Ամուսիննե՛ր, ընդօրինակե՛ք Քրիստոսի սերը
Ամուսիննե՛ր, ընդօրինակե՛ք Քրիստոսի սերը
ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ կյանքի վերջին գիշերը Հիսուսը իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։34, 35)։ Այո՛, ճշմարիտ քրիստոնյաները պետք է սիրեն իրար։
Պողոս առաքյալը, դիմելով ամուսնացած քրիստոնյա տղամարդկանց, գրեց. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփես. 5։25)։ Ինչպե՞ս կարող է քրիստոնյա ամուսինը կիրառել այս սուրբգրային հորդորը, հատկապես եթե նրա կինը Եհովային նվիրված ծառա է։
Քրիստոսը քնքշորեն խնամում էր ժողովին
«Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես իրենց սեփական մարմինները,— ասում է Աստվածաշունչը։— Նա, ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսը ժողովին» (Եփես. 5։28, 29)։ Հիսուսը գորովանք էր զգում իր աշակերտների հանդեպ և թանկ էր համարում նրանց։ Նա քնքշորեն խնամում էր նրանց։ Թեև նրանք անկատար էին, Հիսուսը մեղմ ու բարի էր նրանց հանդեպ։ Նա կենտրոնանում էր իր աշակերտների լավ հատկությունների վրա, քանի որ ցանկանում էր «ժողովին՝ նրա շքեղությամբ, ներկայացնել իր առջև» (Եփես. 5։27)։
Քրիստոսը ժողովի հանդեպ իր սերը դրսևորեց խոսքով և գործով։ Այդպես էլ ամուսինը պետք է վարվի։ Եթե նա միշտ արտահայտի իր սերը կնոջ հանդեպ, վերջինս քնքշորեն սիրված կզգա ու երջանիկ կլինի։ Իսկ եթե կինը անտեսվի, ապա իրեն անչափ դժբախտ կզգա, նույնիսկ եթե ապրի ամենահարմարավետ տան մեջ։
Ինչպե՞ս է ամուսինը ցույց տալիս, որ քնքշորեն սիրում է իր կնոջը։ Նա իր կնոջը ուրիշներին ներկայացնում է արժանավայել կերպով և գովում է նրան՝ իրեն աջակցելու համար։ Եթե կինը կարևոր դեր է խաղացել ընտանեկան ինչ–որ գործի հաջողության մեջ, նա, անկասկած, այդ մասին չի լռում ուրիշների մոտ։ Երբ առանձին են, կինը զգում է ամուսնու ջերմ կապվածությունը։ Հպումը, ժպիտը, գրկախառնությունը և գովասանքը կարող են փոքր բաներ թվալ, բայց դրանք մեծ նշանակություն ունեն կնոջ համար։
«Չի ամաչում նրանց «եղբայրներ» կոչել»
Քրիստոսը «չամաչեց [իր օծյալ հետևորդներին] «եղբայրներ» կոչել» (Եբր. 2։11, 12, 17)։ Եթե քրիստոնյա ամուսին ես, հիշիր, որ քո կինը նաև քո հոգևոր քույրն է։ Նրա նվիրումը Եհովային առաջնային նշանակություն ունի նրա տված ամուսնական երդման համեմատությամբ, անկախ այն բանից, կինդ մկրտվել է ձեր ամուսնությունից առաջ, թե հետո։ Երբ ժողովում եղբայրը նրան հրավիրում է մեկնաբանություն տալու, նա կնոջդ դիմում է՝ ասելով՝ քույր։ Նա քո քույրն էլ է, ընդ որում ոչ միայն Թագավորության սրահում, այլև տանը։ Ուստի ոչ միայն Թագավորության սրահում է կարևոր նրա հանդեպ բարի և քաղաքավարի լինել, այլև տանը։
