Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առաջին Աստվածաշունչը պորտուգալերեն լեզվով. պատմություն հաստատակամության մասին

Առաջին Աստվածաշունչը պորտուգալերեն լեզվով. պատմություն հաստատակամության մասին

Առաջին Աստվածաշունչը պորտուգալերեն լեզվով. պատմություն հաստատակամության մասին

«ՆԱ, ՈՎ հաստատակամ է, հաջողության կհասնի»։ Այս նշանաբանը գրված է 17–րդ դարի կրոնական մի պարսավագրի տիտղոսաթերթի վրա, որի հեղինակն է Ֆերարե դե Ալմադեն։ Դժվար թե ուրիշ խոսքերով հնարավոր լիներ ավելի լավ նկարագրել մի մարդու, որն իր ողջ կյանքը նվիրեց պորտուգալերեն լեզվով Աստվածաշնչի թարգմանությանն ու հրատարակությանը։

Ալմադեն ծնվել է 1628 թ.–ին Տորե դե Տավարես գյուղում, որը գտնվում է Պորտուգալիայի հյուսիսային մասում։ Դեռ մանկուց զրկվելով ծնողներից՝ նա մեծացել է Պորտուգալիայի մայրաքաղաքում՝ Լիսաբոնում, հորեղբոր խնամքի տակ, որը վանական էր։ Քահանա դառնալու հետ կապված ընդունված սովորության համաձայն՝ Ալմադեն հրաշալի կրթություն ստացավ, որը օգնեց նրան դեռ պատանի հասակից լեզուների հանդեպ բացառիկ ընդունակություններ զարգացնել։

Սակայն քիչ հավանական էր, որ Ալմադեն կօգտագործեր իր ունակությունները Աստվածաշնչի թարգմանության մեջ, եթե մնար Պորտուգալիայում։ Այն դեպքում, երբ հյուսիսային և կենտրոնական Եվրոպայում Ռեֆորմացիայի տարածվելու հետ մեկտեղ սկսվեց մայրենի լեզուներով Աստվածաշնչի թարգմանությունը, Պորտուգալիան շարունակում էր մնալ ինկվիզիցիայի ազդեցության տակ։ Միայն մայրենի լեզվով Աստվածաշունչ ունենալը բավական էր, որ անհատը կանգներ ինկվիզիցիայի առաջ։ *

Հավանաբար ցանկանալով ազատվել այս ճնշող մթնոլորտից՝ Ալմադեն դեռևս վաղ պատանեկան տարիքից գնաց Նիդերլանդներ։ Շատ չանցած՝ երբ 14 տարեկան էր, նա ճանապարհ ընկավ Ասիա՝ վիա Բատավիա (ներկայումս՝ Ջակարտա, Ինդոնեզիա), որն այդ ժամանակ Հարավարևելյան Ասիայում Հոլանդիային պատկանող Արևելահնդկական ընկերության վարչական կենտրոնն էր։

Պատանի թարգմանիչը

Ասիա կատարած իր ճանապարհորդության վերջում Ալմադեի կյանքում շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան։ Երբ նավը անցնում էր Բատավիայի և Մալակկայի մեջտեղով (արևմտյան Մալայզիա), նա պատահաբար գտավ իսպաներեն լեզվով բողոքական մի պարսավագիր, որի վերնագիրն էր «Diferencias de la Cristiandad» («Քրիստոնեական աշխարհում եղող տարբերությունները»)։ Բացի այն, որ պարսավագիրը հարձակում էր կատարում կաթոլիկական կեղծ ուսմունքների վրա, այն նաև պարունակում էր մի տեղեկություն, որը հատկապես տպավորեց պատանի Ալմադեին։ Այնտեղ գրված էր. «Եկեղեցում օգտագործվող անծանոթ լեզուն, նույնիսկ եթե այն Աստծու փառքի համար է, ոչ մի օգուտ չի բերում չհասկացող ունկնդրին» (1 Կորնթացիներ 14։9

Եզրակացությունն ակնհայտ էր Ալմադեի համար. կրոնական սխալները քողազերծելու բանալին Աստվածաշունչը բոլորին հասկանալի դարձնելն էր։ Ժամանելով Մալակկա՝ նա ընդունեց հոլանդական ռեֆորմացիոն կրոնը և անմիջապես սկսեց Ավետարանների որոշ հատվածներ իսպաներեն լեզվից թարգմանել պորտուգալերեն՝ «նրանց համար, ովքեր ճշմարտությունը իմանալու անկեղծ ցանկություն ունեն»։ *

