Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Մի՞թե Հակոբը սխալ չվարվեց, երբ ձևացրեց, թե Եսավն է, ինչպես որ պատմվում է Ծննդոց 27։18, 19–ում։

Հավանաբար, ծանոթ ես սուրբգրային այս պատմությանը։ Խոր ծերության հասած Իսահակը կանչում է Եսավին և պատվիրում, որ նա որսի միս բերի իր համար։ «Բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար օրհնէ քեզ իմ հոգին՝ ես տակաւին չ’մեռած»,— ասում է նա։ Ռեբեկան, լսելով իր ամուսնու խոսքերը, համեղ խորտիկներ է պատրաստում և Հակոբին պատվիրում է. «Դու կ’տանես [կերակուրը] քո հօր մօտ եւ նա կ’ուտէ, եւ նորա համար կ’օրհնէ քեզ իր մեռնելուց առաջ»։ Հակոբը հագնում է Եսավի հագուստը։ Իր վզին ու ձեռքերին ուլի մորթի փաթաթած՝ նա վերցնում է համեղ կերակուրը և գնում հոր մոտ։ Երբ Իսահակը հարցնում է նրան՝ «դու ո՞վ ես, որդիս», Հակոբը պատասխանում է. «Ես քո անդրանիկ Եսաւն եմ»։ Իսահակը հավատում է և օրհնում է նրան (Ծննդոց 27։1–29

Աստվածաշունչը մանրամասնորեն չի հայտնում, թե ինչու Ռեբեկան ու Հակոբը այդպես վարվեցին, սակայն սուրբգրային արձանագրությունից երևում է, որ վերոհիշյալ իրավիճակը հանկարծակի ստեղծվեց։ Պետք է հաշվի առնել նաև, որ Աստծու Խոսքը ո՛չ արդարացնում է նրանց արարքը, ո՛չ էլ դատապարտում։ Ավելին, այս պատմությունը ամենևին էլ հիմք չի տալիս մտածելու, թե ստախոսությունն ու խարդախությունը այնքան էլ մեծ մեղքեր չեն։ Բայցևայնպես, Աստվածաշունչը որոշակի լույս սփռում է տեղի ունեցածի վրա։

Առաջին՝ Աստծու Խոսքից պարզ երևում է, որ Իսահակի օրհնությանը պետք է արժանանար Հակոբը և ոչ թե Եսավը։ Ժամանակին Հակոբը օրինականորեն գնել էր անդրանիկության իրավունքը իր երկվորյակ եղբորից։ Վերջինս այն աստիճան չէր գնահատում իր անդրանիկությունը, որ իր քաղցը հագեցնելու համար այն փոխեց մի աման կերակրով։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Եսաւն անարգեց անդրանկութիւնը» (Ծննդոց 25։29–34)։ Հետևաբար Հակոբը այդ քայլին դիմեց ստանալու համար այն օրհնությունը, որն իրավամբ իրեն էր պատկանում։

Երկրորդ՝ երբ Իսահակն իմացավ, որ օրհնել է Հակոբին, քայլեր չարեց՝ որևէ բան փոխելու։ Թերևս նա հիշում էր այն խոսքերը, որոնք Եհովան ասել էր Ռեբեկային նախքան երկվորյակների ծնվելը. «Մեծը կ’ծառայէ փոքրին» (Ծննդոց 25։23)։ Ուշագրավ է նաև, որ երբ Հակոբը պատրաստվում էր Խառան մեկնել, Իսահակը ավելի շատ օրհնություններ տվեց նրան (Ծննդոց 28։1–4

Եվ վերջապես, պետք է հիշել, որ Եհովան և՛ տեղյակ էր բոլոր հանգամանքներին, և՛ խորապես հետաքրքրված դրանցով։ Իսահակի օրհնությունն առնչություն ուներ այն խոստման հետ, որն Աստված տվել էր Աբրահամին (Ծննդոց 12։2, 3)։ Եթե Եհովան չցանկանար, որ այդ օրհնությունը ստանար Հակոբը, ապա ինչ–որ ձևով կմիջամտեր։ Փոխարենը՝ նա հաստատեց այդ օրհնությունը, երբ Հակոբին ասաց. «Կ’օրհնուին երկրի բոլոր ազգերը.... քո սերունդովը» (Ծննդոց 28։10–15