Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Բաժանված են լեզուներով, սակայն միավորված են սիրով»

«Բաժանված են լեզուներով, սակայն միավորված են սիրով»

«Բաժանված են լեզուներով, սակայն միավորված են սիրով»

Ազատագրում։ Ազատություն։ Փրկություն։ Դարեր շարունակ մարդիկ ձգտել են ազատվել խնդիրներից և մտահոգություններից։ Ինչպե՞ս կարող ենք դիմադրել կյանքի խնդիրներին։ Երբևէ կձերբազատվե՞նք դրանցից։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

ԱՅԴՊԻՍԻՆ էր Եհովայի վկաների կողմից կազմակերպված եռօրյա համաժողովների թեման, որոնք սկսվեցին անցկացվել 2006 թ. մայիս ամսից։ Համաժողովի անվանումն էր՝ «Ազատագրումը մո՛տ է»։

Այդ համաժողովներից իննին ներկա եղան հազարավոր պատվիրակներ տարբեր երկրներից։ Դրանք անցկացվեցին 2006 թ. հուլիս և օգոստոս ամիսներին Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, Բրատիսլավայում՝ Սլովակիայի մայրաքաղաքում, Լեհաստանի Խոժուվ և Պոզնան քաղաքներում * և Գերմանիայի հինգ քաղաքներում՝ Դորտմունդ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Լեյպցիգ և Մյունխեն։ Այս համաժողովներին ընդհանուր հաշվով ներկա եղավ ավելի քան 313 000 հոգի։

Ի՞նչ ոգի էր տիրում այդ համաժողովների ժամանակ։ Լրատվական միջոցներով ինչպիսի՞ հաղորդագրություններ եղան դրանց մասին։ Եվ ի՞նչ զգացումներ ունեցան ներկաները համաժողովից հետո։

Նախապատրաստություններ

Թե՛ տեղի Վկաները և թե՛ այլ երկրներից եկած պատվիրակները մեծ ակնկալիքներ ունեին համաժողովի հետ կապված, քանի որ վստահ էին, որ դրանք անմոռանալի հոգևոր իրադարձություններ էին լինելու։ Պատվիրակների համար հարմար կացարաններ գտնելը հսկայական գործ էր։ Օրինակ՝ Խոժուվի համաժողովի համար լեհ Վկաները իրենց տներն առաջարկեցին Արևելյան Եվրոպայից եկած գրեթե 13 000 հյուրերի։ Այդ համաժողովին պատվիրակներ էին եկել Բելառուսից, Էստոնիայից, Թուրքմենստանից, Լատվիայից, Լիտվայից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Միացյալ Նահանգներից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։

Շատ պատվիրակներ իրենց ճանապարհորդության համար պետք է ամիսներ առաջ պատրաստություններ տեսնեին։ Տատյանա անունով մի լիաժամ քարոզիչ, որն ապրում է Կամչատկայում՝ Ռուսաստանի թերակղզում՝ Ճապոնիայից դեպի հյուսիս–արևելք, մեկ տարի առաջ սկսեց գումար հավաքել։ Նա պետք է ճանապարհորդեր մոտ 10 500 կիլոմետր։ Նախ նա 5 ժամ թռավ ինքնաթիռով, ապա գնացքով ճանապարհորդեց մոտ երեք օր և վերջում 30 ժամ գնաց ավտոբուսով, մինչև որ հասավ Խոժուվ։

Հազարավոր կամավորներ մասնակցեցին համաժողովից առաջ կատարվող աշխատանքներին՝ ստադիոնները և դրանց շրջակայքը երկրպագության հարմար վայր դարձնելով (Բ Օրինաց 23։14)։ Միայն մեկ օրինակ բերենք։ Լեյպցիգում տեղի Վկաները մաքրեցին ստադիոնը և խոստացան, որ համաժողովից հետո այն նույնպես կմաքրեն։ Արդյունքը եղավ այն, որ ստադիոնի ղեկավարները չեղյալ համարեցին վարձակալման մասին պայմանագրի այն կետը, ըստ որի՝ բավականին մեծ գումար պետք է վճարվեր մաքրության համար պահանջվող ծախսերը ծածկելու համար։

