Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան կրթությունը հավատ է կերտում

Աստվածաշնչյան կրթությունը հավատ է կերտում

Աստվածաշնչյան կրթությունը հավատ է կերտում

«ԻՆՉՊԻՍԻ՜ անզուգական առանձնաշնորհում է հինգ ամիս շարունակ ուշադրություն դարձնել մեր Արարչի մտքերին և սովորել իրերին նայել նրա աչքերով»,— ասաց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 122–րդ դասարանի ներկայացուցիչը ավարտական ծրագրի ժամանակ։ 2007 թ. մարտի 10–ը դեռ երկար կմնա դասարանի 56 ուսանողների հիշողության մեջ, որոնք ծառայելու էին որպես միսիոներներ 26 երկրներում։

Ջերմորեն ողջունելով 6 205 ունկնդիրներին՝ Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչը նրանց ասաց. «Մենք վստահ ենք, որ այսօրվա ավարտական ծրագիրը ձեզ հոգևորապես կզորացնի և կկերտի ձեր հավատը»։ Նա ուրախությամբ ներկայացրեց չորս հռետորների, որոնք Աստվածաշնչի վրա հիմնված ժամանակահարմար քաջալերանք ու խորհուրդներ էին տալու ուսանողներին, որպեսզի նրանք հաջողությամբ ծառայեն որպես միսիոներներ։

Ուսանողներից ակնկալվում է կերտել ուրիշների հավատը

Լիոն Ուիվերը՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղի անդամներից մեկը, խոսեց հետևյալ թեմայով՝ «Շարունակեք բարին գործել»։ Նա նշեց, որ ուսանողներից յուրաքանչյուրը միջին հաշվով 13 տարի է անցկացրել լիաժամ ծառայության մեջ՝ աջակցելով աստվածաշնչյան կրթական գործին, որը հավատ է կերտում։ Նա ասաց. «Սա բարի գործ է, քանի որ փրկում է մարդկանց կյանքը, և որ ավելի կարևոր է, դրանով փառաբանվում է մեր երկնային հայրը՝ Եհովան»։ Այնուհետև եղբայր Ուիվերը քաջալերեց ուսանողներին շարունակել «ցանել ոգու համար» և «չհոգնել բարին գործելուց» (Գաղատացիներ 6։8, 9

Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը գործնական հիշեցումներ տվեց իր ելույթում, որը կոչվում էր՝ «Լավ սկիզբ դրեք»։ Եղբայր Սփլեյնը քաջալերեց նոր միսիոներներին լավ սկիզբ դնել իրենց նշանակումներում։ Նա ասաց. «Դրական տրամադրվածություն պահպանեք։ Մի շտապեք եզրակացություններ անել։ Ժպտացեք։ Մի քննադատեք։ Եղեք խոնարհ ու հարգեք տեղի եղբայրներին»։ Այնուհետև նա ավելացրեց. «Երբ ինքնաթիռից դուրս գաք, ամեն ինչ արեք, որ լավ սկիզբ դնեք, և թող Եհովան օրհնի ձեզ, որ «բարիք եք ավետում»» (Եսայիա 52։7

«Ժառանգություն, որը, անկասկած, կստանաք» ելույթով հանդես եկավ «Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը։ Եղբայր Բոուենը հիշեցրեց ուսանողներին, որ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիմնադրվեց «Գաղաադ» դպրոցը, եղբայրները իրենց հույսը լիովին դրել էին Եհովայի մարգարեական Խոսքի կատարման վրա (Եբրայեցիներ 11։1; Հայտնություն 17։8)։ Այդ ժամանակից ի վեր՝ «Գաղաադը» ուսանողներին հնարավորություն է տվել ամրացնելու իրենց հավատը։ Ամուր հավատը մղում է շրջանավարտներին գնալ ու եռանդորեն հռչակել ճշմարտությունը աշխարհի տարբեր երկրներում։

Մարկ Նումարը՝ «Գաղաադ» դպրոցի մեկ այլ ուսուցիչ, ներկայացրեց «Դու ինձ ինչ–որ մեկին ես հիշեցնում» հետաքրքրական թեման։ Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Եղիսե մարգարեի օրինակի վրա, որը հավատ ու քաջություն դրսևորեց իր նշանակման մեջ։ Հիմնվելով Գ Թագաւորաց 19։21–ի վրա՝ եղբայր Նումարն ասաց. «Եղիսեն պատրաստ էր փոփոխություններ կատարելու իր կյանքում, անձնական շահերը մի կողմ դնելու և հռչակելու Եհովայի նպատակները»։ Նա գովեց շրջանավարտներին նույնպիսի ոգի ցուցաբերելու համար և քաջալերեց շարունակել նույնն անել նոր նշանակումներում։

Խոսելու ազատություն՝ շնորհիվ հավատի

Ուսումնառության ժամանակ ապագա միսիոներները կերտում էին իրենց հավատը, իսկ շաբաթ և կիրակի օրերին քարոզում բարի լուրը։ Ծառայության ժամանակ հետաքրքիր դեպքեր եղան, որոնք պատմվեցին ու բեմականացվեցին ծրագրի այն մասում, որն անցկացրեց «Գաղաադի» ուսուցիչ Ուոլաս Լիվերանսը։ Նրա ելույթի վերնագիրն էր՝ «Մենք հավատ ենք ցուցաբերում, ուստիև խոսում ենք»։ Այն վերցված էր Պողոս առաքյալի խոսքերից, որոնք գրված են 2 Կորնթացիներ 4։13–ում։