Եթե ժողովում լրացուցիչ պարտականություններ ունես, գուցե քեզ համար դժվար լինի դրանք համատեղել ընտանեկան պարտականությունների հետ։ Սակայն եթե երեցների ու ծառայող օգնականների միջև լավ
համագործակցություն լինի, և հանձնարարությունները ճիշտ բաշխվեն, դու ազատ ժամանակ կունենաս քո կնոջ համար՝ այն քրոջ, ով բոլորից շատ է զգում քո կարիքը։ Հիշի՛ր, մյուս եղբայրները, անկասկած, կարող են կատարել քեզ հանձնարարված առաջադրանքները, բայց դու միակն ես, ով պետք է հոգա կնոջդ կարիքները։Նաև դու կնոջդ գլուխն ես։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը» (1 Կորնթ. 11։3)։ Ինչպե՞ս պետք է իրականացնես քո գլխավորությունը։ Սեր դրսևորելով և ոչ թե անընդհատ հիշեցնելով այս սուրբգրային համարը և պահանջելով հարգել քեզ։ Գլխավորությունը ճիշտ ձևով իրականացնելու համար պետք է ընդօրինակես Հիսուս Քրիստոսին (1 Պետ. 2։21)։
«Դուք իմ ընկերներն եք»
Հիսուսն իր աշակերտներին «ընկերներ» անվանեց։ Նա ասաց նրանց. «Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը։ Բայց ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամեն բաները, որ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15։14, 15)։ Հիսուսի ու նրա աշակերտների միջև լավ հաղորդակցություն կար։ Նրանք միասին ժամանակ էին անցկացնում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ մի անգամ «Հիսուսը և իր աշակերտները» գնացին Կանա՝ հարսանեկան խնջույքի (Հովհ. 2։2)։ Նրանք ունեին սիրելի վայրեր, որոնցից էր Գեթսեմանի պարտեզը։ Այստեղ «Հիսուսը շատ անգամ էր իր աշակերտների հետ հանդիպել» (Հովհ. 18։2)։
Կինը, անկասկած, ուզում է զգալ, որ ամուսինը իր ամենամտերիմ ընկերն է։ Ուստի անչափ կարևոր է, որ դուք կյանքը միասին վայելեք. միասին ծառայեք Աստծուն, միասին ուսումնասիրեք Աստվածաշունչը, միասին ժամանակ անցկացնեք՝ զբոսնեք, զրուցեք, ճաշեք։ Եղեք ոչ միայն կողակիցներ, այլև մտերիմ ընկերներ։
Նա «մինչև վերջ սիրեց նրանց»
Հիսուսն իր աշակերտներին «մինչև վերջ սիրեց» (Հովհ. 13։1)։ Որոշ ամուսիններ այս հարցում չեն ընդօրինակում նրան։ Նրանք նույնիսկ լքում են իրենց «երիտասարդության կնոջը»՝ թերևս մեկի համար, ով ավելի երիտասարդ է (Մաղ. 2։14, 15)։
Սակայն կան ամուսիններ, ովքեր ընդօրինակում են Քրիստոսին։ Այդպիսի օրինակ է Վիլին։ Նրա կինը հիվանդ էր և երկար տարիներ մշտական խնամքի կարիք ուներ։ Ինչպիսի՞ն էր Վիլիի վերաբերմունքը։ Նա ասում է. «Ես կնոջս միշտ համարել եմ Աստծու պարգևը ու այդպես էլ վերաբերվել եմ նրան։ Բացի դրանից, 60 տարի առաջ ես խոստացել եմ հոգալ նրա մասին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում։ Երբեք չեմ մոռանա խոստումս»։
Քրիստոնյա՛ ամուսիններ, ընդօրինակե՛ք Քրիստոսի սերը։ Քնքշորեն խնամե՛ք ձեր աստվածավախ կնոջը՝ քրոջը և ընկերոջը։
[նկար 20–րդ էջի վրա]
Կինդ քո ամենամտերիմ ընկե՞րն է
[նկար 20–րդ էջի վրա]
«Շարունակիր սիրել կնոջդ»