Հրավիրատոմսերը

Ամբողջ աշխարհում ժողովները մարդկանց տեղեկացրեցին «Ազատագրումը մո՛տ է» համաժողովի մասին։ Նրանք, ովքեր պետք է ներկա լինեին հատուկ համաժողովներին, մեծ խանդավառությամբ մասնակցեցին այդ քարոզարշավին։ Նրանք շարունակեցին մարդկանց տեղեկացնել համաժողովի մասին մինչև համաժողովի նախորդ օրվա ուշ երեկոյան։ Արդյոք նրանց եռանդուն ջանքերը լավ արդյունքներ ունեցա՞ն։

Բոգդան անունով մի լեհ Վկա հանդիպեց մի տարեց մարդու, որը ցանկանում էր ներկա լինել համաժողովին, սակայն ասաց, որ քիչ կենսաթոշակ է ստանում և չի կարող ճանապարհորդել 120 կիլոմետր մինչև Խոժուվ։ Այնպես ստացվեց, որ տեղի ժողովի վարձած ավտոբուսի մեջ մեկ ազատ տեղ էր լինելու։ Բոգդանը պատմում է. «Մենք այդ մարդուն ասացինք, որ կարող է անվճար գալ մեզ հետ, եթե առավոտյան ժամը 5։30–ին լինի այնտեղ, որտեղից մեկնելու է ավտոբուսը»։ Այդ մարդը ընդունեց հրավերը և ներկա եղավ համաժողովին։ Ավելի ուշ նա այսպիսի խոսքեր գրեց եղբայրներին. «Համաժողովին ներկա լինելուց հետո ես որոշել եմ ավելի լավ մարդ լինել»։

Պրահայում մի մարդ, որը մնում էր մի հյուրանոցում, որտեղ էին նաև Մեծ Բրիտանիայից եկած պատվիրակները, մի երեկո ասաց եղբայրներին, որ այդ օրը ինքն էլ է ներկա եղել համաժողովին։ Ի՞նչն էր մղել նրան գնալ այնտեղ։ Այդ մարդն ասաց, որ քաղաքի փողոցներում տաս տարբեր քարոզիչների կողմից հրավիրատոմս ստանալուց հետո նա պարզապես չէր կարող չգնալ։ Նա շատ տպավորված էր և ցանկանում էր ավելի շատ իմանալ (1 Տիմոթեոս 2։3, 4

Թարմացուցիչ հոգևոր կերակուր

Ծրագրի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարելի է հաղթահարել տարբեր խնդիրներ։ Աստվածաշնչից հստակ խորհուրդներ տրվեցին այն մասին, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրները կամ տոկալ դրանց բախվելիս։

Աստվածաշնչից քաջալերություն տրվեց նրանց, ովքեր դժվարություններ են կրում ծերության, վատ առողջության պատճառով, ովքեր կորցրել են իրենց հարազատին կամ այլ անձնական խնդիրներ ունեն, որպեսզի ավելի դրական նայեն կյանքին (Սաղմոս 72։12–14)։ Ամուսնական զույգերը և ծնողները լսեցին խորհուրդներ Աստվածաշնչից, թե ինչպես երջանիկ ընտանեկան կյանք ունենան և թե ինչպես հաջողությամբ դաստիարակեն իրենց երեխաներին (Ժողովող 4։12; Եփեսացիներ 5։22, 25; Կողոսացիներ 3։21)։ Պատանի քրիստոնյաները, որոնք դպրոցում ենթարկվում են հասակակիցների վատ ազդեցությանը, սակայն տանը և ժողովում Աստծու Խոսքից իմաստուն խորհուրդներ են ստանում, համաժողովի ժամանակ լսեցին գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող են հաղթահարել հասակակիցների ճնշումը և «փախչել երիտասարդական ցանկություններից» (2 Տիմոթեոս 2։22

