Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 1)

Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 1)

Եհովայի խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 1)

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 613 թվականն է։ Երեմիա մարգարեն գտնվում է Հուդայում և անվախորեն ազդարարում է Երուսաղեմի անխուսափելի կործանումը և Հուդայի ամայացումը։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն արդեն գերեվարել է շատ հրեաների։ Նրանց թվում են Դանիելն ու նրա երեք ընկերները, որոնք ծառայում են քաղդեական արքունիքում։ Հրեա գերիների մեծամասնությունը գտնվում է «Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ» (Եզեկիէլ 1։1–3)։ Եհովան նրանց չի թողնում առանց պատգամաբերի։ Նա 30–ամյա Եզեկիելին մարգարե է նշանակում։

Եզեկիելն իր անունը կրող գրքի գրությունն ավարտել է մ.թ.ա. 591–ին։ Այն ներառում է 22 տարվա պատմություն։ Եզեկիելը մանրամասնորեն է գրի առել իր մարգարեությունը։ Նա կոնկրետ նշում է, թե որ տարում և նույնիսկ որ ամսին և որ օրն է գրել այն։ Եզեկիելի մարգարեության առաջին մասը վերաբերում է Երուսաղեմի անկմանն ու կործանմանը։ Երկրորդ մասը պարունակում է ազդարարություններ հարևան ազգերի դեմ, իսկ վերջին մասում խոսվում է Եհովայի երկրպագության վերականգնման մասին։ Այս հոդվածում կներկայացվեն ուշագրավ մտքեր Եզեկիէլ 1–24 գլուխներից, որոնցում ընդգրկված են Երուսաղեմի կործանման վերաբերյալ տեսիլքներ, մարգարեություններ և մարգարեական ցուցադրումներ։

«ԵՍ ՔԵԶ ԴԷՏ ԵՄ ԴՐԵԼ»

(Եզեկիէլ 1։1–19։14)

Այն բանից հետո, երբ Եզեկիելը տեսնում է Եհովայի գահի վերաբերյալ հափշտակիչ տեսիլքը, նա հանձնարարություն է ստանում։ Եհովան նրան ասում է. «Ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ» (Եզեկիէլ 3։17)։ Եհովան Եզեկիելին պատվիրում է երկու ցուցադրումներով (մնջախաղի ձևով) ներկայացնել Երուսաղեմի ապագա պաշարումն ու դրա հետևանքները։ Հուդայի վերաբերյալ նա մարգարեի միջոցով ասում է. «Ահա ես ձեզ վերայ սուր պիտի բերեմ. եւ պիտի կորցնեմ ձեր բարձրաւանդակները» (Եզեկիէլ 6։3)։ Այդ երկրի բնակիչներին նա ասում է. «Պատուհասը գալիս է դէպի քեզ» (Եզեկիէլ 7։7

Մ.թ.ա. 612–ին Եզեկիելը տեսիլքի մեջ տեղափոխվում է Երուսաղեմ։ Ի՜նչ գարշելի բաներ է նա տեսնում Աստծու տաճարում։ Երբ Եհովան ուղարկի իր երկնային պատժիչ ուժերը (որոնք ներկայացված են «վեց մարդով»)՝ արտահայտելու իր բարկությունը հավատուրացների նկատմամբ, կփրկվեն միայն «իրենց ճակատներին նշան ունեցողները» (Եզեկիէլ 9։2–6)։ Քաղաքի վրա պետք է «ցրիվ տրվեն կրակի կայծեր»՝ Աստծու դատաստանական կրակոտ պատգամը (Եզեկիէլ 10։2)։ Եհովան ամբարիշտների «գլխովն է տալու նրանց ճանապարհը». միևնույն ժամանակ Աստված խոստանում է հավաքել ցիրուցան եղած իսրայելացիներին (Եզեկիէլ 11։17–21

