Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամենայն լրջությամբ վերաբերվիր քո ծառայությանը

Ամենայն լրջությամբ վերաբերվիր քո ծառայությանը

Ամենայն լրջությամբ վերաբերվիր քո ծառայությանը

«Ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, .... շարունակ [դրա] մասին մտածեք» (ՓԻԼԻՊ. 4։8

1, 2. Ինչո՞ւ են շատերը կյանքին անլուրջ վերաբերվում, և ի՞նչ հարցեր են առաջ գալիս։

ՄԵՆՔ ապրում ենք մարդկության պատմության ամենադժվար ժամանակահատվածում։ Նրանց համար, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ չունեն Եհովայի հետ, այս «չափազանց դժվար ժամանակներում» կյանքի խնդիրները հաղթահարելը գրեթե անհնար կարող է լինել (2 Տիմոթ. 3։1–5)։ Ամեն օր հոգսերն ու դժվարությունները կրելու համար մարդկանցից ուժերի գերլարում է պահանջվում, սակայն միշտ չէ, որ կարողանում են հաղթահարել դրանք։ Ուստի ջանալով խուսափել այդ վիճակից՝ նրանք տարվում են զվարճություններով և ժամանցի նորանոր ձևերով։

2 Սթրեսներին դիմակայելու համար մարդիկ հաճախ իրենց հաճույքները առաջին տեղում են դնում։ Եթե քրիստոնյան աչալուրջ չլինի, հեշտությամբ կարող է այդպիսի ապրելակերպ որդեգրել։ Իսկ ինչպե՞ս խուսափել դրանից։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ նա պետք է զրկի իրեն ցանկացած հաճույքից։ Ինչպե՞ս հավասարակշռել զվարճություններն ու պատասխանատվությունները։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվի քրիստոնյան, որպեսզի լրջորեն վերաբերվի կյանքին, բայցև ծայրահեղությունների մեջ չընկնի։

Լրջամիտ՝ հաճույքներով լի աշխարհում

3, 4. Ինչպե՞ս է Աստվածաշունչը շեշտում լրջամիտ լինելու կարևորությունը։

3 Փաստ է, որ այս աշխարհը մեծ կարևորություն է տալիս հաճույքներին (2 Տիմոթ. 3։4)։ Սակայն նման վերաբերմունքը կարող է վտանգել մեր հոգևոր վիճակը (Առակ. 21։17)։ Ուստի տեղին էր, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին և Տիտոսին գրած իր նամակներում խոսեց լրջամիտ լինելու կարևորության մասին։ Նրա խորհուրդները կօգնեն մեզ թեթևամտորեն չվերաբերվելու կյանքին, ինչպես անում է այս աշխարհը (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։1, 2; Տիտոս 2։2–8

4 Դեռ դարեր առաջ Սողոմոնը գրեց այն մասին, որ ավելի լավ է մտածել կյանքի լուրջ հարցերի շուրջ, քան կենտրոնացած լինել հաճույքների վրա (Ժող. 3։4; 7։2–4)։ Քանի որ կյանքը կարճ է, պետք է «ջանք գործադրենք» փրկության արժանանալու համար (Ղուկ. 13։24)։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ միշտ մտածենք «լուրջ ուշադրության արժանի» բաների մասին (Փիլիպ. 4։8, 9)։ Այսինքն՝ լրջորեն խորհենք այն հարցի շուրջ, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա կյանքի տարբեր ոլորտներում։

5. Ո՞րն է այն ոլորտներից մեկը, որին պետք է լրջորեն վերաբերվենք։

5 Ընդօրինակելով Եհովային և Հիսուսին՝ քրիստոնյաները, օրինակ, լրջորեն են վերաբերվում աշխատանքին (Հովհ. 5։17)։ Արդյունքում՝ նրանք հաճախ գովասանքի խոսքեր են լսում վստահելի աշխատող լինելու և աշխատանքային էթիկա ունենալու համար։ Աշխատանքին հատկապես լուրջ են վերաբերվում ընտանիքի գլուխները, քանի որ ընտանիքի ֆիզիկական կարիքների մասին հոգ չտանելը հավասար է «հավատը ուրանալուն», ինչը նշանակում է ուրանալ Եհովային (1 Տիմոթ. 5։8

Ծառայել ամենայն լրջությամբ, բայցև ուրախ սրտով

6. Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք Եհովային մատուցվող երկրպագությանը։