Ծրագրի այս մասից հետո Բեթելի ընտանիքի անդամներ Դանիել Բարնզը և Չարլզ Վուդին հարցազրույցներ անցկացրեցին նախկին միսիոներների, ինչպես նաև նրանց հետ, ովքեր այժմ գտնվում են այդ նշանակման մեջ։ Նրանք ընդգծեցին, որ Եհովան հոգ է տանում և օրհնում է նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն (Առակաց 10։22; 1 Պետրոս 5։7)։ Մի միսիոներ ասաց. «Ես ու կինս զգացինք Եհովայի հոգատարությունը «Գաղաադում» կրթվելիս։ Այն իսկապես կերտեց մեր հավատը։ Հավատը կարևոր է, քանի որ Աստծու բոլոր ծառաները, այդ թվում նաև միսիոներները ունեն փորձություններ, խնդիրներ և մտահոգություններ»։

Ստացած գիտելիքները կօգտագործեն՝ հավատ կերտելու համար

Ավարտական ծրագիրը եզրափակեց Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը՝ ունկնդիրներին ներկայացնելով «Շարունակեք կերտել ձեր եղբայրներին» թեման։ Ո՞րն է ուսանողների ստացած կրթության նպատակը։ Եղբայր Հերդն ասաց. «Նպատակն է՝ սովորեցնել ձեզ այնպես օգտագործել ձեր լեզուն, որ այն փառաբանի Եհովային, ձեր նշանակման վայրերում մարդկանց սովորեցնի ճշմարտությունը և կերտի հավատակիցների հավատը»։ Նա ուսանողներին նաև հիշեցրեց, որ լեզուն կարող է ասել ոչ կերտիչ բաներ (Առակաց 18։21; Հակոբոս 3։8–10)։ Հռետորը քաջալերեց լեզուն օգտագործելու հարցում ընդօրինակել Հիսուսին։ Մի անգամ աշակերտները Հիսուսի խոսքերը լսելուց հետո ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա.... ամբողջությամբ բացատրում էր մեզ համար Գրությունները» (Ղուկաս 24։32)։ Եղբայր Հերդն ասաց. «Եթե ձեր խոսքերը դրական լինեն, կհասնե՛ն տեղի եղբայրների ու քույրերի սրտերին»։

Այնուհետև շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։ Հետո ընթերցվեց դասարանի շնորհակալական նամակը։ Այնտեղ ասվում էր. «Մենք մեծ պատասխանատվություն ենք զգում կիրառելու այն ամենը, ինչ սովորել ենք մեր ծառայությունը հավատարմորեն կատարելու համար։ Մենք այժմ պատրաստ ենք գնալու մինչև երկրի ծայրերը և աղոթում ենք, որ մեր ջանքերի շնորհիվ Մեծ Ուսուցչին՝ Եհովա Աստծուն, փառահեղ գովաբանություն տրվի»։ Ունկնդիրները սրտանց ծափահարեցին նրանց։ Ինչ խոսք, ավարտական ծրագիրն իսկապես կերտեց բոլորի հավատը։

[մեջբերում 17–րդ էջի վրա]

«Եթե ձեր խոսքերը դրական լինեն, կհասնե՛ն տեղի եղբայրների ու քույրերի սրտերին»

[շրջանակ 15–րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 9

Նշանակման երկրները՝ 26

Ուսանողների թիվը՝ 56

Միջին տարիքը՝ 33,4

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 16,8

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13

[նկար 16–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 122–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Հաուիտ Ռ., Սմիթ Պ., Մարտինես Ա., Պոցոբոն Ս., Կիտամուրա Յ., Լոդ Ս., 2) Ֆիդլեր Ի., Բիսլի Ք., Մատկովիչ Շ., Բել Դ., Լիպինկոտ Վ., 3) Սայթս Վ., Անդերսեն Ա., Տովս Լ., Ֆուզանո Ջ., Ռոդրիգես Կ., Յու Յ., 4) Սոբոմեհին Մ., Թոմաս Լ., Գասոն Ս., Դոբա Վ., Բերտո Ա., Վին Ս., Դոբրովոլսկի Մ., 5) Յու Յ., Դոբա Ժ., Միքսեր Հ., Նյուտոն Մ., Ռոդրիգես Ֆ., Միքսեր Ն., 6) Լոդ Մ., Լիպինկոտ Ք., Մարտինես Ռ., Հոբ Ա., Սկամպ Ռ., Պոցոբոն Լ., Տովս Շ., 7) Հաուիտ Ս., Կիտամուրա Ու., Նյուտոն Դ., Հոբ Ջ., Սայթս Ջ., Թոմաս Դ., 8) Սոբոմեհին Լ., Մատկովիչ Ջ., Ֆուզանո Բ., Վին Ջ., Սկամպ Ջ., Անդերսեն Դ., Դոբրովոլսկի Ջ., 9) Ֆիդլեր Փ., Բել Յ., Բիսլի Բ., Սմիթ Բ., Բերտո Ֆ., Գասոն Մ.։