Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ես շատ էի վախենում մահից, բայց հիմա...

Ես շատ էի վախենում մահից, բայց հիմա...

Ես շատ էի վախենում մահից, բայց հիմա...

Պատմում է Պիերո Գատին

ՌՈՒՄԲԵՐԻ թնդյունը ավելի ու ավելի բարձր էր լսվում։ Ոռնում էր օդային տագնապի ազդանշանը՝ անհապաղ ապաստարաններում պատսպարվելու կոչնակը։ Վայրկյաններ անց արդեն ականջ էին խլացնում ռումբերի սուլոցը, թնդյունն ու փուլ եկող շենքերի դղրդոցը։

Միլանում էր՝ Իտալիայում։ 1943–1944 թվականներն էին։ Ինձ՝ երիտասարդ զինվորիս, հաճախ հրամայում էին ռմբակոծությունից հետո հավաքել մարդկանց մարմինների մնացորդները, որոնց տները իրենց իսկ գերեզմանն էին դառնում։ Նրանց մարմինները կտոր-կտոր էին լինում և անճանաչելի էին դառնում։ Ես ոչ միայն տեսել եմ, թե ինչպես է մահը խլում ուրիշների կյանքը, այլև անձամբ նայել եմ նրա աչքերի մեջ։ Այդ պահերին աղոթում էի Աստծուն և խոստանում, որ եթե այս «մսաղացից» կենդանի դուրս պրծնեմ, կանեմ այն, ինչ նա է ուզում։

Ազատվում եմ մահվան վախից

Ես մեծացել եմ Իտալիայում՝ Կոմոյից տասը կիլոմետր հեռու գտնվող մի գյուղում՝ Շվեյցարիայի սահմանին մոտ։ Մանուկ հասակից վիշտ ու մահ եմ տեսել։ Իսպանկա գրիպը խլեց երկու քույրերիս կյանքը։ Իսկ 1930-ին, երբ ընդամենը վեց տարեկան էի, մահացավ մայրս՝ Լուիջիան։ Լինելով կաթոլիկ՝ հետևում էի կրոնական ծեսերին և ամեն շաբաթ հաճախում էի պատարագներին։ Սակայն ոչ թե եկեղեցում, այլ վարսավիրանոցում էր, որ ազատվեցի մահվան վախից։

1944 թվականն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը շարունակում էր հնձել մարդկանց կյանքերը։ Տասնյակ հազարավոր իտալացի զինվորների հետ ռազմաճակատից փախա Շվեյցարիա, որը չեզոք գոտի էր։ Մեզ տեղավորեցին փախստականների ճամբարներում։ Ինձ ուղարկեցին Շտայնախի ճամբարներից մեկը՝ Շվեյցարիայի հյուսիսարևելյան կողմում։ Այնտեղ մենք որոշ չափով ազատություն ունեինք։ Շտայնախի վարսավիրը ժամանակավոր օգնականի կարիք ուներ։ Ես նրա մոտ աշխատեցի ու ապրեցի ընդամենը մեկ ամիս, բայց դա բավական էր, որ այնպիսի ծանոթություն ձեռք բերեի, որը փոխելու էր իմ ողջ կյանքը։

Վարսավիրի հաճախորդներից էր Ադոլֆո Տելինին՝ իտալացի, որն ապրում էր Շվեյցարիայում։ Նա Եհովայի վկա էր։ Նախկինում երբեք չէի լսել նրանց մասին, և դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ ամբողջ Իտալիայում ընդամենը 150 Վկա կար։ Ադոլֆոն ինձ հետ խոսեց Աստվածաշնչի հրաշալի ճշմարտությունների մասին, Աստծու խոստացած խաղաղության և հավիտենական կյանքի մասին (Հովհ. 10։10; Հայտն. 21։3, 4)։ Ականջներիս չէի հավատում. ապագա՝ առանց պատերազմի ու մահվան։ Վերադառնալով ճամբար՝ այդ ամենի մասին պատմեցի մի երիտասարդ իտալացու՝ Ջուզեպպե Տուբինիին, ինչը նրան շատ տպավորեց։ Դրանից հետո Ադոլֆոն ուրիշ Վկաների հետ սկսեց երբեմն այցելել մեզ։

