Խառան քաղաք, ուր եռում էր կյանքը
Խառան քաղաք, ուր եռում էր կյանքը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ ծանոթ մարդիկ Խառան քաղաքի անունը լսելիս անմիջապես հիշում են հավատարիմ Աբրահամ նահապետին։ Ուրից Քանան գնալու ճանապարհին նա Սառայի, Ղովտի և իր հոր՝ Թարայի հետ կանգ առավ Խառանում։ Որոշ ժամանակ այստեղ բնակվելուց հետո Թարան մահացավ։ Վերցնելով իր կուտակած ողջ ունեցվածքը՝ Աբրահամը շարունակեց ճանապարհը դեպի այն երկիր, որ Աստված խոստացել էր նրան (Ծննդ. 11։31, 32; 12։4, 5; Գործ. 7։2–4)։ Հետագայում Աբրահամը իր ծառաներից մեկին ուղարկեց Խառան կամ մոտակայքում գտնվող որևէ բնակավայր՝ Իսահակի համար կին ընտրելու։ Աբրահամի թոռ Հակոբը նույնպես երկար տարիներ ապրեց Խառանում (Ծննդ. 24։1–4, 10; 27։42–45; 28։1, 2, 10)։
Հետագայում երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի պատգամաբերները սպառնալիքներ ներկայացրին Հուդայի Եզեկիա թագավորին, նրանք թվարկեցին այն քաղաքներն ու «ազգերը», որ կործանվել էին Ասորեստանի թագավորների ձեռքով։ Խառանը նշված քաղաքների թվում էր։ Հետաքրքիր է, որ «Խառան» ասելով՝ նրանք նկատի ունեին ոչ միայն քաղաքը, այլև շրջակա բնակավայրերը (Դ Թագ. 19։11, 12)։ Իսկ Եզեկիել մարգարեն նշում է, որ Խառանը եղել է այն քաղաքներից մեկը, որի հետ Տյուրոսը առևտրական կապեր է ունեցել (Եզեկ. 27։1, 2, 23)։
Այժմ Խառանը մի փոքր քաղաք է, որը գտնվում է Թուրքիայի հարավ–արևելյան մասում՝ Ուրֆա քաղաքի մոտ։ Դարեր առաջ այս հնագույն քաղաքում կյանքը եռում էր։ Խառանը այն եզակի բնակավայրերից մեկն է, որ առայսօր կրում է աստվածաշնչյան ժամանակների իր անունը։ Ասորերենից թարգմանված «Խառանու» բառը նշանակում է «ճանապարհ» կամ «քարավանների ճանապարհ»։ Ուստի կարելի է եզրակացնել, որ այն գտնվել է մեծ քաղաքների առևտրական ուղիների խաչմերուկում։ Խառանում կատարված պեղումների ժամանակ մի արձանագրություն են հայտնաբերել, որի համաձայն՝ Բաբելոնի թագավոր Նաբոնիդի մայրը եղել է Խառանի՝ լուսնի աստված Սինի տաճարի գլխավոր քրմուհին։ Նշվում է նաև, որ Նաբոնիդը վերականգնել է այդ տաճարը։ Այո՛, շատ կայսրություններ են եկել ու անցել, բայց Խառանը կանգուն է մնացել։
Այսօր, սակայն, Խառանը շատ է փոխվել։ Նախկինում այն զարգացած և կարևորագույն քաղաքներից էր, հատկապես որոշ դարերի ընթացքում, իսկ հիմա այնտեղ ընդամենը մի քանի տներ կան, որոնք աչքի են ընկնում գմբեթաձև տանիքներով։ Այս փոքր քաղաքից դուրս գտնվում են հնագույն քաղաքակրթություններից մնացած ավերակները։ Նոր աշխարհում նրանք, ովքեր մի ժամանակ ապրել են Խառանում, օրինակ, Աբրահամը, Սառան, Ղովտը, հարություն կառնեն։ Անշուշտ, նրանք մեզ ավելի հետաքրքիր բաներ կպատմեն Խառանի մասին։
[Նկար 20–րդ էջի վրա]
Խառանի ավերակները
[Նկար 20–րդ էջի վրա]
Գմբեթաձև տանիքով տներ
[Նկար 20–րդ էջի վրա]
Խառան քաղաքը այսօր