Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարելի է վերջ դնել ազգային խտրականությանը

Ինչպե՞ս կարելի է վերջ դնել ազգային խտրականությանը

Ինչպե՞ս կարելի է վերջ դնել ազգային խտրականությանը

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ մի խաղավար կանգնեցնում է ֆուտբոլի խաղի ընթացքը։ Ինչո՞ւ։ Քանի որ բազմաթիվ դիտորդներ այնպիսի վիրավորական խոսքեր են ուղղում կամերունցի մի ֆուտբոլիստի հասցեին, որ նա սպառնում է, թե դուրս կգա խաղադաշտից։ Ռուսաստանում սովորական բան են դարձել աֆրիկացիների, ասիացիների և լատինամերիկացիների վրա հարձակումները. 2004 թ.–ին այնտեղ այլազգիների վրա հարձակումների թիվը աճել է 55 տոկոսով, և այդ պատահարների թիվը 2005 թ.–ին հասել է 394–ի։ Մեծ Բրիտանիայում անցկացված մի հարցման ժամանակ ասիացիների և սևամորթների մեկ երրորդը այն կարծիքին էր, որ նրանք կորցրել են իրենց աշխատանքը ազգային խտրականության պատճառով։ Այս օրինակները ցույց են տալիս, որ ազգային խտրականությունը համաշխարհային մասշտաբի է հասել։

Ազգային խտրականությունը տարբեր կերպերով է արտահայտվում։ Այն լինում է վիրավորական ու արհամարհական խոսքերի ձևով կամ որևէ էթնիկական խմբի բնաջինջ անելու ազգային քաղաքականության ձևով։ * Իսկ ո՞րն է ազգային խտրականության բուն պատճառը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդպիսի վերաբերմունք դրսևորելուց։ Իմաստո՞ւն է ակնկալել, որ մի օր բոլոր ազգերը կապրեն միասին ու խաղաղ։ Աստվածաշունչը հետաքրքիր բացատրություն է տալիս այդ հարցերի վերաբերյալ։

Ճնշում և ատելություն

«Մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը»,— ասում է Աստվածաշունչը (Ծննդոց 8։21)։ Հետևաբար ոմանք հաճույք են ստանում ուրիշների վրա ճնշում բանեցնելուց։ Աստվածաշունչը նաև ասում է. «Ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար» (Ժողովող 4։1

Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ այլազգի մարդկանց հանդեպ ատելությունը գոյություն է ունեցել դեռ շատ վաղուց։ Օրինակ՝ մեր թվարկությունից առաջ 18–րդ դարում մի եգիպտացի փարավոն հրավիրեց ազգությամբ եբրայեցի Հակոբին ու նրա բազմանդամ ընտանիքին բնակություն հաստատելու Եգիպտոսում։ Սակայն հետագայում մեկ ուրիշ փարավոն վտանգավոր համարեց այն, որ իր երկրում ապրում էր ներգաղթյալների այսպիսի մեծ խումբ։ Այդ մասին Աստվածաշնչում հետևյալն ենք կարդում. «Նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են. եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան.... Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ չարչարեն նորանց իրանց ծանր գործքերովը» (Ելից 1։9–11)։ Եգիպտացիները նույնիսկ հրահանգ տվեցին սպանել Հակոբի ժառանգների բոլոր նորածին տղաներին (Ելից 1։15, 16

Ո՞րն է բուն պատճառը

Աշխարհի կրոնները հազվադեպ են աջակցում ազգային խտրականությանը վերջ դնելու ջանքերին։ Ճիշտ է, թեև ոմանք հերոսաբար հակառակվել են այդ ճնշմանը, սակայն կրոնն ընդհանուր առմամբ ավելի հաճախ ճնշում բանեցնողների կողմն է դիրք բռնել։ Այդպիսին էր պարագան Միացյալ Նահանգներում, որտեղ օրենքով ու Լինչի դատաստանով թույլատրվում էր հպատակեցնել սևամորթներին, և այնտեղ խառը ամուսնությունները օրենքով արգելված էին մինչև 1967 թ.։ Նույնն էր պարագան Հարավային Աֆրիկայում ապարտեիդի տարիներին, երբ քչերն էին օրենքով պաշտպանում իրենց իրավունքները, այդ թվում նաև այլազգիների հետ ամուսնանալու իրավունքը։ Երկու դեպքում էլ ազգային խտրականությանը թիկունք կանգնող էթնիկական խմբի ներկայացուցիչներից ոմանք չափազանց կրոնասեր մարդիկ են եղել։

