անասուններ էին սատկում։ Հրդեհը հեկտարներով անտառներ էր ոչնչացնում։ Բազմաթիվ երեխաներ ու ծերեր մահանում էին թերսնումից։ Նույնիսկ Զամբեզի գետի առատ ջրերը այնքան նվազեցին, որ հիդրոէլեկտրակայանների աշխատանքին վտանգ էր սպառնում։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Եհովայի վկաները երկրի տարբեր մասերում ստեղծեցին օգնության ութ կոմիտեներ։ Շրջագայող վերակացուները այցելում էին ժողովներ՝ պարզելու համար, թե եղբայրներն ու քույրերը ինչի կարիք ունեն։ Այդ տեղեկությունները նրանք փոխանցում էին համապատասխան օգնության կոմիտեին։ Մի շրջագայող վերակացու հայտնեց. «Անցած հինգ տարիներին մենք բաժանել ենք ավելի քան հազար տոննա եգիպտացորեն, տասը տոննա չորացրած ձուկ և նույնքան էլ լոբի։ Մեր հոգևոր եղբայրները մշակել և ուղարկել են երկու տոննա մուֆուշվա [չորացրած բանջարեղեն]։ Բացի այդ, բաժանել ենք մեծ քանակությամբ նվիրաբերված հագուստ և անհրաժեշտ դրամական միջոցներ»։ Մեկ այլ շրջագայող վերակացու նշեց. «Անհրաժեշտ էր օգնությունը տեղ հասցնել, և մենք մեծ դժվարություններ ունեցանք Զիմբաբվեի և Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունների կողմից թույլտվություն ստանալու, ինչպես նաև վառելիք գտնելու հարցում։ Երբ խորհում եմ այդ մասին, միայն մի եզրակացության եմ գալիս. այս գործում մեր հաջողության հասնելը ևս մեկ անգամ հաստատում է Հիսուսի տված հավաստիացումը, այն է՝ մեր երկնային Հայրը գիտի, որ ‘այդ ամենը պետք է մեզ’ (Մատթէոս 6:32

Իսկ ինչպե՞ս էին ապրում հենց իրենք՝ շրջագայող վերակացուները, երաշտից տուժած շրջաններում։ Նրանցից ոմանք իրենց հետ ուտելիք էին վերցնում թե՛ իրենց և թե՛ այն ընտանիքի համար, որտեղ մնալու էին։ Մի շրջագայող վերակացու պատմում է, որ մի քանի քրիստոնյա քույրեր երկընտրանքի առաջ էին կանգնած։ Ի՞նչ երկընտրանք։ Կառավարության կողմից օգնություն պիտի գար, սակայն այն ստանալու համար նրանք պետք է հերթ կանգնեին, իսկ հերթ կանգնելու դեպքում չէին կարողանա գնալ քարոզչության։ Նրանք որոշեցին ապավինել Եհովային և գնալ քարոզչության։ Այդ օրը ոչ մի օգնություն էլ չեկավ։

Հաջորդ օրը քրիստոնեական հանդիպում էր նախատեսված, և այդ քույրերը դարձյալ կանգնած էին որոշում կայացնելու առջև. գնա՞լ հանդիպման, թե՞ սպասել օգնությանը։ Ճիշտ առաջնահերթություն դնելով՝ նրանք գնացին Թագավորության սրահ՝ հանդիպման (Մատթէոս 6:33)։ Երբ ներկաները երգում էին վերջին երգը, մոտեցող բեռնատարի ձայն լսվեց։ Օգնությունը եկավ հենց հանդիպման վայր. այն ուղարկել էին օգնության կոմիտեի եղբայրները։ Այդ հանդիպմանը ներկա հավատարիմ Վկաների ուրախությանը չափ ու սահման չկար։

