Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մնա հոգևորապես առողջ հիվանդ հարազատիդ խնամելիս

Մնա հոգևորապես առողջ հիվանդ հարազատիդ խնամելիս

Մնա հոգևորապես առողջ հիվանդ հարազատիդ խնամելիս

ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ապրող մի քրոջ՝ Կիմի ողնաշարի մոտ ուռուցք հայտնաբերվեց *։ Պարզվեց, որ նա տառապում է քաղցկեղով։ Նրա ամուսինը՝ Ստիվը, պատմում է. «Վիրահատության միջոցով հեռացվեց ուռուցքը, հետո Կիմը ճառագայթաբուժություն և քիմիաբուժություն ընդունեց։ Բուժումը կողմնակի ներգործություն թողեց նրա վրա. նա շատ թուլացավ և չէր կարողանում ազատ շարժվել»։ Ստիվի համար հեշտ չէր տեսնել իր կողակցին տառապելիս։

Գուցե քո ընտանիքի անդամներից ինչ–որ մեկն էլ է լուրջ հիվանդությամբ տառապում կամ տարիքի հետ կապված խնդիրներ ունի (Ժող. 12։1–7)։ Այդ դեպքում նրան խնամելու համար հարկավոր է, որ նախևառաջ քո մասին հոգ տանես։ Եթե հոգևորապես թուլանաս, ֆիզիկական ու էմոցիոնալ առողջությունդ նույնպես կթուլանա, և ի վիճակի չես լինի օգնել քո հարազատին։ Ուստի ինչպե՞ս կարող ես հավասարակշռություն պահպանել։ Կարո՞ղ են ժողովի անդամները ինչ–որ ձևով օգնել։

Ինչպե՞ս հավասարակշռություն պահպանել

Եղիր ճկուն, ճիշտ տնօրինիր քո ժամանակը և խնայիր ուժերդ։ Առակաց 11։2–ում կարդում ենք. «Խոնարհների [«համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ»։ Համեստ լինել նշանակում է գիտակցել, որ կարողություններդ սահմանափակ են։ Որպեսզի համոզվես, որ քո ուժերից վեր բաներ չես անում, պետք է վերանայես գրաֆիկդ։ Հարկավոր է նաև հաշվի առնել, թե ինչ պատասխանատվություններ ես կրում։

Ստիվը ծառայում էր որպես երեցների խորհրդի կոորդինատոր և ծառայողական վերակացու, ինչպես նաև Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ էր։ Նա պատմում է. «Կիմը երբեք չի ասել, որ իրեն անտեսված է զգում և չի դժգոհել, որ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում հոգևոր գործերին։ Սակայն զգում էի, որ ուժերս սպառվում են»։ Ինչպե՞ս վարվեց նա։ Ստիվը իմաստություն և համեստություն դրսևորեց։ Նա որոշեց ստուգել իր աշխատանքային գրաֆիկը։ «Աղոթքով դիմեցի Եհովային, հետո որոշեցի հրաժարվել կոորդինատորի պատասխանատվությունից։ Բայց շարունակեցի ծառայել որպես երեց, թեև որոշ գործեր ուրիշներին էի հանձնարարում։ Այդպես կարողացա շատ ժամանակ տրամադրել Կիմին և ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ»։

Ժամանակի ընթացքում Կիմի առողջությունը կայունացավ։ Ամուսինները քննեցին իրենց հանգամանքները։ Կնոջ աջակցության շնորհիվ Ստիվը կարողացավ նորից ստանձնել իր պատասխանատվությունները։ «Երկուսս էլ սովորեցինք համակերպվել հիվանդության հետևանքով առաջ եկած իրավիճակին և ընդունել, որ մեր կարողությունները սահմանափակ են,— ասում է Ստիվը։— Անչափ երախտապարտ եմ Եհովային նրա օգնության համար, ինչպես նաև կնոջս, որ չնայած իր վատառողջությանը՝ պատրաստակամորեն աջակցում է ինձ»։

