Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի՛ տրտմեցրեք Եհովայի սուրբ ոգին

Մի՛ տրտմեցրեք Եհովայի սուրբ ոգին

Մի՛ տրտմեցրեք Եհովայի սուրբ ոգին

«Մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին, որով ձեզ վրա կնիք դրվեց» (ԵՓԵՍ. 4։30

1. Ի՞նչ է արել Եհովան միլիոնավոր մարդկանց համար, և ի՞նչ ես պարտավոր անել դու։

ԵՀՈՎԱՆ մի առանձնահատուկ հնարավորություն է ընձեռել այս անհանգիստ աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց։ Նա հրավիրում է նրանց մոտենալ իրեն իր միածին Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով (Հովհ. 6։44)։ Եթե դու Աստծուն նվիրված ծառա ես և ապրում ես քո նվիրման համաձայն, ուրեմն օգտվում ես այդ հնարավորությունից։ Քանի որ մկրտվել ես սուրբ ոգու անունով՝ դու պարտավոր ես ապրել այնպես, որ չտրտմեցնես Աստծու ոգին (Մատթ. 28։19

2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Մենք, որ ցանում ենք ոգու համար, հագնում ենք նոր անձնավորությունը (Գաղ. 6։8; Եփես. 4։17–24)։ Սակայն Պողոս առաքյալը նախազգուշացնում է, որ չտրտմեցնենք Աստծու սուրբ ոգին (կարդա՛ Եփեսացիներ 4։25–32)։ Եկեք ուշադրությամբ քննենք առաքյալի տված խորհուրդը։ Ի՞նչ նկատի ուներ նա, երբ խոսում էր Աստծու ոգին չտրտմեցնելու մասին։ Ինչպե՞ս կարող է Եհովային նվիրված անհատը այդպես վարվել։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել Եհովայի ոգին տրտմեցնելուց։

Ի՞նչ նկատի ուներ Պողոսը

3. Ինչպե՞ս կբացատրես Եփեսացիներ 4։30–ը։

3 Նախ քննենք Եփեսացիներ 4։30–ում արձանագրված խոսքերը։ Առաքյալը գրում է. «Մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին, որով ձեզ վրա կնիք դրվեց այն օրվա համար, երբ դուք կազատվեք փրկանքի միջոցով»։ Պողոսը չէր ուզում, որ իր սիրելի հավատակիցները վտանգեն Եհովայի հետ ունեցած լավ փոխհարաբերությունները։ Եհովայի սուրբ ոգով էր, որ նրանց վրա «կնիք դրվեց այն օրվա համար, երբ նրանք կազատվեն փրկանքի միջոցով»։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Աստծու սուրբ ոգին հավատարիմ օծյալ քրիստոնյաներին տրված կնիքը, կամ՝ «գալիք բաների գրավն է» (2 Կորնթ. 1։22)։ Այն ցույց է տալիս, որ նրանք պատկանում են Եհովային և ստանալու են երկնային կյանք։ Վերջնական կնիք ստացողների թիվը կազմելու է 144 000 (Հայտն. 7։2–4

4. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ չտրտմեցնենք Աստծու սուրբ ոգին։

4 Աստծու սուրբ ոգին տրտմեցնելը առաջին քայլն է, որի հետևանքով քրիստոնյան կարող է ամբողջովին կորցնել սուրբ ոգու ազդեցությունը իր կյանքում։ Սա ակնհայտ է դառնում Դավթի խոսքերից, որ նա ասաց Բերսաբեի հետ մեղք գործելուց հետո։ Զղջալով իր արածի համար՝ նա աղաչեց Եհովային. «Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից» (Սաղ. 51։11)։ Այո՛, Աստծու Խոսքը պարզ ցույց է տալիս, որ երկնային անմահ կյանքի «պսակը» կստանան այն օծյալները, ովքեր կմնան «հավատարիմ.... նույնիսկ մինչև մահ» (Հայտն. 2։10; 1 Կորնթ. 15։53)։ Երկրային կյանքի հույս ունեցող քրիստոնյաները նույնպես սուրբ ոգու կարիքն ունեն, որպեսզի հավատ ընծայելով Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ՝ անարատ մնան և ստանան կյանքի պարգևը (Հովհ. 3։36; Հռոմ. 5։8; 6։23)։ Ուստի մենք բոլորս պետք է զգույշ լինենք, որ չտրտմեցնենք Եհովայի սուրբ ոգին։

