Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երկարատեվ իրավաբանական պայքարը ավարտվեց հաղթանակով

Երկարատեվ իրավաբանական պայքարը ավարտվեց հաղթանակով

Երկարատև իրավաբանական պայքարը ավարտվեց հաղթանակով

ԱՄԵՆ ինչ սկսվեց 1995​թ.-ին և տևեց 15 տարի։ Ռուսաստանում ճշմարիտ քրիստոնյաները միշտ էլ եղել են կրոնի ազատության դեմ պայքարողների հարձակման թիրախը։ Հակառակորդների նպատակն էր լուծարել Եհովայի վկաների կազմակերպությունը Մոսկվայում և նրա սահմաններից դուրս։ Չնայած նրանց ջանքերին՝ Եհովան վարձատրեց Ռուսաստանում ապրող մեր թանկագին քույրերին ու եղբայրներին՝ իրավաբանական պայքարում հաղթանակ շնորհելով նրանց։ Սակայն ինչպե՞ս սկսվեց այս պայքարը։

ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1990-ականների սկզբներին մեր եղբայրները ստացան կրոնական ազատություն, ինչը կորցրել էին 1917-ին։ 1991-ին նրանք Խորհրդային Միության կառավարության կողմից ստացան պետական գրանցում։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Եհովայի վկաները գրանցվեցին Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այն Վկաները, որոնք տասնամյակներ առաջ ենթարկվել էին կրոնական հետապնդումների, կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվեցին որպես քաղաքական հետապնդումների զոհեր։ 1993-ին Արդարադատության նախարարության Մոսկվայի վարչությունը գրանցեց Մոսկվայի Եհովայի վկաների համայնքը, և մենք իրավական ճանաչում ստացանք։ Այդ նույն թվականին ուժի մեջ մտավ Ռուսաստանի նոր սահմանադրությունը, որը երաշխավորում է կրոնի ազատություն։ Զարմանալի չէ, որ եղբայրներից մեկը հետևյալն ասաց. «Մենք չէինք էլ երազել, որ նման ազատություն կունենանք»։ Այնուհետև ավելացրեց. «Հիսուն տարի մենք այս պահին ենք սպասել»։

Ռուսաստանի եղբայրներն ու քույրերը օգտվեցին ստեղծված «բարենպաստ ժամանակից»։ Անմիջապես զարկ տրվեց քարոզչական գործին, և շատերը դրականորեն արձագանքեցին բարի լուրին (2 Տիմոթ. 4։2)։ «Մարդիկ հետաքրքրված էին կրոնով»,— ասաց մի կին։ Շատ չանցած՝ քարոզիչների, ռահվիրաների և ժողովների թիվը կտրուկ ավելացավ։ 1990–1995 թվականներին Մոսկվայում քարոզիչների թիվը 300-ից հասավ 5000-ի։ Մոսկվայում Վկաների շարքերի ստվարանալուն զուգընթաց աճեց կրոնական ազատության դեմ պայքարողների անհանգստությունը։ Արդեն 1990-ականների կեսերին նրանք, իրավաբանական «պատերազմ» հրահրելով, անցան հարձակման։ Այդ պայքարը մինչև վերջնական լուծում գտնելը անցնելու էր չորս առանձին փուլերով։

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌԱՋ

Պայքարի առաջին փուլը սկսվեց 1995-ի հունիսին։ Մոսկվայում գործող հասարակական մի կազմակերպություն, որը բացահայտ գործում է Ռուս ուղղափառ եկեղեցուն կից, բողոք ներկայացրեց դատարան, որով մեր եղբայրներին մեղադրում էր քրեորեն դատապարտելի գործունեություն ծավալելու մեջ։ Այդ կազմակերպությունը հայտարարեց, թե ներկայացնում է այն մարդկանց շահերը, որոնց ընտանիքի անդամները՝ կողակիցը կամ երեխաները, դարձել են Եհովայի վկաներ։ 1996​թ. հունիսին սկսվեց հետաքննություն իրավախախտումների ապացույցներ հայտնաբերելու նպատակով, սակայն ապարդյուն։ Այդուհանդերձ, հակառակորդները մեկ այլ բողոք ներկայացրին՝ կրկին մեղադրելով մեր եղբայրներին քրեորեն հետապնդվող հանցանքներ գործելու մեջ։ Նորից հետաքննություն սկսվեց, սակայն բոլոր մեղադրանքները հերքվեցին։ Չնայած դրան՝ նրանք նույն մեղադրանքներով երրորդ անգամ բողոք ներկայացրին։ Մոսկվայի Եհովայի վկաների նկատմամբ կրկին հետաքննություն իրականացվեց, սակայն դատախազը նույն եզրահանգմանը եկավ. հիմքեր չկային քրեական գործ հարուցելու համար։ Հակառակորդները նույն բողոք ներկայացրին չորրորդ անգամ, սակայն դատախազը կրկին ապացույցներ չգտավ։ Անհավատալի է, սակայն, որ նրանք պահանջեցին մեկ այլ հետաքննություն։ Ի վերջո, 1998-ի ապրիլի 13-ին նոր քննիչը գործը կասեցրեց։