Աստծու ոգին Եզեկիելին ետ է բերում Քաղդեա։ Մի մարգարեական ցուցադրման մեջ նա ներկայացնում է, թե ինչպես են Սեդեկիա թագավորն ու ժողովուրդը փախչելու։ Կեղծ մարգարեներն ու մարգարեուհիները դատապարտվում են։ Կռապաշտները մերժվում են։ Հուդան նմանեցվում է անպիտան որթի։ Արծվի և որթի հանելուկը ցույց է տալիս այն դառը հետևանքները, որ կրելու է Երուսաղեմը Եգիպտոսից օգնություն խնդրելու պատճառով։ Հանելուկի վերջում Եհովան խոստանում է, որ «մատղաշ ընձյուղ կտնկի մի բարձր սարի վրա» (Եզեկիէլ 17։22)։ Հուդայում, սակայն, «իշխանի գավազան» չի լինի (Եզեկիէլ 19։14

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։4–28 — Ի՞նչ է պատկերում երկնային կառքը։ Կառքը ներկայացնում է Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը բաղկացած է հավատարիմ ոգեղեն արարածներից։ Այն շարժվում է Եհովայի սուրբ ոգու զորությամբ։ Կառքը վարողը, որը ներկայացնում է Եհովային, աննկարագրելիորեն փառահեղ է։ Նրա հանդարտությունը ներկայացված է գեղեցիկ ծիածանով։

1։5–11 — Ովքե՞ր են չորս կենդանի արարածները։ Եզեկիելը կառքի մասին երկրորդ տեսիլքում նշում է, թե ովքեր են չորս կենդանի արարածները։ Նրանք քերովբեներ են (Եզեկիէլ 10։1–11; 11։22)։ Հետագա նկարագրության մեջ նա ցլի երեսը կոչում է «քերովբեի երես» (Եզեկիէլ 10։14)։ Սա տեղին է, քանի որ ցուլը իշխանության և ուժի խորհրդանիշ է, իսկ քերովբեները զորեղ ոգեղեն արարածներ են։

2։6 — Ինչո՞ւ է Եզեկիելը բազմիցս անվանվում «մարդի որդի»։ Եհովան դիմում է Եզեկիելին այս ձևով՝ նրան հիշեցնելու համար, որ մարգարեն միս ու արյուն է՝ այդպիսով ընդգծելով մարդ–պատգամաբերի և պատգամի Հեղինակի՝ Աստծու միջև եղած հսկայական տարբերությունը։ Նույն արտահայտությունը մոտ 80 անգամ հանդիպում է Ավետարաններում Հիսուս Քրիստոսի առնչությամբ, ինչը միանշանակ ցույց է տալիս, որ Մարդու Որդին երկիր եկավ որպես մարդ և ոչ թե որպես նյութական մարմին հագած ոգեղեն էակ։

2։9–3։3 — Ինչո՞ւ էր ողբերի ու հառաչանքների «տոմսը» քաղցր Եզեկիելի համար։ Այն քաղցր էր, քանի որ Եզեկիելը ճիշտ տրամադրվածություն ուներ իր հանձնարարության նկատմամբ։ Նա երախտապարտ էր Եհովային, որ ծառայում է որպես մարգարե։

4։1–17 — Եզեկիելն իսկապե՞ս ցուցադրեց Երուսաղեմի վերահաս պաշարման տեսարանը։ Այն, որ Եզեկիելը խնդրեց Եհովային փոխել վառելանյութը, որի վրա պետք է կերակուր պատրաստեր, և որ Եհովան կատարեց նրա խնդրանքը, վկայում է, որ մարգարեն իսկապես ցուցադրեց այդ տեսարանը։ Եզեկիելն իր ձախ կողքին պառկեց տասցեղ թագավորության 390 տարվա մեղքերի համար (մ.թ.ա. 997–ից՝ այդ թագավորության սկզբնավորումից մինչև մ.թ.ա. 607–ը՝ Երուսաղեմի կործանումը)։ Իսկ աջ կողքին պառկեց Հուդայի 40 տարվա մեղքերի համար (մ.թ.ա. 647–ին Երեմիայի մարգարե նշանակվելուց մինչև մ.թ.ա. 607–ը)։ Բոլոր 430 օրերին Եզեկիելն ապրում էր սննդի ու ջրի սուղ պաշարով. դա մարգարեաբար նշանակում էր, որ Երուսաղեմի պաշարման ժամանակ սով էր լինելու։

