Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»

Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»

Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»

«Մի՞թե նրանք բոլորը ոգիներ չեն հանրային ծառայության համար, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (ԵԲՐ. 1։14

1. Ինչո՞վ են քաջալերական Մատթեոս 18։10 և Եբրայեցիներ 1։14 համարները։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ յուրաքանչյուր մարդու, ով կգայթակղեցներ իր հետևորդներից որևէ մեկին, ասաց. «Զգո՛ւյշ եղեք, որ չանարգեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է» (Մատթ. 18։10)։ Արդար հրեշտակների մասին Պողոս առաքյալը գրեց. «Մի՞թե նրանք բոլորը ոգիներ չեն հանրային ծառայության համար, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Այս համարները մեզ վստահեցնում են, որ Աստված հրեշտակների միջոցով օգնում է մարդկանց։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը նրանց մասին։ Ինչպե՞ս են հրեշտակները աջակցում մեզ։ Ի՞նչ կարող ենք սովորել այդ ոգեղեն էակներից։

2, 3. Որո՞նք են երկնային էակների պարտականություններից մի քանիսը։

2 Երկնքում կան միլիոնավոր հավատարիմ հրեշտակներ։ Նրանք բոլորը «հզոր են զորությամբ և կատարում են Աստծու կամքը» (Սաղ. 103։20; կարդա՛ Հայտնություն 5։11)։ Եհովայի այս ոգեղեն որդիներից յուրաքանչյուրը անհատականություն է, արտացոլում է նրա հատկությունները և ունի ազատ կամք։ Նրանք հիանալի կերպով են կազմակերպված և բարձր դիրքեր են զբաղեցնում Աստծու մոտ, իսկ հրեշտակապետը Միքայելն է (Հիսուսի երկնային անունը) (Դան. 10։13; Հուդա 9)։ Նա «ողջ ստեղծագործության մեջ անդրանիկն» է, Աստծու «Խոսքը», կամ՝ Խոսնակը։ Եհովան նրա միջոցով է ստեղծել մնացած բոլոր բաները (Կող. 1։15–17; Հովհ. 1։1–3

3 Հրեշտակապետին ենթարկվում են սերովբեները, քերովբեները և մյուս հրեշտակները։ Սերովբեները հռչակում են Եհովայի սրբությունը և օգնում են նրա ժողովրդին՝ հոգևորապես մաքուր մնալու։ Քերովբեները ջատագովում են նրա մեծափառությունը (Ծննդ. 3։24; Ես. 6։1–3, 6, 7)։ Մյուս հրեշտակները, կամ՝ պատգամաբերները, իրագործում են տարբեր հանձնարարություններ՝ կատարելով Աստծու կամքը (Եբր. 12։22, 23

4. ա) Ինչպե՞ս արձագանքեցին հրեշտակները, երբ հիմնվում էր երկիրը։ բ) Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ ազատ կամքի պարգևը ճիշտ օգտագործեին։

4 Բոլոր հրեշտակները ցնծում էին «երկրի հիմունքը դրվելիս», և մինչ ձևավորվում էր տիեզերքի այդ եզակի մարգարիտը՝ մեր տունը, նրանք հաճույքով կատարում էին իրենց գործը (Յոբ 38։4, 7)։ Եհովան մարդուն արարեց «հրեշտակներից փոքր–ինչ ցածր», բայց «իր պատկերով», ինչի շնորհիվ մարդը կարող է դրսևորել Արարչի չքնաղ հատկությունները (Եբր. 2։7; Ծննդ. 1։26)։ Եթե Ադամն ու Եվան ճիշտ օգտագործեին ազատ կամքի պարգևը, ապա նրանք և նրանց հետնորդները կվայելեին կյանքը դրախտային երկրում և կլինեին Եհովայի՝ բանական էակներից բաղկացած ընտանիքի մի մասը։

5, 6. Ի՞նչ ըմբոստություն տեղի ունեցավ երկնքում, և ինչպե՞ս վարվեց Եհովան։

5 Սուրբ հրեշտակները, ըստ ամենայնի, ցնցվել էին՝ ականատես լինելով Աստծու ընտանիքում բարձրացված ըմբոստությանը։ Նրանցից մեկն այլևս չէր ուզում Եհովային փառաբանել. նա ուզում էր, որ իրե՛ն երկրպագեն։ Այդ հրեշտակը ինքն իրեն դարձրեց Սատանա (նշանակում է «հակառակորդ»), երբ կասկածի ենթարկեց Եհովայի իշխանության օրինականությունը և փորձեց հաստատել ի՛ր իշխանությունը։ Սուտ խոսելով՝ Սատանան առաջին մարդկանց խորամանկորեն դրդեց միանալու իրեն և դուրս գալու իրենց սիրառատ Արարչի դեմ (Ծննդ. 3։4, 5; Հովհ. 8։44