Երկու տարի անց Ալմադեն պատրաստ էր ավելի մեծ բան ձեռնարկել՝ լատինական «Վուլգատայից» ամբողջությամբ թարգմանել Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Այս աշխատանքը նա ավարտեց մեկ տարուց էլ քիչ ժամանակում, որը տասնվեցամյա պատանու համար բավականին մեծ նվաճում էր։ Նա համարձակորեն իր թարգմանության մի օրինակը ուղարկեց Բատավիայում գտնվող հոլանդացի գեներալ–նահանգապետին՝ այն տպագրելու համար։ Ըստ երևույթին, Բատավիայի ռեֆորմատական եկեղեցին նրա պատրաստի տեքստը ուղարկեց Ամստերդամ, սակայն ծեր նախարարը, որին վստահվել էր այն, մահացավ, և Ալմադեի աշխատանքը անհետացավ։

Երբ 1651 թ.–ին Ցեյլոնում (ներկայումս՝ Շրի Լանկա) ռեֆորմատական ժողովի համար Ալմադեին խնդրեցին իր թարգմանության մեկ օրինակը պատրաստել, նա հայտնաբերեց, որ բնագիր տեքստը անհետացել էր եկեղեցու արխիվներից։ Չհուսահատվելով՝ նա ինչ–որ ձևով վերականգնեց օրինակը՝ հավանաբար նախնական տարբերակը, և հաջորդ տարի ամբողջացրեց Ավետարանների վերանայված տարբերակը և «Գործեր» գիրքը։ Բատավիայի կրոնական դատարանը * պարգևատրեց նրան 30 գուլդեն։ Դա «մի չնչին գումար էր ահռելի հանձնարարության դիմաց, որ նա կատարել էր»,— գրեց Ալմադեի կոլեգաներից մեկը։

Չնայած այն բանին, որ Ալմադեի աշխատանքը քիչ հավանության արժանացավ, այնուհանդերձ, նա շարունակեց իր գործը և 1654 թ.–ին ներկայացրեց ամբողջ Նոր Կտակարանի՝ իր կողմից վերանայված տարբերակը։ Մեկ անգամ ևս հնարավորություն ստեղծվեց այն հրատարակելու, բայց որոշակի ոչ մի բան չարվեց, բացի նրանից, որ պատրաստեցին մի քանի ձեռքով գրված օրինակներ՝ որոշ եկեղեցիներում օգտագործելու համար։

Դատապարտվում է ինկվիզիցիայի կողմից

Հաջորդ տասը տարիների ընթացքում Ալմադեն զբաղված էր ռեֆորմատական եկեղեցու համար քահանայական և միսիոներական աշխատանքներ կատարելով։ 1656 թ.–ին նա պաշտոնապես նշանակվեց նախ Ցեյլոն, որտեղ մի անգամ հազիվ փրկվեց փղի ոտքերի տակ կոխկրտվելուց, իսկ ավելի ուշ՝ Հնդկաստան՝ դառնալով այդ երկիրը եկած առաջին բողոքական միսիոներներից մեկը։

Ալմադեն օտար երկրում ծառայող բողոքական նորահավատ էր։ Ուստի պորտուգալախոս համայնքներում ապրողներից շատերը, ում նա այցելում էր, նրան համարում էին հավատուրաց և դավաճան։ Այն, որ նա բացեիբաց դատապարտում էր հոգևորականների շրջանում տիրող բարոյական ապականությունը և քողազերծում էր եկեղեցական ուսմունքները, նույնպես հանգեցրին այն բանին, որ նա հաճախակի ընդհարումներ էր ունենում կաթոլիկ միսիոներների հետ։ Այդ ընդհարումները իրենց գագաթնակետին հասան 1661–ին, երբ Գոայում (Հնդկաստան) ինկվիզիցիան Ալմադեին հերետիկոսության համար դատապարտեց մահվան։ Երբ նա բացակա էր, խարույկի վրա այրեցին նրա խրտվիլակը։ Հավանաբար անհանգստանալով այն բանից, որ Ալմադեն շարունակ վիճաբանությունների մեջ էր մտնում՝ հոլանդացի գեներալ–նահանգապետը դրանից կարճ ժամանակ անց նրան ետ կանչեց Ջակարտա։