Իսկական միջազգային եղբայրություն

Եհովայի վկաները իրենց հանդիպումների ժամանակ միշտ գործնական առաջնորդություն են ստանում Աստվածաշնչից (2 Տիմոթեոս 3։16)։ Սակայն այս համաժողովները մյուսներից տարբերվում էին նրանով, որ դրանք միջազգային համաժողովներ էին։ Այդ հատուկ համաժողովներին ծրագիրը ներկայացվեց մի շարք լեզուներով։ Ամեն օր Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամները ելույթներ էին ներկայացնում։ Հատկապես հետաքրքիր էին այլ երկրների հաշվետվությունները։ Այդ ելույթները և հաշվետվությունները թարգմանվում էին, որպեսզի տարբեր լեզուներով խոսող մարդկանց խմբերը օգուտներ քաղեին ծրագրից։

Պատվիրակները ցանկանում էին ծանոթանալ այլ երկրներից եկած քույրերի ու եղբայրների հետ։ «Լեզվական տարբերությունները լուրջ խնդիր չէին ներկայացնում,— ասում է մի պատվիրակ։— Ընդհակառակը՝ դա ավելի ուրախ էր դարձնում իրադարձությունը։ Հյուրերը տարբեր մշակույթներից էին, սակայն բոլորը միավորված էին հավատով»։ Իսկ Մյունխենի համաժողովի պատվիրակները այսպիսի խոսքեր ասացին. «Բաժանված են լեզուներով, սակայն միավորված են սիրով»։ Բոլոր ներկաները, որ երկրից էլ եկած լինեին և ինչ լեզվով էլ որ խոսեին, իրենց զգում էին իսկական ընկերների՝ հոգևոր եղբայրների ու քույրերի շրջապատում (Զաքարիա 8։23

Երախտագիտության խոսքեր

Լեհաստանում անցկացված համաժողովների ժամանակ եղանակը փորձության ենթարկեց պատվիրակների տրամադրվածությունը և տոկունությունը։ Գրեթե ամբողջ ժամանակ անձրև էր գալիս, բացի այդ, բավականին ցուրտ էր՝ մոտ 14°C։ Միացյալ Նահանգներից եկած մի եղբայր ասաց. «Դա ամենավատ եղանակն է եղել և ամենացածր ջերմաստիճանը, որ ես երբևէ տեսել եմ համաժողովի ներկա լինելիս, և այդ պատճառով ես ծրագրից շատ քիչ բան հասկացա։ Սակայն այնտեղ տիրող միջազգային մթնոլորտը, հրաշալի ոգին և յուրօրինակ հյուրասիրությունը փոխհատուցեցին այդ բոլորը։ Այս համաժողովը անմոռանալի էր»։

Մի բան կար, որ անմոռանալի էր լեհախոս պատվիրակների համար. դա լեհերեն լեզվով «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանի լույսընծայման մասին հայտարարությունն էր, ինչը հրաշալի պարգև էր՝ ցրտին ու անձրևին նրանց տոկունության դիմաց։ «Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը» նոր գրքի լույսընծայման մասին լուրը նույնպես մեծ ուրախություն պատճառեց բոլորին «Ազատագրումը մո՛տ է» համաժողովների ժամանակ։