Սակայն Աստվածաշունչը բացահայտում է ազգային խտրականության իրական պատճառը։ Այն բացատրում է, թե ինչու են որոշ էթնիկական խմբեր ճնշում մյուսներին։ Այնտեղ կարդում ենք. «Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է։ Եթե մեկը պնդում է, թե՝ «ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, նա ստախոս է։ Քանզի նա, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհաննես 4։8, 20)։ Այս խոսքերը ցույց են տալիս, թե որն է ազգային խտրականության բուն պատճառը։ Մարդիկ այն դրսևորում են, քանի որ չեն ճանաչում և չեն սիրում Աստծուն՝ անկախ նրանից՝ համարում են իրենց կրոնասեր անձնավորություններ, թե՝ ոչ։

Աստծու մասին գիտելիքներ ունենալը հիմք է ազգային հավասարության համար

Ինչպե՞ս են Աստծու մասին գիտելիքները և նրա հանդեպ սերը նպաստում ազգային հավասարությանը։ Աստծու Խոսքն ինչպիսի՞ գիտելիքներ է պարունակում, որոնք մարդկանց ետ են պահում այն անհատներին վիրավորանք հասցնելուց, ովքեր տարբերվում են իրենցից։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան բոլոր մարդկանց Հայրն է։ Այնտեղ կարդում ենք. «Մեզ համար իրականում կա մե՛կ Աստված՝ Հայրը, որից են բոլոր բաները» (1 Կորնթացիներ 8։6)։ Այնուհետև կարդում ենք. «Նա մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործեր 17։26)։ Հետևաբար, բոլոր մարդիկ իրականում եղբայրներ են։

Բոլոր ազգերն էլ կարող են հպարտանալ այն բանով, որ Աստծուց են կյանք ստացել, և միևնույն ժամանակ, բոլորն էլ ունեն պատճառ տխրելու ինչ–որ մի բանի համար, որ ժառանգել են իրենց նախահորից։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը, նշեց. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ»։ Ուստի «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23; 5։12)։ Եհովա Աստված բազմազանություն է սիրում. չկան բացարձակապես միանման երկու արարածներ։ Այնուամենայնիվ, նա ոչ մի էթնիկական խմբի պատճառ չի տվել իրեն ավելի բարձր դասելու մյուսներից։ Համատարած այն գաղափարը, թե ինչ–որ մի ազգ ավելի լավն է, քան մյուս ազգերը, հակասում է Սուրբ Գրությունների տեսակետին։ Բացահայտ է, որ Աստծուց ստացած գիտելիքները նպաստում են ազգային հավասարությանը։

Աստված հոգ է տանում բոլոր ազգերի մասին

Ոմանք այն կարծիքին են, որ Աստված նպաստել է ազգային խտրականությանը՝ իր բարեհաճությանն արժանացնելով իսրայելացիներին և պատվիրելով նրանց հեռու մնալ ուրիշ ազգերից (Ելից 34։12)։ Մի ժամանակ Աստված ընտրեց իսրայելացիներին որպես իր սեփականություն նրանց նախահայր Աբրահամի դրսևորած մեծ հավատի համար։ Աստված անձամբ ղեկավարեց Իսրայել ազգին՝ տալով նրան իշխաններ, ինչպես նաև օրենքների շարք։ Այն ժամանակ, երբ Իսրայելն ապրում էր այդ օրենքներով, հարևան ազգերը կարող էին տեսնել Աստծու կառավարման բերած արդյունքները՝ հակադրելով դրանք մարդկանց կառավարման բերած արդյունքներին։ Այն ժամանակ Եհովան նաև սովորեցրեց Իսրայելին, որ անհրաժեշտ էր ինչ–որ զոհ մատուցել, ինչը մարդկանց համար հնարավոր կդարձներ իր հետ լավ փոխհարաբերություններ վերականգնելը։ Ուստի այն, թե ինչպես Եհովան վերաբերվեց Իսրայելին, օգուտներ բերեց բոլոր ազգերին։ Դա ներդաշնակ էր այն բանի հետ, որ նա ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր» (Ծննդոց 22։18

