Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մտե՞լ ես արդյոք Աստծու հանգիստը

Մտե՞լ ես արդյոք Աստծու հանգիստը

Մտե՞լ ես արդյոք Աստծու հանգիստը

«Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (ԵԲՐ. 4։12

1. Ինչպե՞ս կարող ենք մտնել Աստծու հանգիստը, և ինչո՞ւ է դա ասելն ավելի հեշտ, քան անելը։

 ՆԱԽՈՐԴ հոդվածից իմացանք, որ կմտնենք Աստծու հանգիստը, եթե հնազանդվենք Եհովային և նրա նպատակին համաձայն գործենք։ Ինչ խոսք, ասելը ավելի հեշտ է, քան անելը։ Օրինակ՝ երբ իմանանք, որ Եհովային տհաճություն է պատճառում մի բան, ինչը, սակայն, մեզ դուր է գալիս, գուցե սկզբում ըմբոստանանք։ Դա ցույց կտա, որ «հնազանդվելու պատրաստ» չենք, ուստի այդ հարցում աշխատելու տեղ ունենք (Հակ. 3։17)։ Այս հոդվածում կքննարկենք մի քանի բնագավառներ, որոնցում կարող է փորձվել Աստծու նպատակին համապատասխան գործելու՝ սրտանց հնազանդվելու մեր պատրաստակամությունը։

2, 3. Ի՞նչ ջանքեր պետք է շարունակ թափենք, որպեսզի Եհովայի աչքում ցանկալի լինենք։

2 Հեշտությա՞մբ ես Աստվածաշնչից խորհուրդ ընդունում։ Սուրբ Գիրքը հայտնում է մեզ, որ Աստծու կամքն է, որ «բոլոր ազգերի ցանկալի գանձերը» հավաքվեն իր մոտ (Անգե 2։7)։ Շատերս նախքան ճշմարտությունն ընդունելը բավականին հեռու էինք «ցանկալի» լինելուց։ Սակայն Աստծու և նրա Որդու հանդեպ սերը մղեց մեզ մեծ փոփոխություններ անելու մեր մտածելակերպի և սովորությունների մեջ, որպեսզի լիովին հաճեցնենք Աստծուն։ Ի վերջո, շատ աղոթքներից և անխոնջ ջանքերից հետո եկավ այն երջանիկ օրը, երբ կարող էինք մկրտվել (կարդա՛ Կողոսացիներ 1։9, 10

3 Սակայն անկատարության դեմ պայքարը մկրտությամբ չավարտվեց։ Այդ պայքարը շարունակվեց և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անկատար ենք։ Այնուամենայնիվ վստահ ենք, որ եթե չհանձնվենք և ձգտենք ավելի ցանկալի դառնալ Եհովայի աչքում, նա կօրհնի մեր ջանքերը։

Երբ խորհրդի կարիք կա

4. Ո՞ր երեք կերպերով է հնարավոր աստվածաշնչյան խորհուրդ ստանալ։

4 Նախքան մեր անկատարությանը անդրադառնալը, հարկավոր է՝ պարզենք, թե որոնք են այն թերությունները, որոնց վրա պետք է աշխատենք։ Ինքնաքննության մղող ելույթները, որոնք լսում ենք Թագավորության սրահում, կամ մտածելու տեղիք տվող հոդվածները, որ կարդում ենք մեր գրականության մեջ, գուցե բացահայտեն մեր լուրջ թերությունները։ Իսկ եթե բաց թողնենք ելույթում հնչած մեզ վերաբերող մտքերը կամ թերանանք կիրառել մեր կարդացած խորհուրդները, Եհովան գուցե մեր հավատակցի միջոցով ցույց տա մեր թերությունները (կարդա՛ Գաղատացիներ 6։1

5. Ո՞ր հարցերում գուցե դժվար լինի դրականորեն արձագանքել խորհրդին, սակայն ինչո՞ւ քրիստոնյա հովիվները պետք է շարունակեն ջանքեր թափել՝ օգնելու մեզ։

