Մեր անզուգական Արեգակնային համակարգը. ինչպես է առաջացել
Մեր անզուգական Արեգակնային համակարգը. ինչպես է առաջացել
ՏԻԵԶԵՐՔՈՒՄ մեր Արեգակնային համակարգի դիրքը անզուգական է մի շարք գործոնների պատճառով։ Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր կաթին գալակտիկայի երկու գալարաձև բազուկների միջև, այն մասում, որտեղ համեմատաբար քիչ աստղեր կան։ Գրեթե բոլոր աստղերը, որոնք գիշերը տեսնում ենք, այնքան հեռու են մեզանից, որ նույնիսկ ամենամեծ աստղադիտակով դիտելիս դրանք ընդամենը լույսի փոքրիկ կետերի են նման։ Ուստի կարող է հարց առաջանալ. «Արդյո՞ք մեր Արեգակնային համակարգը ճիշտ տեղում է գտնվում»։
Եթե Արեգակնային համակարգը Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնին մոտ գտնվեր, ապա աստղերի խիտ խմբերը կործանարար ազդեցություն կունենային մեզ վրա։ Օրինակ՝ Երկիրը հավանաբար դուրս կգար իր ուղեծրից և հետևանքները ողբերգական կլինեին։ Սակայն, ինչպես երևում է, մեր Արեգակնային համակարգը գալակտիկայում գտնվում է ճիշտ տեղում և պաշտպանված է վերոնշյալ և ուրիշ վտանգներից, ինչպես օրինակ՝ գերտաքացումից, որը կարող էր առաջանալ գազային ամպերի միջով անցնելու հետևանքով, կամ պայթող աստղերից և այլ աղբյուրներից եկող մահացու ճառագայթումից։
Մեր կարիքները բավարարելու տեսանկյունից՝ Արեգակը իդեալական աստղ է։ Այն համաչափորեն է այրվում, «երկարակյաց» է, ո՛չ շատ մեծ է և ո՛չ շատ տաք։ Մեր գալակտիկայի գրեթե բոլոր աստղերը Արեգակից զգալիորեն փոքր են և ո՛չ համապատասխան տեսակի լույս են արձակում, ո՛չ էլ բավականաչափ տաքություն են տալիս՝ Երկրի պես որևէ մոլորակի վրա կյանք ապահովելու համար։ Բացի այդ, աստղերի մեծ մասը գտնվում է փոխադարձ ձգողական ազդեցության տակ, և նրանք պտտվում են միմյանց շուրջ։ Ի տարբերություն այս աստղերի՝ Արեգակն անկախ է։ Քիչ հավանական է, որ մեր Արեգակնային համակարգը կայուն մնար, եթե գտնվեր երկու կամ ավելի արեգակների ձգողական ազդեցության տակ։
Մեր Արեգակնային համակարգն անկրկնելի դարձնող մեկ այլ գործոն է հսկա արտաքին մոլորակների դիրքը, որոնք գրեթե շրջանաձև ուղեծիր ունեն, և որոնց ձգողականությունը կործանարար չէ ներքին, այսինքն՝ երկրային խմբի մոլորակների համար։ * Ընդհակառակը՝ նրանք պաշտպանիչ դեր են կատարում՝ ճանապարհից շեղելով կամ կլանելով վտանգավոր օբյեկտները։ «Շատ քիչ աստերոիդներ ու գիսավորներ են մեզ հարվածում, և դա շնորհիվ հսկա գազային մոլորակների, ինչպես օրինակ՝ մեր թիկունքին կանգնած Յուպիտերի»,— բացատրում են գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին («Rare Earth—Why Complex Life Is Uncommon in the Universe»)։ Ճիշտ է, այլ արեգակնային համակարգեր էլ են հայտնաբերվել, որոնցում կան հսկա մոլորակներ, սակայն այդ մոլորակներից շատերն ունեն այնպիսի ուղեծրեր, որոնք վտանգ կներկայացնեին Երկրի պես փոքր մոլորակի համար։
Լուսնի դերը
Վաղեմի ժամանակներից լուսինը հիացրել է մարդկանց։ Այն ներշնչել է պոետներին ու երաժիշտներին։ Օրինակ՝ հին եբրայեցի մի պոետ լուսինը նկարագրեց որպես «յաւիտեան հաստատ.... եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ» (Սաղմոս 89:37)։
