Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վաղ քրիստոնյաները և Հռոմի աստվածները

Վաղ քրիստոնյաները և Հռոմի աստվածները

Վաղ քրիստոնյաները և Հռոմի աստվածները

ԲՅՈՒԹԱՆԻԱՅԻ կառավարիչ Պլինիոս Կրտսերը Հռոմի կայսր Տրայանոսին ուղղած իր նամակում նշում է. «Ես այսպես վարվեցի նրանց հետ, ովքեր բերվել էին իմ առաջ և մեղադրվում էին որպես քրիստոնյաներ։ Ես հարցնում էի նրանց, թե արդյոք քրիստոնյաներ են, ու եթե նրանք ասում էին՝ այո, երկրորդ և երրորդ անգամ էի հարցնում՝ սպառնալով պատժել։ Եթե շարունակ հնչում էր նույն պատասխանը, պատվիրում էի մահապատժի ենթարկել»։ Իսկ նրանց վերաբերյալ, ովքեր ուրանում էին քրիստոնեությունը և անիծում էին Քրիստոսին՝ երկրպագելով կայսրի և այլ աստվածների պատկերին, որոնց Պլինիոսը բերել էր ատյան, ապա, ինչպես գրված է նամակում, ասում էր. «Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել, որ ազատ եմ արձակել նրանց»։

Առաջին դարի քրիստոնյաները հալածվում էին, քանի որ չէին երկրպագում կայսրին և այլ աստվածների պատկերներին։ Ի՞նչ կրոններ կային Հռոմեական կայսրության մեջ։ Մարդիկ ի՞նչ աստվածների էին պաշտում, և ինչպե՞ս էին վերաբերվում հռոմեացիները այդ աստվածներին։ Այս հարցերի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ վարվելու, երբ Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը փորձվի։

Տարբեր կրոններ մեկ կայսրության մեջ

Հռոմեական կայսրության մեջ ապրում էին տարբեր ազգի և մշակույթի մարդիկ, այդ պատճառով կային բազմաթիվ աստվածություններ։ Թեև հուդայականությունը հռոմեացիների համար տարօրինակ կրոն էր, սակայն համարվում էր օրինական կրոն (religio licita), այսինքն՝ պաշտոնապես ընդունված։ Պատճառն այն էր, որ օրը երկու անգամ Երուսաղեմի տաճարում երկու գառ և մեկ ցուլ էր զոհաբերվում կայսրի և հռոմեացիների պատվին։ Վերջիններիս համար նշանակություն չուներ՝ այդ կենդանիները զոհաբերվում էին մի աստծու, թե մի քանի աստվածների։ Կարևորն այն էր, որ զոհաբերությունները փաստում էին հրեաների նվիրվածությունը Հռոմի հանդեպ։

Հեթանոսությունն իր տարբեր դրսևորումներով նույնպես գերիշխում էր հռոմեացիների երկրպագության մեջ։ Հունական դիցաբանությունը և գուշակությունը մեծ տարածում էին գտել։ Արևելքի առեղծվածային կրոնները մարդկանց խոստանում էին անմահություն և անմիջական հաղորդակցություն աստվածների հետ։ Յուրաքանչյուր ոք կարող էր խորհրդավոր ծիսակատարությունների միջոցով ստանալ աստվածների բարեհաճությունը։ Այս կրոնները սփռված էին ողջ կայսրության տարածքում։ Մ.թ. առաջին մի քանի դարերի ընթացքում առավել տարածված էր եգիպտական Սերապիս աստծու և Իսիս աստվածուհու, ասորական Ատարգատիս ձուկ–աստվածուհու և պարսկական Միհր արևի աստծու երկրպագությունը։