Բացի այդ, հրեաները պատիվ ունեին լսելու Աստծու հռչակած սուրբ պատգամները և լինելու այն ազգը, որից պետք է ծնվեր Մեսիան։ Սակայն դա նույնպես արվեց այն բանի համար, որ բոլոր ազգերը օգուտներ ստանան։ Եբրայերեն Գրությունները, որ տրվել էին հրեաներին, պարունակում են սիրտ ջերմացնող խոսքեր այն ժամանակների վերաբերյալ, երբ բոլոր էթնիկական խմբերը մեծ օրհնություններ կստանան. «Շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները,.... ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլեւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի» (Միքիա 4։2–4

Թեև Հիսուս Քրիստոսն անձամբ հրեաներին քարոզեց, սակայն նա նաև ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Չի լինի մի ազգ, որ բարի լուրը չլսի։ Հետևաբար Եհովան կատարյալ օրինակ է թողել էթնիկական բոլոր խմբերի հանդեպ անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու հարցում։ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

Հին Իսրայելին տված օրենքները նույնպես ցույց են տալիս, որ Աստված հոգ է տանում բոլոր ազգերի մասին։ Նկատեք, որ Օրենքը Իսրայելում ապրող օտարազգիների հանդեպ հանդուրժողականություն դրսևորելուց ավելին էր պահանջում։ Այդ մասին կարդում ենք. «Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք» (Ղեւտացոց 19։34)։ Աստծու օրենքներից շատերը սովորեցնում էին իսրայելացիներին բարի լինել ներգաղթյալների նկատմամբ։ Ուստի երբ Բոոսը՝ Հիսուսի նախահայրը, տեսավ մի օտարերկրացի կարիքավոր կնոջ հասկ հավաքելիս, Աստծուց իր սովորածի համաձայն վարվելով՝ իր աշխատավորներին պատվիրեց, որ բավականաչափ ցորենի հասկեր թողնեին այդ կնոջ համար (Հռութ 2։1, 10, 16

Հիսուսը բարություն է սովորեցնում

Ոչ ոք Հիսուսից ավելի շատ չի հայտնել Աստծու մասին գիտելիքները։ Նա իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես պետք է բարություն դրսևորել այլազգիների հանդեպ։ Մի անգամ նա զրույց սկսեց մի սամարացի կնոջ հետ։ Դա զարմացրեց այդ կնոջը, քանի որ սամարացիները էթնիկական մի խմբի պատկանող մարդիկ էին, որոնց հրեաներից շատերը արհամարհում էին։ Զրույցի ընթացքում Հիսուսը սիրով օգնեց այդ կնոջը հասկանալ, թե ինչպես նա կարող է հավիտենական կյանք ձեռք բերել (Հովհաննես 4։7–14

Հիսուսը նաև սովորեցրեց, թե ինչպես պետք է վերաբերվենք այլ էթնիկական խմբերի պատկանող մարդկանց՝ պատմելով բարի սամարացու մասին մի առակ։ Այդ մարդը տեսավ ծանր վնասվածքներ ստացած մի հրեայի, որը հարձակման էր ենթարկվել ավազակների կողմից։ Սամարացին կարող էր այսպես մտածել. «Ինչո՞ւ ես պետք է օգնեմ հրեային։ Հրեաները արհամարհում են իմ ժողովրդին»։ Սակայն Հիսուսի առակում ներկայացված սամարացին այլ տեսակետ ուներ օտարականների հանդեպ։ Թեև մյուս ճամփորդները հենց այնպես անցան վիրավոր մարդու կողքով, սամարացին «խղճահարվեց» և մեծ օգնություն ցույց տվեց նրան։ Հիսուսն այս առակը ավարտեց՝ ասելով, որ նա, ով ցանկանում է Աստծու հաճությունն ունենալ, պետք է այդ սամարացու նման վարվի (Ղուկաս 10։30–37

