Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Զգուշանանք «թռչնորսի» ծուղակներից

Զգուշանանք «թռչնորսի» ծուղակներից

Զգուշանանք «թռչնորսի» ծուղակներից

«[Եհովան] կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը» (ՍԱՂՄՈՍ 91։3

1. Ո՞վ է «որսողը», կամ՝ «թռչնորսը», և ինչո՞ւ է նա վտանգավոր։

ԲՈԼՈՐ ճշմարիտ քրիստոնյաներին սպառնում է մի գիշատիչ։ Նրա մտային կարողությունները վեր են մարդկայինից։ Նա անչափ խորամանկ է։ Սաղմոս 91։3–ում ասվում է, որ նա «որսող» է, կամ այլ թարգմանությամբ՝ «թռչնորս»։ Ո՞վ է այդ թշնամին։ Սկսած 1883 թ. հունիսի 1–ի համարից՝ սույն պարբերագիրը նշում է, որ դա Բանսարկու Սատանան է։ Այդ ահարկու թշնամին խորամանկորեն փորձում է մոլորեցնել և ծուղակը գցել Եհովայի ծառաներին, ինչպես որ թռչնորսն է փորձում թռչնին թակարդը գցել։

2. Ինչո՞ւ է Սատանան նմանեցվում թռչնորսի։

2 Հին ժամանակներում մարդիկ բռնում էին թռչուններին նրանց գեղեցիկ երգեցողության, գունագեղ փետրավորման, ինչպես նաև սննդի մեջ օգտագործելու և զոհաբերություններ կատարելու համար։ Սակայն թռչուններն ի բնե զգուշավոր են, և դժվար է նրանց ծուղակը գցել։ Ահա թե ինչու աստվածաշնչյան ժամանակներում թռչնորսն ուշադիր զննում էր այն թռչունների առանձնահատկություններն ու սովորությունները, որոնց որ ուզում էր բռնել։ Այնուհետև խորամանկ մեթոդներ էր հնարում իր նպատակին հասնելու համար։ Աստվածաշունչը Սատանայի մեթոդները համեմատում է թռչնորսի մեթոդների հետ, և դա օգնում է մեզ զգուշանալ նրա ծուղակներից։ Բանսարկուն յուրաքանչյուրիս անհատապես զննում է։ Նա նշմարում է մեր սովորություններն ու առանձնահատկությունները և աննկատ ծուղակներ է լարում մեզ «կենդանի բռնելու» համար (2 Տիմոթեոս 2։26)։ Նրա կողմից բռնվելը մեզ համար կնշանակի հոգևոր անկում, ինչն էլ կարող է տանել վերջնական կործանման։ Ուստի որպեսզի պաշտպանված լինենք, պետք է իմանանք, թե ինչ մեթոդներով է գործում «թռչնորսը»։

3, 4. Սատանայի գործելակերպը ո՞ր դեպքում է նմանեցվում առյուծի և օձի վարքին։

3 Դիմելով պատկերավոր խոսքի՝ սաղմոսերգուն Սատանայի գործելակերպը նմանեցնում է նաև կորյունի և իժի վարքին (Սաղմոս 91։13)։ Առյուծի պես՝ Սատանան երբեմն Եհովայի ժողովրդի վրա ճակատային հարձակումներ է գործում՝ հալածելով կամ պետական իշխանություններին նրանց դեմ լարելով (Սաղմոս 94։20)։ Այդպիսի գազանային հարձակումների պատճառով ոմանք գուցե հեռանան Եհովայից։ Շատ հաճախ, սակայն, նման բացահայտ հալածանքները հակառակ արդյունք են ունենում՝ էլ ավելի են միավորում Աստծու ժողովրդին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Սատանայի աննկատ, իժային հարձակումների մասին։

4 Բանսարկուն իր գերհզոր մտային կարողություններն օգտագործում է նենգ և մահացու հարվածներ հասցնելու նպատակով, ճիշտ ինչպես որ թունավոր օձն է հարձակվում թաքստոցից։ Այս կերպով նրան հաջողվել է թունավորել Աստծու ծառաներից մի քանիսի միտքը՝ խաբեությամբ դրդելով նրանց անել ի՛ր և ոչ թե Եհովայի կամքը։ Դրա հետևանքը ողբերգական է եղել։ Բարեբախտաբար, մենք անտեղյակ չենք Սատանայի դիտավորություններից (2 Կորնթացիներ 2։11)։ Եկեք քննենք «թռչնորսի» մահացու ծուղակներից չորսը։