«Գործեր» գրքից երևում է, որ առաջին դարում ամենուր զգացվում էր հեթանոսության շունչը։ Օրինակ՝ առաքյալները քարոզելիս իմացան, որ Կիպրոսի հռոմեացի պրոկոնսուլի մոտ մի հրեա գուշակ է ծառայում (Գործ. 13։6, 7)։ Լյուստրայում ապրող մարդիկ մտածեցին, թե Պողոսն ու Բառնաբասը հունական աստվածներ Հերմեսն ու Զևսն են (Գործ. 14։11–13)։ Փիլիպպեում Պողոսը հանդիպեց մի գուշակ աղջկա, որը կախարդություն էր անում (Գործ. 16։16–18)։ Աթենքի բնակիչների մասին առաքյալը գրեց, որ նրանք «ավելի շատ են վախենում աստվածներից, քան մյուսները»։ Այդ քաղաքում նա տեսավ մի զոհասեղան, որի վրա փորագրված էր՝ «Անծանոթ Աստծուն» (Գործ. 17։22, 23)։ Եփեսոսում մարդիկ պաշտում էին Արտեմիս աստվածուհուն (Գործ. 19։1, 23, 24, 34)։ Իսկ Մալթա կղզու բնակիչները կարծում էին, թե Պողոսն աստված է, քանի որ օձի խայթոցը նրան չվնասեց (Գործ. 28։3–6)։ Այո՛, առաջին դարի քրիստոնյաները պետք է զգուշանային, որ իրենց մաքուր պաշտամունքը չարատավորվեր։

Կրոնը Հռոմում

Ժամանակի ընթացքում հռոմեացիները նվաճեցին նորանոր տարածքներ և սկսեցին երկրպագել տեղի աստվածներին՝ նույնացնելով իրենց աստվածների հետ։ Այսպես Հռոմում մեծ տարածում գտավ բազմաստվածությունը։ Մարդիկ կարող էին միաժամանակ մի քանի աստվածների պաշտել։

Հռոմի գերագույն աստվածը Յուպիտերն էր, որը կոչվում էր նաև Օպտիմուս Մաքսիմուս։ Նրա աստվածությունը դրսևորվում էր քամու, անձրևի, կայծակի և որոտի միջոցով։ Յունոնան Յուպիտերի քույրն էր և կինը։ Նա նույնացվում էր լուսնի հետ և համարվում էր կանանց հովանավորը, որը վերահսկում է նրանց կյանքի բոլոր բնագավառները։ Իսկ Միներվան՝ Յուպիտերի աղջիկը, արվեստի, արհեստի և պատերազմի աստվածուհին էր։

Հռոմի պանթեոնի աստվածները անթիվ էին։ Լարերը և Պենատները համարվում էին ընտանեկան աստվածներ։ Վեստան տան, օջախի աստվածն էր, իսկ երկու դեմք ունեցող Յանուսը՝ բոլոր սկզբների։ Յուրաքանչյուր արհեստ իր հովանավոր աստվածն ուներ։ Հռոմեացիները աստվածացրել էին նույնիսկ վերացական հասկացությունները։ Օրինակ՝ Պաքսը պաշտպանության և խաղաղության աստվածն էր, Սալյուսը առողջության աստվածուհին էր, Պուդիցիտիան՝ համեստության և ազնվության, Ֆիդեսը՝ հավատարմության, Վոլուպտասը՝ հաճույքի և զվարճության, իսկ Վիրտուսը քաջության աստվածն էր։ Հռոմեացիների կարծիքով՝ իրենց թե՛ հասարակական, թե՛ անձնական կյանքը ենթարկվում էր աստվածների կամքին։ Ուստի որպեսզի մարդիկ հաջողություն ունենային, ծիսական աղոթքների, զոհաբերությունների և արարողությունների միջոցով շահում էին համապատասխան աստծու հաճությունը։

Մարդիկ աստվածների կամքն իմանալու համար գուշակություն էին անում։ Այդ նպատակով հիմնականում օգտագործում էին զոհաբերված կենդանիների ներքին օրգանները։ Նայելով դրանց տեսքին՝ նրանք «հասկանում էին»՝ աստվածները հավանում են իրենց ծրագրերը, թե ոչ։