Լուսնի կարևոր դերերից մեկն այն է, որ նրա ձգողականության ուժի շնորհիվ մակընթացություն և տեղատվություն է լինում։ Հավանաբար հենց այս երևույթն է հիմնականում անդրադառնում
օվկիանոսային հոսանքների վրա, որոնք էլ իրենց հերթին կարևոր ազդեցություն ունեն եղանակի վրա։Լուսնի մյուս կարևոր դերն այն է, որ նա իր ձգողականության ուժի շնորհիվ Երկրի առանցքը նրա ուղեծրի հարթության նկատմամբ անփոփոխ անկյան տակ է պահում։ «Նեյչր» գիտական հանդեսի համաձայն՝ եթե լուսինը չլիներ, Երկրի առանցքի թեքությունը երկար ժամանակվա ընթացքում կտատանվեր «0 [աստիճանից] մինչև 85 [աստիճան]»։ Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենար, եթե Երկրի առանցքը թեքություն չունենար։ Տարվա եղանակների զարմանահրաշ փոփոխությունը տեղի չէր ունենա, և մենք մեծ վնասներ կկրեինք անձրևի պակասության պատճառով։ Երկրի թեքվածությունը նաև կանխում է ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխությունները, որոնց պատճառով մենք չէինք կարողանա ապրել։ «Կայուն կլիմայի համար մենք բացառապես պարտական ենք Լուսնին»,— եզրակացնում է աստղագետ Ժակ Լասկարը։ Լուսինն այդ կայունությունն ապահովում է այն պատճառով, որ նրա ու Երկրի չափերի տարբերությունը համեմատաբար ավելի քիչ է, քան մյուս հսկա մոլորակների ու նրանց արբանյակների չափերի տարբերությունը։
Երկրի բնական արբանյակի մյուս կարևոր դերը, ինչպես նշում է Աստվածաշնչի «Ծննդոց» գիրքը գրողը, այն է, որ լուսինը գիշերը լույս է տալիս (Ծննդոց 1:16)։
Պատահականությո՞ւն, թե՞ մտահղացում
Ինչպե՞ս բացատրել այս բազմաթիվ գործոնների համատեղումը, որոնք կյանքը ոչ միայն հնարավոր են դարձնում, այլև հաճելի։ Կա միայն երկու պատասխան։ Կա՛մ այս ամենը կույր պատահականության արդյունք է, կա՛մ՝ խելամիտ մտահղացման։
Հազարավոր տարիներ առաջ Սուրբ Գրություններում արձանագրվեց, որ մեր տիեզերքի մտահղացման ու արարման Հեղինակը Ամենակարող Աստված է։ Եթե դա է իրականությունը, ուրեմն մեր Արեգակնային համակարգում տիրող բոլոր պայմանները ոչ թե պատահականության արդյունք են, այլ մտահղացման։ Արարիչը մեզ տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ինքը կատարել է կյանքը երկրի վրա հնարավոր դարձնելու համար։ Գուցե ձեզ զարմացնի այն փաստը, որ թեև այս տեղեկությունները Աստված հայտնել է մոտ 3 500 տարի առաջ, սակայն դրանք հիմնականում համապատասխանում են տիեզերքի առաջացման մասին գիտնականների տված նկարագրությանը։ Այդ տեղեկությունները կարդում ենք Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում։ Եկեք ավելի մանրամասնորեն ծանոթանանք դրանց։
«Ծննդոց» գիրքը՝ արարչագործության մասին
«Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1:1)։ Աստվածաշնչի այս առաջին խոսքերը մատնանշում են մեր Արեգակնային համակարգի, այդ թվում մեր մոլորակի, ինչպես նաև տիեզերքի միլիարդավոր գալակտիկաներում սփռված աստղերի ստեղծումը։ Աստվածաշնչի համաձայն՝ կար ժամանակ, երբ Երկրի մակերեսը «անձեւ ու դատարկ էր»։ Չկային մայրցամաքներ, հետևաբար չկար պտղաբեր հող։ Սակայն հաղորդագրության հաջորդ խոսքերն ընդգծում են այն, ինչը գիտնականները համարում են ամենակարևոր պայմանը որևէ մոլորակի վրա կյանք լինելու համար՝ ջրի առատությունը։ Աստծու ոգին «շրջում էր ջրերի վերայ» (Ծննդոց 1:2)։