Պատվիրակներից շատերը այս համաժողովը կհիշեն շատ ուրիշ պատճառներով։ Քրիստինան՝ մի չեխ քույր, որը ցանկություն հայտնեց ուղեկցել արտերկրից ավտոբուսով եկած պատվիրակների մի խմբի, պատմում է. «Հրաժեշտ տալիս մի քույր ինձ մի կողմ կանչեց, գրկեց ինձ ու ասաց. «Դուք անչափ հոգատար էիք մեր հանդեպ։ Մեզ համար ուտելիք էիք բերում մեր նստած տեղերում և նույնիսկ ջուր էիք բերում մեզ համար։ Անչափ շնորհակալ ենք ձեզ ձեր անձնազոհ սիրո համար»»։ Այդ քույրը նկատի ուներ օտարերկրյա պատվիրակներին ուտելիքով ապահովելու համար կազմակերպված միջոցառումը։ «Դա մի այնպիսի բան էր, որ նախկինում երբեք չէինք արել,— ասում է մի եղբայր։— Հարկավոր էր ամեն օր ուտելիք բաժանել մոտ 6 500 հոգու։ Շատ հուզիչ էր տեսնել, որ այդ գործին մասնակցում էին այդքան շատ մարդիկ, այդ թվում նաև երեխաներ»։

Մի քույր, որը Խոժուվ համաժողովի էր եկել Ուկրաինայից, ասաց. «Մենք անչափ զգացված ենք մեր հավատակիցների ցույց տված սիրուց, հոգատարությունից ու առատաձեռնությունից։ Բառեր չենք գտնում մեր երախտագիտությունը արտահայտելու համար»։ Իսկ ութամյա Անիկան Ֆինլանդիայից մի նամակ գրեց Լեհաստանի Եհովայի վկաների մասնաճյուղին. «Համաժողովը ավելի լավն էր, քան ես պատկերացնում էի։ Հրաշալի բան է լինել Եհովայի կազմակերպության մի մասը, քանի որ ընկերներ ես գտնում ամբողջ աշխարհում» (Սաղմոս 133։1

Ականատեսների խոսքերը

Համաժողովներից առաջ որոշ պատվիրակների համար տեսարժան վայրերի էքսկուրսիաներ էին անցկացվում։ Բավարիա մարզում պատվիրակները գալիս էին Թագավորության սրահներ, որտեղ նրանց սպասում էին տեղի Վկաները։ Խմբերից մեկի էքսկուրսավարը, որը Վկա չէր, անչափ տպավորված էր եղբայրական այդ սիրով։ «Ավտոբուսով մեր հյուրանոց վերադառնալիս,— պատմում է մի պատվիրակ,— էքսկուրսավարն ասաց, որ մենք շատ էինք տարբերվում մյուս խմբերից։ Մեր հագուստը կոկիկ էր և մենք համագործակցում էինք մեր խմբում առաջնորդություն վերցնողների հետ։ Ոչ մի հայհոյություն և անկարգություն չկար։ Նա զարմացել էր, թե ինչպես կարող են միմյանց անծանոթ մարդիկ հանկարծ ընկերներ դառնալ»։

Մի եղբայր, որը ծառայում էր Պրահայում անցկացվող համաժողովի լրատվական բաժնում, պատմում է. «Կիրակի առավոտյան մեզ այցելեց համաժողովի անցկացման վայրը հսկող ոստիկանների ղեկավարը։ Նա նշեց տիրող խաղաղության մասին և ասաց, որ ոչինչ չունի անելու։ Նա նաև ասաց, որ ստադիոնի շրջակայքում ապրող մարդկանցից ոմանք հարցրել են, թե ինչ է տեղի ունենում այդտեղ։ Երբ ոստիկանը ասել է, որ Եհովայի վկաներն են, այդ մարդիկ զարմացել են, իսկ նա պատասխանել է. «Եթե մարդիկ կիսով չափ վարվեին Եհովայի վկաների նման, ապա ոստիկանությունը նույնիսկ գոյություն չէր ունենա»»։