Մի անգամ Ադոլֆոն ինձ իր հետ տարավ Արբոն (Շտայնախից 10 կիլոմետր հեռու), որտեղ Եհովայի վկաների մի փոքր խումբ իտալերենով հանդիպումներ էր անցկացնում։ Այդ հանդիպման ժամանակ իմ լսածը այնքան ոգևորեց ինձ, որ հաջորդ շաբաթ ոտքով գնացի այնտեղ։ Հետո Ցյուրիխում ներկա եղա Վկաների համաժողովին։ Հատկապես ցնցող էր սլայդներով ներկայացված մի ֆիլմ մահվան ճամբարներում տեղի ունեցած սպանդի մասին, որում ցուցադրվում էին մարդկանց դիակների կույտեր։ Իմացա նաև, որ գերմանացի Վկաներից շատերը սպանվել են իրենց հավատի համար։ Այդ համաժողովում ծանոթացա Մարիա Պիցցատոյի հետ։ Որպես Վկա իր գործունեության համար Իտալիայի ֆաշիստական իշխանության կողմից նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։

Երբ պատերազմն ավարտվեց, վերադարձա Իտալիա և միացա Կոմոյի փոքր ժողովին։ Թեպետ ինձ հետ ոչ ոք Աստվածաշունչ չէր ուսումնասիրել, սակայն հիմնական ճշմարտությունները լավ գիտեի։ Մարիա Պիցցատոն նույնպես այդ ժողովից էր։ Նա ինձ հետ խոսեց մկրտության անհրաժեշտության մասին և առաջարկեց գնալ Մարչելո Մարտինելիի մոտ, որն ապրում էր Կաստիոնե Անդևեննոյում՝ Սոնդրիո պրովինցիայում։ Մարչելոն օծյալ հավատարիմ եղբայր էր։ Բռնապետական ռեժիմի կողմից նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ Նրան այցելելու համար ես պետք է հեծանիվով անցնեի 80 կիլոմետր։

Մարչելոն Աստվածաշնչի օգնությամբ բացատրեց, թե որոնք են մկրտության պահանջները, որից հետո մենք աղոթեցինք և գնացինք Ադդա գետի մոտ, որտեղ ես մկրտվեցի։ 1946-ի սեպտեմբերն էր։ Այդ օրն առանձնահատուկ էր ինձ համար։ Այնքան ոգևորված էի Եհովային ծառայելու իմ որոշմամբ և ապագայի վերաբերյալ իմ ունեցած հաստատուն հույսով, որ երեկոյան, երբ տուն հասա, նույնիսկ չէի զգում, որ այդ օրը հեծանիվով 160 կիլոմետր էի անցել։

Պատերազմից հետո Իտալիայի առաջին համաժողովը անցկացվեց 1947-ի մայիսին Միլանում։ Ներկա էին 700 հոգի։ Նրանց թվում էին նաև ֆաշիստների կողմից հալածանք կրած շատ մարդիկ։ Այդ համաժողովին մի անսովոր բան տեղի ունեցավ։ Ջուզեպպե Տուբինին, որին քարոզել էի փախստականների ճամբարում, ներկայացրեց մկրտության ելույթը, որից հետո ինքն էլ մկրտվեց։

Այդ համաժողովին պատիվ ունեցա ծանոթանալու Բրուքլինի Բեթելից եղբայր Նաթան Նորի հետ։ Նա ինձ ու Ջուզեպպեին քաջալերեց մեր կյանքի բոլոր տարիները նվիրել Աստծուն ծառայելուն։ Ես որոշեցի առաջիկա ամսից լիաժամ ծառայություն սկսել։ Տուն վերադառնալով՝ որոշմանս մասին տեղեկացրի ընտանիքիս անդամներին։ Նրանք փորձեցին ինձ տարհամոզել, սակայն ապարդյուն։ Ես արդեն որոշել էի։ Ուստի մեկ ամիս անց սկսեցի ծառայել Բեթելում (Միլան)։ Այնտեղ ծառայում էին չորս միսիոներներ՝ Ջուզեպպե Ռոմանոն ու նրա կինը՝ Անժելինան, Կառլո Բենանտին ու նրա կինը՝ Կոստանցան։ Բեթելի ընտանիքի հինգերորդ անդամը Ջուզեպպե Տուբինին էր, որը նոր էր միացել նրանց, իսկ վեցերորդը ես էի։

Մեկ ամիս Բեթելում ծառայելուց հետո նշանակվեցի շրջանային վերակացու։ Ես առաջին շրջանային վերակացուն էի, որ ծնվել էի Իտալիայում։ Այդ ժամանակ եղբայր Ջորջ Ֆրեդիանելին՝ առաջին միսիոները, որ ԱՄՆ-ից 1946-ին եկել էր Իտալիա, շրջագայական ծառայության մեջ էր։ Մի քանի շաբաթ նրա մոտ կրթություն ստանալուց հետո շարունակեցի այդ արկածալի ծառայությունը մենակ։ Հիշողությանս մեջ հատկապես տպավորվել է իմ կատարած առաջին այցելությունը։ Դա Ֆաենցայի ժողովում էր։ Դժվար է պատկերացնել. մինչ այդ ես երբեք ելույթ չէի ունեցել ժողովի առաջ։ Այնուհանդերձ, բոլոր ներկաներին, որոնց մեջ կային նաև շատ երիտասարդներ, քաջալերեցի մտածել լիաժամ ծառայություն սկսելու մասին։ Հետագայում այդ երիտասարդներից ոմանք մեծ պատասխանատվություններ ստանձնեցին Իտալիայի դաշտում։

