Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տեսնո՞ւմ ես Եհովայի առաջնորդությունը

Տեսնո՞ւմ ես Եհովայի առաջնորդությունը

Տեսնո՞ւմ ես Եհովայի առաջնորդությունը

ՆՄԱՆ բան ո՛չ իսրայելացիները, ո՛չ էլ եգիպտացիները երբեք չէին տեսել։ Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից, ամպի մի հսկայական սյուն հայտնվեց բազմության առաջ և այլևս չանհետացավ։ Գիշերները այդ ամպի սյունը վերածվում էր կրակի սյան։ Որքա՜ն ահասարսուռ պետք է որ այն լիներ։ Բայց որտեղի՞ց հայտնվեց այդ սյունը և ո՞րն էր դրա նպատակը։ Թեև այդ դեպքից մոտ 3500 տարի է անցել, սակայն «ամպի և կրակե սյան» հանդեպ իսրայելացիների վերաբերմունքը շատ կարևոր բան կարող է սովորեցնել մեզ (Ելք 14։24

Աստծու Խոսքը հայտնում է, թե որտեղից առաջացավ այդ սյունը և որն էր դրա նպատակը՝ ասելով. «Ցերեկը Եհովան ամպի սյունով գնում էր նրանց առջևից՝ ցույց տալով ճանապարհը, իսկ գիշերը՝ կրակե սյունով, որ լույս տա նրանց, որպեսզի կարողանան գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը» (Ելք 13։21, 22)։ Եհովան ամպի և կրակի սյան միջոցով էր առաջնորդում իր ժողովրդին, որը Եգիպտոսից դուրս գալուց հետո պիտի անցներ անապատի միջով։ Իսկ երբ ժողովրդին հետապնդող եգիպտական զորքը ուր որ է պետք է հարձակվեր նրանց վրա, այդ սյունը կանգնեց իսրայելացիների և եգիպտացիների միջև ու պաշտպանեց Աստծու ժողովրդին (Ելք 14։19, 20)։ Թեև այդ սյունը նրանց չէր տանում կարճ ճանապարհով, սակայն միայն դրան հետևելով էր, որ իսրայելացիները կարող էին հասնել Ավետյաց երկիր։ Այդ սյանը հետևելու համար իսրայելացիները պետք է միշտ պատրաստ լինեին առաջ շարժվելու։

Այդ սյունը ապացույցն էր այն բանի, որ Եհովան իր ժողովրդի հետ է։ Այն ներկայացնում էր Եհովային։ Երբեմն Աստված այդ սյան միջից նույնիսկ խոսում էր իր ժողովրդի հետ (Թվեր 14։14; Սաղ. 99։7)։ Հետագայում ամպի միջոցով հաստատվեց, որ Եհովան Մովսեսին էր ընտրել իր ժողովրդին առաջնորդելու համար (Ելք 33։9)։ Ամպի երևալու մասին վերջին արձանագրության մեջ տեսնում ենք, որ դրա միջոցով հաստատվեց նաև այն, որ Մովսեսի փոխարեն հաջորդ առաջնորդը Հեսուն է, որին նշանակել է Եհովան (2 Օրենք 31։14, 15)։ Ինչ խոսք, պարզ է, որ իսրայելացիները պետք է տեսնեին Եհովայի առաջնորդությունը և հետևեին դրան, որպեսզի հասնեին Ավետյաց երկիր։

Նրանք դադարեցին ապացույցը տեսնելուց

Երբ իսրայելացիները առաջին անգամ տեսան այդ սյունը, նրանք հավանաբար ահով լցվեցին։ Բայց թեև այդ հրաշքը միշտ մնաց նրանց աչքի առաջ, դա չտպավորեց նրանց այնքան, որ շարունակ ապավինեին Եհովային։ Նրանք մի քանի անգամ թերահավատորեն վերաբերվեցին Աստծու առաջնորդությանը։ Օրինակ՝ երբ եգիպտական բանակը հետապնդում էր նրանց, իսրայելացիները ցույց տվեցին, որ չեն ապավինում Եհովայի փրկարար զորությանը։ Նրանք մեղադրեցին Աստծու ծառա Մովսեսին՝ ասելով, թե իրենց դուրս է բերել Եգիպտոսից, որ անապատում մեռնեն (Ելք 14։10–12)։ Կարմիր ծովի միջով անցնելուց և եգիպտացիներից ազատագրվելուց կարճ ժամանակ անց նրանք տրտնջացին Մովսեսի, Ահարոնի և Եհովայի դեմ՝ ասելով, թե չունեն բավական սնունդ և ջուր (Ելք 15։22–24; 16։1–3; 17։1–3, 7)։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք ստիպեցին Ահարոնին իրենց համար ոսկե հորթ շինել։ Պատկերացրու՝ ճամբարի մի կողմում իսրայելացիները տեսնում էին ամպի ու կրակի սյունը՝ Եգիպտոսից իրենց Հանողի ներկայության ապացույցը, իսկ դրանից ոչ հեռու նրանք երկրպագում էին անկենդան կուռքի՝ ասելով. «Ո՛վ Իսրայել, սա է քո Աստվածը, որը հանեց քեզ Եգիպտոսից»։ Դա իրոք որ «ծայրաստիճան անհարգալից» վերաբերմունք էր Եհովայի հանդեպ (Ելք 32։4; Նեեմ. 9։18

