Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդօրինակենք Եթթիի նվիրվածությունը

Ընդօրինակենք Եթթիի նվիրվածությունը

Ընդօրինակենք Եթթիի նվիրվածությունը

«ՄԵԾ և սքանչելի են քո գործերը, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, հավիտենությա՛ն Թագավոր։ Ո՞վ չի վախենա քեզանից, Եհո՛վա, և չի փառավորի քո անունը, որովհետև միայն դու ես նվիրված»։ Այս երգը երկնքում երգում են նրանք, «ովքեր հաղթանակ են տանում վայրի գազանի դեմ [և] նրա պատկերի դեմ»։ Այն ընդգծում է Եհովայի նվիրվածությունը (Հայտն. 15։2–4)։ Աստված ուզում է, որ իր ծառաները ընդօրինակեն իրեն և դրսևորեն այս հատկությունը (Եփես. 4։24

Բանսարկու Սատանան, սակայն, ամեն ինչ անում է, որ Աստծու երկրպագուներին հեռացնի Նրա սիրուց։ Չնայած նրա ջանքերին՝ շատերը հավատարիմ են մնացել Աստծուն նույնիսկ ծանր հանգամանքների ներքո։ Եհովան բարձր է գնահատում այդպիսի հավատարմությունը։ Մենք հստակ գիտենք, որ «Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին [«իրեն նվիրվածներին», ՆԱ] չէ թողում» (Սաղ. 37։28)։ Որքա՜ն շնորհակալ ենք նրան։ Որպեսզի կարողանանք նվիրված մնալ, Եհովան իր Խոսքում արձանագրել է մի շարք նվիրված մարդկանց մասին։ Նրանցից է գեթացի Եթթին։

«Օտարական եւ պանդուխտ»

Եթթին, հավանաբար, փղշտացիների հայտնի քաղաքից էր՝ Գեթից՝ հսկա Գողիաթի ու Իսրայելի այլ ոխերիմ թշնամիների ծննդավայրից։ Նա փորձառու ռազմիկ էր։ Եթթին իր 600 փղշտացի զինվորների հետ պանդուխտ էր Երուսաղեմի մոտակայքում։ Նա առաջին անգամ մեզ է ներկայանում Աստվածաշնչի այն հատվածում, որում խոսվում է Աբիսողոմի՝ Դավիթ թագավորի դեմ բարձրացրած ապստամբության մասին։

Նրանք Դավթին հավանաբար հիշեցնում էին այն օրերը, երբ ինքը 600 իսրայելացի ռազմիկների հետ պանդուխտ էր փղշտացիների երկրում՝ Գեթի Անքուս թագավորի օրոք (Ա Թագ. 27։2, 3)։ Հիմա, երբ Աբիսողոմն ապստամբել է Դավթի դեմ, ի՞նչ կանեն Եթթին ու իր մարդիկ. կանցնեն Աբիսողոմի՞ կողմը, չեզոք դի՞րք կբռնեն, թե՞ թիկունք կկանգնեն Դավթին։

Դավիթը փախչում է Երուսաղեմից և գալիս է Բեթհամերհագ, որ նշանակում է «հեռավոր տուն»։ Հավանաբար դա Երուսաղեմի վերջին տունն էր, որն առավել մոտ էր Ձիթենյաց լեռանը։ Դրանից այն կողմ Կեդրոն հեղեղատն էր (Բ Թագ. 15։17)։ Այստեղ Դավիթը աչքի է անցկացնում իր զորքերը։ Եվ ի՜նչ է նա տեսնում։ Իր կողքին են ոչ միայն հավատարիմ իսրայելացիները, այլև բոլոր քերեթիները, փելեթիները և նույնիսկ բոլոր գեթացիները՝ Եթթին և նրա 600 ռազմիկները (Բ Թագ. 15։18

Դավիթն անկեղծ կարեկցանքով ասում է Եթթիին. «Ի՞նչու համար ես դու էլ գնում մեզ հետ. ետ դարձիր եւ մնա թագաւորի [ակներևաբար Աբիսողոմի] մօտ. որովհետեւ դու օտարական եւ պանդուխտ ես քո տեղումը։ Քո գալը երեկ էր, եւ այսօր քեզ խախտե՞մ մեզ հետ գնալու. եւ ես թող գնամ՝ ուր որ գնում եմ. դու ետ դարձիր եւ քո եղբայրներին էլ ետ դարձրու. քեզ հետ լինի ողորմութիւն եւ ճշմարտութիւն» (Բ Թագ. 15։19, 20