5 Հեշտ չէ խորհուրդ ընդունել անկատար մարդուց, որքան էլ որ նա նրբանկատ ու սիրալիր լինի։ Սակայն, ինչպես ցույց է տալիս Գաղատացիներ 6։1 համարը, Եհովան հոգևոր որակներ ունեցողներին պատվիրում է «փորձել» մեղմության ոգով ուղղել մեզ։ Եթե դրական արձագանքենք տրված խորհրդին, մենք ավելի ցանկալի կդառնանք Եհովայի համար։ Հետաքրքիր է, որ աղոթելիս հեշտությամբ ընդունում ենք, որ անկատար ենք։ Բայց երբ մեկ ուրիշն է մեր ուշադրությունը հրավիրում կոնկրետ թերության վրա, հակված ենք արդարացնելու մեզ, նվազեցնելու խնդրի լրջությունը, հարցականի տակ դնելու խորհուրդ տվողի մղումները կամ էլ պատճառաբանելու, թե մեզ դուր չի գալիս նրա խորհուրդ տալու ձևը (2 Թագ. 5։11)։ Իսկ եթե խորհուրդը վերաբերում է այնպիսի նուրբ հարցերի, ինչպիսիք են հագուկապը, անձնական հիգիենան, մեր նախընտրած զվարճության ձևը, որը, սակայն, Եհովան ատում է, կամ էլ խորհուրդը վերաբերում է մեր ընտանիքի անդամներից որևէ մեկի արարքներին, հնարավոր է՝ զայրանում ենք և այնպես ենք արձագանքում, որ խորհուրդ տվողին հիասթափություն ենք պատճառում։ Բայց հետո, երբ խաղաղվում ենք, սովորաբար ընդունում ենք, որ խորհուրդը տեղին էր։

6. Աստծու խոսքն ինչպե՞ս է բացահայտում «սրտի մտքերն ու մտադրությունները»։

6 Այս հոդվածի բնաբանը հիշեցնում է մեզ, որ Աստծու խոսքը «զորեղ» է։ Այո՛, Աստծու խոսքը զորություն ունի փոխելու մարդկանց կյանքը։ Ինչպես որ նախքան մեր մկրտվելը, այնպես էլ հիմա այն կարող է օգնել մեզ անհրաժեշտ փոփոխություններ անելու։ Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոսը նաև գրեց, որ Աստծու խոսքը «ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբր. 4։12)։ Այլ կերպ ասած՝ այն, թե ինչպես ենք արձագանքում, երբ պարզ հասկանում ենք, թե որն է Աստծու նպատակը մեր առնչությամբ, ցույց ենք տալիս, թե ինչպիսի անձնավորություն ենք։ Արդյոք լինո՞ւմ են դեպքեր, երբ արտաքուստ (այսինքն՝ հոգով) այնպիսին չես, ինչպիսին որ իրականում կաս (այսինքն՝ ոգով) (կարդա՛ Մատթեոս 23։27, 28)։ Այժմ քննենք մի քանի իրավիճակ։ Ընթացքում խորհիր, թե դու ինչպես կվարվես նման իրավիճակներում։

Քայլիր Եհովայի կազմակերպությանը համընթաց

7, 8. ա) Ո՞րն էր հնարավոր պատճառներից մեկը, որ հրեա քրիստոնյաներից ոմանք կառչել էին Մովսիսական օրենքից։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նրանց գործերը համապատասխան չէին Եհովայի նպատակին։

7 Մեզանից շատերը անգիր գիտեն Առակներ 4։18-ի խոսքերը. «Արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք ավելի լավ կհասկանանք Աստծու նպատակները և համապատասխանաբար կփոխվի նաև մեր վարքը։