Մ.թ.ա. 2–րդ դարի վերջին հռոմեացիներն ընդունեցին, որ հունական պանթեոնի աստվածները այն նույն աստվածներն են, որոնց իրենք պաշտում են. Յուպիտերը հունական Զևս աստվածն էր, Յունոնան Հերան էր և այդպես շարունակ։ Հռոմեացիները որդեգրեցին նաև հունական առասպելները, որոնք փառաբանում էին մարդկանց պես թերություններ և սահմանափակ կարողություններ ունեցող աստվածներին։ Օրինակ՝ Զևսը պատկերվում էր որպես այլասերված և մանկապիղծ աստված, որը սեռական հարաբերություն է ունենում թե՛ անմահների, թե՛ մահկանացուների հետ։ Աստվածների անպատկառ վարքը բեմականացվում էր թատրոններում և ծափողջույններով էր ընդունվում մարդկանց կողմից։ Այդպիսով աստվածները կարծես հորդորում էին երկրպագուներին ընդօրինակել իրենց։

Կրթված մարդկանցից քչերն էին հավատում առասպելներին։ Նրանցից ոմանք դրանք այլաբանություն էին համարում։ Հավանաբար դա էր պատճառը, որ Պոնտացի Պիղատոսը ցանկացավ հարցնել. «Ի՞նչ է ճշմարտությունը» (Հովհ. 18։38)։ Մի գրքում նշվում է, որ այդ հարցը ցույց էր տալիս «կրթված մարդկանց մտածելակերպը, ըստ որի՝ անհնար է որևէ բանի մասին բացարձակ ճշմարտությունն իմանալ» (The Beginnings of Christianity)։

Կայսրի երկրպագությունը

Օգոստոս կայսեր իշխանության օրոք (մ.թ.ա. 27–մ.թ. 14) սկիզբ առավ կայսրի երկրպագությունը։ Հատկապես Արևելքում գտնվող հունախոս պրովինցիաներում շատերը երախտագիտությամբ էին լցված Օգոստոս կայսրի նկատմամբ, որի շնորհիվ երկարատև պատերազմներից հետո խաղաղություն էր հաստատվել, և երկիրը բարգավաճում էր։ Մարդիկ ցանկանում էին, որ իրենց կառավարիչը մշտապես պաշտպաներ իրենց։ Նրանց նպատակն էր ունենալ մի զորեղ կայսրություն, որտեղ կիշխեր հայրենասիրական ոգին և կրոնական հանդուրժողականությունը։ Այն կմիավորեր ողջ աշխարհը մեկ «ազատարարի» հովանու ներքո։ Ուստի նրանք աստվածացրին կայսրին։

Թեև Օգոստոսը թույլ չէր տալիս, որ իրեն աստված կոչեն, սակայն պահանջում էր, որ մարդիկ երկրպագեն Դեա Ռոմա աստվածուհուն, որը խորհրդանշում էր Հռոմեական կայսրությունը։ Այդուհանդերձ, Օգոստոսին աստվածացրին իր մահից հետո։ Այսպիսով պրովինցիաներում տիրող հայրենասիրական ոգին և կրոնական հանդուրժողականությունը հանգեցրեց նրան, որ մեծարվեն թե՛ կայսրությունը, թե՛ կայսրերը։ Կայսեր պաշտամունքը շատ արագ տարածվեց։ Նրան պաշտելով՝ մարդիկ ցույց էին տալիս, որ հավատարիմ ու հնազանդ են Հռոմին։

Դոմետիանոս կայսրը (մ.թ. 81–96) առաջինն էր, որ պահանջեց երկրպագել իրեն։ Նրա իշխանության ընթացքում հռոմեացիները առանձնացրին քրիստոնյաներին հրեաներից և սկսեցին հալածել այս նոր կրոնը դավանողներին։ Հավանաբար Դոմետիանոսի իշխանության օրոք էր, որ Հովհաննես առաքյալը «Հիսուսի մասին վկայելու պատճառով» աքսորվեց Պատմոս կղզի (Հայտն. 1։9