«Բայց դրանից հետո,— ասաց գործին մասնակցող մի փաստաբան,— արտառոց բան տեղի ունեցավ»։ Թեև դատախազության ներկայացուցիչը, որը անցկացրեց հինգերորդ հետաքննությունը, ընդունեց, որ քրեորեն հետապնդվող իրավախախտման ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, սակայն ասաց, որ պետք է քաղաքացիական հայց ներկայացվի ընդդեմ մեր եղբայրների։ Նա պնդեց, թե Մոսկվայի Եհովայի վկաների համայնքը ոտնահարել է ներպետական և միջազգային օրենքը։ Նրա խոսքերի հետ համաձայնելով՝ Մոսկվայի հյուսիսային վարչական օկրուգի դատախազը քաղաքացիական հայցով դիմեց դատարան *։ 1998-ի սեպտեմբերի 29-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանի դատարանում սկսվեցին գործի լսումները։ Պայքարը թևակոխեց երկրորդ փուլ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մոսկվայի հյուսիսային շրջանի դատարանի մի անշուք ու փոքր դահլիճում դատախազ Տատյանա Կոնդրատևան սկսեց իր «հարձակումը»՝ օգտագործելով 1997-ին ընդունված այն դաշնային օրենքը, համաձայն որի՝ ավանդական կրոններ են ուղղափառ քրիստոնեությունը, մահմեդականությունը, հուդայականությունը և բուդդայականությունը *։ Այդ օրենքը գործնականում խոչընդոտ է ստեղծում որևէ այլ կրոնի համար պետական գրանցում ստանալու հարցում։ Այն նաև իրավունք է տալիս դատարաններին արգելելու այն կրոնների գործունեությունը, որոնք ատելություն են հրահրում։ Շահարկելով այս օրենքը՝ դատախազը մեղադրեց Եհովայի վկաներին հասարակության մեջ ատելություն հրահրելու և ընտանիքներ քայքայելու մեջ ու պնդեց, որ Եհովայի վկաների գործունեությունը պետք է արգելվի։

Մեր եղբայրների դատապաշտպանը հարցրեց դատախազին. «Ովքե՞ր են Մոսկվայի ժողովի այն անդամները, որոնք խախտել են այդ օրենքը»։ Նա ոչ մի անուն չկարողացավ տալ։ Փոխարենը՝ պնդեց, որ Եհովայի վկաների գրականությունը կրոնական թշնամանք է հրահրում։ Իր խոսքը հիմնավորելու համար նա կարդաց «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից ու այլ հրատարակություններից (տե՛ս նկարը)։ Երբ հարց ուղղվեց նրան, թե ինչ կերպով են դրանք թշնամանք հրահրում, նա պատասխանեց. «Եհովայի վկաները սովորեցնում են, որ իրենք դավանում են ճշմարիտ կրոնը»։

Մեր եղբայրներից մեկը, որը նաև փաստաբան էր, Աստվածաշնչի մեկ օրինակ տվեց դատավորին և մեկ օրինակ էլ դատախազին, որից հետո կարդաց Եփեսացիներ 4։5 համարը. «Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն»։ Հետո դատավորը, դատախազը և մեր փաստաբանը Աստվածաշնչից կարդացին ու քննարկեցին նաև Հովհաննես 17։18 և Հակոբոս 1։27 համարները։ Դատավորը հարցրեց. «Այս խոսքերը հրահրո՞ւմ են կրոնական թշնամանք»։ Դատախազը պատասխանեց, որ իրավասու չէ մեկնաբանելու Աստվածաշնչի խոսքերը։ Փաստաբանը ցույց տվեց Ռուս ուղղափառ եկեղեցու հրատարակությունները, որոնք խստորեն քննադատում էին Եհովայի վկաներին, և հարցրեց. «Այս պնդումները խախտո՞ւմ են օրենքը»։ Դատախազը պատասխանեց. «Ես իրավասու չեմ մեկնաբանելու եկեղեցական փաստարկները»։

ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ

Վկաներին ընտանիքներ քայքայելու մեջ մեղադրելով՝ դատախազը որպես փաստ նշեց այն, որ մենք չենք նշում այնպիսի տոներ, ինչպիսին օրինակ՝ Սուրբ ծնունդն է։ Սակայն նա հետո ընդունեց, որ Ռուսաստանի օրենքը չի պահանջում իր քաղաքացիներից տոնել Սուրբ ծնունդը։ Ռուսները, այդ թվում նաև ռուս Եհովայի վկաները ունեն ընտրության ազատություն։ Դատախազը նաև հայտարարեց, թե մեր կազմակերպությունը «զրկում է երեխաներին նորմալ հանգստից և զվարճություններից»։ Սակայն երբ նրան հարց ուղղվեց, նա ընդունեց, որ երբեք չի խոսել որևէ երեխայի հետ, որի ծնողները Եհովայի վկաներ են։ Երբ փաստաբանը հարցրեց դատախազին, թե երբևէ ներկա եղել է Եհովայի վկաների հանդիպումներին, նա պատասխանեց. «Դրա կարիքը չկար»։

Մեղադրող կողմը մի պրոֆեսոր-հոգեբույժի դատարան հրավիրեց՝ որպես փորձագետ վկա հարցաքննվելու։ Վերջինս հաստատեց, որ մեր գրականությունը կարդալը մտային խնդիրներ է առաջացնում։ Երբ պաշտպանող կողմի փաստաբանը նշեց, որ դատարանին ներկայացրած պրոֆեսորի գրավոր ցուցմունքը շատ նման է այն փաստաթղթին, որ կազմվել է Մոսկվայի պատրիարքության կողմից, նա ընդունեց, որ որոշ հատվածներ նույնն են բառ առ բառ։ Պրոֆեսորն ասաց. «Մենք օգտվել ենք նույն դիսկետից»։ Հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ նա երբեք Եհովայի վկա պացիենտ չի ունեցել։ Հակառակ դրան՝ դատարանում վկայություն տվեց նաև մեկ ուրիշ պրոֆեսոր-հոգեբույժ, որը ուսումնասիրություն է անցկացրել Մոսկվայում ապրող ավելի քան 100 Վկաների շրջանում։ Նա նշեց, որ այդ մարդիկ գտնվում են նորմալ մտային առողջական վիճակում, և ավելացրեց, որ պարզել է, որ նրանք Եհովայի վկա դառնալուց հետո ավելի հանդուրժող են դարձել մյուս կրոնների հանդեպ։

ՀԱՂԹԱՆԱԿ, ԲԱՅՑ ՈՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ

1999​թ. մարտի 12-ին դատարանը դադարեցրեց գործի վարույթը և նշանակեց հինգ փորձագետի՝ ուսումնասիրելու Եհովայի վկաների գրականությունը։ Մոսկվայի դատավարությունից անկախ՝ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը մասնագետներից բաղկացած մի հանձնախմբի կարգադրել էր ուսումնասիրել մեր գրականությունը։ Նախարարության կողմից կազմված այս հանձնախումբը 1999​թ. ապրիլի 15-ին զեկուցագիր ներկայացրեց, համաձայն որի՝ մեր գրականության մեջ ոչ մի վտանգավոր բան չեն գտել։ Ուստի 1999-ի ապրիլի 29-ին Արդարադատության նախարարությունը վերագրանցեց Եհովայի վկաներին։ Իր առաջ ունենալով հանձնախմբի ուսումնասիրության թարմ տվյալները՝ Մոսկվայի դատարանը պնդեց, որ պետք է փորձագետների նոր հանձնախումբ նշանակվի մեր գրականությունն ուսումնասիրելու համար։ Սա տարօրինակ իրավիճակ ստեղծեց. Եհովայի վկաները Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես ճանաչվեցին որպես ընդունելի կրոն, որը ենթարկվում է օրենքին, սակայն միևնույն ժամանակ Արդարադատության նախարարության Մոսկվայի վարչության կողմից հետաքննության էին ենթարկվում՝ մեղադրվելով օրենքը խախտելու մեջ։