5։1–3 — Ի՞նչ էր նշանակում, որ Եզեկիելը մի քանի մազ պիտի վերցներ այն մազերից, որ պիտի ցրիվ տար օդի մեջ, և ծրարեր իր հագուստի քղանցքների մեջ։ Դա նշանակում էր, որ 70 տարվա ամայացումից հետո իսրայելացիների մնացորդը վերադառնալու էր Հուդա և վերականգնելու էր ճշմարիտ երկրպագությունը (Եզեկիէլ 11։17–20

17։1–24 — Ի՞նչ են խորհրդանշում երկու մեծ արծիվները, ինչպե՞ս են կոտրվում եղևինի ընձյուղները, և ո՞վ է այն «մատղաշը», որին Եհովան տնկում է։ Երկու արծիվները ներկայացնում են Բաբելոնի և Եգիպտոսի կառավարիչներին։ Առաջին արծիվը գալիս է դեպի եղևինի գագաթը, այսինքն՝ դեպի Դավթի արքայական տոհմից եղող ղեկավարը։ Այս արծիվը կոտրում է ծայրի ընձյուղները, այսինքն՝ Հուդայի Հովաքին թագավորին փոխարինում է Սեդեկիայով։ Չնայած որ Սեդեկիան հավատարմության երդում է տալիս, նա օգնության համար դիմում է մեկ ուրիշ արծվի՝ Եգիպտոսի ղեկավարին, սակայն ապարդյուն։ Նա գերի է տարվելու և մեռնելու է Բաբելոնում։ Եհովան նաև կտրում է «մատղաշին»՝ Մեսիական Թագավորին, ու նրան տնկում «բարձր եւ վեր ելած սարի»՝ երկնային Սիոն լեռան վրա, որտեղ վերջինս դառնում է «ազնիւ եղեւին»՝ երկրի համար մեծ օրհնությունների աղբյուր (Հայտնություն 14։1

Դասեր մեզ համար

2։6–8; 3։8, 9, 18–21. Մենք չպետք է վախենանք ամբարիշտներից և չպետք է դադարենք Աստծու պատգամները քարոզելուց, որոնք նախազգուշացում են պարունակում չար մարդկանց համար։ Անտարբերության կամ հակառակության բախվելիս պետք է ադամանդի պես պինդ մնանք։ Սակայն հարկավոր է զգուշանալ կոպիտ և անզգա դառնալուց։ Հիսուսը կարեկցում էր այն մարդկանց, ում քարոզում էր, և մենք էլ պետք է քարոզենք կարեկցանքից մղված (Մատթեոս 9։36

3։15. Իր հանձնարարությունը ստանալուց հետո Եզեկիելը մնաց Թելաբիբում «եօթն օր.... ապշած»՝ յուրացնելով այն պատգամը, որ պիտի հռչակեր։ Չպե՞տք է արդյոք ժամանակ տրամադրենք, որպեսզի խոր հոգևոր ճշմարտությունները ջանադրաբար ուսումնասիրենք, դրանց շուրջ խորհրդածենք և հասկանանք։

4։1–5։4. Երկու մարգարեական ցուցադրումներն անելու համար Եզեկիելից պահանջվում էր խոնարհություն և քաջություն։ Նրա պես՝ մենք պետք է խոնարհ ու քաջ լինենք Աստծուց տրված ցանկացած հանձնարարություն կատարելիս։

7։4, 9; 8։18; 9։5, 10. Հարկ չկա, որ մեր «աչքերը խնայեն», այսինքն՝ կարեկցենք նրանց, ովքեր արժանանում են Աստծու դատաստանին։