6 Եհովան չհապաղեց վճիռ կայացնել Սատանայի դեմ։ Աստվածաշնչի առաջին մարգարեության մեջ նա ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդ. 3։15)։ Սատանայի և Աստծու «կնոջ» միջև թշնամություն պիտի լիներ։ Եհովան ոգեղեն արարածներից բաղկացած իր երկնային կազմակերպությունը նմանեցնում է սիրելի կնոջ, որի ամուսինը ինքն է։ Այս մարգարեությունը լավ ապագայի հաստատուն հիմք էր տալիս, չնայած որ դրան վերաբերող մանրամասները «սրբազան գաղտնիք» էին և աստիճանաբար էին բացվելու։ Աստված որոշեց, որ իր կազմակերպության երկնային մասի մեջ մտնող մի անձնավորություն ջախջախելու է բոլոր ապստամբներին, և որ «երկնքում եղողները և երկրի վրա եղողները» նրա միջոցով միավորվելու են (Եփես. 1։8–10

7. Մի խումբ հրեշտակներ ի՞նչ արեցին Նոյի օրերում, և ինչպե՞ս վարվեց Եհովան։

7 Նոյի օրերում մի խումբ հրեշտակներ թողեցին «իրենց համար նախատեսված բնակության վայրը» և նյութականացան, որպեսզի երկրի վրա հագուրդ տան իրենց եսասիրական ցանկություններին (Հուդա 6; Ծննդ. 6։1–4)։ Եհովան այդ ապստամբներին գցեց թանձր խավարի մեջ։ Այդպիսով նրանք միացան Սատանային ու դարձան «ոգեղեն չար ուժեր» և Աստծու ծառաների չարանենգ թշնամիներ (Եփես. 6։11–13; 2 Պետ. 2։4

Ինչպե՞ս են հրեշտակները աջակցում մեզ

8, 9. Ինչպե՞ս է Եհովան հրեշտակների միջոցով օգնել մարդկանց։

8 Աբրահամը, Հակոբը, Մովսեսը, Հեսուն, Եսայիան, Դանիելը, Հիսուսը, Պետրոսը, Հովհաննեսն ու Պողոսը այն մարդկանցից են, ովքեր ստացել են հրեշտակների օգնությունը։ Արդար հրեշտակները իրականացրել են Աստծու դատաստանները, փոխանցել են մարգարեություններ, հրահանգներ, այդ թվում նաև Մովսիսական օրենքը (Դ Թագ. 19։35; Դան. 10։5, 11, 14; Գործ. 7։53; Հայտն. 1։1)։ Քանի որ մենք այսօր ունենք Աստծու ամբողջական Խոսքը, անպայման չէ, որ Աստված հրեշտակների միջոցով պատգամներ հայտնի մեզ (2 Տիմոթ. 3։16, 17)։ Այդուհանդերձ, հրեշտակները շատ բան են անում Աստծու կամքը կատարելու և նրա ծառաներին թիկունք կանգնելու համար, թեև դա չենք տեսնում։

9 Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց» (Սաղ. 34։7; 91։11)։ Քանի որ գոյություն ունի մարդու անարատության հարցը, Եհովան թույլ է տալիս, որ Սատանան մեզ ենթարկի ամեն տեսակ փորձության (Ղուկ. 21։16–19)։ Այնուամենայնիվ, նա գիտի, թե մինչև ո՛ր աստիճան մենք պետք է փորձվենք, որպեսզի փաստվի մեր անարատությունը (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։13)։ Հրեշտակները միշտ պատրաստ են միջամտելու, եթե դա ներդաշնակ է Աստծու կամքին։ Նրանք ազատեցին Սեդրաքին, Միսաքին, Աբեդնագովին, Դանիելին ու Պետրոսին, մինչդեռ թշնամիներին չխանգարեցին սպանել Ստեփանոսին ու Հակոբոսին (Դան. 3։17, 18, 28; 6։22; Գործ. 7։59, 60; 12։1–3, 7, 11)։ Նմանապես, նացիստական համակենտրոնացման ճամբարներում մեր եղբայրներից ոմանք մահապատժի ենթարկվեցին, մինչդեռ նրանց մեծամասնությունը վերապրեց։ Փորձություններն ու դրանց հետ կապված հանգամանքները տարբեր էին։