Մարդավախության ծուղակը

5. Ինչո՞ւ է մարդավախությունը գործուն միջոց «թռչնորսի» ձեռքում։

5 «Թռչնորսը» լավ հասկանում է, որ մարդը բնականորեն ցանկանում է ընդունված լինել ուրիշների կողմից և արժանանալ նրանց բարեհաճությանը։ Քրիստոնյաները անտարբեր ու սառը չեն իրենց շրջապատի մարդկանց զգացմունքների ու կարծիքների նկատմամբ։ Ուստի Բանսարկուն, իմանալով դա, ուզում է ի չար գործածել քրիստոնյաների այդ բնական ցանկությունը։ Օրինակ՝ նա Աստծու որոշ ծառաների մարդավախության որոգայթի մեջ է գցում (Առակաց 29։25)։ Եթե Աստծու ծառաները մարդավախության պատճառով միանում են այն մարդկանց, ովքեր Եհովային տհաճ կյանքով են ապրում, կամ չեն կատարում այն ամենը, ինչ Աստված պատվիրում է իր Խոսքում, ապա նրանք, կարելի է ասել, ընկել են «թռչնորսի» ծուղակը (Եզեկիէլ 33։8; Հակոբոս 4։17

6. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ պատանին կարող է ընկնել «թռչնորսի» ծուղակը։

6 Քննենք այսպիսի իրավիճակ։ Քրիստոնյա պատանին գնում է դպրոց և նրա մտքով անգամ չի անցնում ծխել։ Սակայն շուտով նա դասընկերների ճնշման տակ անում է մի բան, որը թե՛ վնասակար է իր առողջությանը և թե՛ տհաճություն է պատճառում Աստծուն (2 Կորնթացիներ 7։1)։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Հավանաբար, նա վատ շրջապատ է ունեցել և վախեցել է իր հասակակիցների աչքից ընկնել։ Պատանինե՛ր, թույլ մի՛ տվեք, որ «թռչնորսը» ձեզ ծուղակը գցի։ Զգո՛ւյշ եղեք, որ նույնիսկ փոքր հարցերում զիջումների չգնաք, այլապես «կենդանի կբռնվեք»։ Աստվածաշնչի նախազգուշացումներին ուշադրությո՛ւն դարձրեք, որպեսզի կարողանաք խուսափել վատ ընկերակցություններից (1 Կորնթացիներ 15։33

7. Սատանան ինչպե՞ս կարող է դրդել որոշ ծնողների կորցնելու իրենց հոգևոր հավասարակշռությունը։

7 Բարեխիղճ քրիստոնյա ծնողները լրջորեն են վերաբերվում ընտանիքի նյութական կարիքները հոգալու սուրբգրային պարտականությանը (1 Տիմոթեոս 5։8)։ Սակայն Սատանան ուզում է, որ քրիստոնյաներն այս հարցում կորցնեն հավասարակշռությունը։ Օրինակ՝ հնարավոր է՝ նրանց գործընկերները համոզեն իրենց ավելի շատ աշխատել, և այդ պատճառով ժողովի հանդիպումներից բացակայելը գուցե սովորություն դառնա։ Կամ նրանք գուցե ուզում են ներկա լինել մարզային համաժողովի բոլոր մասերին և իրենց եղբայրների ու քույրերի հետ երկրպագել Եհովային, բայց վախենում են աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրել։ Այս ծուղակը չընկնելու համար հարկավոր է ապավինել Եհովային (Առակաց 3։5, 6)։ Մենք կկարողանանք պահպանել մեր հոգևոր հավասարակշռությունը, եթե չմոռանանք, որ բոլորս Եհովայի տան անդամներ ենք, և նա պարտավորվել է մեր մասին հոգ տանել։ Ծնողնե՛ր, հավատո՞ւմ եք, որ եթե դուք Եհովայի կամքը կատարեք, ապա նա այս կամ այն կերպով հոգ կտանի ձեր ընտանիքին։ Թե՞ մարդավախության պատճառով «կենդանի կբռնվեք» Բանսարկուի կողմից, և նա կստիպի ձեզ կատարել իր կամքը։ Մենք հորդորում ենք ձեզ այս հարցերը աղոթքով քննել։