7։19. Երբ Եհովան դատաստան տեսնի իրերի այս համակարգի հետ, փողը այլևս ոչ մի արժեք չի ունենա։

8։5–18. Հավատուրացությունը հոգևոր առումով մահաբեր է։ «Կեղծաւորն [«Հավատուրացը», ՆԱ] իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին» (Առակաց 11։9)։ Մենք իմաստուն վարված կլինենք, եթե խուսափենք նույնիսկ այն մտքից, որ կարելի է լսել հավատուրացներին։

9։3–6. Նշան ստանալը, այսինքն՝ Աստծուն նվիրվելը, մկրտվելը և քրիստոնեական անձնավորություն հագնելը, շատ կարևոր է «մեծ նեղությունից» վերապրելու համար (Մատթեոս 24։21)։ Օծյալ քրիստոնյաները, որոնք ներկայացված են գրագրի թանաքաման ունեցող մարդով, առաջնորդություն են վերցնում նշան դնելու գործում, որն է՝ Թագավորության քարոզչությունը և աշակերտներ պատրաստելու գործը։ Եթե ուզում ենք պահպանել մեր նշանը, պետք է եռանդորեն օգնենք նրանց այդ հանձնարարությունը կատարելու մեջ։

12։26–28. Նույնիսկ իր պատգամի վրա ծիծաղող մարդկանց Եզեկիելը պիտի ասեր. «Այլ եւս [Եհովայի] ոչ մի խօսքը պիտի չ’ուշանայ»։ Մենք պետք է մեր ձեռքից եկած ամեն բան անենք՝ օգնելու ուրիշներին, որ վստահեն Եհովային, նախքան նա վերջ կդնի իրերի այս համակարգին։

14։12–23. Մեր փրկությունը կախված է անձամբ մեզանից։ Ուրիշ ոչ մեկը չի կարող դա անել մեր փոխարեն (Հռոմեացիներ 14։12

18։1–29. Մենք պատասխանատու ենք մեր արարքների հետևանքների համար։

«ՏԱԿՆ Ի ՎԵՐ՝ ՏԱԿՆ Ի ՎԵՐ՝ ՏԱԿՆ Ի ՎԵՐ ՊԻՏԻ ԱՆԵՄ ՆՈՐԱՆ»

(Եզեկիէլ 20։1–24։27)

Գերության յոթերորդ տարում՝ մ.թ.ա. 611–ին, Իսրայելի ծերերը եկան Եզեկիելի մոտ՝ «Եհովայից հարցնելու»։ Նրանք լսում են Իսրայելի ապստամբության երկար պատմությունը և նախազգուշացվում են, որ Եհովան «սուր է հանելու» իրենց դեմ (Եզեկիէլ 20։1; 21։3)։ Դիմելով Իսրայելի ղեկավարին (Սեդեկիային)՝ Եհովան ասում է. «Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը. սա այս չէ. ցածը բարձրացրու, եւ բարձրը ցածացրու. տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. սա էլ պիտի չ’լինի մինչեւ որ իրաւունք ունեցողը [Հիսուս Քրիստոսը] գայ. նորան եմ տուել» (Եզեկիէլ 21։26, 27

Երուսաղեմի դեմ մեղադրանք է հարուցված։ Ոողայի (Իսրայելի) և Ոողիբայի (Հուդայի) մեղքը բացահայտված է։ Ոողան արդեն հանձնվել է «իր սիրեկանների ձեռքը Ասորեստանի որդկանց ձեռքը» (Եզեկիէլ 23։9)։ Իսկ Ոողիբայի կործանումը հեռու չէ։ Մ.թ.ա. 609–ին սկսվում է Երուսաղեմի 18–ամսյա պաշարումը։ Երբ քաղաքը վերջապես ընկնի, հրեաները այնքան ապշած կլինեն, որ չեն կարողանա արտահայտել իրենց վիշտը։ Եզեկիելը Աստծու ազդարարությունը չպետք է հայտնի Բաբելոնի գերիներին, մինչև որ քաղաքի կործանման մասին լուր չստանա «ազատված մեկից» (Եզեկիէլ 24։26, 27