Մոտ երկու տարի անցավ, մինչև որ դատական գործի վարույթը վերսկսվեց, և 2001​թ. փետրվարի 23-ին իր կողմից նշանակված հանձնախմբի եզրակացությունը ուսումնասիրելուց հետո դատավոր Ելենա Պրոխորիչևան վճիռ ընդունեց. «Մոսկվայում Եհովայի վկաների կրոնական համայնքի լուծարման կամ նրա գործունեության արգելման համար ոչ մի հիմք չկա»։ Վերջապես մեր եղբայրները իրենց դեմ ուղղված բոլոր մեղադրանքներից օրինականորեն անմեղ ճանաչվեցին Բայցևայնպես, դատախազին չբավարարեց վճիռը, և նա դիմեց Մոսկվայի քաղաքային դատարան։ Երեք ամիս անց՝ 2001-ի մայիսի 30-ին, դատարանը անվավեր ճանաչեց դատավոր Պրոխորիչևայի կայացրած վճիռը։ Այն կարգադրեց, որ նոր դատավարություն անցկացվի միևնույն դատարանում, սակայն մեկ ուրիշ դատավորի նախագահությամբ։ Մեկնարկեց պայքարի երրորդ փուլը։

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ

2001​թ. հոկտեմբերի 30-ին սկսվեց նոր դատավարություն, որը վարում էր դատավոր Վերա Դուբինսկայան *։ Դատախազ Կոնդրատևան կրկին մեղադրեց Եհովայի վկաներին ատելություն հրահրելու մեջ, սակայն հետո ավելացրեց, որ Եհովայի վկաների՝ որպես իրավաբանական անձի գործունեությունը արգելքի տակ դնելը միջոց է, որով հնարավոր կլինի պաշտպանել Մոսկվայի Վկաների իրավունքները։ Նրա տարօրինակ հայտարարությանն ի պատասխան՝ Մոսկվայի ավելի քան 10000 վկաներ ստորագրեցին մի խնդրագիր, համաձայն որի՝ նրանք խնդրում էին դատարանին մերժել դատախազի՝ «պաշտպանության» առաջարկությունը։

Դատախազը նշեց, որ հարկ չի համարում փաստեր ներկայացնելու Եհովայի վկաների իրավախախտումներն ապացուցելու համար։ Նաև ասաց, որ դատական գործը առնչվում է Վկաների գրականությանն ու հավատալիքներին, ոչ թե նրանց գործունեությանը։ Նա հայտարարեց, որ որպես վկա դատարան կհրավիրի Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակին։ Ինչ խոսք, նման հայտարարությունը հաստատում է այն, որ քահանաները ակտիվորեն ներգրավված էին Վկաների գործունեությունը արգելքի տակ դնելու գործում։ 2003​թ. մայիսի 22-ին դատավորը կարգադրեց, որ փորձագետների հանձնախումբ կազմվի, որը կուսումնասիրի Եհովայի վկաների գրականությունը։ Նորից։

2004​թ. փետրվարի 17-ին դատավարությունը վերսկսվեց՝ քննելու հանձնախմբի ուսումնասիրության արդյունքները։ Փորձագետները գտնում էին, որ մեր հրատարակությունները քաջալերում են ընթերցողին «պահպանել ընտանեկան և ամուսնական կապերը», ու բացի այդ, այն պնդումը, թե մեր գրականությունը ատելություն է սերմանում, «չի հաստատվել»։ Այլ մասնագետներ նույն կարծիքին էին։ Կրոնի պատմության մի պրոֆեսորի հարց ուղղվեց. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում»։ Նա դատարանին պատասխանեց. «Քրիստոնյայի համար քարոզելը պարտականություն է։ Այդպես է ասում Ավետարանը, և դա հենց այն է, ինչ Հիսուսը պատվիրեց անել իր հետևորդներին՝ «գնացեք ու քարոզեք բոլոր ազգերի մեջ»»։ Չնայած այս ամենին՝ 2004​թ. մարտի 26-ին դատավորը արգելք դրեց Մոսկվայում Եհովայի վկաների գործունեության վրա։ Իսկ 2004-ի հունիսի 16-ին Մոսկվայի Քաղաքային դատարանը անփոփոխ թողեց այդ վճիռը *։ Երկար տարիների մի Վկա վճռի վերաբերյալ հետևյալն ասաց. «Խորհրդային տարիներին ռուսը պետք է աթեիստ լիներ։ Այսօր ռուսը պետք է ուղղափառ լինի»։

