Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշտասեր իշխանի անճիշտ որոշումը

Ճշտասեր իշխանի անճիշտ որոշումը

Ճշտասեր իշխանի անճիշտ որոշումը

ԱՅԴ իշխանը ազնվասիրտ մի երիտասարդ էր՝ օրինապահ ու կրոնասեր։ Մի անգամ, մոտենալով Հիսուս Քրիստոսին, նա ծնկի եկավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մարկոս 10։17

Հիսուսը պատասխանեց, որ կյանքը ժառանգելու համար նա պետք է պահեր Աստծու պատվիրանները։ Իսկ երբ երիտասարդ իշխանը հարցրեց, թե կոնկրետ որոնց մասին է խոսքը, Հիսուսը հիշատակեց Մովսիսական օրենքի հիմքում ընկած մի քանի պատվիրաններ՝ «մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, պատվի՛ր քո հորը և քո մորը», «սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»։ Այդ ժամանակ իշխանն ասաց. «Ես այդ ամենը պահել եմ. էլ ի՞նչ է ինձ պակասում» (Մատթեոս 19։16–20

Հիսուսը, «նրա հանդեպ սիրով լցվելով», պատասխանեց. «Մի բան է քեզ պակասում. գնա՛, վաճառի՛ր քո ունեցածը և աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա ե՛կ ու իմ հետևորդը դարձիր» (Մարկոս 10։18–21

Երիտասարդ իշխանը հանկարծակի հայտնվեց դժվար ընտրության առջև։ Ինչպե՞ս նա կվարվեր։ Հոժարակամորեն կհրաժարվե՞ր իր հարստությունից՝ դառնալով Հիսուսի հետևորդը, թե՞ կկառչեր իր ունեցվածքից։ Երկրայի՞ն գանձին նախապատվություն կտար, թե՞ երկնային։ Ինչ խոսք, հեշտ չէր որոշում կայացնել։ Իշխանին անշուշտ հետաքրքրում էին հոգևոր արժեքները. չէ՞ որ նա պահում էր Օրենքը և նույնիսկ փորձեց իմանալ, թե ուրիշ ինչ պետք է անի Աստծու հավանությանն արժանանալու համար։ Ի՞նչ որոշեց նա։ Մարկոս 10։22–ում կարդում ենք. «Նա տխրեց այս խոսքերից ու տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ»։

Իշխանը ճիշտ որոշում չկայացրեց։ Եթե նա դառնար Հիսուսի հավատարիմ հետևորդը, ապա կստանար հավիտենական կյանք, ինչին որ ձգտում էր։ Սակայն հայտնի չէ, թե հետագայում ինչ եղավ այդ երիտասարդի հետ։ Գիտենք միայն, որ դեպքից մոտավորապես չորս տասնամյակ անց հռոմեական զորքերը ավերեցին Երուսաղեմն ու Հրեաստանի մեծ մասը։ Բազմաթիվ հրեաներ կորցրին ոչ միայն իրենց հարստությունը, այլև կյանքը։

Ի տարբերություն երիտասարդ իշխանի՝ Պետրոս առաքյալն ու մյուս աշակերտները ճիշտ որոշում կայացրին։ Նրանք «ամեն բան թողեցին» և դարձան Հիսուսի հետևորդը։ Որքա՜ն օրհնություններ բերեց այդ որոշումը։ Ինչպես որ ասել էր Հիսուսը, նրանց վարձատրությունը անհամեմատ գերազանցեց այն ամենին, ինչ իրենք թողել էին։ Ավելին, նրանք հավիտենական կյանքը ժառանգելու հնարավորություն ստացան։ Աշակերտները երբեք չզղջացին իրենց կայացրած որոշման համար (Մատթեոս 19։27–29

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ստիպված ենք որոշումներ կայացնել՝ մեծ թե փոքր։ Իսկ ի՞նչ խորհուրդ կտա Հիսուսը ձեզ։ Կընդունե՞ք արդյոք նրա խորհուրդը։ Եթե այո՛, ապա մեծապես կվարձատրվեք։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք դառնալ Հիսուսի հետևորդը և օգուտներ քաղել նրա խորհուրդներից։