10. Բացի հրեշտակների միջոցով տրված օգնությունից, ուրիշ ինչպե՞ս կարող է Եհովան մեզ աջակցել։

10 Աստվածաշունչը չի սովորեցնում, թե յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը։ Սակայն մենք վստահ ենք, որ «ինչ էլ որ խնդրում ենք նրա կամքի համաձայն, [Աստված] լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։ Ինչ խոսք, մեզ օգնելու համար Եհովան կարող է հրեշտակ ուղարկել, բայց օգնությունը կարող է գալ նաև այլ կերպ։ Օրինակ՝ մեր հավատակիցները գուցե մղվեն օգնելու և մխիթարելու մեզ։ Աստված կարող է մեզ իմաստություն և ուժ տալ, որպեսզի պայքարենք «մեր մարմնի փշի» դեմ, որն այնպիսի ցավ է պատճառում, ասես թե «Սատանայի հրեշտակն» է ապտակում մեզ (2 Կորնթ. 12։7–10; 1 Թեսաղ. 5։14

Ընդօրինակենք Հիսուսին

11. Եհովան հրեշտակների միջոցով ինչպե՞ս օգնեց Հիսուսին, և ի՞նչ փաստեց Հիսուսը՝ հավատարիմ մնալով Աստծուն։

11 Տեսնենք, թե ինչ արեցին հրեշտակները Հիսուսի պարագայում։ Նրանք հայտնեցին Հիսուսի ծննդյան ու հարության մասին, նաև ծառայեցին նրան, երբ երկրի վրա էր։ Անշուշտ, հրեշտակները կարող էին թույլ չտալ, որ Հիսուսին ձերբակալեն ու դաժանորեն սպանեն։ Բայց նման բան տեղի չունեցավ։ Փոխարենը՝ Եհովան հրեշտակ ուղարկեց՝ նրան զորացնելու (Ղուկ. 2։8–11; 22։43; 24։4–7)։ Աստծու կամքի համաձայն՝ Քրիստոսը զոհեց իր կյանքը՝ փաստելով, որ կատարյալ մարդը նույնիսկ ծանր հալածանքի ներքո կարող է անարատ մնալ։ Ուստի Եհովան Հիսուսին հարություն տվեց երկնային անմահ կյանքի՝ տալով «ամբողջ իշխանությունը» և հրեշտակներին հպատակեցնելով նրան (Մատթ. 28։18; Գործ. 2։32; 1 Պետ. 3։22)։ Այսպիսով՝ պարզ դարձավ, որ Հիսուսն էր Աստծու «կնոջ սերնդի» գլխավոր մասը (Ծննդ. 3։15; Գաղ. 3։16

12. Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի նման հավասարակշռված տեսակետ ունենալ։

12 Հիսուսը գիտեր, որ իր կողմից սխալ կլինի փորձել Եհովային՝ ակնկալելով, որ նա հրեշտակների միջոցով օգնի իրեն, եթե ինքը անխոհեմ քայլեր կատարի (կարդա՛ Մատթեոս 4։5–7)։ Ուստի եկեք ընդօրինակենք Քրիստոսին. ապրենք «ողջամտությամբ»՝ անտեղի ռիսկի չդիմելով, բայցև չվախենալով հալածանքից (Տիտոս 2։12

Ինչ ենք սովորում հավատարիմ հրեշտակներից

13. Ի՞նչ կարող ենք սովորել 2 Պետրոս 2։9–11 համարներում հիշատակված արդար հրեշտակներից։

13 Հանդիմանելով նրանց, ովքեր Եհովայի օծյալ ծառաների մասին «վիրավորական խոսքեր են ասում»՝ Պետրոս առաքյալը հիշատակում է արդար հրեշտակների գերազանց օրինակը։ Նրանք մեծ զորություն ունեն, բայց, «Եհովայի հանդեպ հարգանքից մղված», խուսափում են ուրիշներին մեղադրելուց կամ քննադատելուց (կարդա՛ 2 Պետրոս 2։9–11)։ Եկեք մենք ևս հեռու մնանք քննադատական խոսքերից, հարգենք ժողովի վերակացուներին և ամեն ինչ հանձնենք Գերագույն Դատավորի՝ Եհովայի ձեռքը (Հռոմ. 12։18, 19; Եբր. 13։17