Կյանքումս մի հետաքրքիր շրջան սկսվեց։ Այն լի էր անակնկալներով, փոփոխություններով և ուրախություններով։ Շրջագայական այս ծառայության մեջ միշտ զգում էի մեր սիրելի քույրերի ու եղբայրների ջերմ սերը։

Կրոնական վիճակը պատերազմից հետո

Ուզում եմ փոքր-ինչ պատմել, թե այդ ժամանակ Իտալիայում կրոնական ինչ վիճակ էր տիրում։ Կաթոլիկ եկեղեցին իր իշխանությունն էր բանեցնում։ Թեև 1948-ին նոր սահմանադրություն ընդունվեց, սակայն միայն 1956-ին էր, որ ֆաշիստների կողմից Եհովայի վկաների քարոզչական գործունեության վրա դրված արգելքը հանվեց։ Կրոնավորների գործադրած ճնշման պատճառով շրջանային համաժողովները հաճախ ընդհատվում էին։ Բայց երբեմն նրանց ջանքերը ձախողվում էին։ Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ 1948-ին Սուլմոնայում, որը մի փոքր քաղաք է կենտրոնական Իտալիայում։

Համաժողովը անցկացվում էր թատրոնի դահլիճում։ Այդ օրերի համար ներկաների թիվը բավականին մեծ էր։ Ամբողջ երկրում նույնիսկ 500 քարոզիչ չկար, սակայն դահլիճը լցված էր 2000 մարդկանցով։ Կիրակի օրը ես ծրագրի նախագահողն էի։ Երբ Ջուզեպպե Ռոմանոն վերջացրեց իր ելույթը, մի երիտասարդ տղամարդ դահլիճում գտնվող երկու քահանաների դրդմամբ ցատկեց բեմի վրա և ներկաների մեջ շփոթություն գցելու նպատակով սկսեց ողջ ձայնով բղավել։ Առանց ինձ կորցնելու՝ ասացի նրան. «Եթե ասելու բան ունես, սրահ վարձիր և ինչ ուզում ես, կարող ես այնտեղ ասել»։ Նրա արարքը ունկնդիրներին չտպավորեց, և դժգոհության ձայները լռեցրին նրան։ Նա բեմից ցած թռավ ու անհետացավ։

Այդ տարիներին ճանապարհորդությունը լի էր արկածներով։ Երբեմն մի ժողովից մյուսը ոտքով էի գնում, երբեմն՝ հեծանիվով, երբեմն էլ ջարդուխուրդ եղած լեփ-լեցուն ավտոբուսով կամ էլ գնացքով։ Պատահում էր այնպես, որ գիշերում էի գոմում կամ գործիքների պահոցում։ Պատերազմը նոր էր ավարտվել, և իտալացիների մեծ մասը աղքատ էր։ Եղբայրները շատ քիչ էին ու շատ չքավոր։ Այնուամենայնիվ, կյանքը Եհովայի ծառայության մեջ սքանչելի էր։

Սովորում եմ Գաղաադում

1950​թ.-ին ես և Ջուզեպպե Տուբինին հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 16-րդ դասարանում։ Հենց սկզբից հասկացա, որ ինձ համար հեշտ չի լինի անգլերեն սովորելը։ Ես ամեն ջանք թափում էի, բայց դա իրոք շատ դժվար էր։ Ամբողջ Աստվածաշունչը պետք է անգլերեն կարդայինք։ Երբեմն չէի գնում ճաշի, փոխարենը՝ բարձրաձայն ընթերցանությամբ է զբաղվում, որպեսզի բարելավեի անգլերենի իմ իմացությունը։ Ի վերջո, եկավ ելույթ ներկայացնելու իմ հերթը։ Մինչև հիմա հիշում եմ այդ օրը, ասես երեկ լիներ։ Ուսուցիչս ասաց. «Քո ժեստերն ու ոգևորությունը հոյակապ էին, բայց քո անգլերենից ոչինչ չհասկացանք»։ Չնայած դրան՝ ես հաջողությամբ ավարտեցի դպրոցը։ Իմ ու Ջուզեպպեի նշանակման վայրը Իտալիան էր։ Այդ կրթությունից հետո մենք ավելի լավ էինք պատրաստված ծառայելու եղբայրներին։