Նյութապաշտության ծուղակը

8. Ինչպե՞ս է Սատանան օգտագործում նյութապաշտության ծուղակը։

8 Սատանայի ծուղակներից է նաև նյութապաշտությունը։ Այս աշխարհի առևտրային համակարգը հաճախ արագ հարստանալու ծրագրեր է առաջարկում մարդկանց, և դրանցով կարող են խաբվել նույնիսկ Աստծու ծառաները։ Երբեմն այսպիսի հորդոր ենք լսում. «Հիմա շատ աշխատիր։ Իսկ երբ արդեն ֆինանսապես ապահովված լինես, կարող ես հանգստանալ ու վայելել կյանքը։ Կարող ես նույնիսկ ռահվիրայություն սկսել»։ Նման խոսքերը թերևս անխոհեմ դատողություն ունեցող մարդկանց մտածելակերպն են արտացոլում, ովքեր ֆինանսական շահ են փնտրում իրենց հավատակիցներից։ Խորությամբ մտածիր, թե ինչի են նրանք քեզ մղում։ Մի՞թե նրանց մտածելակերպը նման չէ Հիսուսի պատմած առակի «անխոհեմ» հարուստ մարդու մտածելակերպին (Ղուկաս 12։16–21

9. Նյութական բաներ ցանկանալն ինչո՞ւ կարող է ծուղակ լինել քրիստոնյաների համար։

9 Սատանան իր ամբարիշտ համակարգի միջոցով մղում է մարդկանց ցանկանալ նյութական բաներ։ Այդ ցանկությունը կարող է ի վերջո քրիստոնյայի կյանք ներխուժել, խեղդել խոսքը և այն «անպտուղ» դարձնել (Մարկոս 4։19)։ Աստվածաշունչը հորդորում է բավարարվել ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով (1 Տիմոթեոս 6։8)։ Բայցևայնպես, շատերն ընկնում են «թռչնորսի» ծուղակը, քանի որ չեն կիրառում այս խորհուրդը։ Միգուցե հպարտությո՞ւնն է նրանց մղում կառչած մնալու որոշակի ապրելակերպից։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք նյութական բաներ ձեռք բերելու ցանկության պատճառով ճշմարիտ երկրպագության շահերը երկրորդ պլան ենք մղում (Անգէ 1։2–8)։ Ցավոք, տնտեսական ծանր պայմաններում ոմանք զոհել են իրենց հոգևորը, որպեսզի պահպանեն այն կենսամակարդակը, որին սովոր են եղել մանկուց։ Նման նյութապաշտական մտայնությունը դուր է գալիս «թռչնորսին»։

Վնասակար զվարճությունների ծուղակը

10. Ինչի՞ վերաբերյալ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա ինքնաքննություն կատարի։

10 «Թռչնորսը» մեկ ուրիշ միջոցի էլ է դիմում։ Նա բթացնում է մարդու՝ չարը բարուց զանազանելու բնական զգացողությունը։ Այսօրվա զվարճությունների աշխարհում տիրում է նույնպիսի մտայնություն, ինչպիսին որ կար Սոդոմում և Գոմորում։ Նույնիսկ հեռուստատեսությամբ և թերթերում հաղորդվող նորություններում մեծ շեշտ է դրվում բռնության ու սեքսի մասին տեղեկությունների վրա. այդպիսով գոհացում է տրվում մարդկանց անառողջ հետաքրքրությանը դրանց հանդեպ։ Շատ բաներ, որոնք զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվում են որպես զվարճություն, թուլացնում են մարդկանց՝ «ճիշտն ու սխալը զանազանելու» կարողությունը (Եբրայեցիներ 5։14)։ Բայց հիշիր, թե Եհովան ինչ ասաց Եսայիա մարգարեի միջոցով. «Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար» (Եսայիա 5։20)։ Արդյոք «թռչնորսը» խորամանկորեն ազդե՞լ է քո մտածելակերպի վրա վնասակար զվարճությունների միջոցով։ Ինքնաքննությունը շատ կարևոր է (2 Կորնթացիներ 13։5