Պողոս առաքյալը սովորեցրեց, որ նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, պետք է փոխեն իրենց անձնավորությունը և մարդկանց հետ վերաբերվեն այնպես, ինչպես Աստված է վերաբերվում։ Նա գրեց. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և նոր անձնավորությունը հագեք, որը նորոգվում է ճշգրիտ գիտությամբ՝ Նրա պատկերի համաձայն, ով ստեղծեց այն, որտեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, չկա օտարական, սկյութացի.... Սակայն այս ամենից բացի՝ սե՛րը հագեք, որովհետև այն միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։9–14

Աստծու մասին գիտելիքները փոխո՞ւմ են մարդկանց

Արդյոք Եհովա Աստծուն ճանաչելը իսկապես փոխո՞ւմ է մարդկանց վերաբերմունքը այլ էթնիկական խմբերի հանդեպ։ Քննենք Կանադայում բնակվող մի ասիացի ներգաղթյալի օրինակը, որն անչափ ընկճվել էր՝ բախվելով այնտեղ տիրող ռասայական խտրականությանը։ Նա հանդիպեց Եհովայի վկաներին, և նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ։ Հետագայում նա այդ Վկաներին շնորհակալական նամակ գրեց, որում հետևյալն էր ասվում. «Դուք շատ հաճելի և բարի սպիտակամորթ մարդիկ եք։ Երբ ես նկատեցի, որ դուք տարբերվում եք ուրիշ սպիտակամորթներից, սկսեցի մտածել, թե որն է պատճառը։ Մտածեցի, մտածեցի և եկա այն եզրակացության, որ դուք Աստծու Վկաներն եք։ Ինչ–որ արժեքավոր բան պետք է որ լինի Աստվածաշնչում։ Ձեր հանդիպումներին ես տեսա բազմաթիվ սպիտակամորթ, սևամորթ, դեղնամորթ և մուգ մաշկ ունեցող մարդկանց, որոնց սրտերը միևնույն գույնն ունեին՝ թափանցիկ, որովհետև նրանք եղբայրներ ու քույրեր էին։ Այժմ ես գիտեմ, թե ով է նրանց այդպիսին դարձրել։ Ձեր Աստվածն է արել դա»։

Աստծու Խոսքը հայտնում է մեզ մի ժամանակի մասին, երբ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը» (Եսայիա 11։9)։ Նույնիսկ հիմա, ի կատարումն Աստվածաշնչի մարգարեության, միլիոնների հասնող մի մեծ բազմություն «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» միավորվում է ճշմարիտ երկրպագության մեջ (Հայտնություն 7։9)։ Նրանք սպասում են այն ժամանակին, երբ ամբողջ աշխարհում ատելությունը կփոխարինվի սիրով և կկատարվի Եհովայի նպատակը, որը նա հայտնել էր Աբրահամին. «Երկրի բոլոր ընտանիքները.... պիտի օրհնվեն» (Գործեր 3։25

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 «Էթնիկական» բառը վերաբերում է մի բանի, որը կապ ունի մարդկանց որևէ խմբին մյուս խմբերից առանձնացնելու հետ, և դա արտահայտվում է ռասայի, ազգության, կրոնի, լեզվի կամ մշակույթի տարբերությամբ։

[նկար 4–րդ, 5–րդ էջերի վրա]

Աստծու Օրենքը սովորեցնում էր իսրայելացիներին, որ սիրեին օտարականներին

[նկար 5–րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ենք սովորել բարի սամարացու մասին առակից

[նկարներ 6–րդ էջի վրա]

Աստված ոչ մի էթնիկական խմբի պատճառ չի տվել իրեն մյուսներից ավելի բարձր դասելու