6 Եհովայի համար միշտ կարևոր է եղել, որ մարդիկ ճիշտ ձևով երկրպագեն իրեն։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում ասվում էր, որ իսրայելացիները լուրջ խնդիրների առաջ կկանգնեին, եթե շեղվեին ճշմարիտ երկրպագությունից, և հետագայում այդպես էլ եղավ (Հեսու 23։12, 13)։ Իսկ առաջին դարում Քրիստոսի հետևորդներին հորդոր էր տրվում ամեն ջանք թափել ճշմարիտ երկրպագությունը սխալ ուսմունքներից և գաղափարներից մաքուր պահելու համար (2 Հովհ. 7–11; Հայտն. 2։14–16)։ Այսօր նույնպես քրիստոնյաները պետք է լուրջ վերաբերվեն Եհովային մատուցվող երկրպագությանը (1 Տիմոթ. 6։20

7. Ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում քարոզչական ծառայությանը։

7 Քարոզչական ծառայությունը ուրախություն է պատճառում։ Սակայն այդ ուրախությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ մենք լրջորեն վերաբերվենք ծառայությանը և նախապես պատրաստվենք։ Պողոսի խոսքերից տեսնում ենք, որ նա մտածում էր այն մարդկանց մասին, որոնց ուսուցանում էր։ Նա գրել է. «Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ։ Բայց ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ ուրիշներին» (1 Կորնթ. 9։22, 23)։ Պողոսը հաճույք էր ստանում մարդկանց հոգևորապես օգնելուց և լրջորեն էր մտածում իր ունկնդիրների կարիքների մասին։ Այդպիսով նա կարողանում էր քաջալերել նրանց և մղել երկրպագելու Եհովային։

8. ա) Ի՞նչ պետք է զգանք այն մարդկանց հանդեպ, որոնց ուսուցանում ենք։ բ) Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը նպաստել մեր ուրախությանը։

8 Իսկ որքա՞ն լուրջ էր վերաբերվում Պողոսը իր ծառայությանը։ Նա պատրաստ էր «ծառա» լինել ոչ միայն Եհովային, այլև նրանց, ովքեր կլսեին ճշմարտությունը (Հռոմ. 12։11; 1 Կորնթ. 9։19)։ Արդյոք պատասխանատվություն զգո՞ւմ ենք նրանց հանդեպ, ում սովորեցնում ենք Աստծու Խոսքը, օրինակ՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս, քրիստոնեական հանդիպումների կամ ընտանեկան երկրպագության ժամանակ։ Գուցե մտածենք, թե կանոնավորաբար Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը չափազանց ծանրաբեռնող կլինի մեզ համար։ Ճիշտ է, սովորաբար ուրիշներին օգնելու համար անհրաժեշտ է լինում տրամադրել այն ժամանակը, որը կարող էինք հատկացնել մեր անձնական գործերին։ Բայց չէ՞ որ Հիսուսն ասաց, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Ուրիշ ոչ մի գործ չի կարող այնպիսի ուրախություն պատճառել, քան ճշմարտությունը մարդկանց սովորեցնելը և փրկության ուղին ցույց տալը։

9, 10. ա) Արդյո՞ք լրջամիտ լինել նշանակում է, որ չենք կարող ուրախ ու հաճելի ժամանակ անցկացնել։ բ) Ի՞նչը կօգնի երեցներին քաջալերանքի աղբյուր լինելու հավատակիցների համար։

9 Լրջամիտ, կամ՝ լուրջ անձնավորություն լինել չի նշանակում, որ մենք չենք կարող ուրախ ժամանակ անցկացնել մարդկանց հետ։ Հիսուսը կատարյալ օրինակ էր այս հարցում, քանի որ նա ժամանակ էր հատկացնում ոչ միայն ուրիշներին սովորեցնելուն, այլև հանգստանալուն և մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելուն (Ղուկ. 5։27–29; Հովհ. 12։1, 2)։ Լրջամիտ լինել չի նշանակում նաև միշտ խիստ դեմքով լինել։ Եթե Հիսուսը խիստ ու չափազանց լուրջ անձնավորություն լիներ, մարդիկ չէին ձգտի նրա մոտ գնալ։ Սակայն գիտենք, որ նույնիսկ երեխաներն էին լավ զգում նրա կողքին (Մարկ. 10։13–16)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին և հավասարակշռված լինել։