Որպեսզի մոլորակի վրա ջրերը մնան հեղուկ վիճակում, այն պետք է գտնվի Արեգակից համապատասխան հեռավորության վրա։ «Մարսի վրա չափազանց ցուրտ է, Վեներայի վրա՝ չափազանց շոգ, իսկ Երկրի վրա՝ իդեալական»,— բացատրում է մոլորակագետ Էնդրյու Ինգերսոլը։ Նաև բուսականության աճի համար բավական լույս է պետք։ Հետաքրքիր է, որ համաձայն աստվածաշնչյան հաղորդագրության՝ արարչագործության վաղ շրջանում Աստված այնպես արեց, որ արևի լույսը թափանցի ջրային գոլորշիների թանձր ամպերի միջով, որոնք օվկիանոսը պարուրում էին այնպես, ինչպես ‘խանձարուրը’՝ երեխային (Յոբ 38:4, 9; Ծննդոց 1:3–5)։
«Ծննդոց»–ի մյուս համարներում կարդում ենք, որ Արարիչը ստեղծեց այն, ինչ Աստվածաշունչը կոչում է «հաստատութիւն» (Ծննդոց 1:6–8)։ Այս ‘հաստատությունը’, կամ՝ ընդարձակ տարածությունը, լցվեց գազերով, ու կազմվեց երկրի մթնոլորտը։
Ապա, ինչպես բացատրում է Աստվածաշունչը, Աստված փոխեց երկրի անձև մակերևույթը, որպեսզի հայտնվի ցամաքը (Ծննդոց 1:9, 10)։ Նա, հավանաբար, այնպես արեց, որ երկրակեղևը ճկվի ու տեղաշարժվի։ Արդյունքում, ըստ երևույթին, առաջացան խոր իջվածքներ, ինչպես նաև մայրցամաքներ, որոնք վեր բարձրացան օվկիանոսից (Սաղմոս 104:6–8)։
Մեզ անհայտ մի ժամանակ Աստված արարեց միկրոսկոպիկ ծովային ջրիմուռ։ Գործածելով արևի էներգիան՝ այս ինքնավերարտադրվող միաբջիջ օրգանիզմները սկսեցին ածխաթթու գազը վերածել սննդի։ Միևնույն ժամանակ արտազատվում էր թթվածին, որն անցնում էր մթնոլորտ։ Այս հրաշալի պրոցեսն արագացավ ստեղծագործական երրորդ փուլի ժամանակ բուսականության արարումով, որն ի վերջո ծածկեց ցամաքի մակերեսը։ Այդպիսով մթնոլորտը լցվեց բավականաչափ թթվածնով, և մարդն ու կենդանիները կարող էին շնչել այն ու պահպանել իրենց կյանքը (Ծննդոց 1:11, 12)։
Երկիրը պտղաբեր դարձնելու համար Արարիչն այնպես արեց, որ հողի մեջ բազմաթիվ միկրոօրգանիզմներ ապրեն (Երեմիա 51:15)։ Այս մանր արարածները քայքայում են մահացած օրգանական նյութերը՝ վերականգնելով այն տարրերը, որոնք օգտագործվում են բույսերի կողմից։ Հողում ապրող բակտերիաների հատուկ տեսակներ մթնոլորտից ազոտ են կլանում և այս կարևոր տարրը մատակարարում բույսերին՝ նպաստելով դրանց աճին։ Զարմանահրաշ է, որ մի բուռ պարարտ հողում կարող է լինել 6 միլիարդ միկրոօրգանիզմ։
Ծննդոց 1:14–19-ում նկարագրվում է արևի, լուսնի և աստղերի արարումը ստեղծագործական չորրորդ փուլում։ Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե այս տեղեկությունը հակասում է նախորդ սուրբգրային հաղորդագրությանը։ Սակայն հարկավոր է հիշել, որ Մովսեսը՝ «Ծննդոց» գիրքը գրողը, արարչագործության մասին խոսել է երկրի վրա գտնվող դիտորդի տեսանկյունից, կարծես թե նա ներկա էր արարչագործության ժամանակ։ Ակներևաբար, արևը, լուսինը և աստղերը սկսել են երևալ հենց այդ ժամանակ։
«Ծննդոց»–ում այնուհետև ասվում է, որ ստեղծագործական հինգերորդ փուլում ստեղծվում են ծովային արարածներ, իսկ վեցերորդ փուլում՝ ցամաքային կենդանիներն ու մարդը (Ծննդոց 1:20–31)։
Երկիրը ստեղծվել է, որ մարդիկ վայելեն կյանքը նրա վրա