Ալմադեն եռանդուն միսիոներ էր, այնուհանդերձ, նա երբեք չմոռացավ, որ Աստվածաշունչը պորտուգալերեն լեզվով թարգմանելու կարիք կար։ Իրականում այն փաստը, որ թե՛ հոգևորականության, թե՛ աշխարհիկ մարդկանց շրջանում լավ ծանոթ չէին Աստվածաշնչին, միայն ամրացրեց նրա վճռականությունը։ 1668 թ. կրոնական մի թերթիկի նախաբանում Ալմադեն իր ընթերցողներին հայտարարեց. «Ես հույս ունեմ.... շուտով ձեր ուշադրությանը արժանացնել ամբողջական Աստվածաշունչը ձեր մայրենի լեզվով, ամենամեծ նվերը և ամենաթանկագին գանձը, որ որևէ մեկը երբևէ կարող է ձեզ տալ»։

Ալմադեն՝ ընդդեմ վերստուգող կոմիտեի

1676 թ.–ին Ալմադեն Նոր Կտակարանի իր վերջնական տարբերակը ներկայացրեց Բատավիայի եկեղեցու դատարանին՝ այն վերանայելու համար։ Հենց սկզբից թարգմանչի ու վերստուգողների միջև հարաբերությունները լարված էին։ Կենսագիր Ժան Լյուկ Սուելենկրաբելը բացատրում է, որ Ալմադեի հոլանդախոս կոլեգաները թերևս դժվարացել են հասկանալ նրա աշխատության ոճի և իմաստի հետ կապված որոշ նրբություններ։ Նաև տարբեր կարծիքներ են եղել լեզվի ընտրության հարցում։ Արդյոք պե՞տք էր Աստվածաշնչում օգտագործել տեղի խոսակցական պորտուգալերենը, թե՞ ավելի մաքուր պորտուգալերեն լեզու էր պետք, որը շատերը դժվարությամբ կհասկանային։ Ի վերջո, աշխատանքը ավարտուն տեսնելու հետ կապված Ալմադեի նախանձախնդրությունը տարաձայնությունների մշտական առիթ դարձավ։

Աշխատանքը շատ դանդաղ էր առաջ գնում, հավանաբար տարաձայնությունների կամ վերանայողների կողմից հետաքրքրության պակասի պատճառով։ Չորս տարի անց վերստուգողները դեռ վիճաբանում էին Ղուկասի Ավետարանի առաջին գլուխների համար։ Հուսահատվելով այն բանից, որ իր գործը հետաձգվում է՝ Ալմադեն, առանց վերստուգողների իմացության, իր պատրաստի տեքստից մի օրինակ ուղարկեց Նիդերլանդներ՝ այնտեղ հրատարակելու նպատակով։

Չնայած հրատարակությունը կանխելու եկեղեցական դատարանի փորձերին՝ Ալմադեի Նոր Կտակարանը 1681 թ.–ին ուղարկվեց Ամստերդամ՝ տպագրվելու, և հաջորդ տարի նրա առաջին օրինակները հասան Բատավիա։ Կարելի է պատկերացնել Ալմադեի հուսահատությունը, երբ իր թարգմանության մեջ հայտնաբերեց Նիդերլանդների վերստուգողների ձեռքով արված որոշ փոփոխություններ։ Եվ քանի որ վերանայողներին անծանոթ էր պորտուգալերեն լեզուն, Ալմադեն բացահայտեց, որ նրանք «ուրիշ թարգմանություններից ոչ բնական և հակասական արտահայտություններ էին մտցրել, որոնք աղավաղել էին Սուրբ ոգու իմաստը»։

Հոլանդական կառավարությունը նույնպես գոհ չէր այդ նոր հրատարակությունից, ուստի հրամայեցին, որ ամբողջ հրատարակությունը ոչնչացվի։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Ալմադեն համոզեց կառավարությանը խնայել մի քանի օրինակ՝ այն պայմանով, որ շատ լուրջ սխալները նա ձեռքով կուղղի։ Այս օրինակները պետք է օգտագործվեին այնքան ժամանակ, մինչև որ վերանայված տարբերակը պատրաստ լիներ։