10 Մի երեցի մասին եղբայրներից մեկն ասաց. «Թեև նա խստապահանջ է իր նկատմամբ, սակայն երբեք կատարելություն չի պահանջում ուրիշներից»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Ճիշտ կլինի ողջամիտ ակնկալիքներ ունենալ ուրիշներից։ Օրինակ՝ երեխաները դրականորեն են արձագանքում, երբ ծնողները նրանց առաջ ողջամիտ պահանջներ են դնում և օգնում են իրականացնելու դրանք։ Նմանապես, երեցները կարող են քաջալերել ժողովի անդամներին հոգևորապես առաջադիմել՝ նշելով, թե կոնկրետ ինչ կերպերով կարող են դա անել։ Բացի այդ, երբ երեցը ճիշտ տեսակետ ունի իր մասին, ապա նա քաջալերանքի աղբյուր կլինի ուրիշների համար, և մարդիկ հեշտությամբ կդիմեն նրան (Հռոմ. 12։3)։ Մի քույր հետևյալ կերպ է արտահայտվում. «Ես չեմ ուզում, որ երեցը բոլոր հարցերին հումորով վերաբերվի։ Մյուս կողմից, սակայն, եթե նա միշտ լուրջ է, դժվար կլինի դիմել նրան»։ Մեկ ուրիշ քույր ասում է, որ երեցներից ոմանք չափազանց լուրջ են, և նա վախենում է նրանց մոտենալ։ Ինչ խոսք, երեցները երբեք չեն ցանկանա, որ իրենց պատճառով Եհովայի՝ «երջանիկ Աստծու» երկրպագության նկատմամբ իրենց հավատակիցների ուրախությունը նվազի (1 Տիմոթ. 1։11

Պատասխանատվություններ վերցրու ժողովում

11. Ի՞նչ է նշանակում «ձգտել» պատասխանատվություններ ստանձնել։

11 Երբ Պողոսը քրիստոնյա տղամարդկանց քաջալերեց ժողովում պատասխանատվություններ ստանձնելու համար ձգտել համապատասխան որակներ ձեռք բերել, նա չէր ուզում ասել, որ նրանք իրենց առջև փառասիրական նպատակներ պետք է դնեն։ Նա գրեց. «Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի պարտականության, լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1, 4)։ «Ձգտելու» համար քրիստոնյա տղամարդը պետք է ջանասիրաբար մշակի իր մեջ լավ հատկություններ, որպեսզի ծառայի իր եղբայրներին։ Եթե եղբայրը առնվազն մեկ տարի է, ինչ մկրտված է, և ողջամտության սահմաններում համապատասխանում է ծառայող օգնական լինելու աստվածաշնչյան չափանիշներին՝ արձանագրված 1 Տիմոթեոս 3։8–13 համարներում, ապա կարելի է նրան երաշխավորել այդ նշանակման համար։ Ուշագրավ է, որ 8-րդ համարում կոնկրետ նշվում է. «Ծառայող օգնականները պետք է լինեն լուրջ»։

12, 13. Ինչպե՞ս կարող են երիտասարդ եղբայրները ձգտել պատասխանատվություններ ստանձնել։

12 Եթե դու երիտասարդ եղբայր ես ու եթե նույնիսկ քսանդ դեռ չի բոլորել, եթե մկրտված ես և լրջորեն ես վերաբերվում Եհովային մատուցվող երկրպագությանը, ի՞նչ կարող ես անել ժողովում պատասխանատվություններ ստանձնելու համար։ Օրինակ՝ կարող ես բարելավումներ անել քարոզչական ծառայության մեջ։ Հաճույքո՞վ ես համագործակցում տարբեր տարիքի քույրերի և եղբայրների հետ։ Ջանո՞ւմ ես գտնել այնպիսի մարդկանց, որոնք կցանկանան Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եթե Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնես այնպես, ինչպես խորհուրդ է տրվում հանդիպումների ժամանակ, ապա ավելի հմուտ կլինես ուսուցանելու գործում։ Բացի դրանից, ավելի կարեկից կլինես այն մարդու հանդեպ, ում սովորեցնում ես Եհովայի ճանապարհները։ Ու երբ նա սկսի հասկանալ, թե ինչ փոփոխություններ պիտի մտցնի իր կյանքում, դու կսովորես ավելի համբերատարությամբ և նրբանկատորեն օգնել նրան աստվածաշնչյան սկզբունքներով ապրելու։

13 Երիտասա՛րդ եղբայրներ, կարող եք նաև ձեր օգնությունն առաջարկել տարեց հավատակիցներին, եթե նրանք ինչ-որ բանի կարիք ունենան։ Իսկ Թագավորության սրահի նկատմամբ ձեր հետաքրքրվածությունը կերևա այն բանից, եթե օգնեք, որ այն միշտ մաքուր և խնամված տեսք ունենա։ Երբ առաջարկում եք օգնել ինչով կարող եք, այդպես պատրաստակամության ոգի եք դրսևորում, ինչը ցույց է տալիս, որ լրջորեն եք վերաբերվում ծառայությանը։ Տիմոթեոսի պես՝ դուք էլ կարող եք սովորել ուշադիր լինել ժողովի կարիքների նկատմամբ (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։19–22