Ինչպե՞ս է հնարավոր տրտմեցնել ոգին

5, 6. Ինչպե՞ս է հնարավոր, որ քրիստոնյան տրտմեցնի Եհովայի սուրբ ոգին։

5 Մենք կտրտմեցնենք Աստծու ոգին, եթե սկսենք դանդաղ, գուցե աննկատ ձևով ընթանալ մի ուղիով, որն առաջնորդում է այնպիսի վարքի, որը դատապարտվում է Աստծու սուրբ ոգով ներշնչված Խոսքում։ Սակայն եթե «շարունակենք ընթանալ ոգով», ապա կարող ենք խուսափել ոգին տրտմեցնելուց։ Միայն այդ դեպքում չենք տարվի սխալ մարմնական ցանկություններով և չենք դրսևորի Աստծուն տհաճ հատկություններ (Գաղ. 5։16, 25, 26

6 Եթե շարունակենք հակառակվել սուրբ ոգու առաջնորդությանը, կտրտմեցնենք սուրբ ոգին, այսինքն՝ կտրտմեցնենք Եհովային՝ այդ ոգու Աղբյուրին։ Եփեսացիներ 4։25–32 համարները ցույց են տալիս, թե ինչպիսի վարք պետք է դրսևորենք, և ինչը կօգնի խուսափելու ոգին տրտմեցնելուց։

Ինչպե՞ս խուսափել ոգին տրտմեցնելուց

7, 8. Բացատրիր, թե ինչու պետք է ճշմարտախոս լինենք։

7 Մենք պետք է ճշմարտախոս լինենք։ Եփեսացիներ 4։25–ում կարդում ենք Պողոսի խոսքերը. «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ, որովհետև մենք միմյանց պատկանող անդամներ ենք»։ Քանի որ միավորված ենք որպես «միմյանց պատկանող անդամներ», մենք, անշուշտ, չպետք է խորամանկորեն փորձենք ապակողմնորոշել մեր հավատակիցներին, ինչը հավասար է սուտ խոսելուն։ Նա, ով շարունակ այդպես է վարվում, ի վերջո կկորցնի Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները (կարդա՛ Առակաց 6։16, 17

8 Խորամանկ խոսքերը և գործերը կարող են պառակտել ժողովի միասնությունը։ Մենք պետք է ընդօրինակենք Դանիել մարգարեին. նա այնքան ազնիվ էր, որ մարդիկ ոչ մի արատավոր բան չէին կարողանում գտնել (Դան. 6։4)։ Մենք պետք է մեր մտքում վառ պահենք օծյալ քրիստոնյաներին ուղղած Պողոսի խոսքերն այն մասին, որ «Քրիստոսի մարմնի» յուրաքանչյուր անդամ պատկանում է մյուսներին և պետք է մնա Հիսուսի ճշմարտախոս օծյալ հետևորդների հետ միության մեջ (Եփես. 4։11, 12)։ Եթե երկրային դրախտում հավիտյան ապրելու հույս ունենք, ապա մենք նույնպես ճշմարտությունը կխոսենք և կնպաստենք համաշխարհային եղբայրության միասնությանը։