14. Խոնարհաբար ծառայելու հարցում ի՞նչ օրինակ են հրեշտակները։

14 Եհովայի հրեշտակները խոնարհաբար ծառայելու հիանալի օրինակ են։ Աստվածաշնչում նշվում է որոշ հրեշտակների մասին, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունը (Ծննդ. 32։29; Դատ. 13։17, 18)։ Չնայած երկնքում կան միլիոնավոր հրեշտակներ, Աստվածաշնչում հանդիպում են միայն Միքայելի և Գաբրիելի անունները։ Այստեղից հասկանում ենք, որ չպետք է անհարկի պատվի արժանացնենք հրեշտակներին (Ղուկ. 1։26; Հայտն. 12։7)։ Երբ Հովհաննես առաքյալը ընկավ հրեշտակի ոտքերի առաջ՝ նրան երկրպագելու նպատակով, վերջինս առաքյալին հետ պահեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ և քո եղբայրներին» (Հայտն. 22։8, 9)։ Մենք պետք է երկրպագենք և աղոթենք բացառապես Աստծուն (կարդա՛ Մատթեոս 4։8–10

15. Համբերության հարցում ի՞նչ օրինակ են հրեշտակները։

15 Հրեշտակները լավ օրինակ են նաև համբերություն դրսևորելու հարցում։ Նրանք փափագում են իմանալ Աստծու սրբազան գաղտնիքները, բայցևայնպես, ամեն ինչ չէ, որ գիտեն։ Աստվածաշունչն ասում է. «Հենց այս բաների մեջ էլ հրեշտակները ցանկանում են իրենց հայացքով թափանցել» (1 Պետ. 1։12)։ Իսկ ի՞նչ են նրանք անում։ Նրանք համբերությամբ սպասում են, մինչև որ Աստված իր որոշած ժամանակին «ժողովի միջոցով հայտնի դարձնի [իր] բազմապիսի իմաստությունը» (Եփես. 3։10, 11

16. Ինչպե՞ս կարող է մեր վարքն անդրադառնալ հրեշտակների վրա։

16 Փորձության ենթարկվող քրիստոնյաները «թատերական տեսարան են հրեշտակների համար» (1 Կորնթ. 4։9)։ Հրեշտակները մեծ գոհունակությամբ դիտում են մեր հավատարիմ ընթացքը։ Նրանց ուրախություն է պատճառում նաև մեղավոր մարդու զղջումը (Ղուկ. 15։10)։ Քրիստոնյա կանանց աստվածահաճո վարքը նույնպես աննկատ չի մնում։ Աստվածաշունչն ասում է, որ «կինը պետք է իշխանության նշան ունենա իր գլխին հրեշտակների համար» (1 Կորնթ. 11։3, 10)։ Այո՛, հրեշտակներին հաճելի է տեսնել, որ քրիստոնյա կանայք և Աստծու երկրային մյուս ծառաները հնազանդվում են աստվածապետական կարգին ու գլխավորության սկզբունքին։ Նման հնազանդությունը լավ հիշեցում է Աստծու երկնային որդիների համար։

Հրեշտակներն ակտիվորեն աջակցում են քարոզչական գործին

17, 18. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հրեշտակները աջակցում են քարոզչական գործին։

17 Հրեշտակները մասնակցում են «Տիրոջ օրվա» ընթացքում տեղի ունեցող որոշ կարևոր իրադարձությունների։ Դրանցից են Թագավորության ծնունդը 1914 թ.–ին և Սատանայի ու նրա դևերի արտաքսումը երկնքից (Հայտն. 1։10; 11։15; 12։5–9)։ Հովհաննես առաքյալը տեսավ մի «հրեշտակ, որ թռչում էր երկնքում, և հավիտենական բարի լուր ուներ հռչակելու՝ որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին»։ Այդ հրեշտակը կոչ արեց. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ, ուստի երկրպագե՛ք Նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և ջրերի աղբյուրները» (Հայտն. 14։6, 7)։ Այս խոսքերը Եհովայի ծառաներին վստահեցնում են, որ հրեշտակները աջակցում են իրենց, մինչ իրենք քարոզում են բարի լուրը արդեն հաստատված Թագավորության մասին՝ չնայած Սատանայի նենգ հակառակությանը (Հայտն. 12։13, 17