14. Ինչպե՞ս կարող են երիտասարդ եղբայրները «փորձվել» ժողովում պատասխանատվություններ կրելու համար։

14 Իսկ դուք, երեցնե՛ր, ուշադրություն դարձրեք երիտասարդ եղբայրներին և ժողովում հանձնարարություններ տվեք նրանց, ովքեր ձգտում են «փախչել երիտասարդական ցանկություններից» և հետամուտ են լինում «արդարության, հավատի, սիրո, խաղաղության» և նման լավ հատկությունների (2 Տիմոթ. 2։22)։ Այդպիսով նրանք «կփորձվեն», թե արդյոք կարող են պատասխանատվություններ կրել, և նրանց «առաջադիմությունը հայտնի կլինի բոլորին» (1 Տիմոթ. 3։10; 4։15

Լուրջ վերաբերմունք ժողովի և ընտանիքի հանդեպ

15. Համաձայն 1 Տիմոթեոս 5։1, 2 խոսքերի՝ ի՞նչ է նշանակում լուրջ վերաբերվել ժողովի անդամներին։

15 Լուրջ վերաբերվել ժողովին նշանակում է նաև հարգել եղբայրներին ու քույրերին։ Տիմոթեոսին ուղղված նամակում Պողոսը խորհուրդ տվեց նրան հարգանքով վերաբերվել բոլորին (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։1, 2)։ Սա հատկապես կարևոր է, երբ շփվում ենք հակառակ սեռի հավատակիցների հետ։ Այս հարցում լավ օրինակ է Հոբը։ Նա հարգում էր բոլոր կանանց, հատկապես իր կնոջ արժանապատվությունը։ Հոբը կրքոտ հայացքով չէր նայում ուրիշ կանանց (Հոբ 31։1)։ Մենք արժանապատվորեն կվերաբերվենք մեր քույրերին ու եղբայրներին, եթե խուսափենք ֆլիրտից կամ այնպիսի բան անելուց, ինչի պատճառով նրանց համար տհաճ կլինի մեր ներկայությունը։ Միմյանց հանդեպ հարգանքը հատկապես կարևոր է, երբ քույրն ու եղբայրը մտերմություն են անում ամուսնանալու նպատակով։ Լրջամիտ քրիստոնյան երբեք չի խաղա հակառակ սեռի ներկայացուցչի զգացմունքների հետ (Առակ. 12։22

16. Ինչո՞վ են տարբերվում այս աշխարհի և Աստվածաշնչի տեսակետները ընտանիքի գլխի ունեցած դերի վերաբերյալ։

16 Մենք պետք է նաև ուշադիր լինենք մեր ընտանիքի հանդեպ և լրջորեն վերաբերվենք Աստծու կողմից տրված մեր ընտանեկան պարտականություններին։ Սատանայի աշխարհի կողմից, օրինակ, նսեմացվում է ամուսնու և հոր դերը։ Որպես զվարճանքի առարկա՝ այն ծաղրվում և անարգվում է։ Սակայն Աստվածաշունչը կարևորում է ամուսնու դերը՝ նշելով, որ նա «իր կնոջ գլուխն» է (Եփես. 5։23; 1 Կորնթ. 11։3

17. Մեր պարտականությունների հանդեպ լուրջ վերաբերմունքը ինչպե՞ս է դրսևորվում ընտանեկան երկրպագության հարցում։

17 Ամուսինը պետք է հոգա ընտանիքի նյութական կարիքները, բայց եթե անտեսի հոգևոր կարիքները, դրանով ցույց կտա, որ խոհեմության և իմաստության պակաս ունի (2 Օրենք 6։6, 7)։ Ուստի եթե դու ընտանիքի գլուխ ես և ժողովում առանձնաշնորհումների ես ձգտում, ինչպես ասվում է 1 Տիմոթեոս 3։4-ում, պետք է լինես քո «ընտանիքը լավ ղեկավարող» և այնպիսի հայր, որի երեխաները «հնազանդվում են ամենայն լրջությամբ»։ Հարցրու ինքդ քեզ. «Կանոնավորաբար ժամանակ հատկացնո՞ւմ եմ ընտանեկան երկրպագությանը»։ Որոշ քրիստոնյա կանայք բառի բուն իմաստով ստիպված են եղել խնդրել իրենց ամուսիններին, որ նրանք հոգևորապես առաջնորդեն ընտանիքին։ Յուրաքանչյուր ամուսին պետք է լրջորեն նայի այն հարցին, թե ինչպես է կատարում իր պարտականությունները։ Իսկ կինը պետք է աջակցի իր ամուսնուն և համագործակցի նրա հետ, որպեսզի ամուսնուն հաջողվի ընտանեկան երկրպագությունը կանոնավորաբար անցկացնել։