8 Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, Հիսուսի մահից հետո հրեա քրիստոնյաներից շատերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ այլևս անհրաժեշտ չէր պահել Մովսիսական օրենքը (Գործ. 21։20)։ Թեպետ Պողոսը, սուրբ ոգուց ներշնչված, տրամաբանական փաստարկներով փորձեց բացատրել, որ քրիստոնյաները Օրենքի տակ չեն, սակայն ոմանք չընդունեցին նրա ասածները (Կող. 2։13–15)։ Հավանաբար նրանք մտածում էին, որ եթե պահեն Օրենքի գոնե մի մասը, կկարողանան խուսափել հալածանքներից։ Ամեն դեպքում, Պողոսը իր նամակում հրեա քրիստոնյաներին հստակ կերպով բացատրեց, որ նրանք չեն կարող մտնել Աստծու հանգիստը, քանի դեռ հրաժարվում են վարվել աստիճանաբար բացահայտվող նրա նպատակին համաձայն * (Եբր. 4։1, 2, 6; կարդա՛ Եբրայեցիներ 4։11)։ Եհովայի հավանությունը ստանալու համար նրանք պետք է ընդունեին այն փաստը, որ նա հիմա իր ժողովրդին այլ ուղղությամբ է առաջնորդում։

9. Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք, երբ վերաճշտումներ են արվում աստվածաշնչյան որոշ ուսմունքների բացատրության մեջ։

9 Մեր օրերում վերաճշտումներ են եղել աստվածաշնչյան որոշ ուսմունքների բացատրության մեջ։ Երբ այդպիսի վերաճշտումներ են լինում, ոչ թե պետք է անհանգստանանք, այլ պետք է ավելի մեծ վստահությամբ լցվենք հավատարիմ և իմաստուն ծառայի հանդեպ։ Երբ «ծառա» դասակարգը ներկայացնող անդամները նկատում են, որ աստվածաշնչյան ճշմարտություններից որևէ մեկի վերաբերյալ մեր հասկացողությունը հստակեցնելու կամ ուղղելու կարիք կա, չեն վարանում վերաճշտումներ անելու։ Նրանց համար ավելի կարևոր է Աստծու նպատակին համաքայլ ընթանալը, քան այդ փոփոխությունների պատճառով քննադատության ենթարկվելուց զերծ մնալը։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ աստվածաշնչյան ճշմարտության մեր հասկացողության մեջ որոշ վերաճշտումներ են արվում (կարդա՛ Ղուկաս 5։39

10, 11. Ի՞նչ ենք սովորում այն մարդկանց օրինակից, ովքեր հրաժարվեցին քարոզելու նոր մեթոդները կիրառելուց։

10 Քննենք մեկ այլ օրինակ։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք, ովքեր հրաշալի հռետորներ էին, այն կարծիքին էին, որ քարոզելու հանձնարարությունը կատարելու ամենալավ միջոցը լավ պատրաստած հանրային ելույթ ներկայացնելն էր։ Նրանք սիրում էին հանրության առջև ելույթ ունենալ, իսկ ոմանց համար նույնիսկ չափազանց հաճելի էր, երբ արժանանում էին իրենց ունկնդիրների գովաբանությանը։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ Եհովան ցանկանում է, որ իր ժողովուրդը տարբեր կերպերով քարոզի, այդ թվում նաև տնետուն։ Այդ փորձառու հռետորներից ոմանք կտրուկ հրաժարվեցին որևէ նոր բան փորձելուց։ Արտաքուստ թվում էր, թե նրանք հոգևոր մարդիկ էին, լիովին նվիրված Տիրոջը։ Սակայն երբ պարզ դարձավ, թե որն էր Եհովայի նպատակը քարոզչական գործի վերաբերյալ, բացահայտվեց նրանց իսկական էությունը՝ մտածելակերպը, մտադրություններն ու մղումները։ Ինչպիսի՞ն էր Եհովայի վերաբերմունքը նրանց հանդեպ։ Նա չօրհնեց այդ մարդկանց։ Նրանք հեռացան կազմակերպությունից (Մատթ. 10։1–6; Գործ. 5։42; 20։20