Ինչպե՞ս վարվեցին մեր եղբայրները, երբ արգելք դրվեց։ Նրանց վերաբերմունքը շատ նման է աստվածաշնչյան ժամանակներում ապրած Նեեմիայի վերաբերմունքին։ Նրա օրերում, երբ Աստծու ժողովրդի թշնամիները հակառակվում էին Երուսաղեմի պարիսպը վերակառուցելու նրա ջանքերին, Նեեմիան և նրա հետ եղողները թույլ չտվեցին, որ որևէ հակառակություն խոչընդոտի իրենց գործին։ Նրանք «շարունակեցին կառուցել» և «սիրտ առան, որ շարունակեն աշխատանքը» (Նեեմ. 4։1–6)։ Նմանապես, Մոսկվայում ապրող մեր եղբայրները թույլ չտվեցին, որ հակառակորդները հետ պահեն իրենց այն գործից, որը պետք է իրականացվի այսօր, այսինքն՝ բարի լուրը քարոզելուց (1 Պետ. 4։12, 16)։ Նրանք վստահ էին, որ Եհովան կհոգա իրենց մասին, և պատրաստ էին երկարատև պայքարի չորրորդ փուլին։

ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ՈՒԺԳՆԱՆՈՒՄ

Մեր եղբայրները 2004​թ. օգոստոսի 25-ին Կրեմլին խնդրագիր ուղղեցին, որը հասցեագրված էր այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խնդրագիրը, որում ներկայացված էր արգելքի վերաբերյալ մտահոգությունը, կազմված էր 76 հատորներից և ստորագրված էր ավելի քան 315000 մարդկանց կողմից։ Այդ ընթացքում Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես եկավ իր ողջ ներկապնակով։ Մոսկվայի Պատրիարքության խոսնակը հայտարարեց. «Մենք կտրականապես դեմ ենք Եհովայի վկաների գործունեությանը»։ Իսկ մահմեդականության առաջնորդներից մեկը ասաց, որ արգելքի տակ դնելու վճռի կայացումը «կարևոր և նշանակալից իրադարձություն» էր։

Զարմանալի չէր, որ խաբեության մեջ եղող մարդիկ Եհովայի վկաների վրա հարձակվելու համարձակություն ձեռք բերեցին։ Մոսկվայում եղան դեպքեր, երբ հակառակորդները նույնիսկ ձեռքերով ու ոտքերով հարվածեցին որոշ Վկաների, որոնք դուրս էին եկել քարոզչական ծառայության։ Մի կատաղած տղամարդ հարձակվել էր մեր քույրերից մեկի վրա, դուրս էր արել նրան շենքից և ոտքով այնքան ուժգին էր հարվածել նրա մեջքին, որ քույրն ընկել ու գլուխը վնասել էր։ Բժշկական օգնության կարիք էր եղել, սակայն ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկել նրան վնաս հասցրած տղամարդու դեմ։ Որոշ Վկաներ էլ ձերբակալվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նրանց նկարել էին, վերցրել էին մատնահետքերը և մի ամբողջ գիշեր պահել էին կալանքի տակ։ Մոսկվայի այն սրահների տնօրենները, որոնք այդ տարածքները վարձակալությամբ տրամադրում էին Վկաներին՝ ժողովի հանդիպումներ անցկացնելու համար, ենթարկվեցին սպառնալիքի, թե կհեռացվեն, եթե շարունակեն գործակցել Վկաների հետ։ Կարճ ժամանակ անց բազմաթիվ ժողովներ կորցրին վարձակալած հանդիպման վայրերը։ Քառասուն ժողովներ ստիպված եղան իրենց հանդիպումներն անցկացնել Թագավորության սրահների մի համալիրում, որը բաղկացած էր չորս սրահից։ Այդ ժողովներից մեկը պետք է անցկացներ իր Հանրային հանդիպումը առավոտյան ժամը 7։30-ին։ «Հանդիպմանը ներկա լինելու համար քարոզիչները ստիպված էին արթնանալ ժամը 5։00-ին,— ասաց մի շրջանային վերակացու,— սակայն նրանք պատրաստակամորեն այդպես արեցին ավելի քան մեկ տարի»։

«ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Մոսկվայի դրած արգելքի անօրինական լինելու հանգամանքը բացահայտելու համար 2004​թ. դեկտեմբերին մեր եղբայրները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (տե՛ս 6-րդ էջի շրջանակը՝ «Ինչու Ռուսաստանի դատավճիռը վերանայվեց Ֆրանսիայում»)։ Վեց տարի անց՝ 2010​թ. հունիսի 10-ին, Դատարանը միաձայն վճիռ կայացրեց, որը լիովին արդարացնում էր Եհովայի վկաներին բոլոր մեղադրանքներից *։ Դատարանը քննեց մեր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և գտավ, որ դրանք բոլորովին անհիմն են։ Այն նաև նշեց, որ Ռուսաստանը իրավական պարտավորվածություն է կրում միջոցներ ձեռնարկելու, որպեսզի «վերջ դրվի Եվրոպական դատարանի կողմից սահմանված խախտմանը, և դրա հետևանքները վերացնի այնպես, որ հնարավորության սահմաններում վերականգնվի խախտումներից առաջ եկած իրավիճակը» (տես 8-րդ էջի շրջանակը՝ «Դատարանի վճիռը»)։

Դատարանի մանրամասն շարադրված եզրակացությունները, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պաշտպանում Եհովայի վկաների գործունեության կերպերը, պարտավորեցնող են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Եվրախորհրդի 46 մնացած անդամ պետությունների համար։ Դեռ ավելին, այս վճիռը կհետաքրքրի աշխարհի բոլոր իրավագետներին, դատավորներին, օրենսդիր մարմիններին և մարդու իրավունքների մասնագետներին, քանի որ այն օրենքի և փաստերի խորը և ընդգրկուն վերլուծություն է պարունակում։ Իր որոշման մեջ Դատարանը հիշատակեց ոչ միայն նախկինում Եհովայի վկաների օգտին իր կողմից ընդունված ութ որոշումները, այլ նաև այն ինը հաղթանակները, որ տարել են Եհովայի վկաները Արգենտինայի, Կանադայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իսպանիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների բարձր ատյաններում։ Այս հղումները և Դատարանի կողմից Մոսկվայի դատախազի ներկայացրած մեղադրանքների հստակ մերժումները հզոր միջոց դարձան Եհովայի վկաների համաշխարհային կրոնական կազմակերպության համար, որը կարող են օգտագործել պաշտպանելու համար իրենց հավատը և գործունեությունը։

Հիսուսը ասաց իր հետևորդներին. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթ. 10։18)։ Իրավաբանական պայքարը, որը մղվեց անցած 15 տարիների ընթացքում, հնարավորություն տվեց մեր եղբայրներին Եհովայի անունը հռչակելու թե՛ Մոսկվայում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Հետաքննությունների, դատական լսումների ժամանակ և միջազգային դատարանի վճռի հետ կապված ուշադրությունը, որը հրավիրվեց Եհովայի վկաների վրա, ինչ խոսք, ծառայեց «վկայություն լինելուն» և նպաստեց «բարի լուրի տարածմանը» (Փիլիպ. 1։12)։ Այսօր, երբ Եհովայի վկաները Մոսկվայում քարոզում են մարդկանց, շատերը զարմանում են՝ ասելով. «Մի՞թե ձեզ չեն արգելել»։ Այդ հարցը հաճախ մեր եղբայրներին առիթ է տալիս նրանց ավելի շատ տեղեկություններ հայտնելու մեր հավատալիքների մասին։ Պարզ է, որ ոչ մի հակառակություն չի կարող կանգնեցնել կամ հետ պահել մեզ Թագավորության մասին քարոզելու գործից։ Մենք աղոթում ենք Եհովային, որ շարունակի օրհնել ու աջակցել Ռուսաստանում ապրող մեր սիրելի և խիզախ եղբայրներին ու քույրերին։

[ծանոթագրություններ]

^ Հայցը ներկայացվեց 1998-ի ապրիլի 20-ին, որից երկու շաբաթ անց՝ մայիսի 5-ին, Ռուսաստանը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

^ «Այս օրենքը ընդունվեց Ռուս ուղղափառ եկեղեցու մեծ ճնշման ներքո, որը ամեն ջանք թափում է Ռուսաստանում իր դիրքը պահպանելու և Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ տեսնելու համար» («Ասոշիեյթեդ պրես», հունիսի 25, 1999)։