Շատերն արդեն ազատագրվել են

Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ծառայում է որպես «կամուրջ» մշակույթների միջև և միավորում է քրիստոնյաներին խաղաղության և միության մեջ (Հռոմեացիներ 14։19; Եփեսացիներ 4։22–24; Փիլիպպեցիներ 4։7)։ Դա փաստեցին «Ազատագրումը մո՛տ է» անվանումը կրող այս հատուկ համաժողովները։ Եհովայի վկաները արդեն ազատագրվել են շատ ցավերից, որոնք հարվածում են այս աշխարհին։ Նշելով միայն մի քանի խնդիրների մասին, որ կան աշխարհում, օրինակ՝ անհանդուրժողականությունը, ագրեսիան և ռասայական խտրականությունը՝ կարող ենք ասել, որ դրանք Վկաների մեջ գոյություն չունեն, և նրանք սպասում են մի ժամանակի, երբ ամբողջ աշխարհը կազատվի այդպիսի խնդիրներից։

Այս համաժողովներին ներկա լինողները անձամբ վայելել են այն միասնությունը, որ գոյություն ունի տարբեր երկրներից եկած և տարբեր մշակույթներ ունեցող Վկաների միջև։ Դա շատ լավ երևաց համաժողովների վերջում։ Բոլորը ծափահարում ու գրկախառնվում էին նոր ընկերների հետ և հրաժեշտ տալուց առաջ վերջին անգամ լուսանկարվում նրանց հետ (1 Կորնթացիներ 1։10; 1 Պետրոս 2։17)։ Ուրախությամբ լի սրտերով և համոզված, որ շատ մոտ է բոլոր խնդիրներից և հոգսերից ազատագրումը՝ պատվիրակները վերադարձան իրենց տները և ժողովները։ Նրանք լցված էին վճռականությամբ ամուր բռնելու Աստծուց ստացած «կյանքի խոսքը» (Փիլիպպեցիներ 2։15, 16

[ծանոթագրություն]

^ պարբ. 4 Լեհաստանում ծրագրի միջազգային բաժինները մյուս վեց համաժողովների ժամանակ, ինչպես նաև Սլովակիայի համաժողովներից մեկի ժամանակ հեռարձակվեցին էլեկտրոնային կապով։

[շրջանակ/նկար 10–րդ էջի վրա]

Քսանվեց լեզուներ հնչում էին ինչպես մեկ լեզու

Բոլոր ինը համաժողովներին ծրագիրը ներկայացվեց տեղի լեզուներով։ Գերմանիայում անցկացված համաժողովներին ելույթները մատուցվեցին 18 այլ լեզուներով։ Դորտմունտում ելույթները նաև հնչեցին արաբերեն, իսպաներեն, պարսկերեն, պորտուգալերեն և ռուսերեն լեզուներով. Ֆրանկֆուրտում՝ անգլերեն, սերբերեն/խորվաթերեն և ֆրանսերեն. Համբուրգում՝ դանիերեն, թամիլերեն, հոլանդերեն և շվեդերեն. Լեյպցիգում՝ թուրքերեն, լեհերեն և չինարեն. Մյունխենում՝ գերմաներեն ժեստերի լեզվով, իտալերեն և հունարեն։ Պրահայում անցկացված համաժողովին բոլոր ելույթները ներկայացվեցին անգլերեն, չեխերեն և ռուսերեն լեզուներով։ Բրատիսլավայում ծրագիրը անցկացվում էր անգլերեն, հունգարերեն, սլովակերեն լեզուներով, ինչպես նաև սլովակերեն ժեստերի լեզվով։ Խոժուվում ծրագիրը մատուցվեց լեհերեն, լեհերեն ժեստերի լեզվով, ռուսերեն, ուկրաիներեն, իսկ Պոզնանում՝ լեհերեն և ֆիններեն լեզուներով։

Ընդհանուր թվով՝ քսանվեց լեզուներ։ Իսկապես, համաժողովների պատվիրակները բաժանված էին լեզուներով, բայց միավորված էին իրենց սիրով։

[նկար 9–րդ էջի վրա]

Խորվաթիայից Ֆրանկֆուրտ եկած պատվիրակներն անչափ ուրախացան, երբ իրենց լեզվով ստացան «Նոր աշխարհ թարգմանությունը»