11 Չենք կարող ասել, թե մյուսների համար, ովքեր հավատարիմ մնացին կազմակերպությանը, հեշտ էր քարոզել տնետուն։ Շատերի համար այն դժվար էր, հատկապես սկզբում։ Բայց նրանք հավատարմորեն հնազանդվեցին։ Ժամանակի ընթացքում նրանք հաղթահարեցին անհանգստությունը, և Եհովան առատորեն օրհնեց նրանց։ Իսկ ինչպե՞ս ես դու արձագանքում, երբ հրավիրվում ես մասնակցելու քարոզչական ծառայության այն ձևին, որը գուցե այդքան էլ հեշտ չէ քեզ համար։ Պատրա՞ստ ես նոր բան փորձելու։

Երբ մեր սիրելիներից մեկը թողնում է Եհովային

12, 13. ա) Ո՞րն է Եհովայի նպատակը, երբ պատվիրում է չզղջացող անհատին զրկել ընկերակցությունից։ բ) Ի՞նչ փորձության առջև կարող են կանգնել քրիստոնյա ծնողները, և ինչո՞ւ է այդ իրավիճակում հավատարիմ մնալը դժվար։

12 Անշուշտ, բոլորս էլ համաձայն ենք այն մտքին, որ պետք է ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր լինենք, որպեսզի հաճելի լինենք Աստծուն (կարդա՛ Տիտոս 2։14)։ Սակայն գուցե լինեն դեպքեր, երբ այս հարցում մեր նվիրվածությունը լուրջ փորձության ենթարկվի։ Պատկերացնենք՝ օրինակելի քրիստոնյա ծնողների միակ որդին թողնում է ճշմարտությունը։ Այդ երիտասարդը զրկվում է ժողովի ընկերակցությունից, քանի որ «մեղքի ժամանակավոր հաճույքը» գերադասում է Եհովայի և իր աստվածավախ ծնողների հետ ունեցած փոխհարաբերություններից (Եբր. 11։25

13 Ինչ խոսք, դա մեծ ցավ է պատճառում ծնողներին։ Նրանք գիտեն, թե ընկերակցությունից զրկվածների վերաբերյալ ինչ է գրված Աստվածաշնչում. «Այլևս շփում չունենաք այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք» (1 Կորնթ. 5։11, 13)։ Նրանք նաև հասկանում են, որ այդպիսի մեկը կարող է լինել նույնիսկ ընտանիքի այն անդամը, որը իրենց հետ նույն հարկի տակ չի ապրում։ Բայց չէ՞ որ նրանք շատ են սիրում իրենց որդուն։ Ուստի գուցե մտածեն. «Ինչպե՞ս կկարողանանք օգնել մեր որդուն վերադառնալու Եհովայի մոտ, եթե չափազանց սահմանափակենք նրա հետ մեր շփումը։ Մի՞թե ավելի շատ օգնած չենք լինի նրան, եթե պարբերաբար շփվենք նրա հետ» *։

14, 15. Ի՞նչ պետք է հիշեն ծնողները, երբ մտածում են շփվել ընկերակցությունից զրկված իրենց երեխայի հետ։

14 Իհարկե, մեր սիրտը ցավում է այդ ծնողների համար։ Ինչևէ, նրանց որդին ունի ընտրելու իրավունք, և նա նախընտրում է ապրել քրիստոնյային ոչ վայել կյանքով, քան պահպանել ծնողների և մյուս հավատակիցների հետ ունեցած մտերմությունը։ Նման դեպքում ծնողները չեն կարող ազդել նրա որոշման վրա, և այդ պատճառով իրենց անօգնական են զգում։