9. Ինչո՞ւ է կարևոր հետևել Եփեսացիներ 4։26, 27 համարներում գրված խորհրդին։

9 Մենք պետք է հակառակվենք Բանսարկուին՝ թույլ չտալով նրան վնասել մեզ հոգևորապես (Հակ. 4։7)։ Մենք կարող ենք այդպես վարվել, եթե զսպենք անսանձ զայրույթը։ Պողոս առաքյալը գրեց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք. թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք, ոչ էլ տեղ տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ Սուրբ ոգին օգնում է մեզ դիմադրելու Սատանայի ճնշմանը։ Նույնիսկ եթե մեր զայրույթն արդարացի է, անմիջապես մտքում ասված աղոթքը կօգնի դրսևորելու ինքնատիրապետում, մնալու անվրդով և չվարվելու այնպես, որ Աստծու ոգին տրտմի (Առակ. 17։27)։ Եկեք չմնանք բարկացած վիճակում և թույլ չտանք, որ Սատանան, օգտվելով առիթից, մեզ դրդի սխալ արարքի (Սաղ. 37։8, 9)։ Փոխարենը՝ հակառակվենք նրան՝ արագորեն հարթելով տարաձայնությունները, ինչպես խորհուրդ տվեց Հիսուսը (Մատթ. 5։23, 24; 18։ 15–17

10, 11. Ինչո՞ւ չպետք է գողանանք կամ անազնիվ լինենք։

10 Մենք չպետք է տրվենք գողություն անելու կամ անազնվորեն վարվելու գայթակղությանը։ Պողոս առաքյալը գրեց. «Ով գողանում էր, թող էլ չգողանա, այլ թող ծանր աշխատի՝ իր ձեռքերով բարի գործեր անելով, որ տալու բան ունենա կարիքի մեջ եղողին» (Եփես. 4։28)։ Եթե քրիստոնյան գողություն անի, «նախատինք կբերի Աստծու անվան վրա» (Առակ. 30։7–9, ՆԱ)։ Նույնիսկ աղքատ լինելը չի արդարացնում գողությունը։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն և մերձավորին, գիտակցում են, որ գողությունը երբեք չի կարող արդարացվել (Մարկ. 12։28–31

11 Պողոս առաքյալը ոչ միայն նշում է, թե ինչ չպետք է անենք, այլև ասում է, թե ինչ պետք է անենք։ Եթե ընթանում ենք ոգով, ապա ժրաջանորեն կաշխատենք, որպեսզի հոգ տանենք մեր ընտանիքին և «տալու բան ունենանք կարիքի մեջ եղողին» (1 Տիմոթ. 5։8)։ Հիսուսը և իր առաքյալները իրենց ունեցածից որոշակի գումար էին առանձնացնում աղքատներին օգնելու համար։ Սակայն Հուդա Իսկարիովտացին դրամների արկղից գողություն էր անում (Հովհ. 12։4–6)։ Միանգամայն պարզ է, որ նա չէր առաջնորդվում սուրբ ոգով։ Սակայն մենք Պողոսի նման առաջնորդվում ենք Աստծու ոգով և «ամեն ինչում ազնվությամբ ենք վարվում» (Եբր. 13։18Այդպես խուսափում ենք Եհովայի սուրբ ոգին տրտմեցնելուց։

Ուրիշ ինչ պետք է անենք

12, 13. ա) Եփեսացիներ 4։29–ի համաձայն՝ ինչպիսի՞ խոսքերից պետք է խուսափենք։ բ) Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր խոսքերը։

12 Մենք պետք է հսկենք մեր լեզուն։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք դուրս գա հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգտակար բաներ հաղորդի լսողներին» (Եփես. 4։29)։ Այս համարում նույնպես առաքյալը ոչ միայն ասում է, թե ինչ չպետք է անենք, այլև նշում է, թե ինչ պետք է անենք։ Աստծու սուրբ ոգին ունենալով՝ մղվում ենք ասելու «բարի խոսք.... կերտելու համար, որպեսզի օգտակար բաներ հաղորդենք լսողներին»։ Մենք չպետք է թույլ տանք, որ «նեխած խոսքեր» դուրս գան մեր բերանից։ «Նեխած» թարգմանված հունարեն բառը օգտագործվում է փչացած միրգը, ձուկը կամ միսը նկարագրելու համար։ Ինչպես որ զզվում ենք այսպիսի մթերքից, այնպես էլ պետք է ատենք այն խոսքերը, որոնք Եհովային տհաճություն են պատճառում։