Ձեզ չի՞ թվում, որ կյանքը երկրի վրա, որի ծագման մասին պատմում է Աստվածաշնչի «Ծննդոց» գիրքը, ստեղծվել է այն վայելելու նպատակով։ Պատահե՞լ է, որ մի արևոտ առավոտ քնից արթնանաք, թարմ օդ շնչեք և ուրախության զգացում ապրեք այն բանի համար, որ կենդանի եք։ Կամ՝ գուցե անշտապ քայլել եք պարտեզում ու զմայլվել ծաղիկների գեղեցկությամբ և բուրմունքով։ Կամ էլ քայլել եք պտղատու այգում և համեղ ու հյութալի միրգ ճաշակել։ Այս հրաշալի բաները հնարավոր չէին լինի, եթե չլինեին 1) երկրի առատ ջրերը, 2) արևից եկող անհրաժեշտ ջերմությունն ու լույսը, 3) մթնոլորտը՝ գազերի ճիշտ բաղադրությամբ և 4) պտղաբեր հողը։
Այս բոլոր առանձնահատկությունները, որոնք բացակայում են Մարսի, Վեներայի ու մեր հարևան մյուս մոլորակների վրա, կույր պատահականության արդյունք չեն։ Այդ ճշգրիտ կարգավորվածությունը նրա համար է, որ մենք վայելենք կյանքը։ Հաջորդ հոդվածից կիմանանք, որ Աստվածաշունչը նաև խոսում է այն մասին, որ Արարչի մտադրության համաձայն՝ մեր գեղեցիկ մոլորակը հավիտյան գոյություն է ունենալու։
[ծանոթագրություն]
^ պարբ. 5 Արեգակնային համակարգի ներքին (Երկրի համեմատությամբ Արեգակին ավելի մոտ գտնվող) մոլորակները չորսն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Դրանք կոչվում են երկրային խմբի մոլորակներ, քանի որ ունեն պինդ մակերես։ Իսկ հսկա արտաքին (Երկրի համեմատությամբ Արեգակից ավելի հեռու) մոլորակները՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, գլխավորապես բաղկացած են գազերից։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
«Եթե ինձ՝ երկրաբանիս, խնդրեին երկրագնդի ծագման և նրա վրա կյանքի զարգացման վերաբերյալ մեր ժամանակակից գաղափարները համառոտակի բացատրել հասարակ, գյուղացի մարդկանց, ինչպես օրինակ՝ այն ցեղերին, որոնց ուղղված է եղել «Ծննդոց» գիրքը, ապա ես հիմնականում կհետևեի «Ծննդոց» գրքի առաջին գլխի լեզվին։ Այլ կերպ հազիվ թե կարողանայի ավելի պարզ արտահայտվել» (Ուոլաս Փրաթ, երկրաբան)։
[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]
ՀԱՐՄԱՐ Է ՆԱԵՎ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Եթե Արեգակը գտնվեր մեր գալակտիկայի որևէ այլ մասում, մենք չէինք կարողանա աստղերն այսքան պարզ տեսնել։ «Մեր Արեգակնային համակարգը հեռու է գտնվում.... փոշոտ, լույսով «աղտոտված» վայրերից, ինչը թույլ է տալիս պարզ տեսնել թե՛ մոտակա աստղերը և թե՛ հեռավոր տիեզերքը» («The Privileged Planet»)։
Լուսնի չափը և հեռավորությունը Երկրից հնարավորություն են ստեղծում, որ արևն ամբողջությամբ փակվի լուսնի շրջագծով, ինչի արդյունքում Արեգակի խավարում է տեղի ունենում։ Այս բացառիկ ու տպավորիչ երևույթը ևս աստղագետներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու Արեգակը։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նրանք կարողացել են բացահայտել շատ գաղտնիքներ, թե ինչպես են լույս արձակում աստղերը։
[նկար 5–րդ էջի վրա]
Երկրի առանցքի թեքությունը կայուն է մնում շնորհիվ այն բանի, որ Լուսնի զանգվածը բավականաչափ մեծ է
[նկարներ 7–րդ էջի վրա]
Ինչի՞ շնորհիվ է կյանքը հնարավոր դառնում Երկրի վրա. առատ ջրերի, ճիշտ քանակությամբ ջերմության ու լույսի, մթնոլորտի և պտղաբեր հողի
[թույլտվությամբ]
Globe: Based on NASA Photo; wheat: Pictorial Archive (Near Eastern History) Est.