18. Ինչպե՞ս կարող են երեխաները սովորել լրջամիտ լինել։

18 Երեխաներին նույնպես հորդոր է տրվում լուրջ նայել կյանքին (Ժող. 12։1)։ Ոչ մի վատ բան չկա այն բանում, որ երեխաները սովորեն աշխատել և տանը այնպիսի գործեր անեն, որոնք համապատասխան են իրենց տարիքին ու կարողություններին (Ողբ 3։27)։ Հեսսեի որդի Դավիթը դեռ շատ փոքր էր, բայց արդեն լավ հովիվ էր։ Նա սովորեց նաև լինել երաժիշտ ու երգահան, ինչի շնորհիվ ծառայության անցավ Իսրայելի թագավորի մոտ (1 Սամ. 16։11, 12, 18–21)։ Անկասկած, երեխա ժամանակ նա խաղացել է իր հասակակիցների հետ, բայց նաև արժեքավոր բաներ է սովորել, որոնք հետագայում օգտագործեց Եհովային փառաբանելու համար։ Օրինակ՝ լավ հովիվ լինելու շնորհիվ նա կարողացավ համբերությամբ ղեկավարել Իսրայել ժողովրդին։ Իսկ դուք, երիտասարդնե՛ր, սովորո՞ւմ եք արդյոք այնպիսի բաներ, որոնք կօգնեն ձեզ ծառայելու ձեր Արարչին և պատրաստ լինել ստանձնելու այն պարտականությունները, որ կունենաք ապագայում։

Միշտ հավասարակշռված եղիր

19, 20. Ի՞նչ տեսակետ պետք է ունենաս քո անձի և երկրպագության հանդեպ։

19 Բոլորս կարող ենք ձգտել մեր մասին ճիշտ տեսակետ ունենալ՝ չափից շատ չկենտրոնանալով մեր անձի վրա։ Ինչ խոսք, չենք ցանկանա «չափից դուրս արդար» լինել (Ժող. 7։16)։ Որոշ հարցերի թեթև նայելը կարող է թուլացնել լարված իրավիճակը՝ լինի տանը, աշխատավայրում թե հավատակիցների հետ շփվելիս։ Ընտանիքի անդամները պետք է զգույշ լինեն, որպեսզի չափազանց խիստ և քննադատող չլինեն միմյանց հանդեպ, որպեսզի տունը միշտ լինի խաղաղ ու ապահով վայր բոլորի համար։ Ժողովում բոլորս կարող ենք սովորել ուրախանալ միասին և այնպիսի զրույցներ վարել, որոնք քաջալերական կլինեն և դրական ազդեցություն կթողնեն բոլորի վրա (2 Կորնթ. 13։10; Եփես. 4։29

20 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ իրենց կյանքում տեղ չեն տալիս Եհովային և լուրջ չեն վերաբերվում նրա օրենքներին։ Սակայն Եհովայի ժողովրդի համար շատ կարևոր է ամեն ինչում հնազանդ լինել ու նվիրված մնալ Աստծուն։ Ի՜նչ հաճելի է լինել այն ժողովրդի մեջ, որը Եհովային երկրպագում է «ամենայն լրջությամբ»։ Թող որ միշտ լրջորեն վերաբերվենք թե՛ մեր կյանքին, թե՛ մեր երկրպագությանը։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչո՞ւ չպետք է կյանքին թեթևամտորեն վերաբերվենք։

• Ինչպե՞ս կարող ենք ծառայել ամենայն լրջությամբ, բայցև ուրախ սրտով։

• Պատասխանատվություններ ստանձնելու հանդեպ մեր վերաբերմունքը ինչպե՞ս է ցույց տալիս՝ լրջամիտ ենք մենք, թե ոչ։

• Ինչո՞ւ է հավատակիցներին և ընտանիքի անդամներին հարգելը լուրջ հարց։

[հարցեր ուսումնասիրության համար]

[նկարներ 12-րդ էջի վրա]

Ամուսինը պետք է հոգա ընտանիքի թե՛ նյութական, թե՛ հոգևոր կարիքները