11. «Դիտարանում» ի՞նչ նախազգուշացում է տրվել հեռուստասերիալների վերաբերյալ։

11 Գրեթե քառորդ դար առաջ «Դիտարան» պարբերագիրը Աստծու ճշմարիտ երկրպագուներին նախազգուշացրեց հեռուստասերիալների վտանգի մասին։ * Այնտեղ նշվեց, որ մեծ հեռուստալսարան ունեցող այդ ֆիլմերի ազդեցությունն աննկատ կերպով է տեղի ունենում։ «Հանուն սիրո արդարացվում է ցանկացած վարք։ Օրինակ՝ մի չամուսնացած հղի կին իր ընկերուհուն ասում է. «Բայց չէ՞ որ ես սիրում եմ Վիկտորին։ Ինձ համար միևնույն է.... Նրանից երեխա ունենալն աշխարհ արժե»։ Տեսարանին ուղեկցող մեղմ երաժշտությունը հեռուստադիտողին տրամադրում է չքննադատելու հերոսուհու սխալ վարքը։ Դու նույնպես գուցե համակրես Վիկտորին, կարեկցես աղջկան։ Դու «հասկանում» ես նրան։ «Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող ես արդարացնել նման արարքը,— ասում է մի կին հեռուստադիտող, որը ժամանակին տարված էր սերիալներով։— Մենք գիտենք, որ անբարոյությունը վատ բան է.... Հասկացա, սակայն, որ մտովի մասնակցում էի այդ ամենին»»։

12. Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ որոշ հեռուստահաղորդումների վերաբերյալ նախազգուշացումները տեղին են։

12 Այդ թեմայով հոդվածներ լույս տեսնելուց հետո նման ապականիչ հեռուստահաղորդումները գնալով ավելի մատչելի են դարձել։ Շատ վայրերում նման ծրագրերը ցուցադրվում են բառացիորեն ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ։ Տղամարդիկ, կանայք և բազմաթիվ պատանիներ հաճախ են իրենց միտքն ու սիրտը տալիս նման զվարճությունների։ Մենք, սակայն, չպետք է խաբենք ինքներս մեզ անհիմն դատողություններով։ Սխալ կլինի մտածել, որ անբարո զվարճությունը պակաս վնասակար է, քան իրական կյանքում տեղի ունեցող անբարոյությունը։ Կարո՞ղ է արդյոք քրիստոնյան արդարացնել ինքն իրեն, որ նախընտրում է զվարճանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց երբեք իր տուն չէր հրավիրի։

13, 14. Ի՞նչ օգուտներ են ստացել ոմանք՝ ուշադրություն դարձնելով հեռուստահաղորդումների մասին նախազգուշացումներին։

13 Շատերը հաստատել են, որ «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված նախազգուշացմանը ականջ դնելը օգուտներ է բերում (Մատթեոս 24։45–47)։ Աստվածաշնչի վրա հիմնված հստակ խորհուրդը կարդալուց հետո ոմանք գրել են «Դիտարանի» հրատարակչությանը՝ պատմելով, թե այդ հոդվածներն ինչպես են ազդել իրենց վրա։ * Մի կին խոստովանում է. «13 տարի շարունակ ես հեռուստասերիալների մոլի սիրահար էի։ Ինձ թվում էր, որ եթե հաճախում եմ քրիստոնեական ժողովներին և ժամանակ առ ժամանակ մասնակցում եմ քարոզչությանը, ապա ինձ ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց փաստն այն է, որ ես սկսել էի մտածել սերիալների հերոսների պես, օրինակ, եթե ամուսինդ վատ է վերաբերվում քեզ, կամ դու քեզ սիրված չես զգում, ապա շնությունն արդարացված է. մեղավորը ամուսինդ է։ Ուստի երբ ես ինձ «արդարացված» զգացի, սխալ ընթացք բռնեցի և մեղք գործեցի Եհովայի ու կողակցիս դեմ»։ Այս կինը զրկվեց ժողովի ընկերակցությունից։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ իր սխալը, զղջաց և կրկին դարձավ ժողովի անդամ։ Հեռուստասերիալների վերաբերյալ հոդվածներն օգնեցին նրան մերժել Եհովայի համար ատելի զվարճությունները (Ամովս 5։14, 15