Բատավիայի վերստուգողները նորից միասին հավաքվեցին՝ շարունակելու Քրիստոնեական Հունարեն Գրությունների հետ տարվող աշխատանքը և սկսեցին Եբրայերեն Գրությունների գրքերի վրա աշխատել, քանի որ Ալմադեն արդեն ավարտել էր դրանց թարգմանությունը։ Վախենալով, որ թարգմանիչը իր համբերությունից դուրս կգա՝ եկեղեցական դատարանը որոշեց եկեղեցու արխիվում պահել իրենց կողմից նշումներ արած վերջնական օրինակները։ Հարկ չկա նշելու, որ Ալմադեն բողոքարկեց նրանց որոշման դեմ։

Այդ ժամանակ տասնամյակներ տևած ծանր աշխատանքը և արևադարձային կլիմայի պայմաններում կյանքի դժվարությունները վնասակար ազդեցություն թողեցին նրա առողջության վրա։ 1689 թ.–ին, տեսնելով, որ առողջությունը գնալով վատանում է, Ալմադեն դադարեց եկեղեցու գործունեությանը մասնակցելուց և նվիրվեց Եբրայերեն Գրությունների թարգմանությանը։ Ցավոք, 1691 թ.–ին, երբ նա աշխատում էր «Եզեկիել» գրքի վերջին գլխի վրա, մահացավ։

Նոր Կտակարանի երկրորդ հրատարակությունը, որը Ալմադեն ավարտել էր իր մահից կարճ ժամանակ առաջ, տպագրվեց 1693 թ.–ին։ Այս անգամ էլ, սակայն, թվում էր, թե նրա աշխատանքը տգետ վերստուգողներն աղավաղել են։ Իր «A Biblia em Portugal» գրքում («Աստվածաշունչը պորտուգալերեն լեզվով») Լուիս Սանտոս Ֆերեյրան նշում է. «Վերստուգողները.... զգալի փոփոխություններ են կատարել Ալմադեի հրաշալի աշխատության մեջ՝ աղավաղելով և փչացնելով բնագրի գեղեցկությունը, ինչը որ չէին արել առաջին հրատարակությունը վերանայողները»։

Պորտուգալերեն լեզվով Աստվածաշունչը ամբողջանում է

Ալմադեի մահից հետո Բատավիայում պորտուգալերեն լեզվով Աստվածաշնչի վերանայումն ու հրատարակությունը առաջ տանելու գործը կանգ առավ։ Եվ միայն 1711 թ.–ին դանիացի միսիոներների խնդրանքով, որոնք ծառայում էին Տրանքվիբերում (Հարավային Հնդկաստան), Քրիստոնեական գիտելիքների զարգացմանը նպաստող լոնդոնյան ընկերությունը ֆինանսավորեց Ալմադեի Նոր Կտակարանի երրորդ հրատարակությունը։

Այդ ընկերությունը որոշեց տպագրական գործերը կատարել Տրանքվիբերում։ Սակայն Հնդկաստան ուղևորվելու ժամանակ այն նավը, որտեղ գտնվում էին տպագրական նյութերը և պորտուգալերեն լեզվով Աստվածաշնչերը, բռնագրավեցին ֆրանսիացի ծովահենները և, ի վերջո, թողեցին այն Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) նավահանգստում։ Սանտոս Ֆերեյրան գրում է. «Անբացատրելի պատճառներով և հանգամանքների բերումով, ինչը շատերը հրաշք են համարում, արկղերը, որոնցում գտնվում էին տպագրական նյութերը, հայտնաբերվեցին նավի բեռների բաժանմունքում և հենց այդ նավով էլ շարունակեցին իրենց ճանապարհորդությունը դեպի Տրանքվիբեր»։ Դանիացի միսիոներները մանրամասնորեն վերանայեցին և ապա հրատարակեցին Ալմադեի՝ Աստվածաշնչի մնացած գրքերի թարգմանությունները։ Պորտուգալերեն լեզվով Աստվածաշնչի վերջին գիրքը տպագրվեց 1751 թ.–ին՝ գրեթե 110 տարի հետո այն բանից, երբ Ալմադեն սկսեց Աստվածաշունչ թարգմանելու գործը։