Սերը կերտում է

Եհովայի վկաները բարի գործեր արեցին նաև քրիստոնեական ժողովի անդամ չհանդիսացող մարդկանց համար, և դա հնարավորություն տվեց նրանց, որպեսզի լավ վկայություն տան այդ մարդկանց։ Մասվինգոյի շրջանում մի շրջագայող վերակացու մի քանի Վկաների հետ զբաղված էր ավետարանչական գործունեությամբ։ Նա նկատեց ճամփեզրին պառկած մի աղջկա։ Վկաները հասկացան, որ նա շատ թույլ է. նրա ձայնը հազիվ էր դուրս գալիս, և նա չէր կարողանում ըմբռնելի կերպով խոսել։ Աղջկա անունը Համունյարի էր, որը շոնա լեզվով նշանակում էր՝ «չե՞ս ամաչում»։ Եղբայրները տեղեկացան, որ նրա եկեղեցու անդամները թողել էին նրան և շարունակել իրենց ճանապարհը դեպի լեռներ՝ ինչ–որ կրոնական ծառայության ներկա լինելու համար։ Եհովայի վկաները սիրով հոգ տարան աղջկան՝ տանելով նրան մոտակա գյուղ։

Այդ գյուղում բնակիչներից ոմանք գիտեին, թե ով է Համունյարին, ուստի լուր ուղարկեցին նրա հարազատներին, որ գան նրա ետևից։ Վկաների մասին գյուղացիներն այսպես արտահայտվեցին. «Նրանց կրոնն է ճշմարիտը։ Հենց այդպիսի սեր պետք է քրիստոնյաները ցույց տան միմյանց հանդեպ» (Յովհաննէս 13:35)։ Հեռանալուց առաջ Վկաները Համունայրիին տվեցին «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ *

Հաջորդ շաբաթ այդ շրջագայող վերակացուն ծառայում էր մի ժողովում, որը գտնվում էր այն շրջանում, որտեղ ապրում էր Համունյարին։ Նա ցանկացավ տեղեկանալ, թե արդյոք Համունյարին ապահով տեղ հասավ։ Աղջկա ամբողջ ընտանիքը անչափ ուրախ էր տեսնելու նրան և տեղի եղբայրներին։ Նրա ծնողներն ասացին. «Ճշմարիտ կրոնը ձեզ մոտ է։ Դուք փրկեցիք մեր աղջկան, որին թողել էին ճանապարհին մեռնելու»։ Նրանք իրենց եկեղեցու անդամներին հարցրել էին. «Մի՞թե չեք ամաչում (Համունյարիի անունը հենց սա էր նշանակում), որ թողեցիք նրան»։ Վկաները Աստվածաշնչի քննարկում սկսեցին նրանց հետ և Համունյարիի ընտանիքի անդամներին տվեցին Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն։ Վերջիններս եղբայրներին խնդրեցին վերադառնալ և իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ընտանիքի որոշ անդամներ, որ մի ժամանակ հակառակվում էին Վկաներին, փոխեցին իրենց տեսակետը։ Նրանցից մեկը՝ Համունյարիի քրոջ ամուսինը, որը տեղի եկեղեցու առաջնորդն էր, համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Կառուցվում են երկրպագության վայրեր

Շատ վաղուց մի բանաստեղծ՝ Աստծուց ներշնչված, գրեց. «Ով Աստուած.... հոգիս ծարաւ է քեզ համար.... ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ» (Սաղմոս 63:1)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը շատ զիմբաբվեացիների առնչությամբ։ Թեև երաշտի պատճառով ջրի պակաս գոյություն ունի, սակայն նրանք ավելի շատ ծարավ են Աստծուն և նրա բարությանը։ Դա երևում է Եհովայի վկաների կատարած քրիստոնեական ծառայության արդյունքներից։ Երբ 1980 թ.–ին Զիմբաբվեն անկախություն ձեռք բերեց, երկրում կար մոտավորապես 10 000 Վկա 476 ժողովներում։ Բայց այժմ՝ 27 տարի անց, ակտիվ Վկաների թիվը եռապատկվել է, իսկ ժողովների թիվը՝ գրեթե կրկնապատկվել։