15 Բայց ի՞նչ կանեն նրանք։ Կհնազանվե՞ն արդյոք Եհովայի հստակ առաջնորդությանը։ Թե՞ կմտածեն, որ կարող են կանոնավորաբար շփվել ընկերակցությունից զրկված իրենց որդու հետ և դա անվանել «ընտանեկան կարևոր գործ»։ Սակայն նման որոշումներ կայացնելուց առաջ նրանք պետք է հաշվի առնեն Եհովայի տեսակետը։ Նրա նպատակն է, որ կազմակերպությունը մաքուր մնա, և եթե հնարավոր է, մղել մեղք գործողին խելքի գալու։ Քրիստոնյա ծնողներն ինչպե՞ս կարող են վարվել այդ նպատակին համապատասխան։

16, 17. Ի՞նչ ենք հասկանում՝ Ահարոնի օրինակի շուրջ խորհելով։

16 Մովսեսի եղբայրը՝ Ահարոնը, նմանատիպ դժվար իրավիճակում հայտնվեց։ Պատկերացրու, թե ինչ ցավ կարող էր նա զգալ, երբ իր երկու որդիները՝ Նադաբն ու Աբիուն, «ապօրինի կրակով խունկ մատուցեցին» Եհովային, և վերջինս սպանեց նրանց։ Պարզ է, որ դրանով վերջ դրվեց ցանկացած շփման, որ ծնողները կարող էին ունենալ նրանց հետ։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Եհովան պատվիրեց Ահարոնին ու նրա հավատարիմ որդիներին. «Ձեր գլուխները անխնամ վիճակում չթողեք և ձեր հանդերձները չպատռեք [ի նշան սգի], որ չմեռնեք, և որ [Եհովան] չբարկանա ողջ ժողովի վրա» (Ղևտ. 10։1–6)։ Ամեն ինչ հստակ է։ Եհովայի հանդեպ մեր սերը պետք է ավելի ուժգին լինի, քան ընտանիքի անհավատարիմ անդամների հանդեպ սերը։

17 Այսօր Եհովան մահապատժի չի ենթարկում նրանց, ովքեր խախտում են իր օրենքները։ Նա սիրառատ կերպով հնարավորություն է տալիս նրանց զղջալու իրենց անարդար գործերի համար։ Սակայն ի՞նչ կզգա Եհովան, եթե չզղջացող անհատի ծնողները շարունակ փորձեն Իրեն՝ անհարկի շփում ունենալով ընկերակցությունից զրկված իրենց տղայի կամ աղջկա հետ։

18, 19. Ինչպե՞ս կարող են օրհնվել ընտանիքի անդամները, որոնք հետևում են ընկերակցությունից զրկվածների վերաբերյալ Աստծու տված պատվերներին։

18 Շատերը, ովքեր մի ժամանակ զրկված են եղել ընկերակցությունից, խոստովանում են, որ իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները օգնել են իրենց խելքի գալու նրանով, որ խստորեն հետևել են իրենց հետ չշփվելու վերաբերյալ Եհովայի պատվերին։ Ընկերակցությունից զրկված մի երիտասարդ աղջկա վերականգնման մասին երաշխավորագրի մեջ երեցները գրել էին, որ նա փոխել է իր կյանքը՝ մասամբ շնորհիվ այն բանի, որ նրա հարազատ եղբայրը նրա հետ վարվել է ճիշտ այնպես, ինչպես Եհովան է պատվիրում վարվել նման մարդկանց հետ։ Այդ աղջիկը պատմում է, որ իր մեջ վերադառնալու ցանկություն առաջացրեց այն, որ իր եղբայրը հավատարմորեն հետևել է Աստվածաշնչի առաջնորդությանը։

19 Ի՞նչ եզրակացություն ենք անում։ Մենք պետք է պայքարենք մեր անկատար սրտի դեմ՝ աստվածաշնչյան խորհրդին հակառակ գործելու հակվածության դեմ։ Պետք է լիովին համոզված լինենք, որ մեր խնդիրները լուծելու Աստծու մեթոդները միշտ լավագույնն են։