18 Առաջին դարում հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ՝ նրան առաջնորդելով եթովպացի ներքինու մոտ։ Մեր օրերում, սակայն, հրեշտակները այդպես չեն անում (Գործ. 8։26–29)։ Բայցևայնպես, բազմաթիվ ժամանակակից օրինակներ փաստում են, որ նրանք, թեև անտեսանելի, աջակցում են Թագավորության քարոզչության գործին և առաջնորդում են մեզ «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված մարդկանց» մոտ (Գործ. 13։48) *։ Որքա՜ն կարևոր է, որ կանոնավորաբար մասնակցենք ծառայությանը և մեր բաժինն ունենանք այն մարդկանց գտնելու գործում, ովքեր ուզում են Աստծուն «երկրպագել ոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։23, 24

19, 20. Ո՞րն է հրեշտակների դերը «իրերի համակարգի վախճանը» բնորոշող իրադարձությունների ժամանակ։

19 Հիսուսն ասաց, որ «իրերի համակարգի վախճանին», այսինքն՝ մեր օրերում, հրեշտակները «արդարների միջից առանձնացնելու են չարերին» (Մատթ. 13։37–43, 49)։ Նրա խոսքերի համաձայն՝ նրանք մասնակցում են օծյալների վերջնական հավաքմանը և կնքմանը (կարդա՛ Մատթեոս 24։31; Հայտն. 7։1–3)։ Հրեշտակները նաև կլինեն Հիսուսի հետ, երբ նա «ոչխարներին զատի այծերից» (Մատթ. 25։31–33, 46

20 «Տեր Հիսուսի հայտնության ժամանակ, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ», բոլոր «նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին», կոչնչացվեն (2 Թեսաղ. 1։6–10)։ Այս մասին Հովհաննեսին տրվեց տեսիլք, որում Հիսուսն ու նրա երկնային զորքերը՝ սպիտակ ձիեր հեծած, գնում են արդարությամբ պատերազմելու (Հայտն. 19։11–14

21. Ի՞նչ է անելու Սատանային ու նրա դևերին այն հրեշտակը, որն ուներ «անդունդի բանալին ու մի մեծ շղթա»։

21 Հովհաննեսը նաև տեսավ «մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին ու մի մեծ շղթա ուներ»։ Այդ հրեշտակը, անկասկած, Միքայել հրեշտակապետն էր, ով կապելու է Բանսարկուին և գցելու է անդունդը՝ ըստ ամենայնի դևերի հետ։ Նրանք կարճ ժամանակով ազատ են արձակվելու Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում, երբ կատարելության հասած մարդիկ ենթարկվեն վերջնական փորձության։ Դրանից հետո Սատանան ու մյուս բոլոր ապստամբները ոչնչացվելու են (Հայտն. 20։1–3, 7–10; 1 Հովհ. 3։8)։ Աստծու դեմ ուղղված բոլոր ապստամբությունները կմնան անցյալում։

22. Ի՞նչ դեր ունեն հրեշտակները ապագա իրադարձություններում, և ի՞նչ զգացում է դա արթնացնում մեր մեջ։

22 Շատ շուտով մենք ազատվելու ենք Սատանայի ամբարիշտ աշխարհից։ Հրեշտակները կարևոր դեր են ունենալու այս նշանակալից իրադարձություններում, որոնց միջոցով արդարացվելու է Եհովայի գերիշխանությունը և կատարվելու է նրա նպատակը երկրի ու մարդկանց առնչությամբ։ Այո՛, արդար հրեշտակները «ոգիներ [են] հանրային ծառայության համար, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը»։ Ուստի եկեք շնորհակալ լինենք Եհովա Աստծուն այն բանի համար, որ հրեշտակների միջոցով օգնում է մեզ կատարելու իր կամքը և հասնելու հավիտենական կյանքի։

[ծանոթագրություն]

^ պարբ. 18 Տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը (էջ 549–551, ռուս.)։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչպե՞ս են հրեշտակները կազմակերպված։

• Նոյի օրերում ի՞նչ արեցին մի խումբ հրեշտակներ։

• Ինչպե՞ս է Աստված հրեշտակների միջոցով աջակցում մեզ։

• Ի՞նչ են անում արդար հրեշտակներն այսօր։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 21–րդ էջի վրա]

Հրեշտակները ուրախությամբ են կատարում Աստծու կամքը

[նկար 23–րդ էջի վրա]

Հրեշտակները միշտ պատրաստ են միջամտելու, եթե դա ներդաշնակ է Աստծու կամքին

[նկար 24–րդ էջի վրա]

Քա՛ջ եղիր, որովհետև հրեշտակները սատարում են Թագավորության քարոզչության գործը

[Թույտվությամբ]

Globe: NASA photo