Քննենք նաև Ջերիի ու Մարիայի օրինակը։ Նրանք շրջագայական ծառայություն էին կատարում, սակայն իրենց տարեց ծնողներին հոգ տանելու համար պետք է որոշ փոփոխություններ անեին։ Մարիան պատմում է. «Մենք միսիոներ ծառայելու նպատակ ունեինք։ Սակայն Ջերին իրենց ընտանիքի միակ զավակն է, և նրա ծնողները հաճախ էին օգնության կարիք ունենում։ Որոշեցինք մնալ Իռլանդիայում և հոգ տանել նրանց։ Ջերիի հայրը պառկած էր հիվանդանոցում։ Մինչև նրա մահը մենք խնամեցինք նրան։ Այժմ ամեն օր հեռախոսով խոսում ենք Ջերիի մոր հետ, և երբ նա մեր կարիքն է զգում, օգնության ենք հասնում, քանի որ շատ հեռու չենք նրանից։ Բացի այդ, ժողովի անդամները նույնպես օգնում և աջակցում են Ջերիի մորը, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք շարունակել շրջագայական ծառայությունը»։

Ինչպե՞ս կարող են ուրիշները օգնել

Ժողովի տարեց այրիներին հոգ տանելու վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է»։ Նա նաև հիշեցրեց քրիստոնյաներին, որ պետք է նյութապես հոգ տանեն իրենց տարեց ծնողների, տատերի և պապերի մասին, եթե ուզում են, որ իրենց վարքը «ընդունելի լինի Աստծու առջև» (1 Տիմոթ. 5։4, 8)։ Այնուամենայնիվ, ժողովի մյուս անդամները նույնպես կարող են և պետք է օգնության ձեռք մեկնեն։

Հական և Ինգեր տարեց ամուսինները ապրում են Շվեդիայում։ Ամուսինը պատմում է. «Երբ բժիշկն ասաց, որ կինս քաղցկեղ ունի, ցնցվեցինք։ Նա միշտ առողջ և առույգ է եղել։ Իսկ այժմ պետք է բուժումներ ստանալու համար ամեն օր հիվանդանոց գնայինք։ Դեղերի կողմնակի ներգործությունը աստիճանաբար քայքայեց կնոջս առողջությունը։ Ես պետք է տանը մնայի ու հոգ տանեի Ինգերի մասին»։ Իսկ ինչպե՞ս օգնեցին ժողովի անդամները։

Երեցները հոգ էին տանում, որ ամուսինները հեռախոսով լսեն ժողովի ծրագիրը։ Իսկ եղբայրներն ու քույրերը այցելում կամ զանգահարում էին։ Նրանք նաև նամակներ ու բացիկներ էին ուղարկում։ Հականը ասում է. «Մենք տեսանք բոլոր եղբայրների, ինչպես նաև Եհովայի օգնությունը։ Այս ամենը կարևոր էր հոգևորապես առողջ մնալու համար։ Բարեբախտաբար, Ինգերի վիճակը բարելավվեց, և մենք նորից սկսեցինք հաճախել հանդիպումներին»։ Երբ ժողովի անդամներն ամեն կերպ փորձում են օգնել հիվանդ և տարեց հավատակիցներին, ցույց են տալիս, որ «ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակ. 17։17

Եհովան տեսնում է քո ջանքերը

Հնարավոր է՝ հիվանդ հարազատիդ խնամելիս ուժասպառ լինես։ Սակայն այս առնչությամբ Դավիթ թագավորը գրեց. «Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար», օրինակ, այնպիսի անձնավորության, ով հիվանդ է և օգնության կարիք ունի (Սաղ. 41։1

Իսկ ինչո՞ւ են հիվանդին հոգ տանող մարդիկ երանելի համարվում։ Առակաց 19։17–ում գրված է. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը»։ Եհովա Աստված ուշադրություն է դարձնում հատկապես այն ծառաներին, ովքեր հիվանդ են, և օրհնում է նրանց, ովքեր հոգ են տանում հիվանդներին։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Տէրը կ’մխիթարէ [այդպիսի անհատին] տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը» (Սաղ. 41։3)։ Վստահ եղիր, որ եթե միշտ օգնության ձեռք մեկնես ուրիշներին, ապա Եհովան էլ քեզ կօգնի, երբ մի օր ինքդ ընկնես վատ վիճակի մեջ։

Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստված տեսնում և օրհնում է այն, ինչ անում ենք հիվանդ անհատին օգնելու համար։ Թեև երբեմն դժվարություններ ենք կրում, սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբր. 13։16

[Ծանոթագրություն]

^ պարբ. 2 Անունները փոխված են։

[Նկարներ 18–րդ էջի վրա]

Հավասարակշռություն պահպանիր և ընդունիր մյուսների օգնությունը