«Աստծու խոսքը կենդանի է»

20. Եբրայեցիներ 4։12-ը ի՞նչ երկու կերպերով կարող ենք հասկանալ (տե՛ս ծանոթագրությունը)։

20 Երբ Պողոսը գրում էր, որ «Աստծու խոսքը կենդանի է», նա նկատի չուներ կոնկրետ Աստծու գրավոր Խոսքը՝ Աստվածաշունչը *։ Համատեքստը ցույց է տալիս, որ նա նկատի ուներ Աստծու խոստումները։ Նա խոսում էր այն մասին, որ Աստված չի խոստանում ու հետո մոռանում։ Եհովան այս մասին վստահեցրեց Եսայիա մարգարեին. «Իմ բերանից դուրս եկած խոսքը.... անարդյունք չի վերադառնա ինձ մոտ, այլ.... կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան» (Ես. 55։11)։ Ուստի կարիք չկա անհանգստանալու, երբ դեպքերը այնքան արագ չեն զարգանում, որքան որ մենք ենք ցանկանում։ Եհովան շարունակում է «գործել», որպեսզի իր նպատակը մինչև վերջ իրագործի (Հովհ. 5։17

21. Եբրայեցիներ 4։12-ում գրված խոսքերը ինչպե՞ս են քաջալերում «մեծ բազմության» տարեց անդամներին։

21 «Մեծ բազմության» անդամներից շատերը մի քանի տասնամյակ է՝ հավատարմորեն ծառայում են Եհովային (Հայտն. 7։9)։ Նրանցից շատերը չէին սպասում, որ կծերանան այս համակարգում։ Սակայն նրանք չեն հուսահատվել (Սաղ. 92։14)։ Նրանք հասկանում են, որ Աստծու խոստումները մեռած խոսքեր չեն, այլ կենդանի են, և Եհովան շարունակում է գործել դրանք իրականացնելու համար։ Քանի որ Աստծու նպատակը թանկ է իր համար, մենք ուրախություն ենք պատճառում նրան, երբ ինքներս էլ այն համարում ենք ամենակարևոր բանը։ Յոթերորդ օրը Եհովան սկսեց հանգստանալ՝ վստահ լինելով, որ իր նպատակը իրականանալու է և որ իր ժողովուրդը գործելու է ի նպաստ այդ նպատակի իրականացման։ Իսկ ի՞նչ կասես քո մասին։ Մտե՞լ ես Աստծու հանգիստը։

[ծանոթագրություններ]

^ Հրեա կրոնական առաջնորդներից շատերը մանրախնդրորեն հետևում էին Մովսիսական օրենքին, բայց երբ Մեսիան հայտնվեց, նրանք չընդունեցին նրան։ Նրանք Աստծու՝ աստիճանաբար բացահայտվող նպատակին համապատասխան չվարվեցին։

^ Այսօր Աստված խոսում է մեզ հետ իր գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, որը զորություն ունի փոխելու մեր կյանքը։ Հետևաբար, լայն իմաստով, Եբրայեցիներ 4։12-ում գրված Պողոսի խոսքերը կարող են վերաբերել նաև Աստվածաշնչին։

Հիշիր Աստծու նպատակը

• Ի՞նչ է անհրաժեշտ Աստծու հանգիստը մտնելու համար։

• Ի՞նչ կապ կա Աստծու նպատակի և աստվածաշնչյան խորհուրդը պատրաստակամորեն ընդունելու միջև։

• Ո՞ր դեպքերում կարող է սուրբգրային առաջնորդությանը հետևելը դժվար լինել, սակայն ինչո՞ւ է անհրաժեշտ հնազանդվել։

• Ի՞նչ երկու կերպերով կարելի է հասկանալ Եբրայեցիներ 4։12-ը։

[հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 31-րդ էջի վրա]

Ծնողները անասելի ցավ են զգում