^ Զավեշտական է, որ հենց նույն օրը տասներորդ տարելիցն էր Ռուսաստանում ընդունված այն օրենքի, որի համաձայն՝ Եհովայի վկաները ճանաչվել են կրոնական հետապնդումների զոհեր Խորհրդային իշխանության օրոք։

^ Արգելքը լուծարեց Մոսկվայի Եհովայի վկաների համայնքի՝ որպես իրավաբանական անձի գրանցումը։ Հակառակորդները հույս ունեին, թե լուծարումը հետ կպահի մեր եղբայրներին իրենց ծառայությունը կատարելուց։

^ 2010​թ. նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած հանձնախումբը մերժեց Ռուսաստանի դիմումն առ այն, որ գործը վերանայվի Մեծ պալատում։ Այդպիսով 2010​թ. հունիսի 10-ին կայացված վճիռը դարձավ անբեկանելի և կատարման համար պարտադիր։

[շրջանակ/նկար 6-րդ էջի վրա]

Ինչու Ռուսաստանի վճիռը վերանայվեց Ֆրանսիայում

1996​թ. փետրվարի 28-ին Ռուսաստանը ստորագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (1998​թ. մայիսի 5-ին Ռուսաստանը վավերացրեց Կոնվենցիան)։ Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ իր երկրի քաղաքացիներն ունեն.

կրոնի ազատության իրավունք, իրենց կրոնը հրապարակավ կամ մասնավոր կարգով արտահայտելու իրավունք և իրենց կրոնը փոխելու ազատության իրավունք (հոդված 9),

սեփական գաղափարները պատասխանատու կերպով բանավոր կամ գրավոր արտահայտելու և տարածելու իրավունք (հոդված 10),

խաղաղ հավաքների մասնակցելու ազատության իրավունք (հոդված 11)։

Այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք այս փաստաթղթում ամրագրված իրավունքների խախտման զոհ են դարձել և համապատասխանաբար դիմել են իրենց երկրի բոլոր իրավական ատյաններին, կարող են դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա)։ Դատարանը կազմված է 47 դատավորներից։ Նրանց թիվը համապատասխանում է այն երկրների թվին, որոնք ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դատարանի վճիռները պարտադիր են Կոնվենցիան ստորագրած բոլոր երկրների համար, և նրանք պարտավորվում են ենթարկվել դրանց։

[շրջանակ 8-րդ էջի վրա]

Դատարանի վճիռը

Ստորև բերված են դատարանի վճռից որոշ հատվածներ։

Մեղադրանքներից մեկի համաձայն՝ Եհովայի վկաները ընտանիքներ են քայքայում։ Դատարանը այլ եզրակացության եկավ։ Վճռում նշվում է.

«Տարաձայնության աղբյուրը ընտանիքի ոչ կրոնավոր անդամների ընդդիմությունն ու դժկամությունն է՝ ընդունելու և հարգելու իրենց կրոնավոր հարազատների՝ հավատը դավանելու և արտահայտելու ազատությունը» (պարբ. 111)։

Դատարանը նաև ոչ մի ապացույց չգտավ, որը կհիմնավորեր «մտքի վերահսկողության» վերաբերյալ մեղադրանքը՝ ասելով.

«Դատարանը արտառոց է համարում այն, որ [Ռուսաստանի] դատարանները չեն նշել անգամ մեկ անհատի անուն, ում խղճի ազատության իրավունքը իբր խախտվել է [նշված] մեթոդների կիրառմամբ» (պարբ. 129)։

Մեկ այլ մեղադրանքի համաձայն՝ Եհովայի վկաները, հրաժարվելով արյան փոխներարկումից, վնաս են հասցնում իրենց առողջությանը։ Դատարանի կարծիքն այլ էր.

«Որոշակի բուժում ընդունելու կամ դրանից հրաժարվելու կամ այլընտրանքային բուժման մեթոդ ընտրելու ազատությունը խիստ կարևոր է ինքնորոշման ու անձնական ինքնուրույնության սկզբունքներում։ Իրավունակ չափահաս անհատը ազատ է որոշելու, օրինակ, վիրահատվել կամ չվիրահատվել, ընդունել բուժում, թե ոչ, կամ նույն սկզբունքով ընդունել արյան փոխներարկում, թե ոչ» (պարբ. 136)։