1955-ին ամուսնացա Լիդիայի հետ, որի մկրտության ելույթը ես էի ներկայացրել յոթ տարի առաջ։ Նրա հայրը՝ Դոմենիկոն, բոլորի կողմից սիրված եղբայր էր։ Նա կարողացել էր օգնել իր բոլոր յոթ երեխաներին ընդունելու ճշմարտությունը՝ չնայած ֆաշիստական ռեժիմի կողմից իր կրած հալածանքներին և երեք տարով աքսորված լինելուն։ Լիդիան ճշմարտության իսկական «զինվոր» էր։ Մինչև կառավարության կողմից տնետուն քարոզելու մեր իրավունքի ճանաչվելը նա երեք անգամ դատվել էր։ Վեց տարվա ամուսիններ էինք, երբ ծնվեց Բենիամինոն՝ մեր առաջին որդին։ Իսկ 1972-ին ծնվեց Մարկոն։ Երջանիկ եմ, որ այսօր երկուսն էլ իրենց ընտանիքներով նախանձախնդրորեն ծառայում են Եհովային։

Շարունակում եմ ակտիվորեն ծառայել Աստծուն

Ծառայության մեջ անցկացրած երջանիկ տարիների ընթացքում հիշարժան շատ դեպքեր են եղել։ Օրինակ՝ 1980-ականների սկզբում աներս նամակ գրեց Իտալիայի նախագահին՝ Սանդրո Պերտինիին։ Ֆաշիստական դիկտատուրայի ժամանակ նրանք միասին աքսորված են եղել Վենտոտեն կղզում, որտեղ պահում էին նրանց, ում կասկածում էին ֆաշիզմի թշնամի լինելու մեջ։ Աներս վկայություն տալու նպատակով հանդիպում էր խնդրում նախագահի հետ։ Նրա խնդրանքը ընդունվեց, և ես նրա հետ գնացի այդ հանդիպմանը։ Դա ընկերական հանդիպում էր, ինչը անսովոր էր։ Նա ջերմորեն ողջունեց աներոջս, և նրանք գրկախառնվեցին։ Հետո մենք խոսեցինք մեր հավատի մասին և նրան գրականություն տվեցինք։

1991​թ.-ին ավարտվեց իմ շրջագայական ծառայությունը, որը տևեց 44 տարի տարի։ Այդ ընթացքում ես այցելել եմ Իտալիայում սփռված բոլոր ժողովներին։ Հաջորդ չորս տարիներին ծառայեցի որպես Համաժողովների սրահի վերակացու, մինչև որ լուրջ հիվանդության պատճառով ստիպված եղա թեթևացնել իմ զբաղվածությունը։ Սակայն երախտապարտ եմ Եհովային, որ շնորհիվ նրա անզուգական բարության ես դեռ լիաժամ ծառայող եմ։ Ձգտում եմ իմ լավագույնն անել բարի լուրը քարոզելու և ուսուցանելու գործում և ներկայումս մի քանի հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն եմ անցկացնում։ Եղբայրները հիմա էլ ասում են, որ ելույթները «բռնկուն» ոգևորությամբ եմ ներկայացնում։ Շնորհակալ եմ Եհովային, որ տարիների ընթացքում միջիս կրակը չի մարել։

Երիտասարդ տարիքում ես մահվան վախի մեջ էի ապրում, բայց Աստվածաշնչի ճշգրիտ գիտելիքների շնորհիվ հավիտենական կյանքի հույսը ձեռք բերեցի (Հովհ. 10։10)։ Հենց դրան եմ այժմ սպասում՝ խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի Եհովայի առատ օրհնությունների հետ միասին։ Թող ողջ փառքը լինի մեր սիրելի Արարչին, որի անունը պատիվ ունեմ կրելու (Սաղ. 83։18

[քարտեզ 22, 23-րդ էջի վրա]

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ԲԵՌՆ

Ցյուրիխ

Արբոն

Շտայնախ

ԻՏԱԼԻԱ

ՀՌՈՄ

Կոմո

Միլան

Ադդա գետ

Կաստիոնե Անդևեննո

Ֆաենցա

Սուլմոնա

Վենտոտեն

[նկար 22-րդ էջի վրա]

Գնում ենք Գաղաադում սովորելու

[նկար 22-րդ էջի վրա]

Ջուզեպպեի հետ Գաղաադում

[նկար 23-րդ էջի վրա]

Մեր հարսանիքի օրը

[նկար 23-րդ էջի վրա]

Իմ սիրելի կինը ավելի քան 55 տարի է՝ իմ կողքին է