Եթթին, ցույց տալով իր անմնացորդ նվիրվածությունը, պատասխանում է. «Կենդանի է Տէրը եւ կենդանի է իմ տէր թագաւորը, որ այնտեղ ուր որ լինի իմ տէր թագաւորը թէ մահուան մէջ թէ կենդանութեան մէջ՝ ծառադ էլ պիտի այնտեղ լինի» (Բ Թագ. 15։21)։ Նրա պատասխանը Դավթին հավանաբար հիշեցրեց իր նախամոր՝ Հռութի խոսքերը (Հռութ 1։16, 17)։ Եթթիի խոսքերից անչափ տպավորված՝ Դավիթը թույլ տվեց նրան իր հետ անցնել Կեդրոն հեղեղատը։ Եվ «Եթթին անցաւ իր հետ եղող բոլոր մարդկանցով եւ բոլոր ընտանիքներովը» (Բ Թագ. 15։22

«Մեր սովորելու համար»

«Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար»,— ասվում է Հռոմեացիներ 15։4 համարում։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք սովորել Եթթիի օրինակից։ Ի՞նչը մղեց նրան նվիրված լինելու Դավթին։ Եթթին փղշտացի էր, օտարական ու պանդուխտ։ Նա գիտեր, որ իսրայելացիների և փղշտացիների միջև թշնամություն կա, որ Դավիթը սպանել է փղշտացի հերոս Գողիաթին և իր հայրենակիցներից շատերին (Ա Թագ. 18։6, 7)։ Բայց Եհովան Եթթիի համար կենդանի Աստված էր, իսկ Դավիթը՝ նրա օծյալը։ Նա տեսնում էր Դավթի մեծ սերը Եհովայի հանդեպ և նրա հիանալի հատկությունները։ Դավիթը, իր հերթին, խոր հարգանք էր տածում Եթթիի հանդեպ։ Նա նույնիսկ Աբիսողոմի դեմ ուղղված վճռական մարտի ժամանակ իր «զօրքին մէկ երրորդը.... Գեթացի Եթթիին ձեռքը յանձնեց» (Բ Թագ. 18։2, ԱԱ)։

Մենք նույնպես պետք է հաշվի չառնենք մշակութային, ռասայական կամ էթնիկական տարբերությունները և ձգտենք մեր միջից վերացնել ամեն մի նախապաշարում ու թշնամություն՝ գնահատելով մարդկանց լավ հատկությունները։ Դավթի ու Եթթիի ջերմ փոխհարաբերությունները ցույց են տալիս, որ եթե ճանաչում ու սիրում ենք Եհովային, կարող ենք հաղթահարել այդպիսի պատնեշները։

Եթթիի օրինակի շուրջ խորհրդածելիս կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյոք դրսևորո՞ւմ եմ այդպիսի նվիրվածություն Մեծ Դավթի՝ Քրիստոս Հիսուսի հանդեպ։ Ցույց տալի՞ս եմ նվիրվածությունս՝ եռանդորեն քարոզելով բարի լուրը և աշակերտներ պատրաստելով (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Ի՞նչ զոհողությունների եմ պատրաստ՝ նվիրվածությունս փաստելու համար»։

Ընտանիքի գլուխները նույնպես կարող են օգուտ քաղել՝ խորհրդածելով Եթթիի օրինակի շուրջ։ Այն, որ նա հավատարիմ էր Դավթին և որոշեց միանալ Աստծու կողմից օծված թագավորին, չէր կարող չանդրադառնալ նրա ընկերակիցների վրա։ Նմանապես, ընտանիքի գլխի կայացրած որոշումները, որոնք նպաստում են ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը, անդրադառնում են նրա ընտանիքի անդամների վրա։ Ճիշտ է, այդ որոշումները երբեմն կարող են ժամանակավոր դժվարություններ առաջացնել, բայց մենք վստահ ենք, որ Եհովան «նվիրվածի հետ նվիրվածությամբ է վարվում» (Սաղ. 18։25, ՆԱ)։

Աստվածաշունչը Աբիսողոմի ապստամբությունից հետո ոչինչ չի ասում Եթթիի մասին։ Այնուամենայնիվ, այդ կարճ դրվագը հիանալի կերպով օգնում է հասկանալու, թե ինչպիսի մարդ էր նա։ Այն, որ Եթթիի մասին արձանագրված է Աստծու ներշնչյալ Խոսքում, վստահեցնում է, որ Եհովան գնահատում և վարձատրում է նվիրված մարդկանց (Եբր. 6։10