Իսրայելացիները իրենց ապստամբ արարքներով խիստ անհարգալից վերաբերմունք էին արտահայտում Եհովայի առաջնորդության հանդեպ։ Խնդիրն իրականում նրանց ֆիզիկական աչքերով տեսնելու կարողության մեջ չէր, այլ՝ հոգևոր աչքերով տեսնելու։ Նրանք տեսնում էին սյունը, բայց այլևս չէին գիտակցում, որ դա Եհովայի առաջնորդության ապացույցն է։ Ինչ խոսք, նրանց արարքները «ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին», սակայն նա ողորմածաբար շարունակեց առաջնորդել նրանց այդ սյան միջոցով, մինչև որ նրանք հասան Ավետյաց երկիր (Սաղ. 78։40–42, 52–54; Նեեմ. 9։19

Տես Աստծու առաջնորդության ապացույցն այսօր

Եհովան երբեք իր ժողովրդին չի թողել առանց հստակ առաջնորդության։ Ինչպես որ նախկինում չէր ակնկալվում, որ իսրայելացիները ինքնուրույն գտնեն իրենց ճանապարհը, այնպես էլ հիմա չի ակնկալվում, որ մենք ինքնուրույն գտնենք նոր աշխարհ տանող ուղին։ Այսօր Հիսուս Քրիստոսը նշանակված է Առաջնորդ Աստծու ժողովրդի համար (Մատթ. 23։10; Եփես. 5։23)։ Նա որոշ չափով իշխանություն է տվել հավատարիմ ծառա դասակարգին, որը բաղկացած է ոգով օծված քրիստոնյաներից։ Իր հերթին այս ծառա դասակարգը վերակացուներ է նշանակել քրիստոնեական ժողովում (Մատթ. 24։45–47; Տիտոս 1։5–9

Ինչպե՞ս կարող ենք բնորոշել այդ հավատարիմ ծառա դասակարգին, կամ՝ տնտեսին։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Հիսուսը նկարագրեց նրանց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի նրանց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, գալով, նրան այդպես անելիս գտնի» (Ղուկ. 12։42, 43

Այս ծառա դասակարգը «հավատարիմ» է, քանի որ երբեք չի հեռանում Եհովայից, Հիսուսից, Աստվածաշնչի ճշմարտություններից ու Աստծու ժողովրդից և չի դավաճանում նրանց։ Լինելով «իմաստուն»՝ նա առողջ դատողությամբ է առաջնորդում «Թագավորության բարի լուրը» քարոզելու և «բոլոր ազգերի մեջ աշակերտներ» պատրաստելու կարևորագույն գործը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Այս դասակարգը նաև «ճիշտ ժամանակին» խոնարհաբար հոգևոր առողջ և սննդարար կերակուր է մատակարարում ժողովին։ Այն, որ Եհովան հավանում է նրանց, երևում է այն բանից, որ նա օրհնում է իր ժողովրդին՝ ավելացնելով նրանց թիվը, տալով ճիշտ առաջնորդություն կարևոր որոշումներ կայացնելու համար և օգնելով ավելի լավ հասկանալու աստվածաշնչյան ճշմարտությունները։ Բացի դրանից, Եհովան նրանց պաշտպանում է թշնամու ձեռքն ընկնելուց, ինչպես նաև տալիս է մտքի և սրտի խաղաղություն (Ես. 54։17; Փիլիպ. 4։7

Հետևիր Աստծու առաջնորդությանը

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու առաջնորդությունը։ Պողոս առաքյալը ասաց. «Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» (Եբր. 13։17)։ Այդպես վարվելը գուցե երբեմն դժվար լինի։ Օրինակ՝ պատկերացրու, թե ապրում ես Մովսեսի օրերում։ Դու էլ իսրայելացի ես և դուրս ես եկել Եգիպտոսից։ Բոլորի պես՝ դու հետևում ես ամպի սյանը։ Հանկարծ այն կանգ է առնում։ Որքա՞ն այն կմնա նույն տեղում՝ մեկ օ՞ր, մեկ շաբա՞թ, թե՞ մի քանի ամիս։ Դու մտածում ես. «Արժե՞ բոլոր իրերը հանել կապոցներից, թե՞ ոչ»։ Սկզբում բացում ես միայն այն կապոցները, որոնց մեջ ամենաանհրաժեշտ իրերն ես դրել։ Այնուհետև՝ մի քանի օր անց, կապոցներիդ մեջ ինչ-որ իր փնտրելուց հոգնած՝ սկսում ես բացել բոլորը։ Ու երբ ամեն ինչ արդեն հանել ու դասավորել ես, հանկարծ տեսնում ես, որ սյունը բարձրացել է։ Ստիպված ես նորից ամեն ինչ հավաքել ու պատրաստվել ճանապարհ ընկնելու։ Ինչ խոսք, դա ո՛չ հեշտ է, ո՛չ էլ հարմար։ Այդուհանդերձ, իսրայելացիները պետք է «անմիջապես ճանապարհ ընկնեին» (Թվեր 9։17–22