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

21։3 — Ի՞նչ է այն «սուրը», որ Եհովան հանում է իր պատյանից։ «Սուրը», որ Եհովան օգտագործում է Երուսաղեմի և Հուդայի վրա դատաստան իրագործելու համար, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը և նրա բանակն է։ Դա կարող է լինել նաև Աստծու կազմակերպության երկնային մասը, որը բաղկացած է հզոր ոգեղեն արարածներից։

24։6–14. Ի՞նչ է խորհրդանշում կաթսայի ժանգը։ Պաշարման մեջ գտնվող Երուսաղեմը նմանեցվում է կաթսայի։ Նրա վրայի ժանգը քաղաքի բարոյապես կեղտոտ վիճակն է՝ անմաքրությունը, անառակ վարքը և արյունահեղությունը, որոնց համար նա պատասխանատու է։ Երուսաղեմի անմաքրությունն այնքան շատ է, որ կաթսան, դատարկ դրված լինելով թեժ ածուխների վրա և շիկացած լինելով, շարունակում է ժանգոտ մնալ։

Դասեր մեզ համար

20։1, 49. Իսրայելի ծերերի արձագանքից երևում է, որ նրանք թերահավատորեն էին վերաբերվում Եզեկիելի ասածներին։ Թող որ երբեք թերահավատորեն չվերաբերվենք Աստծու նախազգուշացումներին։

21։18–22. Նաբուգոդոնոսորը դիմեց հմայության, որպեսզի իմանա, թե առաջին հերթին ում վրա հարձակվի։ Բայց Եհովան այնպես արեց, որ նա հարձակվի հենց Երուսաղեմի վրա։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ դևերը չեն կարող խանգարել Եհովայի պատժիչ ուժերին իրականացնելու նրա նպատակը։

22։6–16. Եհովան ատում է զրպարտությունը, անառակ վարքը, իշխանության չարաշահումը և կաշառակերությունը։ Մենք պետք է վճռականորեն խուսափենք այդպիսի բաներից։

23։5–49. Քաղաքական դաշինքներ կնքելով՝ Իսրայելն ու Հուդան սկսեցին երկրպագել իրենց դաշնակիցների կեղծ աստվածներին։ Եկեք զգուշանանք աշխարհային կապերից, որոնք կարող են կործանել մեր հավատը (Հակոբոս 4։4

Պատգամ, որը կենդանի է և զորեղ

Ի՜նչ հրաշալի դասեր ենք սովորում «Եզեկիէլ» գրքի առաջին 24 գլուխներից։ Տեսնում ենք, թե ինչն է տհաճություն պատճառում Աստծուն, ինչպես կարող ենք արժանանալ նրա ողորմածությանը և ինչու պետք է զգուշացնենք ամբարիշտներին։ Երուսաղեմի կործանման վերաբերյալ մարգարեությունը Եհովային ներկայացնում է որպես մի Աստծու, որը իր ծառաներին «նորերը պատմում է, նրանք դեռ չբխած՝ իմացնում է» (Եսայիա 42։9

Այնպիսի մարգարեություններ, ինչպիսիք են Եզեկիէլ 17։22–24 և 21։26, 27-ում արձանագրվածները, մատնանշում էին Մեսիական Թագավորության հաստատումը երկնքում։ Շատ շուտով այդ Թագավորությունը հոգ կտանի, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթեոս 6։9, 10)։ Ունենալով ամուր հավատ և համոզվածություն՝ մենք կարող ենք վստահությամբ սպասել Թագավորության օրհնություններին։ Այո՛, «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ» (Եբրայեցիներ 4։12

[նկար 12–րդ էջի վրա]

Ի՞նչ է պատկերում երկնային կառքը

[նկար 14–րդ էջի վրա]

Եռանդորեն մասնակցելով քարոզչության գործին՝ մենք կպահպանենք մեր «նշանը»