13 Մեր բերանից պետք է դուրս գան վայելուչ, սիրալիր խոսքեր՝ «աղով համեմված» (Կող. 3։8–10; 4։6)։ Երբ մարդիկ լսում են մեզ, անմիջապես պետք է զգան, որ տարբերվում ենք մյուսներից։ Թող որ միշտ ասենք «բարի խոսք.... կերտելու համար»։ Այդ դեպքում կունենանք նույն զգացումները, որ ուներ սաղմոսերգուն. «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ» (Սաղ. 19։14

14. Եփեսացիներ 4։30, 31–ի համաձայն՝ ի՞նչ հատկություններ պետք է հեռացնենք մեզնից։

14 Մենք պետք է հեռացնենք մեզնից դառնությունը, բարկությունը, զայրույթը, վիրավորական խոսքերն ու ամեն չարությունը։ Սուրբ ոգին չտրտմեցնելու մասին զգուշացում տալուց հետո Պողոսը գրեց. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից՝ ամեն չարության հետ մեկտեղ» (Եփես. 4։30, 31)։ Քանի որ անկատար ենք, հարկավոր է շատ ջանքեր թափել, որ մեր մտքերն ու արարքները հսկենք։ Եթե տրվենք «չարասիրտ դառնությանը, բարկությանը և զայրույթին», կտրտմեցնենք Աստծու ոգին։ Ինչ խոսք, մենք կտրտմեցնենք ոգին նաև այն դեպքում, եթե «հաշվենք» ուրիշների սխալները, վիրավորված մնանք ու պատրաստ չլինենք հաշտվելու մեզ վիրավորողի հետ։ Իսկ եթե սկսենք անտեսել Աստվածաշնչի այս խորհուրդը, գուցե կորցնենք ինքնատիրապետումը և այնպիսի հատկություններ ձեռք բերենք, որ դրդեն մեզ սուրբ ոգու դեմ մեղք գործելու, ինչն էլ աղետալի հետևանքներ կունենա։

15. Եթե հավատակիցը ցավ է պատճառել մեզ, ի՞նչ պետք է անենք։

15 Մենք պետք է լինենք բարի, կարեկից և ներողամիտ։ Պողոսը շարունակում է գրել. «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփես. 4։32)։ Անգամ եթե ինչ–որ մեկը մեծ ցավ է պատճառել, լավ կլինի ներել, ինչպես որ Աստված է ներում մեզ (Ղուկ. 11։4)։ Ենթադրենք՝ հավատակից բացասական բաներ է խոսել մեր մասին։ Խնդիրը հարթելու նպատակով մոտենում ենք նրան։ Նա անկեղծորեն զղջում է և ներողություն է խնդրում։ Անշուշտ, ներում ենք նրան, սակայն հարկավոր է ավելին անել։ «Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես,— գրված է Ղեւտացոց 19։18 համարում,— այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. ես եմ Եհովան»։

Անհրաժեշտ է զգոն լինել

16. Օրինակով ցույց տուր, թե Եհովայի ոգին չտրտմեցնելու համար ինչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է անել։

16 Նույնիսկ երբ մենակ ենք, հնարավոր է այնպիսի բան անենք, որ տհաճեցնենք Աստծուն։ Բերենք մի օրինակ։ Եղբայրը կասկածելի ֆիլմ է դիտում, և ի վերջո նրա խիղճը սկսում է տանջել իրեն։ Նա գիտակցում է, որ անտեսում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակություններում տեղ գտած աստվածաշնչային խորհուրդը (Մատթ. 24։45)։ Եղբայրը աղոթում է այդ խնդրի մասին և մտաբերում է Եփեսացիներ 4։30–ում գրված Պողոսի խորհուրդը։ Այնուհետև որոշում է այլևս չդիտել այդպիսի ֆիլմեր։ Եհովան օրհնում է եղբորը այն բանի համար, որ նա վճռեց չտրտմեցնել սուրբ ոգին։ Ուրեմն հարկավոր է շարունակ զգոն լինել և չտրտմեցնել Եհովայի ոգին։