«Հայտնություն» գիրքը Հովհաննեսը գրել է աքսորված ժամանակ։ Այս գրքում առաքյալը խոսում է Անտիպաս անունով մի քրիստոնյայի մասին, որը սպանվել էր Պերգամոնում՝ կայսեր պաշտամունքի կենտրոնում (Հայտն. 2։12, 13Այդ ժամանակ կառավարությունը հավանաբար սկսել էր պահանջել, որ քրիստոնյաները մասնակցեն կայսրության մեծարման արարողություններին։ Ըստ երևույթին, այս մասին էր նշում Պլինիոս Կրտսերը մ.թ. 112–ին Տրայանոսին ուղղած իր նամակում, երբ ասում էր, որ պահանջել է Բյութանիայի քրիստոնյաներից մասնակցել այսպիսի ծիսակատարությունների։

Տրայանոսը հավանություն տվեց, որ Պլինիոսը կայսրին չերկրպագելու դեպքում մահապատժի է ենթարկել քրիստոնյաներին։ «Սակայն,— գրում է Տրայանոսը,— եթե անհատը հերքում է իր քրիստոնյա լինելը և երկրպագում է մեր աստվածներին, պետք է ներում շնորհել նրան (անկախ նրանից, թե ինչ կասկածներ են եղել նրա վերաբերյալ)»։

Հռոմը չէր ընդունում պաշտամունքի այն ձևը, որը բացարձակ նվիրվածություն է պահանջում, քանի որ իր աստվածները բացարձակ նվիրվածություն չէին պահանջում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր քրիստոնյաների Աստվածը նման բան պահանջում։ Կայսրության աստվածների երկրպագությունը ցույց էր տալիս, որ անհատը քաղաքական համակարգի կողմնակից է, ուստի եթե նա հրաժարվում էր երկրպագել այդ աստվածներին, դավաճան էր համարվում։ Այդուհանդերձ, Պլինիոսը ոչ մի կերպ չկարողացավ ստիպել շատ քրիստոնյաների զիջումների գնալ։ Նրանց համար այդպիսի արարքը անհավատարմություն էր Եհովայի հանդեպ։ Դա էր պատճառը, որ վաղ քրիստոնյաները նախընտրում էին մահանալ, քան երկրպագել կայսրին։

Ինչո՞վ է մեզ համար հետաքրքրական այս տեղեկությունը։ Որոշ երկրներում քաղաքացիներից ակնկալվում է պատվել ազգային խորհրդանիշներին։ Մենք՝ քրիստոնյաներս, անշուշտ հարգում ենք իշխանություններին (Հռոմ. 13։1)։ Սակայն երբ հարցը վերաբերում է այնպիսի արարողությունների, որոնց ժամանակ պատիվ են տալիս դրոշին, մենք ցանկանում ենք բացարձակ երկրպագություն մատուցել Եհովա Աստծուն և հետևել Աստվածաշնչի հետևյալ հորդորներին՝ «փախե՛ք կռապաշտությունից» և «պահպանե՛ք ձեզ կուռքերից» (1 Կորնթ. 10։14; 1 Հովհ. 5։21; Նաում 1։2)։ Հիսուսն ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սրբազան ծառայություն մատուցես» (Ղուկ. 4։8)։ Ուստի եկեք շարունակենք բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովա Աստծու հանդեպ։

[Մեջբերում 5–րդ էջի վրա]

Ճշմարիտ քրիստոնյաները բացարձակ նվիրվածություն են դրսևորում Եհովայի հանդեպ

[Նկարներ 3–րդ էջի վրա]

Առաջին դարում քրիստոնյաները հրաժարվում էին կայսրին և մյուս աստվածներին երկրպագելուց

Դոմետիանոս կայսրը

Զևսի արձանը

[Թույլտվությամբ]

Emperor Domitian: Todd Bolen/Bible Places.com; Zeus: Photograph by Todd Bolen/Bible Places.com, taken at Archaeological Museum of Istanbul

[Նկար 4–րդ էջի վրա]

Եփեսոսի քրիստոնյաները չէին երկրպագում Արտեմիս աստվածուհուն (Գործ. 19։23–41)