14 Մեկ ուրիշ ընթերցող, որի վրա նույնպես ազդել էին սերիալները, ասաց. «Ես լաց եղա, երբ կարդացի հոդվածները, որովհետև հասկացա, որ իմ սիրտը կատարյալ չէր Եհովայի հանդեպ։ Խոստացա իմ Աստծուն, որ այլևս սերիալների գերին չեմ լինի»։ Մի կին, իր նամակում հոդվածների համար շնորհակալություն հայտնելով, ընդունեց, որ ինքը կախվածության մեջ է եղել։ Նաև գրեց. «Ինձ հետաքրքիր էր, թե արդյո՞ք դա կարող է ազդել Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունների վրա։ .... Ինչպե՞ս կարող էին միաժամանակ իմ ընկերները լինել և՛ «նրանք» [սերիալի հերոսները], և՛ Եհովան»։ Եթե նման ֆիլմերը և հեռուստահաղորդումները ապականում էին մարդկանց սրտերը 25 տարի առաջ, ապա ի՞նչ ազդեցություն են դրանք թողնում այսօր (2 Տիմոթեոս 3։13)։ Մենք պետք է զգուշանանք Սատանայի ծուղակներից՝ վնասակար զվարճություններից՝ լինեն դրանք հեռուստասերիալներ, դաժան տեսախաղեր կամ անբարո երաժշտական տեսահոլովակներ։

Տարաձայնությունների ծուղակը

15. Ինչպե՞ս են ոմանք «կենդանի բռնվել» Բանսարկուի կողմից։

15 Սատանան քրիստոնյաների միջև ծագող տարաձայնություններն օգտագործում է որպես ծուղակ՝ Եհովայի ժողովրդի մեջ պառակտում մտցնելու նպատակով։ Այդ ծուղակն ընկնելու վտանգը սպառնում է բոլորիս՝ անկախ ծառայության մեջ ունեցած մեր առանձնաշնորհումից։ Ոմանք «կենդանի բռնվել» են Բանսարկուի կողմից, որովհետև թույլ են տվել, որ տարաձայնությունները խաթարեն այն խաղաղությունը, միասնությունը և գեղեցիկ հոգևոր մթնոլորտը, որ Եհովան տվել է իր ժողովրդին (Սաղմոս 133։1–3

16. Ինչպե՞ս է Սատանան փորձում քայքայել մեր միասնությունը։

16 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սատանան փորձեց ճակատային հարձակումով վերացնել Եհովայի կազմակերպության երկրային մասը, բայց ապարդյուն (Հայտնություն 11։7–13)։ Այդ ժամանակից ի վեր նա խորամանկորեն փորձում է քայքայել մեր միասնությունը։ Եթե թույլ տանք, որ տարաձայնությունների պատճառով պառակտումներ լինեն, ապա «թռչնորսին» գործելու հնարավորություն կընձեռենք։ Այդպիսով մենք կխոչընդոտենք սուրբ ոգուն, որ ազատորեն գործի մեր կյանքում, ինչպես նաև ժողովում։ Եթե նման բան պատահի, ապա Սատանան կուրախանա, քանի որ ժողովի խաղաղությունն ու միասնությունը խաթարող ցանկացած բան դժվարացնում է քարոզչական գործը (Եփեսացիներ 4։27, 30–32

17. Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, եթե խնդիր ունի հավատակցի հետ։