Շատ ժողովներ չունեին երկրպագության վայրեր Թագավորության սրահներ։ 2001 թ. հունվար ամսվա տվյալներով՝ ավելի քան 800 ժողովներից միայն 98–ը կարող էր իր հանդիպումներն անցկացնել այդպիսի Սրահներում։ Շատ ժողովներ իրենց հանդիպումներն անց էին կացնում ծառերի տակ կամ համեստ շինություններում, որոնք կառուցված էին սյուներից. պատերին ցեխ էր ծեփված, իսկ տանիքը ծղոտից էր։

Առատ նվիրաբերությունների և համաշխարհային քրիստոնեական եղբայրության կամավոր ջանքերի շնորհիվ Զիմբաբվեում զարկ տրվեց մի ծրագրի, որն ավելի ու ավելի շատ ժողովների է հնարավորություն տալիս ունենալ իրենց համեստ, բայց վայելուչ Թագավորության սրահը։ Արտասահմանում ապրող շատ Վկաներ, ովքեր շինարարական հմտություններ ունեն, իրենց գործերն այնպես են դասավորել, որ կարողանան գալ Զիմբաբվե և աշխատել տեղի կամավորների հետ։ Տեղի Վկաներից մեկը գրեց. «Մենք սրտանց շնորհակալ ենք այն բոլոր եղբայրներին ու քույրերին, որոնք ամենատարբեր երկրներից եկել են Զիմբաբվե՝ մեզ օգնելու Թագավորության գեղեցիկ սրահներ կառուցել։ Շնորհակալ ենք նաև մնացած բոլորին, որ նվիրաբերություններ են կատարել Թագավորության սրահների հիմնադրամին և հնարավոր դարձրել դրանց կառուցումը»։

Երկրի արևելյան մասում կա մի հսկայական բաոբաբ ծառ, որի տակ 50 տարի շարունակ անց են կացվել ժողովի հանդիպումներ։ Երբ քրիստոնյա երեցներին ասվեց, որ շուտով երկրպագության իսկական վայր կկառուցվի, նրանցից մեկը չկարողացավ զսպել արցունքները և արտասվեց։ Իսկ հարևան ժողովից 91–ամյա մի երեց ասաց. «Ես այնքա՜ն եմ աղերսել Եհովային, որ նման բան տեղի ունենա»։

Շատերն են խոսում այն մասին, թե ինչ արագությամբ են կառուցվում այդ գեղեցիկ շենքերը։ Մի հոգի ասաց. «Ինչպես երևում է, դուք կառուցում եք ցերեկը, իսկ Աստված՝ գիշերը»։ Շինարարների միասնականությունը և ուրախությունը նույնպես ուշադրություն են գրավում։ Ներկայումս ամբողջ երկրում շահագործման է հանձնվել ավելի քան 350 Թագավորության սրահ։ Այդպիսով՝ 534 ժողովներ կարող են հանդիպումներ անցկացնել աղյուսաշեն Սրահներում։

Զիմբաբվեում շարունակվում է առաջ ընթանալ հոգևոր շինարարության անչափ կարևոր գործը։ Երբ խորհում ենք, թե ինչ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել այս երկրում, հասկանում ենք, որ դա հնարավոր էր միայն Եհովայի օրհնությամբ։ Այո՛, «եթէ [Եհովան] չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները» (Սաղմոս 127:1

[ծանոթագրություն]

^ պարբ. 16 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Քարտեզ 9–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ԶԻՄԲԱԲՎԵ

ՀԱՐԱՐԵ

Մասվինգո

Մեծ Զիմբաբվե

[նկար 9–րդ էջի վրա]

Կոնաձև աշտարակ

[նկար 12–րդ էջի վրա]

Նոր Թագավորության սրահ, «Քնսեշն» ժողով

[նկար 12–րդ էջի վրա]

«Լինդալի» ժողովի անդամները իրենց նոր Թագավորության սրահի առջև

[նկար 9–րդ էջի վրա]

Ruins with steps: ©Chris van der Merwe/AAI Fotostock/age fotostock; tower inset: ©Ingrid van den Berg/AAI Fotostock/age fotostock