Ժառանգություն, որը կմնա հավիտյան

Դեռևս պատանեկան տարիքից Ալմադեն հասկացել էր, որ պորտուգալերեն լեզվով Աստվածաշնչի կարիք կա, որպեսզի հասարակ մարդիկ կարողանային ճշմարտությունը հասկանալ իրենց մայրենի լեզվով։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հաստատակամորեն հետապնդեց այդ նպատակը՝ չնայած կաթոլիկ եկեղեցու ցուցաբերած հակառակությանը, հասակակիցների անտարբերությանը, իր աշխատությունը վերանայելու հետ կապված անվերջ թվացող խնդիրներին և աստիճանաբար վատացող առողջությանը։ Նրա հաստատակամությունը վարձատրվեց։

Պորտուգալախոս համայնքներից շատերը, որտեղ Ալմադեն քարոզել էր, նվազեցին և անհետացան, մինչդեռ նրա Աստվածաշունչը վերապրեց։ 19–րդ դարի ընթացքում Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունը, ինչպես նաև Աստվածաշնչի ամերիկյան ընկերությունը Ալմադեի թարգմանած Աստվածաշնչի հազարավոր օրինակներ են տարածել Պորտուգալիայում և Բրազիլիայի մերձափնյա քաղաքներում։ Արդյունքում բնագիր տեքստից թարգմանված Աստվածաշնչերը մինչև օրս համարվում են ամենից հայտնի և լայնորեն տարածված գրքերը պորտուգալախոս երկրներում։

Անկասկած, շատերն են երախտապարտ Աստվածաշնչի հին թարգմանիչներին, ինչպիսին որ Ալմադեն էր։ Սակայն մենք պետք է ավելի երախտապարտ լինենք Եհովային՝ մարդկանց հետ հաղորդակցվող Աստծուն, որի «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Ի վերջո, նա է այն Միակը, որը պահպանել է իր Խոսքը և մատչելի դարձրել մեր օգտի համար։ Թող որ միշտ գնահատենք և եռանդորեն ուսումնասիրենք մեր երկնային Հոր կողմից ուղարկված այս «ամենաթանկ գանձը»։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 16–դարի երկրորդ կեսին կաթոլիկ եկեղեցու կողմից հրատարակվեց «Արգելված գրքերի ցանկը», ինչը և խիստ սահմանափակումներ դրեց Աստվածաշունչը մայրենի լեզվով օգտագործելու վրա։ Ինչպես նշվում է «Նոր բրիտանական հանրագիտարանում», այդ հրատարակության ազդեցությունը այնքան զորեղ էր, որ «հետագա 200 տարիների ընթացքում կաթոլիկական կրոնի մեջ թարգմանչական աշխատանքը դադարեցվեց»։

^ պարբ. 8 Ալմադեի ավելի ուշ թարգմանած աստվածաշնչյան հրատարակությունների մեջ նա անվանվում է պադրե (հայր) Ալմադե, ինչն էլ շատերին մտածելու տեղիք է տալիս, որ նա ծառայել է որպես Կաթոլիկ եկեղեցու քահանա։ Սակայն Ալմադեի Աստվածաշնչի հոլանդացի հրատարակիչները սխալմամբ են օգտագործել այս բառը՝ կարծելով, որ այս տիտղոսը գործածվում է նաև բողոքական եկեղեցու քահանաների համար։

^ պարբ. 10 Ռեֆորմատական եկեղեցու ղեկավարող մարմինը։

[շրջանակ/նկար 21–րդ էջի վրա]

ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ

Ալմադեն՝ որպես թարգմանիչ, անարատության ակնառու օրինակ է հանդիսանում, քանի որ Աստծու անունը եբրայերեն քառագրից փոխանցել է պորտուգալերեն լեզվին։

[թույլտվությամբ]

Cortesia da Biblioteca da Igreja de Santa Catarina (Igreja dos Paulistas)

[Քարտեզ 18–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Լիսաբոն

Տորե դե Տավարես

[նկար 18–րդ էջի վրա]

Բատավիան 17–րդ դարի ընթացքում

[թույլտվությամբ]

From Oud en Nieuw Oost-Indiën, Franciscus Valentijn, 1724

[նկար 18–րդ, 19–րդ էջի վրա]

Պորտուգալերեն լեզվով առաջին Նոր Կտակարանի տիտղոսաթերթը՝ հրատարակված 1681 թ.–ին

[թույլտվությամբ]

Courtesy Biblioteca Nacional, Portugal