17 Ի՞նչ կարող ես անել, եթե խնդիր ունես քո հավատակցի հետ։ Անշուշտ, յուրաքանչյուր իրավիճակ եզակի է։ Գուցե շատ պատճառներ լինեն, թե ինչու են խնդիրներ ծագում, բայցևայնպես ոչ մի պատճառ չկա, որ այդ խնդիրները մնան չլուծված (Մատթեոս 5։23, 24; 18։15–17)։ Աստվածաշնչի խորհուրդները ներշնչված են, կատարյալ։ Եթե կիրառենք, անպայման հաջողության կհասնենք։ Դրանք միշտ գործնական են։

18. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ լուծենք հավատակցի հետ ունեցած մեր խնդիրը։

18 Եհովան պատրաստ է «ներելու», և նրա «մօտ է թողութիւնը» (Սաղմոս 86։5; 130։4)։ Մենք ցույց ենք տալիս, որ Եհովայի սիրելի զավակներն ենք, երբ ընդօրինակում ենք նրան (Եփեսացիներ 5։1)։ Բոլորս մեղավորներ ենք և խիստ կարիք ունենք, որ Եհովան մեզ ների։ Ուստի պետք է զգույշ լինենք, եթե տրամադրված ենք չներելու ինչ–որ մեկին։ Մենք գուցե նմանվենք Հիսուսի պատմած առակի ծառային։ Նա հրաժարվեց ներել իր ծառայակցի պարտքը, որը կազմում էր ընդամենը մի չնչին մասը այն գումարի, որն իր տերը ներել էր իրեն։ Երբ տերն իմացավ, նրան բանտ նետեց։ Հիսուսը եզրափակեց առակը՝ ասելով. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկը իր եղբորը սրտանց չների» (Մատթեոս 18։21–35)։ Խորհրդածելը այս օրինակի, ինչպես նաև այն բանի շուրջ, թե որքան շատ է Եհովան մեզ ներել, անշուշտ, կօգնի լուծել հավատակցի հետ ունեցած խնդիրը (Սաղմոս 19։14

Ապահով՝ «Բարձրեալի ծածկոցի տակ»

19, 20. Ի՞նչ պետք է համարենք Եհովայի «ծածկոցը» և «շուքը» այս վտանգավոր ժամանակներում։

19 Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Սատանան, անկասկած, մեզ բոլորիս ոչնչացրած կլիներ, եթե չլիներ Եհովայի սիրառատ պաշտպանությունը։ Ուստի որպեսզի չընկնենք «թռչնորսի» ծուղակը, պետք է մնանք պաշտպանության ներքո՝ բնակվենք «Բարձրեալի ծածկոցի տակ» և ապաստան գտնենք «Ամենակարողի շուքի տակ» (Սաղմոս 91։1

20 Թող որ միշտ Եհովայի հիշեցումներն ու առաջնորդությունը ընդունենք որպես պաշտպանություն և ոչ թե սահմանափակում։ Մեզ բոլորիս սպառնում է մի գիշատիչ, որի մտային կարողությունները վեր են մարդկայինից։ Առանց Եհովայի սիրառատ օգնության՝ մեզանից ոչ ոք չի կարող խուսափել թակարդն ընկնելուց (Սաղմոս 124։7, 8)։ Ուստի, եկեք աղոթենք, որ Եհովան օգնի մեզ զգուշանալ «թռչնորսի» ծուղակներից (Մատթեոս 6։13

[ծանոթագրություններ]

^ պարբ. 11 «Դիտարան», 1982, դեկտեմբերի 1, էջ 3–7, անգլ.։

^ պարբ. 13 «Դիտարան», 1983, դեկտեմբերի 1, էջ 23, անգլ.։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ է մարդավախությունը հոգևոր իմաստով մահացու ծուղակ։

• Ինչպե՞ս է Բանսարկուն օգտագործում նյութապաշտության ծուղակը։

• Ինչպե՞ս է Սատանան ոմանց գցել վնասակար զվարճությունների ծուղակը։

• Ի՞նչ ծուղակ է Բանսարկուն օգտագործում մեր միասնությունը քայքայելու համար։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 27–րդ էջի վրա]

Ոմանք ընկել են մարդավախության ծուղակը

[նկար 28–րդ էջի վրա]

Զվարճանո՞ւմ ես այն բաներով, ինչ Եհովան ատում է

[նկար 29–րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ես անել, եթե խնդիր ունես հավատակցիդ հետ