17. Ի՞նչ կարող է լինել, եթե զգոն չլինենք և չաղոթենք Եհովային։

17 Եթե զգոն չլինենք և չաղոթենք Եհովային, կարող ենք անմաքուր սովորություն ձեռք բերել կամ սխալ արարք կատարել և այդպիսով տրտմեցնել ոգին։ Քանի որ սուրբ ոգին այն ուժն է, որով մեր երկնային Հայրը իրականացնում է իր կամքը, տրտմեցնել ոգին նշանակում է տխրեցնել Եհովային, մի բան, որ մեզնից ոչ ոք չի ուզում անել (Եփես. 4։30)։ Առաջին դարի դպիրները, սակայն, զգոնություն չցուցաբերեցին և Հիսուսի կատարած հրաշքները վերագրեցին Սատանային՝ դրանով իսկ հայհոյելով սուրբ ոգու դեմ, ինչն աններելի մեղք էր (կարդա՛ Մարկոս 3։22–30)։ Թող որ մենք երբե՛ք նման բան չանենք։

18. Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք աններելի մեղք չենք գործել։

18 Քանի որ չենք ուզում նույնիսկ մոտ լինել աններելի մեղք գործելու սահմանին, պետք է հիշենք Պողոսի ասած խոսքերը ոգին չտրտմեցնելու մասին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մասին, եթե լուրջ մեղք ենք գործել։ Եթե զղջացել ենք և երեցների կողմից օգնություն ենք ստացել, ապա կարող ենք համոզված լինել, որ Աստված ներել է մեզ, և որ մենք մեղք չենք գործել սուրբ ոգու դեմ։ Եհովան նաև կօգնի մեզ խուսափելու որևէ ձևով ոգին նորից տրտմեցնելուց։

19, 20. ա) Ինչի՞ց պետք է խուսափենք։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

19 Աստված իր սուրբ ոգու միջոցով սեր, ուրախություն և միասնություն է առաջ բերում իր ժողովրդի մեջ (Սաղ. 133։1–3)։ Ուստի մենք պետք է խուսափենք ոգին տրտմեցնելուց՝ վնասակար բամբասանք տարածելով ուրիշների մասին կամ այնպիսի խոսքեր ասելով, որոնք կարող են պատվազուրկ անել ոգով նշանակված հովիվներին (Գործ. 20։28; Հուդա 8)։ Ընդհակառակը՝ մենք պետք է նպաստենք ժողովի միասնությանը և հարգենք միմյանց։ Ինչ խոսք, չպետք է նաև հորդորենք մեր հավատակիցներին ժողովում խմբավորումներ կազմել։ Պողոսը գրել է. «Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միևնույն բանը խոսեք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ որ դուք, ինչպես հարկն է, միաբանված լինեք միևնույն մտքով և միևնույն մտածելակերպով» (1 Կորնթ. 1։10

20 Եհովան ցանկանում է և կարող է օգնել մեզ խուսափելու ոգին տրտմեցնելուց։ Ուստի եկեք շարունակ խնդրենք սուրբ ոգին և վճռենք չտրտմեցնել այն։ Թող որ ցանենք «ոգու համար»՝ հետևելով ոգու առաջնորդությանը այժմ և հավիտյան։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչ է նշանակում «տրտմեցնել Աստծու ոգին»։

• Ինչպե՞ս կարող է Եհովային նվիրված անհատը տրտմեցնել ոգին։

• Ինչպե՞ս կարող ենք խուսափել ոգին տրտմեցնելուց։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 30–րդ էջի վրա]

Արագ հարթիր տարաձայնությունները

[Նկար 31–րդ էջի վրա]

Քո խոսքը ո՞ր մրգին է նման