Իսկ ինչպե՞ս ենք մենք վարվում, երբ առաջնորդություն ենք ստանում Աստծու կողմից։ Ջանո՞ւմ ենք «անմիջապես» հետևել դրան, թե՞ շարունակում ենք անել այնպես, ինչպես որ միշտ ենք արել։ Գիտե՞նք, թե այսօր ինչ առաջնորդություն է տրվում այնպիսի հարցերում, թե ինչպես, օրինակ, Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնել, օտարախոս մարդկանց քարոզել, կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անցկացնել, համագործակցել Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի հետ և պատշաճ վարվելակերպ դրսևորել համաժողովների ժամանակ։ Մենք Աստծու առաջնորդության հանդեպ մեր գնահատանքը ցույց կտանք նաև այն բանով, թե ինչպես ենք խորհուրդներ ընդունում։ Երբ կարևոր որոշման առաջ ենք կանգնած, մենք չենք ապավինի մեր իմաստությանը, այլ կջանանք իմանալ, թե ինչ առաջնորդություն են տալիս Եհովան և իր կազմակերպությունը։ Ինչպես որ երեխան է իր ծնողի պաշտպանությանը դիմում, երբ փոթորիկ է սկսվում, այնպես էլ մենք կդիմենք Եհովայի կազմակերպության պաշտպանությանը, երբ խնդիրները սև ամպերի պես կուտակվեն մեր գլխին։

Ինչ խոսք, Աստծու կազմակերպության երկրային մասի մեջ առաջնորդություն վերցնողները կատարյալ չեն։ Բայց պետք է հիշել, որ Մովսեսը նույնպես կատարյալ չէր, այդուհանդերձ ամպի սյունը ցույց էր տալիս, որ նա նշանակված է Աստծու կողմից և ունի նրա հավանությունը։ Ուշադրություն դարձրու նաև այն հանգամանքին, որ յուրաքանչյուր իսրայելացի ինքնուրույն չէր որոշում, թե երբ ճանապարհ ընկնի։ Բոլորը հետևում էին «այն պատվերին, որը Եհովան տալիս էր Մովսեսի միջոցով» (Թվեր 9։23)։ Այսպիսով՝ Մովսեսը, լինելով Աստծու հրահանգները փոխանցող, ճանապարհ ընկնելու ազդանշան էր տալիս։

Այսօր էլ Եհովայի ծառա դասակարգն է հստակ ազդանշան տալիս, երբ անհրաժեշտ է։ Ինչպե՞ս է դա անում։ Նա հստակ առաջնորդություն է տալիս «Դիտարան» պարբերագրում և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տպված հոդվածների, նոր հրատարակությունների, ինչպես նաև համաժողովների ելույթների միջոցով։ Ժողովները հրահանգներ են ստանում նաև շրջագայող վերակացուների, նամակների և այն դասընթացների միջոցով, որ կազմակերպվում են պատասխանատու եղբայրների համար։

Դու հստակ տեսնո՞ւմ ես Աստծու առաջնորդության ապացույցը։ Այս վերջին օրերում Սատանայի չար աշխարհի անապատում Եհովան իր կազմակերպության միջոցով է առաջնորդում մեզ՝ իր ժողովրդին։ Հետևելով դրան՝ մենք վայելում ենք սեր, միություն և ապահովություն։

Երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր, Հեսուն ասաց նրանց. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար» (Հեսու 23։14)։ Աստծու ժողովուրդն այսօր էլ, անկասկած, կմտնի խոստացված նոր աշխարհ։ Իսկ դու նրանց մեջ կլինե՞ս։ Այս հարցի պատասխանը մեծ մասամբ կախված է այն բանից, թե որքանով ես պատրաստակամորեն և խոնարհությամբ հետևում Աստծու առաջնորդությանը։ Ուստի շարունակ տես Եհովայի առաջնորդությունը և հետևիր դրան։

[նկարներ 5-րդ էջի վրա]

Այսօր Եհովան առաջնորդում է մեզ իր կազմակերպության միջոցով

Նոր լույս տեսած հրատարակություններ

Աստվածապետական դասընթացներ

Ծառայության մեջ հմտանալու համար տրվող կրթություն